Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատություններում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԶՈՀԵՐԻՆ, ԶՈՀԵՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԶՈՀԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԲՆԱԻՐԱՅԻՆ, ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ, ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

 

  1. Ներկայացվող նախագծի նպատակն է ապահովել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում կատարված լրացման պահանջը, որի 22-րդ հոդվածի 2.2-րդ մասով սահմանվել է, որ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Նույն հոդվածի 2.3-րդ մասը սահմանել է, որ այդ չափորոշիչները վերաբերելի և կիրառելի են նաև օրենքի 21-րդ հոդվածում նախատեսված՝ նախանույնացման փուլում աջակցության կարիք ունեցող անձանց նկատմամբ, այսինքն՝ հավանական զոհերի նկատմամբ:

Նույն օրենքի եզրափակիչ մասի և անցումային դրույթներին համապատասխան այդ օրենքի ընդունմամբ պայմանավորված համապատասխան ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: Հաշվի առնելով, որ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունվել է 2022 թվականի մայիսի 4-ին և ուժի մեջ է մտել 2022 թվականի մայիսի 29-ին, հետևաբար «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացվում է օրենքով սահմանված ժամկետում:

Նախագիծը միտված է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրվող սոցիալական աջակցության որոշ ձևերի որակի չափորոշիչների սահմանումը: Նախագծում ներկայացված են սոցիալական աջակցության այն տեսակների չափորոշիչները, որոնք մինչ այժմ կա՛մ կարգավորված չեն եղել, կա՛մ կարգավորված են եղել մասնակի: Այդ իսկ պատճառով, Նախագծում որևէ անդրադարձ չի արվում անվտանգ վերադարձի կազմակերպումը, միանվագ դրամական փոխհատուցման տրամադրմանը և սոցիալական այլ աջակցություններին, որոնց կարգավորումն առկա է Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում: Նախագծում մասնավորեցվում է կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները՝ ներկայացնելով թե՛ քանակակական, թե՛ որակական պահանջներ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքն ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին, որով կարգավորվեցին մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացմանը և աջակցությանն առնչվող հիմնական իրավահարաբերությունները, սակայն հարցերի մի մասը թողնվեց ենթաօրենսդրական կարգավորման կամ իրավակիրառ պրակտիկայի ձևավորմանը։ Սակայն այդ օրենքը, սահմանելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին սոցիալական աջակցության տեսակները, չի մանրամասնել դրանց ներկայացվող պահանջները, ինչը գործնականում կամայական լուծումների և անորոշությունների տեղիք է տվել:

Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես, ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» 2000 թվականի կոնվենցիայի կից` «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» թիվ 2 կամընտիր արձանագրության, ԵԽ 2005 թվականի մայիսի 16-ի «Մարդկանց շահագործման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի պահանջներին և առաջարկվող մեխանիզմներին համապատասխան մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին տրամադրվող աջակցությունն ու օգնությունը պետք է լինեն որոշակի, չափելի և վերահսկելի: Յուրաքանչյուր զոհին պետք է տրամադրվի ամբողջական տեղեկատվություն, և նա իրազեկվի նույնացման դեպքում տրամադրվող աջակցության ծավալի, տևողության, պայմանների, չափանիշների և այլ մանրամասների մասին: Այդ տեղեկատվությունը սույն Նախագծով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, սահմանելու դեպքում, այն ոչ միայն կհանրայնացվի ու հասանելի կդառնա բոլորի համար, այլ նաև որոշակիություն ու կոնկրետություն կձևավորի մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերի, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի մոտ:

Սոցիալական աջակցության տրամադրման որակի չափորոշիչների անհրաժեշտությունը պայմանավորված է նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին որակյալ ծառայություններ տրամադրելու, այդ ծառայությունները տրամադրող կազմակերպություններին ընտրելու որոշակիություն ապահովելու և դրանով իսկ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին երկրորդային զոհականացումից պաշտպանելու ու հասարակություն վերաինտեգրումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Նախագծով առաջարկվում է սահմանել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին տրամադրվող սոցիալական աջակցության ձևերից հետևյալների որակի չափորոշիչները՝

  • կացարանի տրամադրում,
  • բնաիրային օգնություն,
  • հոգեբանական օգնություն,
  • խորհրդատվական օգնություն,
  • իրավաբանական օգնություն,
  • խնամքի տրամադրում, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում:

Վերը նշված 5-րդ կետով նախատեսված աջակցությունն Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն չի տրամադրվում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հավանական զոհերին, հետևաբար այդ աջակցության չափորոշիչները վերաբերելի չեն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հավանական զոհերին:

2. Առաջարկվող կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Ներկայացվող Նախագծի ընդունման պարագայում հստակ կլինեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ «Վորդ Վիժն - Հայաստան» կազմակերպության փորձագիտական աջակցությամբ:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6 ենթաբաժնի 15-րդ պարբերությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909–Լ որոշումից։

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    22.07.2022 - 08.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3482

Տպել

Առաջարկներ`

Դեմոկրատիան այսօր ՀԿ

07.08.2022

Կացարանի տրամադրման որակի նվազագույն չափորոշիչների 10-րդ կետ` կացարանում բժշկական զննում անցկացնելու անհրաժեշտություն չկա, ինչ վերաբերվում է կղանքի միանվագ մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությանը՝ նման հետազոտությունը բժշկա-սանիտարական անհրաժետություն կարող է հանդիսանալ միայն փոքր երեխաների խնամքի հաստատություններում: 11-րդ կետը առաջարկում ենք չեղարկել, հաշվի առնելով, որ թրաֆիքինգի զոհերի շրջանում հավանական է լինեն նաև ՄԻԱՎ վարակակիրներ և ընդունված միջազգային նորմերի համաձայն նրանց՝ կացարանում գտնվելը չի սպառնում այլոց առողջությանը: Այս կետի ընդունումը կնշանակի իրավունքի խստագույն խախտում և կդիտարկվի որպես խտրականություն: Ինչ վերաբերվում է բնաիրային օգնությանն և սննդի տրամադրմանը՝ հաշվի առնելով, որ կացարանում կարող է լինել մեկ շահառու, ապա հստակ սահմանված նորմերը հնարավոր չի լինի կատարել, իրավիճակով պայմանավորված հագուստի կամ կոշկեղենի անհրաժեշտությունը կարող է ավելի շատ լինել քան սահմանված է այստեղ: Եթե կացարնում զոհերի թիվը քիչ է, ապա այս դեպքում սննդամթերքի տրամադրման համար առաջարկում ենք սահմանել յուրաքանչուր օրվա համար գումարի չափ: Դեղորայքի տրամադրումը ներառված չէ ցանկում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ պետպատվերի շրջանակներում տրամադրվող բժշկական աջակցությունը չի ներառում ամբուլատոր պայմաններում բուժման համար դեղորայքի հատկացումը: Պետք է հատկացնել դրամական միջոցներ դեղորայքի ձեռքբերման համար: Ներառված չեն նաև առաջին բժշկական օգնության պարագաները: Այս որոշման նախագիծը ունի լրացուցիչ քննարկման կարիք:

Viktoria Avakova

07.08.2022

Հաշվի առնելով, որ տվյալ փաստաթղթի կազմումը հիմնավորող օրենքի փոփոխությունը և այս նախագիծը չեն քննարկվել Հակաթարֆիքինգային միջգերատեսչական հանձնաժողովում, ոչ էլ խորհրդակցվել է Հայաստանում երկարատև և հաջողված փորձ ունեն թրաֆիքինգի աջակցության ոլորտի կազմակերպությունների և մասնագետների հետ և նպատակ ունենալով ապահովել թրաֆիքինգից տուժած մարդկանց արդոյւնավետ վերաինտեգրման գործընթացը, առաջարկում եմ հետաձգել փասթաթղթի ընդունումը, կազմակերպելով մասնագիտական մանրակրկիտ քննարկում: Հարկ է նշել, որ թրաֆիքինգի զոհերը վերապրում են շատ խորը հոգեբանական տրավմաներ, առողջության խաթարում, ինչպես նաև ենթարկվում են շրջապատի և իրենց հարազատների կողմից խտրական վերաբերմունքի, կացարանում անհրաժետ է ձևավորել վստահության մթնոլորտ և կոնֆորտ միջավայր, ինչպես նաև ունենալ անհատական մոտեցում՝ հիմնվելով տվյալ անձի կարիքների գնահատման և անձական յուրահատկությունների վրա, իսկ բոլոր գործողությունները պիտի համաձայնեցվեն զոհի հետ: Փաստաթղթում առաջարկվող որոշ պայմանների ապահովումը բացասական ազդեցություն կունենա թրաֆիքինգի զոհերի վերականգման վրա: Օրինակ՝ կետ 10-ում նշված զոհերին կացարան ընդունելիս բժշկական զննումը և դրա հետ կապված հետազոտությունները կարող են սահմանափակել կացարանի հասանելիությունը քանի որ թրաֆիքինգի զոհերը գտնվելով ծանր հոգեբանական վիճակում և հիմնականուն հրաժարվում են կացարան ընդունվելու պահին ենթարկվել բուժզննմամ: Բնաիրային օգնությունը՝ սնունդը, հագուստը, հիգիենայի պարագաները ևս ունեն վերանայման կարիք և պետք է հաշվի առնեն անձի ցանկությունները, ազգային յուրահատկությունները և այլն: Միուս սահմանափակումը վերաբերվում է կետ 11-ին, որտեղ նշված է որ <<Անձը չի կարող ընդունվել կացարան, ներառյալ՝ կարանտինային բաժանմունքում գտնվելուց հետո, եթե ունի Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ հաստատված և շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկը>>:  Հաշվի առնելով, որ թրաֆիքինգի զոհերի մեծամասնությունը ենթարկվում է սեռական շահագործման, ապրում է վատ պայմաններում, վատ է սնվում, և ունի ցածր դիմադրողականություն, նրանց մոտ լինում են այնպիսի հիվանդություններ, ինչպես ՄԻԱՎ վարակը, հեպատիտներ B/C, և այլ: Այդ հիվանդությունները հիմնականում հայտնաբերվում են անձին կացարան ընդունելուց որոշ ժամանակ անց, երբ որ նա համազայնվում է անցնել համապատասխան հետազոտություններ, որոնք ըստ օրենքի և մարդու իրավունքների նորմերի համաձայն կամավոր են մեր երկրում:

Viktoria Avakova

07.08.2022

Հեղինակների հիմնավորմամբ տվյալ փաստաթղթի կազմումը բխում է Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909–Լ որոշումից, ոտեղ կետ 1.1.8.-ում նշված է Փոփոխություններ կատարել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքում՝ մատուցվող անհրաժեշտ ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչների …..մշակման և ներդրման գործընթացներն ապահովելու համար: Որպես ակնկալվող արդյունք նշված է, որ <<Կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը, կբարելավվի ինտեգրման գործընթացը>>: Այդ գործընթացը ներառում է այն բոլոր գործողությունները, որոնք նպաստում են թրաֆիքինգի զոհերի հոգեբանական և առողջապահական ռեաբիլիտացիային, իրավունքների վերականգմանը, սոցիալական վերաինտեգրմանը, ինչպես նաև այն բոլոր կառույցների գործողությունները, որոնք իրենց ներդրումը ունեն այդ գործընթացում: Չափորոշիչները պետքէ գնահատեն վերաինտեգրման գործընթացի արդյունավետությունը և հիմնված լինի զոհի կարիքների գնահատման վրա: Ներկայացված փաստաթուղթը իրենից ներկայացնում է չափանիշներ/ստանդարտներ կամ տեխնիկական պահանջներ, որոնք պետք է ապահովվեն այն կազմակերպության/հաստատության կողմից, որը իրականացնում է թրաֆիքինգի զոհերի աջակցության գործընթացը: Իհարկ է դրանք շատ կաևոր են, բայց այդ չափանիշների ապահովումը դեռ չի նշանակում, որ թրաֆիքինգի զոհերի աջակցությունը և վերաինտեգրումը արդյյունավետ է և հաջողված: Առաջարկում են վերանվանել փաստատուղթը՝ և <<որակի նվազագույն չափորոշիչներ>> տերմինի փոխարեն օգտագործել <<նվազագույն պահանջներ>> տերմինը:

Տեսնել ավելին