Հիշել նախագիծը

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» գործող օրենքի (այսուհետ` Օրենք) վերլուծությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է օրենքի մի շարք կարգավորումներ համապատասխանեցնել առկա օրենսդրության պահանջներին, առանձին դրույթներ նորովի կանոնակարգել՝ հաշվի առնելով ազգային անվտանգության մարմիններում ծառայության առանձնահատկությունները և սկզբունքները: Բացի այդ, օրենքի գործողության վերջին տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ առկա են նաև բազմաթիվ գործնական խնդիրներ, որոնք նույնպես կանոնակարգման կարիք ունեն: Ազգային անվտանգության մարմիններում ծառայության սահմանային տարիքի շեմը ևս վերանայման կարիք ունի, մասնավորապես` «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված են հետևյալ տարիքային սահմանափակումները՝ ենթասպայական և սպայական խմբի մինչև մայոր, փոխգնդապետ կոչում ունեցողների համար՝ 50, իսկ գնդապետի համար՝ 55 տարեկանը: Զինվորական և դրան հավասարեցված այլ ծառայությունների համար ոլորտային օրենքներով նախատեսված են սահմանային տարիքի համեմատաբար ավելի բարձր շեմեր, օրինակ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Փրկարար ծառայության մասին» օրենքներով։ Նշված տարիքային սահմանափակումը հաճախ խնդիրներ է առաջացնում համակարգում որակյալ կադրերի համալրվածության ապահովման տեսանկյունից, մասնավորապես, խոչընդոտներ են ստեղծվում վերջիններիս մասնագիտական գիտելիքների օգտագործման, ձեռք բերված երկարամյա փորձի փոխանցման և ծառայության առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման համար։ Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության ժամկետները տվյալ պաշտոնին նշանակելու իրավա­սություն ունեցող պաշտոնատար անձը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչև 5 (ազգային անվտանգության մարմինների ուսումնական հաստատության դասա­խոսական կազմինը և հետախուզական ու հակահետախուզական ստորա­բաժանումների` օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ավագ սպայական կազմի զինծառայողներինը` մինչև 10) տարի ժամկետով։ Նշված կարգավորումը հնարավորություն է տալիս մինչև 10 տարի ժամկետով երկարաձգելու միայն ազգային անվտանգության մարմինների ուսումնական հաստատության դասա­խոսական կազմի և հետախուզական ու հակահետախուզական ստորա­բաժանումների` օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ավագ սպայական կազմի զինծառայողների ծառայության ժամկետները։ Մինչդեռ, ԱԱԾ ռազմաբժշկական վարչությունում կադրային հոսքը բացառելու, ինչպես նաև որակյալ, փորձառու և բարձր մասնագիտական գիտելիքներով օժտված կադրերով ապահովելու համար, անհրաժեշտ է դիտարկել նաև բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետն ավելի երկար ժամանակով երկարաձգելու հնարավորությունը: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նշված պաշտոններում անձինք, որպես կանոն, ի սկզբանե ծառայության են ընդունվում ավելի բարձր տարիքում՝ նկատի ունենալով մասնագիտական կրթության առանձնահատկությունները (մասնավորապես՝ տևողությունը) և մասնագիտական բարձր որակների ձևավորման համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետը։

      Օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված՝ պաշտոնից ազատման հիմքերի առկայության պարագայում գործնականում որոշակի խնդիրներ են առաջանում նաև ազգային անվտանգության մարմիններում ծառայողների շահերի տեսանկյունից: Մասնավորապես, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված որևէ ծառայողի պաշտոնից ազատելու դեպքում նախատեսված չեն հստակ կարգավորումներ մինչև այլ պաշտոնի նշանակելու հարցի լուծումը վերջինիս իրավական կարգավիճակի և ժամկետների վերաբերյալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազգային անվտանգության մարմիններում ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված ծառայողին մինչև մեկ այլ պաշտոնի նշանակելու հարցի լուծումը որոշակի ժամանակ կարող է անցնել, ուստի Օրենքով վերջիններիս կարգավիճակը այդ ընթացքում հստակեցնելու համար անհրաժեշտ է Օրենքի 26-րդ հոդվածում՝ կադրերի տրամադրության տակ վերցնելու հիմքերում լրացնել նաև նշված հիմքը: Տվյալ դեպքում, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայողին մինչև մեկ այլ պաշտոնի նշանակելու հարցի լուծումը, հստակ երաշխիքներ կսահմանվեն վերջինիս կարգավիճակի, իրավունքների, ինչպես նաև վարձատրության կապակցությամբ: Միաժամանակ, կարիք կա կադրերի տրամադրության տակ ծառայողին վերցնելու ընթացակարգը կանոնակարգելու նպատակով առանձին իրակական ակտ ընդունելու համար ՀՀ ԱԱԾ տնօրենին օրենքով համապատասխան լիազորություն վերապահելու:

Օրենքի 28-րդ հոդվածով կարգավորվում են ծառայողների ատեստավորման հետ կապված հարաբերությունները։ Նշված հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ատեստավորման ենթակա չեն տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ծառայողները, ինչը խոչընդոտներ է ստեղծում ազգային անվտանգության մարմինների աշխատանքի արդյունավետ իրականացման համար։ Մասնավորապես, ծառայության առանձնահատկություններից ելնելով, հաճախ անհրաժեշտություն է առաջանում այս կամ այն պաշտոնը փորձառու և բանիմաց ծառայողներով համալրելու համար ատեստավորումն իրականացնել տվյալ պաշտոնը մեկ տարի զբաղեցնելուց ավելի շուտ։ Դրանով իսկ պայմանավորված առաջարկվում է ազգային անվտանգության մարմինների ղեկավարների հիմնավորված զեկուցագրերի հիման վրա նախատեսել նաև արտահերթ ատեստավորման անցկացման հնարավորություն։

      Օրենքի 47-րդ հոդվածով սահմանված են ազգային անվտանգության մարմինների ծառայողին ծառայությունից արձակելու հիմքերը։ Նախագծով առաջարկվում է ԱԱԾ տնօրենի համար ծառայությունից արձակելու իրավունք վերապահել նաև դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած այն ծառայողին, որի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել կամ այն դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքերով: Հարկ է ընդգծել, որ ծառայությունից արձակման (ազատման) համանման հիմք նախատեսված է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1.1-ին մասով, իսկ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ծառայության դեպքում նման հիմքի առկայության անհրաժեշտությունը պայմանավորված է ծառայության առավել առանձնահատուկ բնույթով:

Բացի այդ, Օրենքում կիրառվող մի շարք հասկացություններ այլևս արդիա­կան չեն, չեն համապատասխանում ՀՀ գործող օրենսդրությամբ ամրագրված ձևա­կեր­պումներին, ուստի ներ­կայացված նախագծի նպատակն է վերացնել ստեղծված անհամապատաս­խա­նու­թյուն­ները: Մասնավորապես, խոսքը ՀՀ աշխատանքային, ինչպես նաև զինվորական ծառայությունը կանոնակարգող օրենսդրությամբ կիրառվող ձևակերպումների մասին է:

«Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքում օգտագործվող հասկացությունները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Վերոգրյալի հաշվառմամբ նախագծով.

  1. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվում է բարձրացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության ենթասպայական և սպայական կազմերի զինծառայողների սահմանային տարիքի շեմը՝ 2 տարով:
  2. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվում է ազգային անվտան­գության մարմիններում ծառայության ժամկետը մինչև 10 տարով երկարաձգելու հնարավորությունը նախատեսել նաև ազգային անվտանգության մարմիններում բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար:
  3. Օրենքի 26-րդ հոդվածում՝ կադրերի տրամադրության տակ թողնելու հիմքերում առաջարկվում է լրացնել նաև ծառայողին, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, պաշտոնից ազատելու դեպքը: Միաժամանակ, կադրերի տրամադրության տակ ծառայողին թողնելու կարգը կսահմանվի ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով, որի համար օրենքով կնախատեսվի համապատասխան լիազորող նորմ:

4․ 28-րդ հոդվածով նախատեսվում է սահմանել արտահերթ ատեստավորման անց­կաց­ման հնարավորություն՝ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների ղեկավարների հիմնավորված զեկուցագրերի հիման վրա։

5․ 47-րդ հոդվածում որպես ծառայությունից արձակելու հիմք առաջակվում է նախատեսել նաև ծառայողի կողմից դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարելը, եթե նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել կամ այն դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով։

6․ Նախագծերով առաջարկվում է կատարել նաև մի շարք խմբագրական փոփո­խու­թյուն­ներ՝ հաշվի առնելով ՀՀ գործող օրենսդրությամբ ներկայումս կիրառվող իրավական ձևակերպումները և կարգավորումները:

Նախագծերի ընդու­նու­մից հետո ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:      

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում՝

  1. Օրենքների դրույթները կհամապատասխանեցվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավակարգավորումներին,
  2. ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընթացքում պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու հետ կապված հարաբերությունները (այդ թվում՝ ծառայության համար սահմանված տարիքային առավելագույն սահմանափակումները) կկանոնակարգվեն առավել հստակ՝ հաշվի անելով ազգային անվտանգության մարմիններում ծա­ռայության բնույթն ու առանձնահատ­կությունները, ինչպես նաև ազգային անվտան­գության մարմիններում պրոֆեսիոնալ կադրային համալրվածության կարևորությունը,
  3. կլուծվեն ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում առա­ջացող գործնական խնդիրները, կբարձրանա կադրային քաղաքականության արդյունա­վետությունը,
  4. Օրենքով կհստակեցվեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենին վերապահվող լիազորությունները համապատասխան իրավահարաբերությունները գերատեսչական իրավական ակտերով կանոնակարգելու առումով:

Նախագծով առաջարկվող նոր լուծումներն ուղղված կլինեն նաև ազգային անվտանգության մարմիններում իրականացվող ծառայության նկատմամբ պատշաճ զգոնություն և անձնական առավել բարձր պատասխանատվություն սերմանելուն:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերա­փոխ­ման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլոր­տա­յին և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի  26-ի          N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառա­վա­րության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմին­ների կայուն համա­կար­գը» կետ­ից: Համաձայն նշված կետի` ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, կայունու­թյան, հա­սա­րա­կու­թյան բնականոն գործունեության կարևորագույն նախապայմաններից է մշտապես կա­տա­րե­լա­գործվող, արդի մարտա­հրա­վերներին դիմակայելու ունակ, տեխնիկական զարգա­ցում­ներին համ­ընթաց ար­դիականացվող, համապատասխան որակյալ կադրերով համալրվող և հասա­րա­կու­թյան վստահությունը վայելող ազգային անվտանգության մարմինների առկա­յու­թյունը: Հետա­խու­զության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղու­թյուն­ներով տեսա­նե­լի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազ­գային անվտանգության մար­մինները տեխնիկապես վերազինելը, որակ­յալ նոր կադրերով, անհրա­ժեշտ մասնագետներով համալրելը:

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

  • Քննարկվել է

    18.07.2022 - 02.08.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4655

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

18.07.2022

««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 13. Օրենքի 38-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3) հաշմանդամություն ունեցող ամուսին կամ հաշմանդամություն ունեցող երեխա ունեցողներին), 2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ազգային անվտանգության մարմինների ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի` հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի: Արձակուրդի չօգտագործած օրերը տրամադրվում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:»: Առաջարկության նպատակն է նախագիծը համապատասխանեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև շտկել օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի՝ միայն տղամարդ ծառայողներին վերաբերելու վրիպակը։

Տեսնել ավելին