Հիշել նախագիծը

«ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով առաջարկվում է ազգությամբ հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանի Հանրապետությունում վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:

  • Քննարկվել է

    13.07.2022 - 28.07.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8270

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Մանուչարյան

23.07.2022

Հարգելի ԱԱԾ՝ Լիովին կիսելով ՀՀ անվտանգության մասին Ձեր պատկերացումները, ինչպես նաև Ձեր կողմից վեր հանված խնդիրները, Քաղաքացիության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու Ձեր առաջարկի հանդեպ ունեմ մի քանի մտահոգություններ։ Մասնավորապես՝ հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացում Օրենքն առավել մեծ հնարավորություն է սահմանել ազգությամբ հայերի համար, քան ամրագրված է Սահմանադրությամբ: Մասնավորապես, Օրենքում հիշատակված չէ բնակություն հաստատելու պահից ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքը, առանց որևէ նախապայմանի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք է վերապահվել ազգությամբ հայերին: Սակայն, ինչպես հիշում ենք, մինչ այս տարվա սկիզբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար հնարավոր էր դիմում ներկայացնել միայն ՀՀ-ում, բացառությամբ Իրաք, Սիրիա, Լիբանան որոնց դեռ անդրադարձ կկատարվի։ Այսինքն մինչ այս տարվա սկիզբ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված, ազգությամբ հայերը բնակության պահից կարողանում էին դիմել և ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Նկատենք, որ բնակության պահ ասելով Սահմանադրությունը քանակական որևէ ակնարկ չի արվում։ Այնուամենայնիվ Ձեր կողմից առաջարկվող ցենզը, այն է՝սահմանելով 60 օր վերջին 2 տարվա ընթացքում ՀՀ-ում գտնվելու պայման ՀՀ քաղաքացիություն դիմելու համար, Պետությունը փաստացի խոչընդոտ է ստեղծում Սփյուռքում գտնվող մեր հազարավոր հայրենակիցների համար՝ օգտվել ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 3-րդ մասով իրենց տրամադրվող իրավունքից, այն է՝ ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: Ինչպես երևում է՝ ՀՀ Սահմանադրությունը չի սահմանում որևէ ցենզ ՀՀ-ում անցկացնելիք պարտադիր, առնվազն օրերի քանակի մասով, իսկ Ձեր կողմից առաջ քաշված ակնկալվող արդյունքը, ինչի համաձայն նախագծի ընդունման դեպքում օրենքով ամրագրված կարգավորումը կհամապատասխանեցվի Սահմանադրության 47-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջներին, կունենա ճիշտ հակառակ բնորոշումը, այն է հակասահմանադրական, քանի որ Սահմանադրությունը չի ասում, որ ազգությամբ հայերը ՀՀ-ում բնակություն հաստատելու պահից առնվազն 60 օր հետո ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք։ Ուստի ընդունելով Օրենքի մեջ նման փոփոխություն և ավելացնելով նման պայման ՀՀ քաղաքացիության համար դիմելու համար, վտանգ է առաջանում, որ Օրենքը ինքնին կդառնա հակասահմանադրական, այսինքն այն այլևս չի բխի Սահմանադրությունից և կպարունակի տարրեր, որոնք սահմանված չեն Սահմանադրությամբ, բացառությամբ, եթե Սահմանադրությունը ևս չենթարկվի փոփոխության։ Վեր հանված խնդիրներին կարելի է տալ այլ լուծում, օր․՝ ՀՀ-ից դուրս քաղաքացիության դիմելու հնարավորության բացառումը, քանի որ նախ Սահմանադրությամբ նման գործընթաց նախատեսված չէ, և վերջապես գործընթացի վերահսկման և դիմումատուներին՝ Ձեր կողմից ուսումնասիրման և ստուգման առումով ՀՀ-ից դուրս իրականացնելը ավելի բարդ է և ռեսուրսներ պահանջող։ Բացի դրանից, հավանականությունը շատ ավելի մեծ է, որ դիմողը ՀՀ-ից դուրս ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո այդպես էլ ՀՀ չի այցելի։ Հիշում ենք, որ առաջին բացառությունները, արտերկրում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում ՀՀ քաղաքացիություն և անձնագիր տրամադրելու, կիրառվել են ճգնաժամում հայտնված երկրներում՝ Իրաք, Սիրիա, Լիբանան, և ունեցել են մեկ նպատակ՝ օգնել այդ երկրներում գտնվող մեր հայրենակիցներին հնարավորինս շուտ դուրս գալ վտանգավոր գոտիներից։ Այսինքն, ըստ տրամաբանության, այս բացառությունները պետք է կրեին ժամանակավոր բնույթ։ Սակայն ճգնաժամային իրավիճակի մեղմացումից հետո նույնիսկ այս բացառությունները ոչ միայն չվերացվեցին, այլև սկսեցին կիրառվել նաև մյուս բոլոր երկրներում, որտեղ կան ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ։ Հատկանշանական է, որ հիմնավորման մեջ սրան անդրադարձ չի եղել, քանի որ ՀՀ-ից դուրս ՀՀ քաղաքացիության համար դիմելու հնարավոր լինելը էլ ավելի դժվար իրադրության մեջ է դնում Ձեր կառույցին՝ իրականացնել իրեն օրենքով նախատեսված գործառույթները։ Իսկ մտահոգությունը, որ ՀՀ քաղաքացիության համար որոշ դիմողներ, նույնիսկ այն ստանալուց հետո երբեք չեն այցելում ՀՀ, էլ ավելի մտածելու տեղիք է տալիս, երբ այդ հնարավորությունը ինքը պետությունն է տալիս դիմողներին։ Երբ հնարավոր է ստանալ ՀՀ քաղաքացիություն՝ առանց երբևէ ՀՀ-ում լինելու։ Ուստի գտնում եմ, որ նախևառաջ պետք է բացառվի ՀՀ-ից դուրս քաղաքացիության համար դիմելու հնարավորությունը: Սակայն եթե 60 օրյա ՀՀ-ում գտնվելու պահանջը ամեն դեպքում կապված է ԱԱԾ գործառույթների իրականացման համար սեղմ ժամկետների հետ, ուրեմն ավելի ճիշտ կլինի Ոստիկանությանը եզրակացություն ներկայացնելու համար սահմանված 15 օրյա ժամկետը կամ երկարացնել կամ ընդհանրապես ֆիքսված ժամկետ չդնել։ Վերջիվերջո, ՀՀ քաղաքացիության համար ստացված ցանկացած դիմում, նույնիսկ փոքր կասկած լինելու դեպքում, կարող է հեշտությամբ մերժվել։ Բացի դրանից, եթե անձը՝ անցկացնելով 60 օր ՀՀ-ում, վերադառնա իր բնակության երկիր և այնտեղից դիմի ՀՀ քաղաքացիության համար, դժվար է պատկերացնել, որ էական փոփոխություն կբերի ԱԱԾ կողմից գործընթացի վերահսկման առումով, քանի որ, նախ, քիչ հավանական է, որ ՀՀ-ում 60 օր և ավելի անցկացրած ցանկացած անձի ԱԱԾ-ն առնի ուշադրության տակ, մանրամասն ուսումնասիրի՝ ենթադրելով, որ նա մոտակա երկու տարվա ընթացքում մտադրություն է ունենալու դիմելու ՀՀ քաղաքացիության համար։ Եվ ուրեմն, քանի դեռ կա հնարավորություն սկսել քաղաքացիության ստացման գործընթացը արտերկրից, իսկ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում չկան բավարար քանակությամբ աշխատակիցներ, ԱԱԾ հնարավորությունները, ստուգելու դիմումատուին նրա իսկ գտնվելու վայրի երկրում, մնում են խիստ սահմանափակ ու միջնորդավորված։ Այսպիսով, ժամանակի սղությունը՝ յուրաքանչյուր դիմումատուին մանրամասն ուսումնասիրելու, դիմումատուների կողմից երբեմն կեղծ մկրտության վկայականներ ներկայացնելը և ՀՀ-ում երբեք չգտնվելով ՀՀ քաղաքացի դառնալը առաջ քաշված խնդիրներն էին։ Առաջարկվող լուծումին ծանոթանալուց հետո առաջանում է հարց․ ինչքանով է տրամաբանական արհեստական խոչընդոտ ստեղծել բոլորի համար, փոխել գործող օրենքը հակասահմանադրական աստիճանի միայն այն պատճառով, որ ԱԱԾ-ն իր գործառույթների իրականացման ժամանակ ունենում է դժվարություններ։ Ժամանակի սղության խնդիրը կարելի է լուծել գործընթացին լրացուցիչ անձնակազմ ներգրավելու միջոցով, արտերկրում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում Ձեր կառույցից գոնե մի աշխատակցով ավելացնելու միջոցով, այնպես որ դիմումների ամբողջ ծավալը ստիպված չի լինի ուսումնասիրվել սեղմ քանակի աշխատակիցների կողմից սեղմ ժամկետներում։ Կեղծ մկրտության վկայականների մասով՝ պետք է հետաքննություն սկսել այն եկեղեցական կառույցների դեմ, որոնք թողարկել են նման վկայականներ, իսկ բավարար հիմքերի առկայության դեպքում այլևս չճանաչել վերջիններիս կողմից տրված մկրտության վկայականները, ընդհուպ զրկել նրանց նման իրավունքից։ Օրենքի սահմաններում ՀՀ քաղաքացիության դիմելու համար բոլոր նախապայմանները բավարարող դիմողների համար չպետք է բարդանա պրոցեսը։ Այսպիսով առաջանում է ինչպես խտրականության վտանգ այնպես էլ Սահմանադրությամբ բոլորին տրվող իրավունքների կոպիտ խախտում։ Հարգանքով՝ Գևորգ Մանուչարյան

Ներսես Իսաջանյան

22.07.2022

Նախագծով առաջարկվող ՀՀ-ում 60 օր գտնվելու պահանջը հեղինակները հիմնավարում են նրանով, որ՝ 1. Օրենքը կհամապատասխանեցվի Սահմանադրության 47-րդ հոդվածին, 2. Իրավասու մարմինները ավելի երկար ժամանակ կունենան ազգությամբ հայ լինելու հանգամանքի իսկությունը պարզելու համար, 3. Դիմողը որոշակի կապեր կստեղծի Հայաստանի հետ Կարծում ենք, որ նշված բոլոր նպատակները ավելի արդյունավետ կիրագործվեն, եթե օրենքով նախատեսվի ոչ թե երկրում 60 օր գտնվելու պահանջ, այլ Հայաստանում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունենալու պահանջ։ 1. Սահմանադրության 47-րդ հոդվածը խոսում է ոչ թե Հայաստանում պարզապես գտնվելու, այլ բնակություն հաստատելու մասին։ Օտարերկրացիների մասին օրենքը տարբերակում է «բնակվել» և «գտնվել» եզրույթները։ Օտարերկրացին համարվում է Հայաստանում բնակվող, եթե ունի որոշակի կացության կարգավիճակ։ Նույն մոտեցումն առկա է մաքսային կարգավորման մասին օրենքում, որը «ՀՀ մշտական բնակության տեղափոխվող անձ» է ճանաչում հատուկ կամ մշտական կացության կարգավիճակ ունեցողներին։ 2. Ազգությամբ հայ լինելու հիմքով կացության կարգավիճակ ստանալու դիմումը քննվում է ԱԱԾ մասնակցությամբ, որը ուսումնասիրություններ է կատարում և եզրակացություն է տալիս օրենքով (ՀՀ կառավարության 134-Ն որոշմամբ և օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքով) սահմանված ընթացակարգով։ Մինչդեռ օրենքը ԱԱԾ-ին իրավունք չի տալիս անձի ազգությամբ հայ լինելու փաստը պարզելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկել միայն տվյալ անձի Հայաստանում գտնվելու պատճառով, այդ թվում՝ սահմանը հատելիս։ 3. Հայաստանում 60 օր գտնվելն ինքնին որևէ երաշխիք չի կարող լինել, որ դիմողը Հայաստանի հետ կստեղծի կենսական կապեր։ Մինչդեռ մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունենալն արդեն իսկ հանդիսանում է իրավաբանական որոշակի բովանդակություն ունեցող կապի ճանաչում օտարերկրացու և պետության միջև։

Լուսինե Հախվերդյան

19.07.2022

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի հիմնավորմամբ սահմանվում է, որ Նախագծի ընդունման դեպքում ազգությամբ հայերի կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը կիրականացվի առավել արդյունավետ, կնպաստի ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց հայրենադարձությանը և կնվազեցնի ազգությամբ հայ ներկայացող, սակայն իրականում հայկականության հետ որևէ առնչություն չունեցող օտարերկրացիների կողմից ՀՀ քաղաքացիություն հայցելու դիմումների քանակը, առաջարկում ենք սահմանել ընտրական մոտեցում՝ կախված դիմողի վերաբերյալ ունեցած հավաստի տեղեկությունների բնույթից: Մասնավորապես, այն դեպքում, երբ համապատասխան մարմինը կտիրապետի այնպիսի հավաստի տեղեկությունների, որոնց համաձայն դիմող անձը հետաքրքրված է եղել ՀՀ-ում հասարակական, քաղաքական, տնտեսական գործունեության նկատմամբ, ակտիվորեն մասնակցել է բնակության վայրի հայկական համայնքի հասարակական, քաղաքական կամ սոցիալական կյանքին, իրականացնել է հայանպաստ գործունեություն, ապա 60-օրյա բնակության պահանջը վերջիններիս նկատմամբ չի գործի: Հակառակ դեպքում, երբ իրավասու մարմինը չի տիրապետի նման տեղեկությունների, կիրառվի վերոնշյալ պահանջը՝ վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու վերաբերյալ:

Տեսնել ավելին