Լրամշակման փուլում է
«Թափուր աշխատատեղի համալրման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Թափուր աշխատատեղի համալրման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ) մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի մոտ 25.12.2021 թ. կայացած՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերի շուրջ խորհրդակցության N 1 արձանագրության 3-րդ կետի 5-րդ ենթակետը, համաձայն որի հանձնարարվել է միջոցառումը վերանախագծել այնպես, որ այն լինի ավելի մասշտաբային և չափելի, օրինակ՝ գործատուին աջակցություն տրամադրվի յուրաքանչյուր նոր ստեղծված աշխատատեղի կամ, օրինակ, յուրաքանչյուր 5-րդ նոր ստեղծված աշխատատեղի համար՝ ապահովելով գործընթացի թափանցիկություն, պոտենցիալ գործընկեր (շահառու) գործատուների շրջանակի ընդլայնում։
2․ Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Գործազուրկների կայուն զբաղվածության ապահովման նպատակով նախագծով առաջարկվում է աջակցել գործազուրկին ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ թափուր աշխատատեղը համալրելու համար, ընդ որում այն գործատուի, որը չի հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին և մինչև միջոցառման համար դիմում ներկայացնելը երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել է առնվազն 10 վարձու աշխատող, ու նրա կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավելի, քան 5 տոկոս:
Այն դեպքում, երբ աշխատաշուկայում բացակայում են գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղին ներկայացվող պահանջներին համապատասխան հմտություններ և կարողություններ ունեցող գործազուրկ անձինք, առաջարկվում է կազմակերպել մասնագիտական ուսուցում մինչև 5 ամիս տևողությամբ՝
1) գործատուի մոտ կամ
2) գործատուի կողմից առաջարկվող ուսումնական կազմակերպությունում կամ
3) գործատուի պահանջներին համապատասխան՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից առաջարկվող ուսումնական կազմակերպությունում, որն ընտրվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
Մասնագիտական ուսուցման ամբողջ ժամանակահատվածում գործազուրկին առաջարկվում է վճարել՝
1) ուսման վարձի փոխհատուցում ամսական կտրվածքով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50 000 դրամի չափով.
2) կրթաթոշակ` նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով։
Մասնագիտական ուսուցման դասընթացի վկայականն ստանալուց հետո գործատուն պարտավորվում է ներկայացված թափուր աշխատատեղը համալրել տվյալ անձով՝ կնքելով աշխատանքային պայմանագիր առնվազն մեկ տարի ժամկետով։
Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո երեք ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին առաջարկվում է տրամադրել գումար 25 000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար։
Միջոցառմանը կարող է մասնակցել թափուր աշխատատեղ ունեցող գործատուն (բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների), քանի որ նշված մարմինների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է թափուր աշխատատեղերի համալրման հատուկ ընթացակարգ և նշված ընթացակարգով այն համալրել հնարավոր չէ։
Գործատուի մոտ գործազուրկի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպելու դեպքում գործատուին առաջարկվում է տրամադրել փոխհատուցում`
- շահառուի աշխատավարձի վճարման համար` նվազագույն ամսական աշխատավարձի չափով, ամսական կտրվածքով, երեք ամիս ժամկետով,
- շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար, վեց ամիս ժամկետով՝ յուրաքանչյուր ամսվա համար 25 000 դրամի չափով,
- իր մոտ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի գործազուրկ անձի աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպելու դեպքում՝ կազմակերպող մասնագետին երեք ամիս ժամկետով, ամսական կտրվածքով 34 000 դրամի չափով գումար վճարելու նպատակով։
ՀՀ վարչապետի մոտ 01.11.2021 թ. կայացած խորհրդակցության (արձանագրություն N Վ113-2021) արդյունքներով հանձնարարվել է զբաղվածության ծրագրերը դարձնել հասցեական՝ առավել նպատակաուղղելով անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց ներգրավելուն։ Նշվածը հաշվի առնելով, գործատուներին լրացուցիչ խթանելու նպատակով, նախագծով նախատեսվել է ամսական լրացուցիչ 34 000 դրամի չափով փոխհատուցման տրամադրում՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի գործազուրկ անձանց աշխատանքի ընդունելու և նրանց աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպելու համար։
Գործատուն պարտավորվում է գործազուրկի կարգավիճակ ունեցող անձի հետ կնքել աշխատանքային պայմանագիր առնվազն մեկ տարի ժամկետով:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրել անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ ունեցող գործազուրկներով՝ ապահովելով վերջիններիս կայուն զբաղվածությունը։
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, և պետական բյուջեում ծախսերի ավելացում չի նախատեսվում: Այն կիրականացվի «104016. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության» համար ՀՀ պետական բյուջեով հատկացված ընդհանուր ֆինանսական միջոցների շրջանակում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «4.6 Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» բաժնում նախատեսված է բարձրացնել զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը, ըստ անհրաժեշտության ներդնել նոր ծրագրեր՝ նպատակաուղղված աշխատաշուկայում երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց մրցունակության բարձրացմանը, «կրթություն-աշխատաշուկա» փոխառնչությունների խթանմանը։ Բացի այդ, ՀՀ կառավարության ծրագրի նույն կետով սահմանված է, որ Սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություններ տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ - տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից: Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների ու հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են։
Նախագիծը բխում է վերոնշյալ միջոցառման իրականացման անհրաժեշտությունից։
-
Քննարկվել է
11.07.2022 - 26.07.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 3600
Տպել