Հիշել նախագիծը

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՄ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_______________ 2022 թվականի N _____-Ն

 

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՄ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել hամայնքային մասհանումների ծախսման ծրագիրը կամ ծրագրի փոփոխությունները տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                               Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

          2022 թ. ……………………

Երևան

 


 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

_______________-ի N _____-Ն որոշման

 

 

 

Կ Ա Ր Գ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՄ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ

 

  1. Սույն կարգով սահմանվում են hամայնքային մասհանումների ծախսման ծրագրի նախագիծը (այսուհետ՝ Ծրագիր) կամ Ծրագրի փոփոխությունների նախագիծը տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) հետ համաձայնեցնելու հետ կապված հարաբերությունները:
  2. Ծրագիրը կամ ծրագրում առաջարկվող յուրաքանչյուր փոփոխություն համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացվում լիազոր մարմնի հետ սահմանված կարգով համաձայնեցվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
  3. Ծրագիրը կամ Ծրագրի փոփոխությունները մշակում է համայնքի ղեկավարը՝ հիմք ընդունելով տվյալ մարզի կամ համայնքի զարգացման կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերը՝ առաջնահերթություն տալով ազդակիր բնակավայրի զարգացման ծրագրերին և ներկայացնում է լիազոր մարմին՝ համաձայնեցման:
  4. Ծրագիրը կամ փոփոխված Ծրագիրը համաձայնեցնելու նպատակով համայնքի ղեկավարը լիազոր մարմին է ներկայացնում դիմում՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով:
  5. Դիմումին կից ներկայացվում են`

1) Ծրագիրը կամ փոփոխված Ծրագիրը.

2)  Ծրագրի հիմնավորող փաստաթղթերը:

6. Դիմումի գրանցման օրվանից հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված Ծրագրի կամ փոփոխված Ծրագրի փաթեթը, որի արդյունքում համայնքի ղեկավարին ծանուցում է`

1) Ծրագիրը կամ փոփոխված Ծրագիրը լիազոր մարմնի հետ համաձայնեցված համարելու մասին.

2) Ծրագիրը կամ փոփոխված Ծրագիրը լրակազմման վերադարձնելու մասին, որի դեպքում սույն կետով սահմանված ժամկետը համարվում է կասեցված մինչև Համայնքի ղեկավարի կողմից լրակազմ փաթեթի ներկայացման օրը, բայց ոչ ավելի քան 10 աշխատանքային օրը.

3) Ծրագրի կամ փոփոխված Ծրագրի վերաբերյալ համաձայնություն տալը մերժելու մասին:

7. Լիազոր մարմինը չի տրամադրում համաձայնություն, եթե`

1) Ծրագրով կամ փոփոխվող Ծրագրով նախատեսված միջոցառումները հակասում են Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներին և այլ իրավական ակտերին.

2) Ծրագրի փաթեթում բացակայում են անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերը կամ դրանցում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը.

3) Ծրագրով նախատեսվող միջոցառումների ֆինանսավորման ծավալների հանրագումարը գերազանցում է տվյալ տարվա բյուջեով ծրագրի իրականացման համար համայնքին տրամադրված համայնքային մասհանումների չափը.

4) Ծրագրով նախատեսվող միջոցառումները չեն բխում մարզի կամ համայնքի զարգացման կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերից և չունեն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղվածություն.

5) Ծրագրերում նախատեսված միջոցառումների ուղղությունները և դրանց առաջնահերթությունները չեն համապատասխանում Կառավարության կողմից սահմանված՝ Համայնքային մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղություններին, դրանց առաջնահերթություններին:

8. Լիազոր մարմինը վերադարձնում է Ծրագիրը կամ փոփոխված Ծրագիրը լրակազմման, եթե դրանում առկա է սույն կարգի 7-րդ կետի 3-5-րդ ենթակետերով սահմանված հիմքերից որևէ մեկը.

9. Լիազոր մարմինը մերժում է Ծրագրի կամ փոփոխված Ծրագրի վերաբերյալ համաձայնություն տալը, եթե Ծրագրում առկա է սույն կարգի 7-րդ կետի 1-2-րդ ենթակետերով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև այն դեպքում, եթե սույն կարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ծանուցումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում լրակազմված փաթեթը լիազոր մարմին չի ներկայացվում։

10. Ծանուցումն իրականացվում է թղթային տարբերակով դիմում ներկայացվելու դեպքում՝ թղթային, իսկ էլեկտրոնային տարբերակով ներկայացվելու դեպքում՝ էլեկտրոնային տարբերակով:

11. Եթե սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ Համայնքի ղեկավարին չի ծանուցում, ապա համաձայնությունը համարվում է տրված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:

  • Քննարկվել է

    04.07.2022 - 19.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2946

Տպել