Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմինները, որոնց կազմավորման կարգը և լիազորությունները սահմանվում են օրենքով:
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ենթակետի համաձայն՝ վարչապետին ենթակա մարմին է Ոստիկանությունը: Նույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից (ուժի մեջ է մտել 09.04.2018թ․) այդ պահի դրությամբ գործող Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը գործում է որպես Ոստիկանություն՝ որպես պետական կառավարման համակարգի մարմին:
Չնայած վերոնշված իրավական կարգավորումներին՝ ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման (այսուհետ` որոշում) հավելվածի N 1-ի 27-րդ կետում Ոստիկանությունը դեռևս նշված է որպես «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն»:
Որոշմամբ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությանն իրավունք վերապահված չէ տրանսպորտային միջոցների վրա նաև կարմիր գույնի առկայծող փարոսիկ միացնել, այնինչ, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը հաստատելու մասին» N 2329-Ն որոշման հավելվածով հաստատված ցանկի 7-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայության գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցները կարող են կահավորվել կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով:
Առաջարկվող փոփոխության պարագայում վերոնշված որոշումները չեն հակասի միմյանց, իսկ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցների վրա նաև կարմիր առկայծող փարոսիկի տեղադրումը չի համարվի տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող այլ անսարքություն ու պայման:
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ, փոխված կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշներով (ժամանակավոր համարանիշների դեպքում` նաև ժամկետանց համարանիշներով) կամ առանց հաշվառման համարանիշների, այնինչ, որոշման 2-րդ հավելվածի 6-րդ կետի 18-րդ ենթակետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է, եթե հաշվառման համարանիշերը կամ դրանց տեղակայման (ամրացման) ձևը չեն համապատասխանում օրենսդրության կամ ստանդարտների պահանջներին, այսինքն՝ որպես տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող այլ անսարքություն ու պայման՝ նշված չէ հաշվառման համարանիշերի բացակայության հանգամանքը: Վարչական դատարանը ևս վճիռներում մեկնաբանել է, որ հաշվառման համարանիշերը կամ դրանց տեղակայման (ամրացման) ձևը օրենսդրության կամ ստանդարտների պահանջներին չհամապատասխանելը նույնական չէ համարանիշերի բացակայության հետ:
Առաջարկվող լրացման պարագայում որոշումը կհամապատասխանեցվի «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքին:
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է որոշումը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը, «Ոստիկանության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքներին: Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ որոշումը կհամապատասխանեցվի օրենքներին և ենթաօրենսդրական ակտերին, Պարեկային ծառայության գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցների վրա նաև կարմիր առկայծող փարոսիկի տեղադրումը կունենա հստակ իրավական կարգավորում, ինչպես նաև տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերի բացակայությունը կհանդիսանա տրանսպորտային միջոցի շահագործումն արգելող պայման:
-
Քննարկվել է
28.06.2022 - 13.07.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 4047
Տպել