«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքը ներկայումս կատարողական վարույթն իրականացնող հարկադիր կատարողին օժտում է հարկադիր կատարման ենթակա ակտերի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով պարտապանի և նրա գույքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման բավականին լայն գործիքակազմով։ Մասնավորապես, նույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է անշարժ գույքի պետական ռեգիստր, Կենտրոնական դեպոզիտարիա, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին, հարկային և մաքսային մարմիններ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, սոցիալական ապահովության ծառայություն, ինչպես նաև առևտրային բանկեր հարցումներ կատարելու միջոցով: Բացի այդ, կատարողական վարույթի շրջանակում հաճախ ծագում է նաև պարտապանի հետախուզման անհրաժեշտություն։
Չնայած այն հանգամանքին, որ Օրենքը հարկադիր կատարման ենթակա ակտերի պատշաճ և արդյունավետ կատարումն ապահովելու նպատակով նախատեսել է մի շարք պետական մարմիններին և առևտրային բանկերին հարցումներ կատարելու գործիքակազմ, առկա գործիքակազմն ամբողջությամբ բավարար չէ կատարողական վարույթի կողմերի վերաբերյալ վարույթի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվությունը հավաքագրելու համար։
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն 2021 թվականին հրատարակված իր «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական-վերլուծական զեկույցում արձանագրել է, որ 2020թ. բջջային հեռախոս է ունեցել տնային տնտեսությունների 99.3 տոկոսը, որից 99.2 տոկոսը քաղաքային վայրերում: Վերջին տարիների ընթացքում կտրուկ ավելացել է բջջային հեռախոս ունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինը, հատկապես գյուղական վայրերում, որտեղ նրանց թիվը 2020թ.-ին հասել է 99.6%[1]:
Վերոնշյալ ցուցանիշների վերլուծությունից ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը ներկայումս օգտվում է էլեկտրոնային հաղորդակցության օպերատորների, մասնավորապես՝ բջջայի կապի օպերատորների ծառայություններից։ Ընդ որում, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բջջային հեռախոսահամարների միջոցով տարբեր իրադարձությունների, պարտավորությունների վերաբերյալ ծանուցումները ներկայումս լայնորեն և արդյունավետ կերպով կիրառվում են տարբեր ոլորտներում, ինչն էականորեն պարզեցնում է ծանուցման գործընթացը, ծանուցողի և ծանուցվողի միջև կապի բնույթը։
Այսպիսով, էլեկտրոնային հաղորդակցության օպերատորները «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի կարգավորումների համատեքստում տիրապետում են Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնության, այդպիսով նաև՝ կատարողական վարույթով պահանջատերերի ու պարտապանների մեծամասնության վերաբերյալ անձնական տվյալների։ Չնայած վերոգրյալին՝ գործող իրավակարգավորումների պայմաններում հարկադիր կատարողը լիազորված չէ էլեկտրոնային հաղորդակցության օպերատորներին կամ ծառայություններ մատուցողին կատարողական վարույթով պարտապանների և պահանջատերերի վերաբերյալ հարցումներ կատարել։
Մյուս կողմից, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 23-րդ հոդվածը, սահմանելով օպերատորի և ծառայություններ մատուցողի կողմից իր հաճախորդների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, նպատակակետի, քանակի, տեխնիկական պայմանների և հաճախորդի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները գաղտնի համարելու և պահելու պարտականությունը, այս ընդհանուր կանոնից սահմանում է միայն խիստ որոշակի թվով բացառություններ։ Նույն հոդվածում առանձնացնելով օրենքով նախատեսված դեպքերում վերոնշյալ տեղեկատվությունն իրավասու մարմինների կողմից ստացվելու հնարավորությունը՝ Օրենքն այդ մարմինների շարքում չի ներառել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, ինչպիսի պայմաններում ևս հարկադիր կատարողը լիազորված չէ ստանալ կատարողական վարույթի կողմերի վերաբերյալ հիշատակված սուբյեկտների կողմից տնօրինվող տեղեկատվությունը։
Չնայած վերոգրյալին՝ կատարողական վարույթի շրջանակում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն այդ տեղեկատվությունը տրամադրելը վճռորոշ նշանակություն կարող է ունենալ կատարողական վարույթի վերաբերյալ վարույթի կողմերի պատշաճ ծանուցումն ապահովելու և քաղաքացի-հարկադիր կատարող հաղորդակցության արդյունավետությունը և օպերատիվությունն ապահովելու համար։
2021 թվականի ընթացքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից պարտապանի գտնվելու վայրը պարզելու և հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները ապարդյուն լինելու (Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ) հիմքով ավարտվել է 43․320 կատարողական վարույթ։ Մյուս կողմից, նույն ժամանակահատվածում կատարողական թերթով նախատեսված պահանջի կատարման համար անհրաժեշտ՝ պարտապանի գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության և հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները ապարդյուն լինելու (Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2․1․-րդ կետ) հիմքով ավարտվել է 553․893 կատարողական վարույթ։ Նշված ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ իրավակիրառ պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ կատարողական վարույթի շրջանակում հնարավոր չի լինում պարզել պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը։ Ընդ որում, այս իրավիճակը հետևանք է նաև պարտապանի և նրա գույքը հայտնաբերելուն ուղղված՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմի անբավարարության։
Ամբողջ վերոգրյալի հիման վրա ակնհայտ է, որ առկա է էլեկտրոնային հաղորդակցության օպերատորի կամ ծառայություններ մատուցողի կողմից իր հաճախորդների կողմից օգտագործված ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկությունների բացահայտման իրավական հիմքերի կատարելագործման և այդ հիմքերի շրջանակում հարկադիր կատարողի համապատասխան հարցման հիման վրա վերջինիս կատարողական վարույթի կողմերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու իրավական հիմքերի ամրագրման անհրաժեշտություն։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հաղորդակցության օպերատորի կամ ծառայություններ մատուցողի կողմից հարկադիր կատարողի կողմից ներկայացված հարցումների հիման վրա կատարողական վարույթով պարտապանների և պահանջատերերի կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, քանակի և հաճախորդի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու իրավական հնարավորություն։
3․ Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էլեկտրոնային հաղորդակցության օպերատորների և ծառայություն մատուցողների կողմից հարկադիր կատարողին համապատասխան հարցումների հիման վրա տրամադրվող տեղեկատվության միջոցով ապահովել հարուցված կատարողական վարույթների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը, ըստ այդմ՝ քաղաքացի-հարկադիր կատարող արդյունավետ, օպերատիվ և ծախսարդյունավետ հաղորդակցությունը։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էլեկտրոնային ծանուցման նոր գործիքակազմի կիրառման իրավական հիմքերի ներդրման միջոցով ընդլայնել կատարողական վարույթի կողմերի՝ պահանջատերերի և պարտապանների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հնարավորությունը։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նաև կատարողական վարույթով պարտապանների և պահանջատերերի՝ կատարողական վարույթի, վարույթի ընթացքում կայացված որոշումների վերաբերյալ արագ և օպերատիվ կերպով իրազեկվածությունն ապահովելու գործիքակազմի ընդլայնման միջոցով կրճատել կատարողական վարույթի ընդհանուր տևողությունը, խնայել կատարողական վարույթի ընթացքում ծախսվող ռեսուրսները և ժամանակը։ Նախագծի ընդունումը, այսպիսով, կհանգեցնի նաև կատարողական գործողությունների արդյունավետության բարձրացմանը, արդյունքում նաև՝ հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման արդյունավետության բարձրացմանը։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից։
5․ Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363 - Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 5․3 կետով սահմանված՝ հարկադիր կատարման ոլորտի համընդհանուր բարեփոխման նպատակից, մասնավորապես՝ Նախագծի ընդունումը միտված է կատարողական վարույթի մասնակիցների օրինական շահերի պաշտպանության առավելագույն ապահովմանը, հարկադիր կատարման վարույթի ամբողջական թվայնացմանը, ըստ այդմ՝ քաղաքացի-հարկադիր կատարող արդյունավետ հաղորդակցության ապահովմանը, արդյունքում՝ նաև կատարողական գործողությունների արդյունավետության բարձրացմանը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 19-րդ կետով սահմանված՝ կատարողական վարույթի արդյունավետության բարձրացմանը, ներառյալ՝ թվայնացման և էլեկտրոնային համակարգերի գործարկման միջոցով, միտված՝ Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումների կատարման միջոցառման իրականացումից։
[1] Հասանելի է հետևյալ հղումով https://armstat.am/file/article/poverty_2021_a_4.pdf։
-
Քննարկվել է
16.06.2022 - 01.07.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Դատական ակտերի հարկադիր կատարում, Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն), Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, Տեղեկատվական տեխնոլոգիաներ
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3975
Տպել