Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացների կատարելագործման, արդյունավետության բարձրացման և պարզեցման համար

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 451-Ն որոշմամբ (այսուհետ՝ կարգ) հաստատված հավելվածի 9.1 կետով սահմանված է, որ «Նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) և ըստ ոլորտների (Global Ranking of Academic Subjects) տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` բարձրագույն ուսումնական հաստատության կամ այլ իրավաբանական անձի կողմից տրված կրթաթոշակի առնվազն 70 տոկոսի վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ, բացառությամբ՝ անվճար կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների»: 2018 թվականից գործածվող նման կարգավումը վերանայման անհրաժեշտություն ունի, հետևյալ հիմնավորումներով՝

  1. Նշված նվաճումը նշանակալի նվաճում համարելը վիճահարույց է, քանի որ http://www.shanghairanking.com/# կայքի աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) և ըստ ոլորտների (Global Ranking of Academic Subjects)տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված նման լայն շրջանակով ուսումնական հաստատություններում ընդունվել և սովորելը այնպիսի նվաճում չէ, որը որպես նշանակալի նվաճում կարելի է դիտարկել կարգի տեսանկյունից: Շատ հաճախ նշված բուհեր ընդունվելը պայմանավորված է լեզունների իմացությամբ և քաղաքացիների վճարունակ լինելով:
  2. Գործընթացի ամբողջական կարգավորման համատեքստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տարկետման նոր համակարգ ներդնելու օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ արդեն իսկ հանդես է եկել, որով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել այն բուհերի և մասնագիտությունների ցանկը, որում սովորելու համար քաղաքացիներին կտրամադրվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Նշված կարգավորումը ավելի նպատակային և պետության կարիքներից բխող տարկետման համակարգի ստեղծման հիմք կհանդիսանա:
  3. Խնդրահարույց է նաև «տվյալ տարվա ցանկերի» արտահայտությունը, քանի որ http://www.shanghairanking.com/ կայքում բուհերի ցանկերի թարմացումը չի համընկնում տարկետման գործընթացի հետ, որի պատճառով ստացվում է որ հնարավոր չի լինում առաջնորդվել «տվյալ տարվա ցանկերով» կարգավորումով, ինչը համարվում է կարգի խախտում, բացի այդ դա հետագայում կարգի կիրառման տեսանկյունից տարաբնույթ մեկնաբանման տեղիք է տալիս:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, կարգավորման նպատակը.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը գործող կարգավորումների և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված ներկայացվող հիմնական պահանջների պահպանությամբ և մոտեցումներով բացառիկ նվաճում համարել այնպիսի ձեռքբերումները, որոնք ուղղված կլինեն ՀՀ կրթա-գիտական ոլորտի զարգացմանը:

  1. Կարգավորման նպատակը.

2018 թվականին բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման  http://www.shanghairanking.com/# կայքում սահմանված է եղել երկու տեսակի վարկանիշներ՝ աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) և ըստ ոլորտների (Global Ranking of Academic Subjects): Որպես նվաճում համարվել է երկու ցանկերում էլ ներառված բուհերում սովորելու հանգամանքը: Սակայն որևէ ձև հիմնավորված չէ բուհերի նման լայն շրջանակ սահմանելը, և դա միայն նշված ռեյտինգավորման ցանկից: Նշված կարգավորումը հստակեցնում է բուհերի ցանկը՝ այն նշանակալի նվաճում հասկացությանը համարժեք դարձնելու տեսանկյունից, իսկ նոր համակարգի ներդրմամբ տարկետման գործընթացը ավելի ընդգրկուն կլինի՝ ներառելով նաև արտասահմանյան լավագույն բուհերում սովորելու հանգամանքը

  1. Ակնկալվող արդյունքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի   12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացները կկատարելագործվեն, այն կդառնա ավելի նպատակային և համահունչ կլինեն կրթության և գիտության արդի պահանջներին:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի   12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի   12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:

6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

  • Քննարկվել է

    14.06.2022 - 30.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5378

Տպել

Առաջարկներ`

Արմեն Մելքումյան

29.06.2022

Ունի՞ արդյոք ԿԳՄՍ նախարարությունը տվյալներ, թե մեր հանրակրթական դպրոցներում սովորող երեխեներից քանիսն են ՌԴ քաղաքացի։ Այսօր դա ամենատարածված ձևն է բանակում ծառայելուց խուսափելու համար։ Այս նախագիծը օժանդակելու է, որ էլ ավելի շատ տաղանդավոր երեխաներ դառնան ՌԴ քաղաքացի։ Իսկ Հայաստանին կմնան միայն միջակները։ Միջակության երկիր Հայաստանս P.S. Հետաքրքիր է, ունի՞ արդյոք ԿԳՄՍ նախարարությունը աշխատակից, որը արտասահմանյան համալսարանական կրթություն ունի, կամ որևէ ծանոթ մարդ՝ դրսում սովորած, որ մի քիչ պատմեն Ձեզ դրսի կրթության մասին և ազատեն Ձեզ սովետական (և հայկական) կրթական համակարգի լավագույնը լինելու պատրանքներից

Norayr Aghayan

28.06.2022

Հարգելի որոշման նածագծի հեղինակներ: Կարծում եմ, որ գործող օրենսդրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա, քանի որ այն իսկապես որոշակի չարաշահումների տեղիք տալիս է: Սակայն որոշման նախագծի տրամաբանությունը չի դիմանում որևէ քննադատության: Այն ավելի շատ պատժիչ գործողություն է նմանեցնում չարաշահողների նկատմամբ, քան միտված է ծառայելու օրենսդրության բուն նպատակին, առաջնորդվելով «եթե չարաշահում եք, ապա կպատժենք» սկզբունքով: Ներկայացնեմ իմ հիմնավորումները: 1. Հիմնավորման մեջ նշված է, որ բավականին հեշտ է ընդունվել աշխարհի լավագույն 50 համալսարաններից մեկը: Աշխարհում կա ավելի քան 31,000 համալսարան: Լավագույն 50 համալսարանները կազմում են այդ թվի ընդամենը 0.15%-ը, իսկ ընդունելության տոկոսն այդպիսի համալսարաններում հաճախ չի գերազանցում դիմորդների 5-20%-ը և սա այն դեպքում, երբ այդպիսի համալսարաններ դիմում են միայն լավագույնները: 2. Ըստ մասնագիտական առարկաների դասակարգումը հանելը բավարար տրամաբանված չէ: Ըստ նախագծի ստացվում է, որ մեր պետությանը ավելի նպատակահարմար է, որ տեղեկատվական տեխնոլոգիաներ ուսումնսիրող հայ ուսանողը սովորի, օրինակ, Յեյլի Համալսարանում, քանի որ այն աշխարհում 11-րդն է (չնայած նրան, որ այն հազիվ մտնում է լավագույն 300 համալսարանների շարքը տեղեկատվական տեխնոլոգիաների մասով), քան, օրինակ, Նանյանգի Տեխնոլոգիական Համալսարանում, որն աշխարհում զբաղեցնում է 8-րդ տեղը տեխնոլոգիական կրթության ոլորտում (չնայած նրան, որ ընդհանուր դասակարգման մեջ զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը): Այս մոտեցումը արդյունավետության բարձրացում անվանելը խիստ հակասական է: 3. Դասակարգումը հիմնված է մի շարք ցուցանիշների վրա, որոնցից կարևորագույններից են հետազոտությունների և մասնագիտական հրապարակումների քանակը: Հայաստանի բարձրագույն կրթության որակը խիստ զիջում է լավագույն համալսարանների կրթությանը մի շարք օբյեկտիվ պատճառներով, որոնցից ամենակարևորներից է հետազոտությունների և նրանց ֆինանսավորման անբավարար մակարդակը՝ օբյեկտիվ պատճառներով: Լավագույն համալսարանների տարեկան բյուջեն շատ դեպքերում գերազանցում է 3-5 մլրդ. ԱՄՆ դոլարը, այսինքն ողջ Հայաստանի Հանրապետության տարեկան բյուջեն: Հայ ուսանողին Նանյանգի համալսարանի հետազոտական հնարավորություններից զրկելը (ընդ որում համեմատաբար ավելի ցածր վճարի դիմաց) և դրա փոխարեն թանկարժեք Յեյլ պարտադրելը նույնպես դժվար է արդյունավետության բարձրացում անվանել: 4. Լավագույն համալսարանները որակյալ կրթություն ապահովում են նաև ուսումնառության ընթացքում համապատասխան մասնագիտական համայնքի հետ շփման հնարավորություն ընձեռելով: Որպես օրինակ, տոխնոլոգիական կրթության ոլորտում հայտնի Ստենֆորդի, Տեխասի, Վաշինգտոնի և Չապել Հիլի համալսարանները հայտնի են նրանով, որ նրանց շուրջ կամ հարևանությամբ ձևավորվել են լրջագույն տեխնոլոգիական կլաստերներ, որոնցից ամենահայտնին Սիլիկոնյան Հովիտն է Ստենֆորդի հարևանությամբ, սակայն հայտնի են նաև մյուսները՝ օրինակ՝ այսպես կոչված Հետազոտական Եռանկյունը Հյուսիսային Կառոլինայում, Չապել Հիլի հարևանությամբ: Համաշխարհային մակարդակի իրավաբաններ, տնտեսագետներ և մենեջերներ կարող են պատրաստել նաև մեր համալսարանները, բայց հիմնարար բնական գիտությունների և տեխնոլոգիական ոլորտի լավագույն կրթությունը պահանջում է լուրջ ֆինանսական միջոցներ, համարժեք հագեցվածություն և մասնագիտական համայնքի առկայություն: Հաշվի առնելով վերոգրյալը, ստորև ներկայացնում եմ իմ առաջարկությունները. 1. Օրենքը կիրառել ընդհանուր դասակարգման առաջին երեք տասնյակում ընդգրկված համալսարանների նկատմամբ: 2. Օրենքը կիրառել նաև մասնագիտական դասակարգման առաջին երեք տասնյակում ընդգրկված համալսարանների նկատմամբ: Այնուամենայնիվ, սահմանել այն մասնագիտական դասակարգումների ցանկը, որոնք համապատասխանում են գիտելիքահեն տնտեսություն ունենալու պետության ռազմավարական զարգացման տեսլականին, մասնավորապես. • Հիմնարար բնական գիտություններ, ներառյալ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն: • Տեխնոլոգիական ոլորտներ, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինժինիրինգ (տեղեկատվական գիտություններ և ինժինիրինգ, հաստոցաշինություն, ավիատիեզերական ճարտարագիտություն, բիոբժշկական և քիմիական ճարտարագիտություն և այլն): • Բժշկական գիտություններ: 3. Մասնագիտական դասկարգումները ներառելիս հաշվի առնել այն ոլորտները, որտեղ ժամանակակից գիտելիք ստանալը էականորեն կախված է համալսարանների տեխնոլոգիական հագեցվածությունից (լաբորատորիաներ, հետազոտական կենտրոններ, մասնագիտական համայնքների հետ աշխատանքի հնարավորություն): Հուսով եմ առաջարկներս կքննարկվեն և կարժանանան համարժեք արձագանքի: Հարգանքով, Նորայր Աղայան

Արմեն Մելքումյան

28.06.2022

Հարգելի ԿԳՄՍ նախարարություն, այս նախագծի ընդունումով խնդիրներ են առաջանում այն քաղաքացիների համար, ովքեր արդեն սովորում են լավագույն 50 համալսարաններում, սակայն այդ համալսարանները առաջին 25-ի մեջ չեն մտնում, և հիմա այդ քաղաքացիները պետք է շարունակեն կրթությունը իրենց համալսարանների մագիստրատուրայում կամ ասպիրատուրայում։ Այս դեպքում ինչպե՞ս է կարգավորվելու նրանց տարկետման հարցը։

Տեսնել ավելին