Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության արդյունքում էապես փոխվեց ընտրական և հանրաքվեի ինստիտուտների կարգավորումները: Ինստիտուցիոնալ բարեփոխումները սերտորեն առնչվում են նաև տեղական հանրաքվեների կազմակերպմանը և անցկացմանը:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով սահմանվել է, որ տեղական հանրաքվեն համայնքային գործերի կառավարմանը անմիջական մասնակցության եղանակ է, որի միջոցով համայնքի բնակիչները լուծում են համայնքային նշանակության հանրային հարցեր:

Ի տարբերություն հանրաքվեի, որի կազմակերպման և անցկացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը նախատեսում է ուղենշային կարգավորումներ, տեղական հանրաքվեի վերաբերյալ նախատեսվում են միայն դրա հասկացությունը և անցկացման սկզբունքները: Մինչդեռ, ակնհայտ է, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում հանրաքվեների ինստիտուտի փոփոխությունները ենթադրում են համակարգային նոր մոտեցում ցուցաբերել նաև տեղական հանրաքվեի կազմակերպման և անցկացման հարաբերությունները կարգավորելիս:

Նշված փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացրել «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի նոր իրավակարգավորումներին և հանրաքվեների կազմակերպման և անցկացման սահմանադրաիրավական նոր մոտեցումներին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կատարվող փոփոխությունները կրում են ինստիտուցիոնալ և համակարգային բնույթ ու լայնածավալ են, անհրաժեշտություն է առաջացել «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը շարադրել նոր խմբագրությամբ:

Տեղական հանրաքվեի ինստիտուտի բարեփոխման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել նաև «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում՝ տեղական հանրաքվեի կազմակերպման և անցկացման նոր իրավակարգավորումների համակարգային իրացման նպատակով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

1) «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝

  1. հստակ կարգավորում են ստացել տեղական հանրաքվեի հասկացությունը և դրա անցկացման սկզբունքները, տեղական հանրաքվեի դրվող նախագծերը և այն նախագծերը, որոնք չեն կարող դրվել տեղական հանրաքվեի, հարցը տեղական հանրաքվեի դնելու կարգի, տեղական հանրաքվեի նշանակման, կազմակերպման, քարոզչության իրականացման, քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով քարոզչության հիմնադրամ ստեղծելու, այդ հիմնադրամում մուծումներ կատարելու, քարոզչության ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու, տեղական հանրաքվեի ամփոփման, հարցը համայնքի ավագանում քննարկմանը ներկայացնելու և հանրաքվեի դնելու նախաձեռնությանը համայնքի բնակիչների միանալու մանրամասները,
  2. Տեղական հանրաքվեի անցկացման սկզբունքները համապատասխանեցվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը,
  3. Տեղական հանրաքվեի չդրվող հարցերի շրջանակը լրացվել է նաև հարկերին, տուրքերին, այլ պարտադիր վճարներին, պաշտպանությանը վերաբերող, ինչպես նաև միջհամայնքային միավորներ ստեղծելու վերաբերյալ հարցերով,
  4. Հստակեցվել է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո տեղական հանրաքվեի անցկացման կարգը,
  5. Հստակեցվել են տեղական հանրաքվե անցկացնելու և նշանակելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանականը և որոշումների ընդունման կարգը,
  6. Նախատեսվել է համայնքի բնակչության կողմից տեղական հանրաքվե նախաձեռնելու դեպքում նախաձեռնող խմբի գրանցման և գրանցումը դադարեցնելու հիմքերը և կարգը,
  7. Սահմանվել են տեղական հանրաքվեի քարոզչության իրականացման և ֆինանսավորման նոր կարգավորումներ:
  1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվել է, որ համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նպատակով համայնքի բնակիչների ստորագրությունների հավաքագրումն իրականացվում է «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, տեղական հանրաքվեի անցկացնելու մասին որոշումն ընդունում է համայնքի ավագանին, իսկ նշանակելու մասին որոշումը՝ համայնքի ղեկավարը:
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության,  Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի  և «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նոր լուծումներին:


 

  • Քննարկվել է

    03.10.2017 - 19.10.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման, Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8799

Տպել