Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

 

«ՍԵՎԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ 2022-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

    «Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը մշակվել է  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 17-րդ հոդվածը, «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» օրենքի 15-րդ հոդվածը:

Ջրավազանային կառավարման պլանի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցելու ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը, և վերջին հաշվով դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

      Սևանի ջրավազանային կառավարման տարածքը գտնվում է Հայաստանի արևելյան մասում: Սևանա լճի ավազանը զբաղեցնում է Հայաստանի ամբողջ տարածքի 1/6 մասը: Սևանի ՋԿՏ մակերեսը կազմում է 4721 կմ2: Սևանի ՋԿՏ ներառում է Սևանա լիճն իր ջրհավաք ավազանով: Սևանա լճի ջրհավաք ավազանն այն տարածքն է, որտեղից մակերևութային և ստորերկրյա ջրերը հոսում են դեպի լիճ: «Սևանա լճի մասին» օրենքի համաձայն Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, ինչպես նաև Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները համարվում են Սևանա լճի ջրհավաք ավազանի մաս, քանի որ  այդտեղից ջուրը հասնում է Սևանա լիճ Արփա-Սևան թունելով : Չնայած այս տարածքները չեն համարվում Սևանի ՋԿՏ-ի մաս, սակայն ջրային հաշվեկշռի հաշվարկի ժամանակ Արփա-Սևան թունելով ջրի տեղափոխումը ևս հաշվի է առնվում ։ Սևանա լիճ  են թափվում 28 գետեր և միայն Հրազդան գետն է սկիզբ առնում լճից:

 «Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծում ներառված են՝ ջրավազանային կառավարման տարածքի և ջրային ռեսուրսների   ընդհանուր նկարագիրը, օգտագործելի ջրային ռեսուրսների, ռազմավարական և ազգային ջրային պաշարների հաշվարկը, գետերի էկոլոգիական թողքերի հաշվարկները, ջրավազանում ճնշումների և ազդեցությունների վերլուծությունը, 2022-2027թթ. համար ջրի առաջարկի կանխատեսման և ջրի պահանջարկի հետ համադրման միջոցով ջրային ռեսուրսի ավելցուկի և պակասուրդի գնահատումը, ինչպես նաև միջոցառումների ծրագիրը։

Ջրավազանային կառավարման սույն պլանի առանցքը միջոցառումների ծրագիրն է, որի նպատակն է հասնել մակերևութային ու ստորերկրյա ջրային ռեսուրսների և դրանց հարակից էկոհամակարգերի համար սահմանված էկոլոգիական «լավ» կարգավիճակի: Միջոցառումների ծրագիրը հիմնվում է ջրավազանի ելակետային պայմանների, ինչպես նաև էական մարդածին ճնշումների ու ջրային ռեսուրսների ազդեցության վերլուծության վրա: Շարժիչ ուժեր-ճնշումներ-ազդեցություններ վերլուծության արդյունքում բացահայտվում են խնդրահարույց տեղանքներն ու ռիսկային ջրային մարմինները: Յուրաքանչյուր ռիսկային ջրային մարմնի համար մշակվել է միջոցառումների ծրագիր, ինչը նշանակում է, որ միջոցառումների ծրագիրը հատուկ է տեղանքին ու ճնշմանը:

Ջրավազանային կառավարման պլանի հիմնական խնդիրներն են.

  1. ջրային ռեսուրսների արդյունավետ բաշխման միջոցով՝ մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանությունը,
  2. բարելավել վատթարացված ջրային մարմինների կարգավիճակը (որակական և քանակական),
  3. կանխել բոլոր ջրային մարմինների հետագա վատթարացումը,
  4. խթանել կայուն ջրօգտագործումը:

     

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

            «Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման կառավարության որոշման ընդունմամբ կհստակեցվեն Սևանի ջրավազանային կառավարման տարածքի   ջրօգտագործուղների ներառյալ՝ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները:

Սույն ՀՀ կառավարության որոշման ընդունումը հնարավորություն կտա Սևանի ջրավազանային կառավարման տարածքում հավասարակշռել ջրային ռեսուրսների առաջարկը և պահանջարկը, միջոցառումների ծրագրի իրականցման արդյունքում բարելավել ջրային մարմինների կարգավիճակը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          «Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը մշակվել շրջակա միջակա միջավայրի նախարարության կողմից` ԵՄ «Ջրային նախաձեռնություն պլյուս» ծրագրի աջակցությամբ։

    Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի՝ Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը համարվում է հիմնադրութային փաստաթուղթ, իսկ համաձայն նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի, հիմնադրութային փաստաթղթերը ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և փորձաքննության:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և փորձաքննության արդյունքում Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը ստացել է դրական եզրակացություն (պատճենը` կցվում է)։

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

          «Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» կառավարության որոշման ընդունմամբ հնարավոր կլինի Սևանի ջրավազանային տարածքում հասնել ջրային ռեսուրսների լավ է­կո­լո­գիական կար­գավիճակի, ինչ­պես նաև աջակցել ջրա­­յին ռե­սուրսների կառավարման հա­մար պա­տասխանատու մարմիններին ջրային ռեսուրսների ոլորտում ո­­րո­շումներ կա­յաց­նելիս:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ առաջանում է անհրաժեշտություն լրացուցիչ ֆինանսական միջոցների (տես` Հավելվածի Գլուխ XIV աղյուսակ 66):

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

«Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված N1-ի 1.1 կետից։

 

 

  • Քննարկվել է

    10.06.2022 - 27.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4576

Տպել