ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 2-րդ մասում «նշանակված են բացառապես» բառերը փոխարինել «օգտագործվում են» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Պետական բյուջեի ծախսերում պետական մարմնի աշխատակիցների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդ նախատեսված լինելու դեպքում պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի) հատուցվում է նշված ֆոնդի միջոցների, իսկ դրանց անբավարարության դեպքում՝ պետական բյուջեի այլ միջոցների հաշվին, եթե այլ բան սահմանված չէ օրենքով: Ընդ որում, օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղվում են խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի համալրմանը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

  • Քննարկվել է

    03.10.2017 - 19.10.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8556

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

04.10.2017

Շատ կարեւոր նախագիծ է: Սակայն այն չի ներառում այն դեպքերը, երբ պետական կառավարման մյուս մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգը: Մեր կազմակերպությունն ունի բազմաթիվ փաստեր, երբ ՀՀ առողջապահության, ՀՀ աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի և դրանց պաշտոնատար անձանց կողմից վատ վարչարարության հետևանքով վնաս է պատճառվել ինչպես մեր կազմակերպության անդամներին, այնպես էլ` շահառուներին: Այդ դեպքերից 4 դեպքում դիմել ենք վարչական դատարան, սակայն վերջինս չի ընդունում հայցերը` վնասները հայցվորների վնասների փոխհատուցման անբավարար հիմքերի պատճառով: Այդ դեպքերը հատկապես վերաբերում են հաշմանդամության կարգի ապօրինի իջեցմանն ու զրկմանը, պետական պատվերով անվճար բժշկական օգնության իրավունք ունեցող անձանց դրա մերժմանը, այսպես կոչված "կարմիր գծերի" համար չվճարած պարտադիր վճարներին, ճանապարհային երթուեկության կանոնների խախտման համար պատասխանատվությանը եւ այլն: Առաջարկում ենք օրենքի նախագծում կատարել այնպիսի լրացում, որ դա ներառի նաեւ պետական կառավարման մյուս մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման հնարավորությունը: "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հկ նախագահ

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

03.10.2017

Դեռևս 2016 թվականի փետրվարի 14-ի թիվ 012 գրությամբ՝ ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի 387-րդ հոդվածի (նախագծի 1-ին ընթերցմամբ ներկայացված տարբերակի 363-րդ հոդված, ընդունված ՀՀ հարկային օրենսգրքի 359-րդ հոդված) վերաբերյալ հայտնել էր, որ հաշվի առնելով այն, որ հարկ վճարողների նկատմամբ կիրառվող տուգանքներից մասհանումներ են կատարվում նաև հարկային մարմնի համապատասխան արտաբյուջետային հաշիվներին, կարծում ենք, որ վնասների հատուցումը պետք է կատարվի արտաբյուջետային միջոցների հաշվին: Մինչդեռ ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկը չէր ընդունել: Անհասկանալի է տվյա դեպքում ինչով է պայմանավորված ՀՀ ֆինանսների նախարարության դիրքորոշման կտրուկ փոփոխությունը:

Տեսնել ավելին