«Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՐԱԶԴԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ 2022-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 17-րդ հոդվածը, «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» օրենքի 15-րդ հոդվածը:
Ջրավազանային կառավարման պլանի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցելու ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը, և վերջին հաշվով դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքը (այսուհետ՝ Հրազդանի ՋԿՏ-ը) գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, սահմանակից է Թուրքիային, և ընդգրկում է 6 վարչական տարածքներ ՝ ք.Երևանը, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերը: Հրազդանի ՋԿՏ մակերեսը կազմում է 4040 կմ2, որից Հրազդանի գետավազանը` 2560 կմ2 (ք.Երևան, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզեր), Քասախի գետավազանը` 1480 կմ2 (Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզեր):
«Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծում ներառված են՝ ջրավազանային կառավարման տարածքի և ջրային ռեսուրսների ընդհանուր նկարագիրը, օգտագործելի ջրային ռեսուրսների, ռազմավարական և ազգային ջրային պաշարների հաշվարկը, գետերի էկոլոգիական թողքերի հաշվարկները, ջրավազանում ճնշումների և ազդեցությունների վերլուծությունը, 2022-2027թթ. համար ջրի առաջարկի կանխատեսման և ջրի պահանջարկի հետ համադրման միջոցով ջրային ռեսուրսի ավելցուկի և պակասուրդի գնահատումը, ինչպես նաև միջոցառումների ծրագիրը։
Ջրավազանային կառավարման սույն պլանի առանցքը միջոցառումների ծրագիրն է, որի նպատակն է հասնել մակերևութային ու ստորերկրյա ջրային ռեսուրսների և դրանց հարակից էկոհամակարգերի համար սահմանված էկոլոգիական «լավ» կարգավիճակի: Միջոցառումների ծրագիրը հիմնվում է ջրավազանի ելակետային պայմանների, ինչպես նաև էական մարդածին ճնշումների ու ջրային ռեսուրսների ազդեցության վերլուծության վրա: Շարժիչ ուժեր-ճնշումներ-ազդեցություններ վերլուծության արդյունքում բացահայտվում են խնդրահարույց տեղանքներն ու ռիսկային ջրային մարմինները: Յուրաքանչյուր ռիսկային ջրային մարմնի համար մշակվել է միջոցառումների ծրագիր, ինչը նշանակում է, որ միջոցառումների ծրագիրը հատուկ է տեղանքին ու ճնշմանը:
Ջրավազանային կառավարման պլանի հիմնական խնդիրներն են.
- ջրային ռեսուրսների արդյունավետ բաշխման միջոցով՝ մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանությունը,
- բարելավել վատթարացված ջրային մարմինների կարգավիճակը (որակական և քանակական),
- կանխել բոլոր ջրային մարմինների հետագա վատթարացումը,
- խթանել կայուն ջրօգտագործումը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
«Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման կառավարության որոշման ընդունմամբ կհստակեցվեն Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի ջրօգտագործուղների ներառյալ՝ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները:
Սույն ՀՀ կառավարության որոշման ընդունումը հնարավորություն կտա Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքում հավասարակշռել ջրային ռեսուրսների առաջարկը և պահանջարկը, միջոցառումների ծրագրի իրականցման արդյունքում բարելավել ջրային մարմինների կարգավիճակը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը մշակվել շրջակա միջակա միջավայրի նախարարության կողմից` ԵՄ «Ջրային նախաձեռնություն պլյուս» ծրագրի աջակցությամբ։
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի՝ Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը համարվում է հիմնադրութային փաստաթուղթ, իսկ համաձայն նույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի, հիմնադրութային փաստաթղթերը ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և փորձաքննության:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և փորձաքննության արդյունքում Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը ստացել է դրական եզրակացություն (պատճենը` կցվում է)։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
«Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» կառավարության որոշման ընդունմամբ հնարավոր կլինի Հրազդանի ջրավազանային տարածքում հասնել ջրային ռեսուրսների լավ էկոլոգիական կարգավիճակի, ինչպես նաև աջակցել ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին ջրային ռեսուրսների ոլորտում որոշումներ կայացնելիս:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ առաջանում է անհրաժեշտություն լրացուցիչ ֆինանսական միջոցների (տես` Հավելվածի Գլուխ XIV աղյուսակ 66):
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
«Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված N1-ի 1.1 կետից։
-
Քննարկվել է
09.06.2022 - 24.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 4250
Տպել