Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, «ՀԵՆԱԿԵՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԸ ՆԵՐԵԼՈՒ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, «ՀԵՆԱԿԵՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԸ ՆԵՐԵԼՈՒ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N526-Ա որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության Հենակետ ՓԲԸ-ն (այսուհետ՝ նաև Ընկերություն) գտնվում է լուծարման գործընթացում: Ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է լուծարման հանձնաժողով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ստեղծման պահից լուծարման հանձնաժողովին են անցել Ընկերության գործերի կառավարման լիազորությունները:

«Հենակետ» ՓԲԸ-ն լուծարման գործընթաց է մտել ֆինանսական ծանր դրությամբ և շուրջ 100 մլն.դրամ խոշոր պարտավորություններով։ Միայն ՀՀ պաշտպանության նախարարության նկատմամբ պարտքը կազմում էր շուրջ 82 մլն.դրամ, իսկ հարկային մարմնի հայցի հիման վրա ամբողջ գույքը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գտնվում էր արգելանքի տակ։

Լուծարման ընթացակարգի համաձայն՝ «Հենակետ» ՓԲԸ-ի պարտավորությունները մարելու նպատակով 2020թ.-ի տարեվերջին իրականացվել է Ընկերության գույքի, այդ թվում՝ ք.Երևան, Դավիթ Բեկի փողոց 155/1 հասցեում գտնվող անշարժ գույքի (այսուհետ՝ Անշարժ գույք), շուկայական գնահատում։ Անշարժ գույքի շուկայական արժեքը կազմել է 234,703.0 հազ.դրամ (ներառյալ հողամասի 31,446.0 հազ.դրամ կադաստրային արժեքը)։ Անշարժ գույքը բազմաթիվ անգամ ներկայացվել է աճուրդով վաճառքի և վաճառվել է 175,104.0 հազ.դրամով (ներառյալ հողամասի 31,446.0 հազ.դրամ կադաստրային արժեքը)։ Ընկերության հաշվարկային հաշվին մուտքագրվել է 143,658.0 հազ.դրամ։ Գույքի առքուվաճառքի պայմանագիրը կնքվել է 2021թ.-ի նոյեմբերի 29-ին։

Հարկային օրենսգրքի համաձայն նշված գործարքը հարկվում է ոչ թե վաճառքի արժեքից, այլ 2021թ.-ին ուժի մեջ մտած «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի համաձայն հաշվարկված անշարժ գույքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքից, որը կազմում է 535,873.9 հազ.դրամ։

Հարկ է նշել, որ «Հենակետ» ՓԲԸ-ի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը հաշվարկված է հասարակական նշանակության շինության համար, այնինչ Ընկերությունը ստեղծված օրվանից ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով իրականացրել է տպագրական աշխատանքներ, իսկ շենքերն իրենցից ներկայացնում են տպարան և ավտոհավաքակայան։

ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի թիվ 757-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 600-Ն որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ նշված կառույցները դասակարգվում են որպես արտադրական (արդյունաբերական)։

Վերը նշվածի հիմքով և ՀՀ կադաստրի կոմիտեի առաջարկությամբ դեռևս 2021թ. հունիս ամսին ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ նաև՝ Կոմիտե) դիմել է Երևանի քաղաքապետարան՝ «Հենակետ» ՓԲԸ-ի շինություններով ծանրաբեռնված հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի նշանակությունից արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի փոփոխելու հարցում աջակցելու խնդրանքով։ Ի պատասխան Երևանի քաղաքապետարանի բազմաթիվ հարցադրումների Կոմիտեի կողմից ներկայացվել են բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունն ու փաստաթղթերը, սակայն Երևանի քաղաքապետարանի կողմից աշխատանքներն այդպես էլ չկատարվեցին, իսկ վերջին գրությամբ Քաղաքապետարանը նշեց, որ այլևս տվյալ խնդրի հայտատուն հանդիսանում է Անշարժ գույքի գնորդը։

Հասարակական նշանակության անշարժ գույքի կադաստրային արժեքից հարկման արդյունքում գործարքից առաջացող հարկերը կազմել են շուրջ 133 մլն.դրամ, այսինքն՝  գրեթե այնքան, որքան Անշարժ գույքի վաճառքից Ընկերության հաշվին մուտքագրված գումարն է։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով լուծարման հանձնաժողովի կողմից նշված գումարով մարվել են Ընկերության աշխատավարձի, վերջնահաշվարկի, արձակման նպաստի, պետական և համայնքային բյուջեների նկատմամբ նախկին պարտավորությունները՝ շուրջ 13 մլն.դրամ, ինչպես նաև գործարքից առաջացած շուրջ 64 մլն. դրամ ԱԱՀ-ն և 12 մլն. դրամ շրջանառության հարկը։ Նշված պարտավորությունները մարելուց հետո արդեն իսկ պարզ էր, որ «Հենակետ» ՓԲԸ-ի նկատմամբ առաջացել են չնախատեսված սնանկության հայտանիշներ, քանի որ Ընկերությունն ուներ ՀՀ պաշտպանության նախարարության նկատմամբ 82 մլն. դրամ պարտք, անշարժ գույքի վաճառքի գործարքից առաջացած 57 մլն. դրամ շահութահարկի գումար, ինչպես նաև 3 մլն.դրամ այլ պարտավորություններ։

Միաժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության խնդրանքով «Հենակետ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 4 անվանում գույք՝ ՀՀ զինված ուժերում տեղագրական քարտեզների օպերատիվ տպագրության գործընթացում դրանց անհրաժեշտությամբ պայմանավորված, ի պահ էր հանձնված Նախարարությանը։ Եթե Ընկերությունը ներկայացվեր սնանկության, ապա լուծարման հանձնաժողովը պարտավոր էր սնանկության կառավարիչին հանձնել նաև այս գույքը, որի գնահատված շուկայական արժեքը կազմում է շուրջ 17 մլն.դրամ։

Որպես «Հենակետ» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազոր մարմին՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանն է ներկայացվել Ընկերության լուծարման ընթացքի, ինչպես նաև գործընթացում առաջացած խնդրի մասին մանրամասն տեղեկատվություն։

ՀՀ պաշտպանության նախարարությունը 2022թ. փետրվարի 10-ի թիվ ՊՆ/510/650-2022 գրությամբ նշել է, որ ի պահ հանձնված տպագրական սարքերը կարգաբերվել են և նախապատրաստվել շահագործման: Հաշվի առնելով քարտեզների մեծածավալ տպագրության անհրաժեշտությունն ու կարևորությունը՝ տպագրական սարքերը սնանկության կառավարչին հանձնելն անթույլատրելի է։

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկել էր ի պահ հանձնված 4 միավոր գույքը հանձնման-ընդունման ակտով փոխանցել ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայությանը՝ միաժամանակ նվազեցնելով Նախարարության հանդեպ 82 մլն.դրամ պարտավորությունից 17 մլն.դրամ, իսկ մնացած 65 մլն. դրամ պարտավորության մասով Ընկերության լուծարման հանձնաժողովի անունից դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն, այդ պարտքից հրաժարվելու հարցը քննարկելու առաջարկությամբ:

Ելնելով ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկությունից և հաշվի առնելով Ընկերության նկատմամբ առաջացած սնանկության հայտանիշերը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 29.03.2022թ. թիվ ԳՍ//7673-2022 գրությամբ դիմվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ ներքոհիշյալ մոտեցումների վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար՝

- 4 միավոր գույքի դիմաց նվազեցնել Նախարարության հանդեպ 82 մլն.դրամ պարտավորությունից 17 մլն.դրամը, զիջել մնացած 65 մլն. դրամ պարտավորությունը, ՀՀ պետական բյուջեից հատկացնել պարտավորությունների չափով գումար և ավարտել «Հենակետ» ՓԲԸ-ի լուծարման գործընթացը,

- 4 միավոր գույքի դիմաց նվազեցնել Նախարարության հանդեպ 82 մլն.դրամ պարտավորությունից 17 մլն.դրամը և «Հենակետ» ՓԲԸ-ն ներկայացնել սնանկության։

ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ ֆինանսների և ՀՀ պաշտպանության նախարարություններին հանձնարարվել էր համատեղ քննարկել և ներկայացնել «Հենակետ» ՓԲԸ-ի լուծարման գործընթացում առաջացած խնդիրների լուծման փոխհամաձայնեցված տարբերակ։

Այս ընթացքում լուծարման հանձնաժողովի կողմից միջոցներ են ձեռնարկվել արդեն իսկ վաճառված տարածքից Ընկերության շարժական գույքն այլ տարածք տեղափոխելու և պահառությունը կազմակերպելու, ինչպես նաև Ընկերության փաստաթղթերն արխվացնելու ուղղությամբ։ Պարտքեր չառաջացնելու նպատակով լուծվել են լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով կնքված հանձնակատարի և հաշվապահի աշխատանքային պայմանագրերը՝ նրանց հետ կատարելով վերջնահաշվարկ։ Տույժերից հնարավորինս խուսափելու նպատակով, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 70 հոդվածով սահմանված կարգով մնացած պարտավորությունների մեջ առաջանահերթությունը տրվում է ՀՀ պետական բյուջեին՝ անշարժ գույքի վաճառքից մնացած շուրջ 50 մլն.դրամ դրամական միջոցներն ամբողջությամբ ուղղվել են շահութահարկի գծով պարտավորության մարմանը։ 

Հաշվի առնելով, որ «Հենակետ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող թվով չորս տպագրական սարքերը ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնելու և Ընկերության պարտավորությունները 17 մլն.դրամ նվազեցնելու առաջարկի հետ կապված թե ՀՀ ֆինանսների նախարարությունը և, թե ՀՀ պաշտպանության նախարարությունն առարկություններ չունեին՝ լուծարման հանձնաժողովը 02.05.2022թ. հանձնման-ընդունման ակտով 4 միավոր գույքը հանձնել է ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ 82 մլն.դրամ պարտքը նվազեցնելով 17 մլն.դրամով։

Ինչ վերաբերում է «Հենակետ» ՓԲԸ-ի լուծարման գործընթացին առնչվող հետագա գործողություններին՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ չի առարկում ՀՀ պետական բյուջեից Ընկերությանը գումար հատկացնելուն, որը կնպաստի «Հենակետ» ՓԲԸ-ի լուծարման գործընթացի ավարտմանը:

ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկել է՝ քննարկման առարկա դարձնել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքը որպես ջարդոն վաճառքի հանելու և պարտատերերի պահանջները հնարավորինս բավարարելու հարցը, իսկ որպես պարտավորությունների մարման մեխանիզմ համապատասխան պետական մարմնի կողմից շրջանառել ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ եկամուտ-ծախս տարբերակով։ Ընկերության հարկային պարտավորությունների կատարման առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը կարևորել է նաև պետական եկամուտների կոմիտեի դիրքորոշումը։

ՀՀ վարչապետի թիվ 02/16.4/15355-2022 հանձնարարականով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն հանձնարարվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկություն, ինչի հիմքով էլ մշակվել է սույն Նախագիծը։

Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքը որպես ջարդոն վաճառքի հանելու ՀՀ ֆինանսների նախարարության առաջարկի հետ կապված անհրաժեշտ է նշել, որ ՀՀ կառավարության 14.12.1999թ. թիվ 752 որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 20-րդ կետի հիմքով՝ լուծարման հանձնաժողովը սկսած 2021թ. մարտ ամսից բազմաթիվ անգամ շարժական գույքը ներկայացրել է հրապարակային սակարկություններով (աճուրդով) վաճառքի, սակայն գնորդների մոտ հիմնական գույքի նկատմամբ գրեթե հետաքրքրություն չի առաջացել։ Հաշվի առնելով, որ գույքի զգալի մասը տպարանային գույք է՝ վաճառքի հրապարակայնությունն առավել զանգվածային դարձնելու նպատակով, լուծարման հանձնաժողովը դիմել է նաև  տպարանային գործունեություն իրականացնող ընկերությունների՝ վաճառքի պայմանների մասին տեղեկացնելու համար։ Ընկերությունների կողմից արձագանքը եղել է այն, որ գույքը բարոյապես մաշված  է և ներկայումս չի կիրառվում։ Շարժական գույքի վերջին աճուրդների վաճառքի մեկնարկային գին էր սահմանվել գնահատված շուկայական արժեքների 25 տոկոսը։

Հաշվի առնելով, որ Կարգի 21-րդ կետի համաձայն՝ լուծարվող կազմակերպության շարժական գույքը գնահատված արժեքի 25 տոկոսի չափով մեկնարկային գնով չվաճառվելու դեպքում՝ 25 տոկոսից ցածր մեկնարկային գնով վաճառելու մասին որոշումը պետք է ընդունվի ՀՀ կառավարության կողմից՝ սույն նախագծով ամրագրվել է նաև դրույթ՝ Ընկերության շարժական գույքը գնահատված արժեքի 25 տոկոսից ցածր մեկնարկային գնով վաճառելու մասին։

Չնայած հարկային մարմնի կողմից «Հենակետ» ՓԲԸ-ն ծանուցվել է, որ շահութահարկի գծով հարկային պարտավորությունների չկատարման մասով կիրառվելու է արգելանք, սակայն հաշվի առնելով, որ տվյալ պահին դեռևս գույքի վրա արգելանք կիրառված չէր՝ մինչ սույն որոշման ընդունումը՝ ժամանակ չկորցնելու նպատակով լուծարման հանձնաժողովը որոշում է ընդունել շարժական գույքը կրկին գնահատված արժեքների 25 տոկոսի չափով ներկայացնել աճուրդի։ Հարկ է նշել, որ լուծարման հանձնաժողովն ապահովում է նաև նշված գույքի պահառությունը, ինչի համար միջոցներ են ծախսվում։

Միաժամանակ ելնելով այն հանգամանքից, որ «Հենակետ» ՓԲԸ-ի շարժական գույքի վաճառքից առաջացող գումարներն առաջնահերթության կարգով պետք է ուղղվեն ՀՀ պետական բյուջեի գծով պարտքի մարմանը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ «Հենակետ» ՓԲԸ-ի շարժական գույքի վրա արգելանք կիրառելուց ձեռնպահ մնալու խնդրանքով։ Միաժամանակ հաշվի առնելով ՀՀ ֆինանսների նախարարության առաջարկությունը՝ «Հենակետ» ՓԲԸ-ի հարկային պարտավորությունների կատարման առնչությամբ Կոմիտեն խնդրել է  նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիրքորոշումը։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2022թ. մայիսի 20-ի թիվ 01/3-3/34964-2022 գրությունը կցվում է։

ՀՀ պաշտպանության նախարարության նկատմամբ պարտքը ներելու դեպքում «Հենակետ» ՓԲԸ-ի հարկային պարտավորությունները կկազմեն 21819.2 հազ.դրամ, որից՝

- անշարժ գույքի վաճառքից առաջացած շահութահարկի գծով - 6439,9 հազ.դրամ (ներառված չեն տույժերը),

- ՀՀ պետական բյուջեի գծով /եկամտահարկ, ԱԱՀ, սոցիալական վճար/ - 628.3 հազ.դրամ (ներառված չեն տույժերը)

/նշված պարտավորությունների փոխանցումները կատարվել են, սակայն հարկային մարմնի կողմից դրանք հաշվանցվել են շահութահարկի գծով պարտքի մարմանը/,

- ՀՀ պաշտպանության նախարարության պարտավորությունից գույքի դիմաց 17000.0 հազ.դրամ նվազեցնելու արդյունքում առաջացած հարկային պարտավորություն – 3078.0 հազ.դրամ,

- ՀՀ պաշտպանության նախարարության 64842.6 հազ.դրամը ներելու արդյունքում առաջացող հարկային պարտավորություն – 11673.0 հազ.դրամ,

Գործարքից (21819.2 հազ.դրամ գումար ստանալուց) հնարավոր առաջացող հարկային պարտավորություն – 4500.0 հազ. դրամ։

«Հենակետ» ՓԲԸ-ի լուծարման գործընթացն ավարտելու նպատակով ՀՀ պետական բյուջեից անհրաժեշտ է տրամադրել 26320.0 հազ.դրամ, որն ամբողջությամբ հարկերի տեսքով հետ է վերադարձվելու Պետական բյուջե։

Հաշվի առնելով, որ ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած տարբեր հարկատեսակների գծով օրական կիրառվում են տույժեր սույն որոշման ընդունման պահին գումարը ենթակա է փոփոխման։ 

«Հենակետ» ՓԲԸ-ն ունի նաև չմարված այլ պարտավորություն /«Պապիրուս Գլոբալ» ՍՊԸ/՝ 2901.0 հազ.դրամ։ Նշված պարտավորությունն ընդգրկված է լուծարման միջանկյալ հաշվեկշռում, որը հաստատվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։ Պարտքը լուծարման հանձնաժողովի կողմից չի մարվել, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով այն հանդիսանում է վերջին հերթին մարվող պարտավորություն։ Նախատեսվում է սույն պարտքը մարել շարժական գույքի վաճառքից գոյացող միջոցների հաշվին։

Լուծարման գործընթացի ավարտից հետո գումարի մնացորդ լինելու դեպքում այն ամբողջությամբ հետ է վերադարձվելու ՀՀ պետական բյուջե:

  • Քննարկվել է

    06.06.2022 - 24.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3759

Տպել