ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
2021 թվականի հունիսի 28-ին ուժի մեջ է մտել ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի 10-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանվել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը սույն հոդվածով և իր սահմանած կարգով ընտրում է վերաքննիչ քրեական դատարանի` սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված թափուր պաշտոնում նոր նշանակված երեք դատավորներին և վերաքննիչ քրեական դատարանի գործող դատավորների թվից` երեք դատավորների` որպես մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ, որոնք, ի լրումն տվյալ գործերի, իրականացնում են նաև քրեական այլ գործերով վերանայում:
Այսինքն՝ Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ ԲԴԽ) կողմից վերաքննիչ գործող դատավորների թվից մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների ընտրության լիազորությունը նախատեսված է եղել Օրենքի անցումային դրույթով: Սա նշանակում է, որ այս լիազորությունը ԲԴԽ-ին վերապահված չէ որպես հիմնական լիազորություն, և սահմանափակվում է միայն Օրենքի անցումային դրույթների կատարման ապահովմամբ:
Բացի այդ, ներկայումս վերաքննիչ քրեական դատարանում ծագել են մի շարք խնդիրներ՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող դատավորների ծանրաբեռնվածության հետ կապված: Նշված տեսակի գործերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ենթադրում են անհապաղ քննության իրականացում, ինչը հաճախ հնարավոր չի լինում իրականացնել նմանատիպ գործեր քննող դատավորների սահմանափակ թվակազմի պատճառով: Հետևաբար, անհրաժեշտություն է ծագել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի միայն քրեական գործեր քննող գործող դատավորների թվակազմից, անհրաժեշտության դեպքում, այլ դատավորների ևս ներգրավելու քննարկման առարկա գործերի քննությանը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծով այսուհետ՝ Նախագիծ առաջարկվում է ԲԴԽ-ի վերաքննիչ քրեական դատարանի գործող դատավորներից ընտրելու դատավորների թվից մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորներ ընտրելու հնարավորությունը նախատեսել անմիջապես «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում՝ որպես վերջինիս վերապահված առանձին լիազորություն:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի և Արդարադատության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել վերաքննիչ քրեական դատարանի բնականոն գործունեությունը և հիշյալ դատարանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով անհապաղ քննության ենթակա՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին գործերով կայացված ակտերի վերանայման արդյունավետ իրականացումը:
- Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի մշակումը բխում է Կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշումից, որի 5.3-րդ կետը նախատեսում է, որ Կառավարությունն իր իրավասությունների շրջանակում շարունակելու է իրականացնել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ ուղղված մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների ինստիտուտի կայացմանը։
Միաժամանակ, սույն նախագիծը բխում է Բարձրագույն դատական խորհրդի՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին կետով սահմանված լիազորությունից:
-
Քննարկվել է
30.05.2022 - 14.06.2022
-
Տեսակ
Սահմանադրական օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3097
Տպել