Լրամշակման փուլում է
«Գործազուրկների զբաղվածության ապահովման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
--------- ---------------- 2022 թվականի N - Լ
ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- հաստատել գործազուրկների զբաղվածության ապահովման միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
- սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ․
- մինչև 2023 թվականի փետրվարի 15-ն իրականացնել 2022 թվականին միջոցառման իրականացման ընթացիկ գնահատում: Գնահատման արդյունքում միջոցառման միջոցով զբաղված դարձած անձանց տեսակարար կշիռը շահառուների նախատեսված թվում 70 տոկոսից բարձր լինելու պարագայում միջոցառման իրականացման նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում․
- 2024 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում իրականացնել 2022 թվականին միջոցառման իրականացման վերջնական գնահատում: Կայուն զբաղվածության չափանիշը 50 տոկոսից բարձր լինելու դեպքում միջոցառումը դարձնել զբաղվածության պետական ծրագիր։
Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
« » « » -ի N -Լ որոշման
ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
- ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ
- Միջոցառման նպատակն է մեծացնել գործազուրկի, այդ թվում՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի գործազուրկ անդամի (այսուհետ՝ նպաստառու գործազուրկ) աշխատանքի տեղավորման հնարավորությունները և նպաստել նրա ընտանիքի աղքատության հաղթահարմանը։
- Միջոցառման մասին տեղեկատվությունն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) պաշտոնական (https://socservice.am) կայքէջում: Ծառայության տարածքային կենտրոնը (այսուհետ՝ տարածքային կենտռրոն) տեղեկատվությունը տեղադրում է իր գտնվելու վայրում՝ տեսանելի տեղում, ինչպես նաև տարածում՝ զանգվածային լրատվության միջոցների և հնարավոր այլ իրազեկման աղբյուրների միջոցով։
- Միջոցառման շրջանակում միանվագ փոխհատուցում է տրամադրվում այն իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը (այսուհետ՝ գործատու), որն առնվազն մեկ տարի, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ 12 ամիս ժամկետով, նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր է կնքում այն գործազուրկի հետ, որը մինչև սույն միջոցառման շրջանակներում աշխատանքի ընդունվելը «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա վերջին երեք ամսվա ընթացքում չի հանդիսացել հարկ վճարող։
- Միջոցառման շրջանակներում աշխատանքի ընդունած յուրաքանչյուր գործազուրկի համար գործատուին վճարվում է միանվագ փոխհատուցում 250.0 հազար դրամի չափով, իսկ նպաստառու գործազուրկի համար՝ 300.0 հազար դրամի չափով։
- ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
- Միջոցառման շրջանակներում փոխհատուցում ստանալու նպատակով գործատուն ծառայության պաշտոնական կայքէջի միջոցով լրացնում է առցանց դիմում՝ կցելով համապատասխան աշխատանքային պայմանագիրը և մուտքագրում աշխատանքի ընդունվող անձի հանրային ծառայության համարանիշը։ Գործատուի դիմումը ընդունվում է համակարգի կողմից միայն այն դեպքում, երբ հաստատվում է, որ աշխատանքի ընդունվող անձը գործազուրկ է (նպաստառու գործազուրկ է) և համապատասխանում է սույն միջոցառման 3-րդ կետով նախատեսված չափանիշներին։
- Գործատուի էլեկտրոնային դիմումն ընդունվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը միանվագ փոխհատուցումը տրամադրում է գործատուին՝ նրա բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։
- Միջոցառման շրջանակներում գործատուին տրամադրված միանվագ փոխհատուցման գումարը ենթակա է վերադարձման`
1) գործատուի կողմից, եթե նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ՝ մինչև մեկ տարին լրանալը, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում՝ մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված հիմքերով լուծման դեպքերի.
2) գործազուրկի (բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձի) կողմից, եթե նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիրը լուծվել է իր նախաձեռնությամբ` մինչև մեկ տարին լրանալը, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում՝ մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը.
3) գործատուի և գործազուրկի (բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձի) կողմից հավասարապես, եթե նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիրը լուծվել է աշխատանքային պայմանագրի կողմերի համաձայնությամբ` մինչև մեկ տարին լրանալը, իսկ սեզոնային աշխատանքով ապահովման դեպքում՝ մինչև տվյալ գործատուի մոտ աշխատած ժամանակահատվածի 12 ամիսը լրանալը:
- Միջոցառմամբ սահմանված ժամկետից՝ մեկ տարուց շուտ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուի կամ գործազուրկի կողմից վերադարձման ենթակա գումարի չափը հաշվարկվում է` գործատուին տրամադրված միանվագ փոխհատուցման գումարը բաժանելով 12-ի և բազմապատկելով դեռևս չաշխատած կամ ոչ լրիվ աշխատած ամիսների թվով։
- Տարածքային կենտրոնը եռամսյակը մեկ անգամ իրականացնում է գործազուրկների զբաղվածության ապահովման միջոցառման կատարման ընթացքի մոնիթորինգ։
- Միջոցառման ընթացիկ գնահատումն իրականացվում է աշխատանքի տեղավորման չափանիշի հիման վրա, որը հաշվարկվում է հետևյալ ձևով.
Sչ |
= |
Ը - Ա |
x |
100%, որտեղ՝ |
Ը |
Տչ -ն` աշխատանքի տեղավորման չափանիշն է,
Ը-ն` տվյալ պահին նախորդող մեկ տարվա ընթացքում միջոցառման միջոցով աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,
Ա-ն` տվյալ պահին նախորդող մեկ տարվա ընթացքում միջոցառման միջոցով աշխատանքի տեղավորված անձանցից` գործատուին միանվագ փոխհատուցումը տրամադրելուց հետո աշխատանքից ազատվածների թիվն է տվյալ պահի դրությամբ:
- Միջոցառման վերջնական գնահատման համար հիմք է հանդիսանում կայուն զբաղվածության չափանիշը, որը հաշվարկվում է հետևյալ ձևով.
Զկչ |
|
Ը - (Ա - Ատ) |
|
|
__________ |
||||
Ը |
Զկչ-ն` կայուն զբաղվածության չափանիշն է,
Ը-ն` տվյալ տարվա ընթացքում միջոցառման միջոցով աշխատանքի տեղավորված անձանց թիվն է,
Ա-ն` տվյալ տարվա ընթացքում միջոցառման միջոցով աշխատանքի տեղավորված անձանցից` գործատուին միանվագ փոխհատուցումը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատվածների թիվն է,
Ատ-ն` գործատուին միանվագ փոխհատուցումը տրամադրելուց հետո մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատված անձանցից` աշխատանքից ազատվելուց հետո մեկամսյա ժամկետում աշխատանքի տեղավորված անձանց թիվն է:
-
Քննարկվել է
17.05.2022 - 01.06.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 3455
Տպել