«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Անհրաժեշտությունը
Վերոհիշյալ ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) մշակումը պայմանավորված է գանձապետական միասնական հաշվում որպես դեպոզիտային հաշիվ բացված կայունացման հաշվի կառավարման, համալրման ու օգտագործման գործընթացների իրավական կանոնակարգման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Վերջին տարիներին տեղի ունեցած տնտեսական ճգնաժամերի արդյունքում մեծացել է հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականության դերը, որն ուղղված է ճգնաժամերի բացասական հետևանքները մեղմելուն: Բազմաթիվ կառավարություններ ստեղծել են կայունացման հաշիվներ կամ կանխիկի բուֆերներ, որոնք իրենցից ներկայացնում են հարկաբյուջետային քաղաքականության մեխանիզմ՝ ուղղված տնտեսական լավ ժամանակաշրջանում միջոցները խնայելուն և տնտեսական անկման ժամանակաշրջանում այդ միջոցներն օգտագործելուն։ Շատ դեպքերում այն հանդիսացել է հարկաբյուջետային խափանումները կարգավորելու լավագույն միջոց: Կայունացման հաշիվներ ստեղծվել են բազմաթիվ երկրներում։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների մեծ մասը՝ 35-ից 29 երկիր ստեղծել է կանխիկի բուֆեր, օրինակ՝ Ուրուգվայ, Գանա, Լեհաստան, Հունգարիա, Պորտուգալիա, Բրազիլիա, Դանիա և այլն։ Վերջին տասնամյակում ավելի ու ավելի շատ երկրներ են որդեգրել և իրականացնում կայունացման հաշվի կամ կանխիկի բուֆերի քաղաքականություն, որոնցից են նաև Մոլդովան, Տաջիկստանը, Ռումինիան։
Հիմնական խնդիրն այն է, որ գանձապետական միասնական հաշվում որպես դեպոզիտային հաշիվ բացված կայունացման հաշվի մնացորդը չունի օրենսդրությամբ սահմանված որևէ սահմանաչափ, այսինքն այդ հաշվի մնացորդի ծավալը օրենսդրորեն կարգավորված չէ։
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Գանձապետական միասնական հաշվում որպես դեպոզիտային հաշիվ 2009թ․ բացվել է կայունացման հաշիվը, որի նպատակը սկզբնական շրջանում Ռուսաստանի Դաշնությունից փոխառնված 500 ԱՄՆ մլն դոլարի (185 մլրդ դրամ) կայունացման վարկի միջոցների օգտագործման առանձնացված հաշվառման ապահովումն էր: Կայունացման հաշվի առկայության անհրաժեշտությունն ու նշանակությունը էական է եղել 2009 թվականից ի վեր տնտեսական շոկերին հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականության իրականացման և մակրոտնտեսական ու հարկաբյուջետային կայունության պահպանմանն աջակցելու տեսակետից: Կայունացման հաշվի կարևորությունը հիմնավորվել է նաև միջազգային փորձի ուսումնասիրությամբ:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետական բյուջեի կատարման և կառավարության կանխիկ հոսքերի կառավարման ոլորտում ընդունված պրակտիկա է կանխիկի բուֆերի կամ կայունացման հաշվի առկայությունը, որը կարևոր գործիք է նաև տնտեսական հնարավոր շոկերի և ցնցումների ազդեցությունը մեղմելու համար:
Կայունացման հաշվի կամ կանխիկի բուֆերի նպատակներն են.
- աջակցել մակրոտնտեսական և հարկաբյուջետային կայունության պահպանմանն ու տնտեսական շոկերին հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականությամբ արձագանքելուն,
- աջակցել կառավարության պարտքի կառավարման քաղաքականությանը, այդ թվում՝ մեղմել կառավարության պարտքի վերաֆինանսավորման ռիսկը,
- ամրապնդել շուկայի վստահությունը կառավարության ֆինանսական կարողությունների նկատմամբ և առավել ճկուն դարձնել ֆինանսավորման աղբյուրների ընտրությունը,
- աջակցել կանխիկ հոսքերի կառավարման քաղաքականությանը,
- աջակցել պետական բյուջեի կատարմանը:
4. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծերի նպատակն է օրենսդրորեն կանոնակարգել կայունացման հաշվի կառավարման, համալրման ու օգտագործման գործընթացները, լիազորել կառավարությանը՝ սահմանել կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Ունենալ հստակ ձևակերպված իրավական ընթացակարգեր, որոնք կնախատեսեն կայունացման հաշվին միջոցների առկայության սահմանաչափերը՝ նախատեսելով հաշվի միջին մնացորդի նվազագույն և առավելագույն մակարդակներ։ Կառավարությանը լիազորություն է վերապահվում կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը սահմանելու միջոցով մշակել որոշակի մեխանիզմներ՝ կառավարության պարտքի կառավարման քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու և հարկաբյուջետային կայունության պահպանմանն աջակցելու նպատակով։
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Փաթեթը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2․ Ինստիտուցիոնալ զարգացում» բաժնի՝ «Հարկաբյուջետային քաղաքականություն» ենթաբաժնից։
-
Քննարկվել է
29.04.2022 - 15.05.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 3584
Տպել