Հիշել նախագիծը

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթի նախագծի կազմումը նպատակ է հետապնդում ապահովելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը։

Առկա վիճակը

Օրենքն ընդունվել է 2017 թվականի հունիսի 9-ին։ Օրենքի ընդունումից ի վեր դրանում կատարվել է 11 փոփոխություն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով)  ինքնավար պետական մարմին է, որն իրավունք ունի կիրառելու վարչական ներգործության միջոցներ, որոնք նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով։ Հանձնաժողովը հանդիսանում է վարչական մարմին և իրականացնում է գործադիր-կարգադրիչ գործունեություն, ինչը փաստական հանգամանքներ է առաջացնում օրենքով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց համար։

Օրենքի 5-րդ հոդվածը կարգավորում է Հանձնաժողովի ֆինանսական ինքնուրույնությունը։ Նշված դրույթի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Հանձնաժողովի ֆինանսական ինքնուրույնությունը պայմանական է, քանի որ յուրաքանչյուր տարի Հանձնաժողովը կազմում է բյուջետային հայտ և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, իսկ վերջինս իրավունք ունի նախահաշվում փոփոխություններ կատարելու և վերջնական տարբերակը հաստատելու:Հետևապես, Հանձնաժողովի ֆինանսական ինքնուրույնությունը, որպես այդպիսին, բացակայում է, և առկա է ամբողջական կախվածություն  Հայաստանի Հանրապետության կառավարությունից։

Գործող իրավակարգավորումների շրջանակում առկա են մի շարք իրավադրույթներ, որոնք իրավական որոշակիության տեսանկյունից իրավական բեռ չեն պարունակում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք վճիռներում արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը։

Օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ Հանձնաժողովն իրավունք ունի անցկացնելու դռնփակ նիստ, որի վերաբերյալ կայացնում է պատճառաբանված որոշում։ Օրենսդիրը չի բացահայտել՝ արդյո՞ք պատճառաբանված որոշումը նույնպես կայացվում է դռնփակ, թե՞ ոչ, հակառակ պարագայում դռնբաց նիստի մասնակիցը ներկա է լինում որոշման կայացմանը և տեղեկանում է օրենքով պաշտպանվող գաղտնի տեղեկություններին։

Օրենքի ներկա կարգավորումների լույսի ներքո Հանձնաժողովի անդամն իրավունք չունի ներկայացնելու հատուկ կարծիք Հանձնաժողովի որոշման կամ եզրակացության եզրափակիչ և/կամ պատճառաբանական մասի վերաբերյալ, ինչն էականորեն կաշկանդում է Հանձնաժողովի անդամին՝ իր դիրքորոշումը հայտնելու հարցում։

Օրենքի կարգավորումներում առկա է անհստակությունհայտարարագրերի ստուգում և վերլուծություն եզրույթների վերաբերյալ, մասնավորապես՝ կարգավորումների մի մասը վերաբերում է հայտարարագրերի ստուգմանը, մյուսը՝ վերլուծությանը, ինչը, սակայն, արդարացված չէ և չի բխում Հանձնաժողովի կողմից իրականացվող ստուգումների գործըթնացի արդյունավետությունից։ Միևնույն ժամանակ օրենքում բացակայում են ստուգման գործընթացի մանրամասների վերաբերյալ կարգավորումներ՝ ստուգման հասկացությունը, հիմքերը, ժամկետները, ստուգումների իրականացման կարգը և պայմանները, ինչը հանգեցնում է գործընթացի որոշակիության բացակայության։

Գործող կարգավորումների ներքո Հանձնաժողովը զրկված է հայտարարագրերի ստուգման ընթացքում բացահայտված ակնհայտ ոչ էական խախտումների համար վարչական վարույթ չիրականացնելու հնարավորությունից։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել նաև Օրենքի 26.1 հոդվածում, որը վերաբերում է Հանձնաժողովի կողմից Օրենքով սահմանված շրջանակի անձանց բարեվարքության ուսումնասիրությանը: Փոփոխություններն ու լրացումները վերաբերում են բարեվարքության ուսումնասիրության գործընթացի որոշակիացմանը, ինչպես նաև բարեվարքության ուսումնասիրության գործընթացում էական նշանակություն ունեցող առանձին կառուցակարգերի ներդրմանը:  Այսպես, գործող կարգավորումների համատեքստում Հանձնաժողովի կողմից տրամադրված բարեվարքության վերաբերյալ եզրակացությունները հրապարակման ենթակա չեն, ինչը զգալիորեն խոչընդոտում է գործընթացի թափանցիկությանը և հաշվետվողականությանը: Միաժամանակ, հանրության համար տեսանելի պատկեր չի ստեղծվում, թե, օրինակ, Հանձնաժողովի կողմից տրամադրված բացասական եզրակացություններից քանի տոկոսի դեպքում է անձը նշանակվել համապատասխան պաշտոնում, ինչն իր հերթին խաթարում է բարեվարքության ինստիտուտի էությունը: Ընդ որում, որոշման կայացման փուլում եզրակացությունը հրապարակելը ևս արդարացված չէ, քանի որ հանրային ճնշումը կարող է ազդել անձի նշանակման որոշման կայացմանը[1]:

Նախագծով առաջարկվում է նաև վերացնել Օրենքում առկա տեխնիկական վրիպակները: Մասնավորապես, Օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասում Հանձնաժողովի անդամի պաշտոնում նշանակման ժամկետը պայմանավորվում է այդ պաշտոնում օրենքի 10.2-րդ հոդվածի 25-րդ մասով սահմանված կարգով թեկնածու առաջադրվելու հանգամանքի հետ, այնինչ, տվյալ մասն ուժը կորցրած է ճանաչվել 2021 թվականի հունվարի 19-ի ՀՕ-25-Ն օրենքով: Բացի նշվածից, միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել վերանայելու և տարանջատելու Օրենքի 23-րդ և 24-րդ հոդվածներով նախատեսված Հանձնաժողովի լիազորություններն ու գործառույթները, քանի որ դրանց մի մասը նույնական է:

2020 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Հանրային ծառայության մասին»օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը, որի համաձայն՝ 15.000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամնը նույնպես ներկայացնում է հայտարարագիր։ Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց շրջանակը ընդլայնվել է, ինչը նշանակում է, որ Հանձնաժողովի ծանրաբեռնվածությունը նույնպես մեծանալու է վարչական վարույթներ հարուցելու, ծանուցումներ իրականացնելու առնչությամբ գործառույթներն իրականացնելիս։ Ներկայումս գործող Օրենքի կարգավորումների համաձայն՝ հրապարակային ծանուցումներ իրականացնելու գործիքակազմը բացակայում է։

 «Հանրային ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված է, որ տվյալ օրենքի գործողությունը տարածվում է հանրային իշխանության մարմինների վրա, ինչպես նաև հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա՝ այն պարագայում, երբ նույն օրենքի հիմնական մաս կազմող «Գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրումը» վերտառությամբ 6-րդ գլխում ամրագրված են հայտարարագրման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավանորմեր, որոնցով անմիջականորեն պարտականություններ են սահմանվում նաև հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների համար: Բացի դրանից, նույն  գլխում սահմանված է նաև իրավիճակային հայտարարագրեր ներկայացնելու պարտականություն Օրենքով սահմանված դեպքերում: Ըստ էության, օրենսդրի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով պարտադիր վարքագծի կանոններ են սահմանված ինչպես նույն օրենքի իմաստով ընտանիքի անդամների, այնպես էլ՝ իրավիճակային հայտարարագրեր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց համար, մինչդեռ օրենքի գործողության ոլորտում  նշված սուբյեկտները ներառված չեն:

Կարգավորման առարկան

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է Հանձնաժողովին օժտել ֆինանսական ինքնուրույնությամբ։ Հանձնաժողովի ֆինանսական ինքնուրույնությունը ենթադրում է բարեվարքության և կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Օրենքով վերապահված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներով ապահովվածություն։ Սույն փոփոխության լույսի ներքո առաջարկվում է Հանձնաժողովի ֆինանսավորումը իրականացնել առանձին տողով։ Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի իր բյուջեի նախահաշիվը կներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարությանը, և եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունենա առարկություններ բյուջեի նախագծի վերաբերյալ, ապա այդ առարկությունների հետ մեկտեղ նախահաշիվը կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով։ Կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար հարկավոր է կանխատեսելիություն, ինչը հնարավոր է ապահովել , եթե յուրաքանչյուր տարի Հանձնաժողովի և նրա աշխատակազմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը պակաս չլինի նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից։ Ըստ առաջարկի՝ պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կկատարվի ամսական հավասար համամասնությամբ՝ յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով։

2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումների արդյունքում Սահմանադրության 50-րդ հոդվածում ամրագրվեց «պատշաճ վարչարարության իրավունքը»։ Սահմանադրության 50-րդ հոդվածը սահմանում է․

             «1. Յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
             2. Վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների:
            3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»։

Սահմանադրությունը վարչարարության ներքո անդրադարձ է կատարել վարչական վարույթին՝ սահմանելով վարչական վարույթի համար ելակետային տվյալներ։ Սահմանադրական իրավակարգավորումը վկայում է այն մասին, որ վարչարարությունը և վարչական վարույթը համապատասխանաբար հանդիսանում են ընդհանուրի և մասի հարաբերակցություն։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  օրենքն ընդունվել է 2004 թվականի փետրվարի 18-ին։ Օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման առնչությամբ վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (այսուհետ` անձինք) միջև ծագած հարաբերությունները: Օրենսդիրը տվյալ օրենքի 3-րդ հոդվածով սահմանել է վարչարարության հասկացությունը․ «վարչարարություն` վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ»։

Եթե վարչարարությունը դիտարկենք իրավական տրոհման մեթոդի լույսի ներքո, ապա կունենանք հետևյալ պատկերը՝

  • վարչական մարմիններ,
  • արտաքին ներգործություն ունեցող գործունեություն,
  • վարչական կամ նորմատիվ իրավական ակտ,
  • գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հանգամանքներ։

            Վերոնշյալ հինգ պայմանների միաժամանակյա առկայությունը միայն կարող է վկայել վարչարարության մասին։ Միաժամանակ, օրենսդիրը նորմատիվ պատվիրանով սահմանել է վարչարարության երկու ելքային արդյունք․

  • վարչական կամ նորմատիվ իրավական ակտ,
  • փաստական հանգամանքներ։

Եթե վարչական մարմնի գործունեության արդյունքում առկա են վերոնշյալ երկու վերջնարդյունքները, ապա ողջամտորեն կարող ենք պնդել վարչարարության առկայության մասին։

Վարչարարության անդրադարձ է կատարել նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը 2011 թվականի հունվարի 10-ի թիվ ԵԿԴ/3492/02/09 գործով որոշման մեջ արձանագրել է․ «վարչարարությունը բնորոշվում է հանրային իրավունքի բնագավառին առնչվելու հանգամանքով: Դա պետք է լինի վարչական մարմնի հանրային իրավունքի բնագավառում որոշակի հարցի լուծմանն ուղղված գործողություն, իսկ հանրային իրավունքի բնագավառը նշանակում է անձի հարաբերություններ պետության հետ, որը հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող: Վճռաբեկ դատարանը գտել է, որ հանրային իրավահարաբերությունները դրանք այն հարաբերություններն են, որոնք ծագում են պետական կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերություններում։»։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը ընդարձակել է վարչարարության սահմանները՝ նշելով, որ վարչարարությունը առկա է այն դեպքերում, երբ պետական կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում ծագում է հանրային իրավահարաբերություններ վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև։ Սույն մտքի լույսի ներքո ցանկացած իրավահարաբերություն, որը ծագում է  պետական կառավարման մարմնի գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում ֆիզիկական կամ իրավաբանական անձի հետ, համարվում է վարչարարություն։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշման մեջ նշել է, որ վարչարարությունը ծագում է հանրային իրավահարաբերությունների արդյունքում: Այսպես, 2010 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ՎԴ/2743/05/10 գործով որոշման մեջ արձանագրել է «(․․․)Դեպարտամենտի ղեկավարից տեղեկություններ և փաստաթղթեր ձեռքբերելուն ուղղված գործողությունները չեն կարող դիտվել որպես քրեական վարույթի ընթացքում ծագող իրավահարաբերություններից բխող գործողություններ, այլ նշված գործողությունները պետք է դիտվեն որպես վարչական մարմնի իրականացրած վարչարարություն, որի հետ կապված վեճերը բխում են հանրային իրավահարաբերություններից»։ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի սույն դիրքորոշման լույսի ներքո կարող ենք պնդել, որ տեղեկատվության հարցումը կամ փաստաթղթեր պահանջելը վարչական մարմնից դիտարկվում է վարչարարություն։

Ելնելով վերոգրյալից՝ հարկավորէ առանձնացնել հետևյալ չափորոշիչները, որոնց առկայությունը վկայում է վարչարարության մասին․

  • հանրային իրավահարաբերություն,
  • վարչական մարմին,
  • գործադիր- կարգադրիչ գործունեություն,
  • ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
  • վարչական ակտ կամ նորմատիվ ակտ կամ,
  • փաստական հանգամանքներ։

Վարչական վարույթը վարչարարության մաս է կազմում, ինչը դրսևորվում է ընդհանուրի և մասի հարաբերակցության տեսքով, որն ամրապնդվում է օրենքի 2-րդ գլխում։ Օրենքի 2-րդ գլուխը վերաբերում է վարչարարության սկզբունքներին, սակայն այս հիմնարար կանոնները կիրառվում են նաև վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինների կողմից։ Սահմանադրության 50-րդ հոդվածը սահմանել է վարչական վարույթի համար ելակետային չափորոշիչներ, որոնք, ըստ էության, սահմանում են վարչական վարույթի ընթացքում արդար դատաքննության իրավունքը։

Արդարացի հավասարակշռության սկզբունքի լույսի ներքո անձի արդար դատաքննության իրավունքը պահանջում է, որ վարչական մարմինը վարչական գործի քննությունն իրականացնի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում, վարչական մարմնի կողմից ապահովվի անձին առնչվող փաստաթղթերին ծանոթանալու իրավունքը, ինչպես նաև վարչական մարմինը երաշխավորի անձի լսված լինելու իրավունքը միջամտող վարչական ակտ ընդունելու պարագայում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

Վարչական վարույթն առնվազն պետք է բավարարի Սահմանադրությամբ ամրագրված պահանջներին՝ որպես կանխորոշված նպատակների։ Վարչական վարույթի հասկացությունը սահմանված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով։ Նշված օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ «Վարչական վարույթը վարչական մարմնի վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է»։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին»օրենքի 41-րդ հոդվածը վերաբերում է իրավական նորմի տառացի մեկնաբանությանը և, հիմք ընդունելով սույն կանոնը, հարկ է արձանագրել, որ այն պարագայում, երբ վարչական մարմինը վարչական ակտ չի ընդունելու, ապա ողջամտորեն վարչական վարույթը բացակայում է։ Դասական իմաստով վարչական վարույթն ունի հետևյալ առանձնահատկությունները․

                1) մարդու հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերն և ընթացակարգերն սահմանվում են օրենքով,

     2) վարչական վարույթի առանձնահատկություն սահմանող նորմը չի կարող հանգեցնել հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ սահմանադրական դրույթների էության խաթարմանը,

                 3) վարչական վարույթի առանձնահատկությունների վերաբերյալ նորմերն անմիջականորեն չեն կարգավորում դատավարական հարաբերություններ, սակայն որոշ դեպքերում կանխորոշում են դրանց ծագման, փոփոխման կամ դադարման համար հիմք հանդիսացող իրավաբանական փաստերի բովանդակությունը և կիրառման պայմանները:

Թեև օրենսդիրը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»օրենքում փորձել է միասնականացնել վարչական վարույթի վերաբերյալ կանոնները, այնուամենայնիվ, նշված օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

Վերոնշյալը վկայում է այն մասին, որ այլ օրենքներով, այդ թվում՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով, կարող են նախատեսվել այլ կարգավորումներ կապված վարչական վարույթի հիմունքների հետ։ Նախագծով առաջարկվում է ներդնել հաղորդումների ինստիտուտը, որը հնարավորություն կտա Հանձնաժողովին վարույթ հարուցելու անհամատեղելիության պահանջների, շահերի բախման, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների վերաբերյալ։ Հանձնաժողովըհնարավորություն կունենա նաև վարույթ հարուցելու հետևյալ հիմքերի առկայության դեպքում՝ Հանձնաժողովի նախաձեռնությամբ, ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա և լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովին հայտնի դարձած տեղեկությունների հիման վրա:

Հաշվի առնելով, որ օրենքով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց շրջանակը ընդլայնվել է, և առկա է միտում այն ավելի ընդլայնելու, անհրաժեշտ է Օրենքում ամրագրված ժամկետների փոփոխություն կատարել, ինչը հնարավորություն կտա Հանձնաժողովին ոչ միայն արդյունավետ իրականացնելու նորմատիվ պատվիրանով ստանձնած գործառույթները, այլ նաև ապահովելու իր առաքելության իրականացումը՝ կոռուպցիայի կանխարգելումը։ Ժամկետների փոփոխություններ իրականացվելու են նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, սակայն սույն նախագծով նախատեսվող փոփոխությունները նպատակ չեն հետապնդում խախտելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»օրենքով սահմանված տնտեսվարության սկզբունքը։

Նախագծով առաջարկվում է հստակեցնել և տարանջատել Հանձնաժողովի իրավասություններն ու գործառույթները,միևնույն ժամանակ լրացնելով դրանց ցանկը՝ մեկտեղելով այլ օրենքներով և Օրենքի այլ հոդվածներով Հանձնաժողովին վերապահված լիազորությունները Օրենքի 24-րդ հոդվածում։ Համանման օրինակներ են հանդիսանում իրավիճակային հայտարարագիր պահանջելու Հանձնաժողովի լիազորության սահմանումը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված իրավախախտումների համար պատասխանատվության միջոցներ կիրառելու լիազորության սահմանումը։

Նախագծով առաջարկվում է բարեփոխել Հանձնաժողովի կողմից իրականացվող հայտարարագրերի ստուգման գործընթացի արդյունավետությունը՝ սահմանելով ստուգման հասկացությունը, դրա հիմքերը, իրականացման ժամկետները և Հանձնաժողովի իրավասությանը վերապահելով ստուգման գործընթացի հետ կապված այլ կարգավորումները սահմանելու իրավասությունը։

Հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու գործընթացին առնչվող կարգավորումներում ևս առաջարկվում են կատարել մի շարք լրացումներ և փոփոխություններ:

 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 26.1-ին հոդվածը սահմանում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացման ենթակա տվյալների ընդհանուր սպառիչ ցանկը, սակայն տարընկալումներից խուսափելու և անձանց (թեկնածուների) համար լրացման գործընթացը պարզեցնելու համար անհրաժեշտություն է առաջացել առավել մանրամասնելու նշված տվյալների բովանդակությունը: 

Նախագծով առաջարկվում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում պարտադիր լրացման տվյալների շարքում ներառել անձի (թեկնածուի) և նրա ընտանիքի անդամների կենսագրական տվյալները՝ սահմանելով պահանջ նաև վերջին 5 տարվա ընթացքում կուսակցական պատկանելության վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու վերաբերյալ: Անձի (թեկնածուի) կուսակցական պատկանելության վերաբերյալ տեղեկությունների ներառումը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում ուղղված է շահերի բախման հնարավոր դեպքերը վեր հանելուն, անձի (թեկնածուի) անհրաժեշտ անկախությունն ու անկողմնակալությունն ապահովելուն: 

Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացման ենթակա տվյալներ են անձի (թեկնածուի) ընտանիքի անդամների գույքային դրության՝ գույքի և եկամուտի վերաբերյալ ամփոփ տեղեկությունները: Այս առումով, առաջարկվում է հստակեցնել, որ տվյալ մասում սահմանված գույքի և եկամուտի վերաբերյալ ամփոփ տեղեկությունները համընկնում են «Հանրային ծառայության մասին» օրենքի 40-րդ և 41-րդ հոդվածներով սահմանված տեղեկությունների հետ:

Միաժամանակ, ինչ վերաբերում է անձի (թեկնածուի)՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հետ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով մերձավոր ազգակցությամբ և խնամիությամբ կապված լինելու վերաբերյալ տեղեկություններին, ապա տվյալ պարագայում Նախագծով առաջարկվում  է սահմանել որոշակի ողջամիտ ժամանակահատված, որի ընթացքում վերաբերելի տեղեկությունները հաշվի կառնվեն անձի (թեկնածուի) բարեվարքության ստուգման գործընթացում: Այս կարգավորումը նպատակ է հետապնդում խուսափելու անձի (թեկնածուի) և նրանց հետ մերձավոր ազգակցությամբ և խնամիությամբ կապված անձանց վերաբերյալ ավելորդ այնպիսի տվյալներ հավաքագրելուց և մշակելուց, որոնք այլևս կորցրել են արդիականությունը և էական նշանակություն չեն կարող ունենալ անձի (թեկնածուի) բարեվարքության ուսումնասիրության գործընթացում: Որպես ողջամիտ ժամանակահատված է սահմանվել 10 տարին: 

Նախագծով առաջարկվում է Հանձնաժողովին հնարավորություն տալ անձի (թեկնածուի)՝ կարգապահական, քրեական և վարչական պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ տվյալներից բացի նաև պահանջելու տեղեկություններ այն մասին, թե արդյո՞ք անձի (թեկնածուի) մասնակցությամբ առկա է քաղաքացիական գործ կամ օրինական ուժի մեջ մտած վճիռ: Նշված տվյալները կապահովեն անձի (թեկնածուի) մասով էական տեղեկատվության առկայությունը և ներառվելով բարեվարքության վերաբերյալ եզրակացության մեջ՝ առավել հստակ պատկերացում կփոխանցեն անձին (թեկնածուին) նշանակող մարմնին: Միաժամանակ, շահերի բախման, վարքագծի կանոնների, անհամատեղելիության և այլ սահմանափակումների դեպքում առաջարկվում է ուսումնասիրության շրջանակը չսահմանափակել գրանցված խախտումներով, այլ հնարավորություն տալ Հանձնաժողովին ուսումնասիրելու նաև այն դեպքերը, երբ առերևույթ խախտումներ առկա են, սակայն օրենսդրական բացերի, վաղեմության ժամկետների կամ այլ օբյեկտիվ պատճառներից ելնելով հնարավոր չի եղել դրանք որպես խախտում արձանագրել:

Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելիս անձի՝ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով իրավասու է դիմել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին և ստանալու տեղեկություններ։ Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բարեվարքության ուսումնասիրության մաս է կազմում նաև գույքային դրության ստուգումը, որն իրականացնում է հայտարարագրերի ստուգման գործիքակազմի շրջանակներում՝ առաջարկվում է տարընկալումներից խուսափելու նպատակով կարգավորումը հստակեցնել՝ սահմանելով, որ բարեվարքության ուսումնասիրման գործընթացում գույքի փաստացի տիրապետումը, անձի հետ փաստացի համատեղ բնակվելը, ինչպես նաև երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերելը կամ հայտարարատուի կողմից այդ գույքից փաստացի օգուտ ստանալը կամ այդ գույքը տնօրինելն ստուգելու նպատակով Հանձնաժողովն իրավասու է դիմելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչը կնպաստի վարչական և այլ իրավախախտումների, հանցագործությունների բացահայտմանը, կանխմանը և խափանմանը: Հատկանշական է, որ անձի բարեվարքության ստուգման գործընթացում օպերատիվ-հետախուզական մարմիններին դիմելու պրակտիկան առկա է մի շարք պետություններում: Մասնավորապես, որպես օրինակ, Ալբանիայում բարեվարքության ստուգում իրականացնող մարմինը դատավորների և դատախազների բարեվարքության ստուգում կատարելիս իրավասու է տեղեկություններ հայցել, ի թիվս այլ մարմինների, նաև օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պետական մարմիններից (Ալբանիայի Հանրապետությունում դատավորների և դատախազների կարգավիճակի մասին  օրենքը):

Նախագծով առաջարկվում է անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ եզրակացության եզրափակիչ մասի հրապարակում: Բարեվարքության վերաբերյալ եզրակացությունն ամբողջ ծավալով հրապարակման ենթակա լինել չի կարող, քանի որ պարունակում է անձի (թեկնածուի) վերաբերյալ անձնական և գաղտնի տվյալներ: Միաժամանակ, բարեվարքության վերաբերյալ եզրակացության բացառապես եզրափակիչ մասի հրապարակումը կարող է ապահովել թափանցիկություն այն պարագայում, երբ պաշտոնի նշանակման իրավասություն ունեցող մարմինը, ի հեճուկս Հանձնաժողովի եզրահանգումներին, կկայացնի անձին նշանակելու որոշում կամ ձեռնպահ կմնա նման որոշման կայացումից։ Այս կապակցությամբ առաջարկվում է սահմանել կարգավորում առ այն, որ անձի (թեկնածուի) բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասն անձին (թեկնածուին) պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմնին ներկայացնելուց հետո հրապարկվի ինտերնետային կայքում:

Նախագծով առաջարկվում է լրացում կատարել նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածում՝ նախատեսելով Հանձնաժողովի պահանջով իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու պարտականություն այդ թվում՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնը ժամանակավոր հիմունքներով զբաղեցնող  անձանց համար:

Միևնույն ժամանակ, նախագծով առաջարկվում է նաև  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 314.4-րդ հոդվածով և սահմանել  քրեական պատասխանատվություն հայտարարագիրն անձամբ չլրացնելու համար, որը հանգեցրել է  հայտարարագրում սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելուն: Տվյալ արարքի համար քրեական պատասխանատվություն սահմանելու շարժառիթը հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց հարկադրելն է առավելագույնս հետևել հայտարարագրի լրացման և ներկայացման սահմանված պահանջներին, ըստ այդմ՝  նվազեցնել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը:

Նախագծով առաջարկվում է նաև կարգավորել ծանուցման հետ կապված հարաբերությունները՝ բացառելով առկա խնդիրները: Ներկայումս Հանձնաժողովն իրեն վերապահված գործառույթների շրջանակում չի կարող որակել, թե պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը որ դեպքերում չի հաջողվում փոստային ծառայության միջոցով ծանուցել հասցեատերերին: Ծանուցումները կիրականացվեն առձեռն, փոստային կամ էլեկտրոնային եղանակով։ Այն դեպքերում, երբ անձը հրաժարվում է առձեռն ստանալ ծանուցումը, կամ անձի բնակության կամ Նախագծով սահմանված կարգով հայտնած հասցեով ուղարկված ծանուցումը փոստային ծառայության կողմից վերադարձվել է, ապա նման պարագայում առաջարկվում է Հանձնաժողովին իրավասություն ընձեռել ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու, ըստ այդմ՝ անձը պատշաճ ծանուցված կհամարվի ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը:   Նախատեսվում է նաև ինտերնետային կայքում տեղադրվելուն զուգահեռ ծանուցումն ուղարկել  անձի աշխատանքի վայրի հասցեով կամ անձի հաշվառման վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին: Նշված գործողությունների իրականացմամբ անձն օրենքի ուժով  կհամարվի պատշաճ ծանուցված։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք 

Նախագծերի փաթեթը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացմանը։

 

 

[1] ԵՄ փորձագետները վաղաժամ են համարել Ուկրաինայի Բարեվարքության հանրային խորհրդի որոշումը՝ հրապարակել դատավորի թեկնածուի բարեվարքության վերաբերյալ եզրակացությունները, երբ ընտրության կամ գնահատման ընթացակարգը դեռևս քննարկվում էր որակավորման հանձնաժողովի կողմից։ Փորձագետները նշել են, որ նույնիսկ եթե որակավորման հանձնաժողովի որոշումը Բարեվարքության հանրային խորհրդի որոշմանը հակառակ լիներ, վերջինիս եզրակացությունը հասանելի է առցանց և տեսականորեն ընդմիշտ հասանելի կմնա։ Այս հանգամանքը կարող էր թեկնածուի հեղինակությանը վնաս հասցնել։ Փորձագետների կարծիքով, Բարեվարքության հանրային խորհրդի գնահատականները պետք է համարվեն փորձագիտական եզրակացություն, և պետք է մեկնաբանվեն դրա ներքո։ Նման հրապարակումը ստեղծում էր գաղտնիության և տվյալների պաշտպանության կանոնների խախտման ռիսկ՝ մեծացնելով պետության պատասխանատվության հնարավորությունները։

Ուկրաինայում դատավորների ընտրության և գնահատման վերաբերյալ զեկույց․ ԵՄ-ի Իրավունք,Արդարադատություն նախագիծ, հասանելի է https://www.pravojustice.eu/storage/app/uploads/public/5c0/fcd/a31/5c0fcda3162ea473697034.pdf հղումով

  • Քննարկվել է

    25.04.2022 - 10.05.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4703

Տպել

Առաջարկներ`

Արա Սաղումյան

29.04.2022

Կարծում եմ՝ խնդրահարույց են հայտարարագիրն անձամբ լրացնելու վերաբերյալ նախագծերով առաջարկվող լրացումները: Մասնավորապես, եթե «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ հայտարարագրի ներկայացման փաստի ուժով հավաստվում է, որ ներկայացված հայտարարագիրը լրացրել է անձամբ հայտարարատուն, ապա որ դեպքերում և ինչպես է ապացուցվելու, որ հայտարարագիրը լրացրել է այլ անձ: Մյուս կողմից, եթե հայտարարատուն չի տիրապետում ծավալուն ու բարդ հայտարարագիրն առցանց լրացնելու համար անհրաժեշտ համակարգչային գիտելիքների և ունակությունների, կամ կույր է, կամ չունի մարմնի վերին վերջույթներ (քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ ՀՀ Սահմանադրությամբ չկան այդպիսի սահմանափակումներ) ապա նրանք ինչպե՞ս են անձամբ լրացնելու հայտարարագիրը և, ինչու պետք է պատասխանատվության ենթարկվեն, եթե անձամբ ի վիճակի չլինեն լրացնելու հայտարարագիրը: Միգուցե կարելի քննարկել հայտարարագիր լրացնելը իրավասու մարմնի կողմից տրված լիցենզիայի հիման վրա և հայտարարատուի պատվերով մասնագիտացված անձանց պայմանագրով վերապահելու հայտարարատուի իրավունքի մասին հարցը՝ նախատեսելով կողմերի համար հասցեական պատասխանատվություն հայտարարագրում սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար: Վերոգրյալի կապակցությամբ առաջարկում եմ ձեռնպահ մնալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16928-րդ հոդվածը նոր 6-րդ մասով լրացնելուց և ՀՀ քրեական օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագծից, հատկապես, որ 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու նոր քրեական օրենսգիրքը և իմաստազուրկ է գործող օրենսգրքում լրացում կատարելը: Հ.Գ. Հակասություններից խուսափելու համար անհրաժեշտ է այժմվանից մտածել նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կանխիկ գործառնությունների սահմանափակման չափը (մեկ միլիոն դրամ) և 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված չափերը (500.000 և 300.000 դրամ) կանոնակարգելու մասին:

Տեսնել ավելին