Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱ­ՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի մշակումը բխում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ե» ենթակետի պահանջներից և ՀՀ վարչապետի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1317-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի պահանջներից։ 

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

Ներկա դրությամբ Հայաստանում  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ մատուցում են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը (450 շահառու), «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը  (130 շահառու),  Խարբերդի մասնագիտացված մանկատունը (237 շահառու, նախատեսված է մինչև 18 տարեկան անձանց համար), Երևանի Մարի Իզմիրլյանի անվան հատուկ մանկատունը 106 շահառու), Սպիտակի համայնքային խնամքի տունը (16 շահառու), «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի 3 խմբային տները  (30 շահառու)։ Այսպիսով, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող շուրջ 1000 անձ ստանում է շուրջօրյա խնամքի ծառայություններ: 

      Չնայած ներկա դրությամբ գոյություն ունեցող ծառայություններին, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի ծառայությունների պահանջարկը մնում է չբավարարված. այսօրվա դրությամբ շուրջօրյա հատուկ (մասնագիտացված)  խնամքի ծառայության կարիք ունեն՝

      1․ Երևանի N 1 տուն-ինտերնատում խնամվող  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 12 անձ   (որոնց հակացուցված է խնամվել ընդհանուր տիպի հաստատությունում)․

         2․Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում խնամվող  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 63 անձ   (որոնց հակացուցված է խնամվել ընդհանուր տիպի հաստատությունում)․

       3. Վանաձորի տարեցների տանը  խնամվող  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 4 անձ   (որոնց հակացուցված է խնամվել ընդհանուր տիպի հաստատությունում)․

      4․  Նախարարությունում  հաշվառված է հատուկ (մասնագիտացված) շուրջօրյա խնամքի  հաստատություն ընդունվելու համար հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 122 մարդ․

       5․ Խարբերդի մասնագիտացված մանկատանը խնամվում է 18 տարին լրացած՝ հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 164 անձ   (մանկատունը նախատեսված է մինչև 18 տարեկան անձանց համար և ըստ կարգի՝ 18 տարին լրանալուց հետո, անձը պետք է տեղափոխվի համապատասխան հաստատություն)․

   6․  Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը խնամվում է 18 տարին լրացած՝ հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 29 անձ   (մանկատունը նախատեսված է մինչև 18 տարեկան անձանց համար և ըստ կարգի՝ 18 տարին լրանալուց հետո, անձը պետք է տեղափոխվի համապատասխան հաստատություն)։

     Այսպիսով, ներկա դրությամբ  հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 394 մարդ կարիք ունի շուրջօրյա խնամքի ծառայությունների, սակայն նախարարության ենթակայության հատուկ խնամքի կենտրոններում, ինչպես նաև նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների հնարավորությունները թույլ չեն տալիս բավարարել առկա պահանջարկը։

Այնուամենայնիվ, խնամքի մեծ հաստատություններում, որտեղ ապրում են 100 և ավելի անձինք, աշխատակազմի թիվը և կարողությունները, հմտությունները բավարար չեն շահառուներին պատշաճ սպասարկելու համար։ Միջազգային փորձը վկայում է, որ առավել նպատակահարմար է ծառայությունների մատուցումը կազմակերպել ընտանիքում կամ ընտանեկանին մոտ միջավայրում: Հետևաբար, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության համատեքստում նպատակահարամար է ոչ թե ավելացնել խոշոր հաստատությունների թիվը, այլ  ստեղծել համայնքահենք ծառայություններ՝ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող անձանց ապրելու իրենց համայնքում։

Հարկ է նկատել, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացմամբ պետությունը ստանձնել է միջազգային պարտավորություն դրա դրույթների իրականացման համար և պարբերաբար զեկույց է ներկայացնում ՄԱԿ-ի կոմիտեին կատարված և չկատարված աշխատանքների մասին, որի գնահատականը կարևոր է երկրի վարկանիշի համար: Կոնվենցիայի կատարման Հայաստանի սկզբնական զեկույցի վերաբերյալ ամփոփիչ դիտարկումներում (կետ 32) Կոմիտեն իր մտահոգությունն է հայտնել երկրում ապաինստիտուցիոնալացման դանդաղ առաջընթացի, ինչպես նաև համայնքում անկախ ապրելուն ուղղված ծառայությունները կամ աջակցությունը սահմանափակ լինելու առնչությամբ: Միաժամանակ, Կոմիտեն հանձնարարում է արագացնել ապաինստիտուցիոնալացմանն ուղղված գործողությունները, մասնավորապես, նախաձեռնել համապատասխան իրավական միջոցներ, հատկացնել ռեսուրսներ համայնքային ծառայությունները զարգացնելու նպատակով, որոնք պայմաններ կստեղծեն հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում ապրելու համար:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Կարգավորման նպատակն է խնամքի շուրջօրյա հաստատություններում ապրող  անձանց համար համայնքահենք ծառայությունների մատուցումը, հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը խնամքի շուրջօրյա մեծ հաստատություններ կանխարգելումը:

Միջոցառումների ծրագիրը նախադրյալներ է ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց առանց խտրականության և լիարժեքորեն օգտվելու մարդու հիմնարար ազատություններից և իրավունքներից:    Այս համատեքստում, նախատեսվում է իրականացնել ապաինստիտուցիոնալացման գործընթաց, զուգընթաց ստեղծելով և զարգացնելով համայնքահենք ծառայությունները՝ համայնքային փոքր խմբային տներ, անձնական օգնական, տնային խնամք: Գործընթացը սահուն կազմակերպելու համար նախատեսվում են նաև իրազեկման աշխատանքներ, կադրերի վերապատրաստում և այլն:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Համայնքահենք ծառայությունների ներդնում և ընդլայնում, մասնավորապես՝  համայնքային փոքր տների ստեղծում, անձնական օգնականի ծառայության մատուցում, տնային խնամքի ծառայություննեի ընդլայնում։

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

Համայնքային փոքր տան հաշվարկը կցվում է։

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

 Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է ծրագրի N 1 հավելվածի 10-րդ կետի դրույթներից՝ Հաշմանդամության հիմքով խտրականության դրսևորումների բացառում, հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի ապահովում։

 

 

  • Քննարկվել է

    15.04.2022 - 02.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4063

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

02.05.2022

8. Ծրագրի նախագծի մշակման ընթացքի ներառականության վերաբերյալ։ Առաջարկվում է ծրագրի նախագիծը լայնորեն և պրոակտիվ կերպով քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ծառայությունների մատուցման ոլորտում մասնագիտացված կազմակերպությունների հետ, ինչպես նաև հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց հետ։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

02.05.2022

7. Հիմնադրամների ներգրավվելու վերաբերյալ։ Առաջարկվում է ծրագրի իրականացման, մոնիթորինգի և գնահատման գործընթացներում հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ ներգարվվել նաև հիմնադրամներին, քանի որ հիմնադրամները եվս ունեն դերակատարություն ոլորտում և կարող են իրականացնել նույն գործառույթները ինչ հասարակական կազմակերպությունները։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

02.05.2022

6. Համայնքային փոքր տանը բնակվող շահառուների թվի վերաբերյալ։ Յուրաքանչյուր համայնքային փոքր տանը կարող են բնակվել միջինը 12 շահառու- առաջարկվում է փոքր տան շահառուների թիվը քչացնել և սահմանել 6-8 շահառու, քանի որ 12 շահառուների գտնվելը մեկ տան մեջ առավել բարդացնում և դժվարացնում եւ հաճախ անհնար է դարձնում անձի իրավունքների լիարժեք ապահովումը։

Տեսնել ավելին