Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

                                                

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          

ՕՐԵՆՔ

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

   Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակը

  1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական, քարտեզագրական գործունեության իրականացման արդյունքում ծագող հարաբերությունները։ Հայաստանի Հանրապետությունում բոլոր քարտեզագրական և գեոդեզիական աշխատանքները իրականացվում են սույն օրենքի համապատասխան։
  2. Սույն օրենքի նպատակն է կարգավորել գեոդեզիական և քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության, ինչպես նաև վեճերի լուծման կարգը և պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար։

   Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

 1) գեոդեզիա՝ երկրագնդի ծանրաչափական դաշտի, Երկրի մակերևույթի և տարածական օբյեկտների կոորդինատների ու բարձունքային նիշերի, ինչպես նաև ժամանակի ընթացքում նշված կոորդինատների և բարձունքային նիշերի փոփոխությունները որոշելու գիտական, տեխնիկական, արդյունաբերական և այլ գործունեությունների ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ.

   2) գեոդեզիական և քարտեզագրական գործունեություն` գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում գիտատեխնիկական, արտադրական, ծառայությունների մատուցման, տեղեկատվական համակարգերի օգտագործման և կառավարչական գործունեություն.

   3) գեոդեզիական հիմնակետ՝ ինժեներական կառույց, որը տեղանքում ամրացված է երկրագնդի ֆիզիկական մակերևույթին որոշված կոորդինատներով և բացարձակ բարձրությունով. 

   4) գեոդեզիական ցանց` տեղանքում ամրացված գեոդեզիական հիմնակետերի ամբողջություն, որոնց տեղադիրքը որոշված է նրանց համար ընդհանուր հանդիսացող գեոդեզիական կոորդինատային համակարգում.

   5) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ` գեոդեզիական, քարտեզագրական նյութերի ու տարածական տվյալների ստեղծման գործընթաց.

   6) Երկրի հեռազննում` տիեզերքից կատարված նկարահանումների միջոցով Երկրի մակերևույթի վերաբերյալ տվյալների ստացման գործընթաց.

   7) կոորդինատային համակարգ` թվային մեծություններ, որոնց միջոցով հարթության, մակերևույթի վրա կամ տարածության մեջ որոշվում է կետի տեղադիրքը. 

   8) տեղական կոորդինատային համակարգ` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորը չգերազանցող սահմանափակ տարածքի համար սահմանված պայմանական կոորդինատային համակարգ, որի կոորդինատների սկիզբը և կոորդինատային առանցքների կողմնորոշումը շեղված են պետական միասնական կոորդինատային համակարգի նկատմամբ, որը կիրառվում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման ժամանակ.

   9) մասշտաբ` համամասնություն, որը սահմանում (հաստատում) է հարաբերակցությունը քարտեզագրական պատկերում արտահայտված օբյեկտի գծային չափերի և բնության մեջ նրա իրական չափերի միջև.

   10) մասշտաբային շարք` Հայաստանի Հանրապետության համար ընդունված պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների և հատակագծերի      որոշակի մասշտաբների հստակ համակարգ.

  11) քարտեզագրություն՝ տարածական տվյալների, այդ թվում` տեղեկատվական համակարգերի օգտագործման, ուսումնասիրության, ստեղծման, օգտագործման, վերափոխման և ցուցադրման համար գիտական, տեխնիկական, արդյունաբերական և այլ գործունեությունների ընթացքում բխող հարաբերությունների ոլորտ.

  12) քարտեզ՝ երկրի մակերևույթի փոքրացված բնական, այլ երկնային մարմինների կամ դրանց մասերի ընդհանրացված պատկերը հարթության վրա, որը համապատասխանում է սույն օրենքով նախատեսված պահանջներին, արտահայտված է որոշակի մասշտաբով և պրոեկցիայով պայմանական նշաններով․

  13) տարածական (երկրատարածական) տվյալ՝ գեոդեզիական և քարտեզագրական գործունեության (աշխատանքների) արդյունքում ստեղծված տարածական օբյեկտի գտնվելու վայրի, տեսքի և այլ հատկությունների մասին տվյալ, որը սահմանված տարածա-ժամանակային, կոորդինատային համակարգում ունի որոշակի տեղադիրք և վեկտորային տվյալների հավաքածուներում ներկայացված են կետերով, գծերով, բազմանկյուններով կամ աշխարհագրական այլ բարդ պատկերներով:

   14) աշխարհագրական տեղեկատվական համակարգ՝ սարքածրագրային տեղեկատվական համակարգ, որը նախատեսված է տարածական տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման, վերլուծության, քարտեզագրման, մոդելավորման, կառավարման և տարածման համար:

 

 Հոդված 3. Գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները

  1. Գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներն ըստ իրենց նշանակության դասակարգվում են`

1) պետական նշանակության աշխատանքների.

2) տեղական նշանակության աշխատանքների:

  1. Պետական նշանակության գեոդեզիական աշխատանքներն են`

1) երկրագնդի ձևի և արտաքին ծանրաչափական դաշտի պարամետրերի որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքի համար պետական (ազգային) և միջազգային պլանային ու բարձունքային համակարգերի սահմանումը.

3) պետական գեոդեզիական (պլանային, բարձունքային և իրական ժամանակում մշտապես գործող) ցանցի ստեղծումը, թարմացումը և զարգացումը.

4) պետական ծանրաչափական ցանցի ստեղծումը և զարգացումը.

5) պետական գեոդինամիկական ցանցի ստեղծումը, թարմացումը և զարգացումը.

6) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման (դելիմիտացիա), սահմանազատման (դեմարկացիա) հետ կապված գեոդեզիական աշխատանքների կատարումը.

7) գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովումը, գեոդեզիական գործիքների և սարքավորումների հաշվառումը, գրանցումը, սերտիֆիկացումը, տեխնիկական նորմերի և ստանդարտների սահմանումը.

8) գեոդեզիական և ծանրաչափական ցանցերի կետերի քարտադարանների (կատալոգների) ստեղծումը և վարումը.

9) գեոդեզիական և ծանրաչափական չափումների արդյունքում ստացված նյութերի ու տվյալների ֆոնդերի (տեղեկատվական բանկի) ստեղծումը, պահպանումը, թարմացումը, տեղեկատվության տրամադրումը.

10) գեոդեզիայի ոլորտին վերաբերող գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարումը, այդ ոլորտում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրումը.

11) նավիգացիոն գործունեության իրականացման նպատակով գեոդեզիական դիտարկումներ.

12) գեոդեզիական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը.

13) պետական գեոդեզիական ցանցի կետերի պահպանությունը.

14 ) իրական ժամանակում մշտական գործող ռեֆերենց կայանների զարգացումը, շահագործումը և տվյալների մատակարարումը:

  1. Տեղական նշանակության գեոդեզիական աշխատանքներն են`

1) ճյուղային, տարածքային և տեղական ծրագրերի (գեոդինամիկա, քաղաքաշինություն, բնության պահպանություն, հանքավայրերի շահագործում, կադաստրային և հողաշինարարական այլ աշխատանքներ) իրականացման հետ կապված խտացման և հատուկ գեոդեզիական ցանցերի ստեղծումը` կոորդինատային տարբեր (տեղական և պայմանական) համակարգերում.

2) խտացման և հատուկ գեոդեզիական ցանցերի կետերի քարտադարանների ստեղծումն ու վարումը:

  1. Պետական նշանակության քարտեզագրական աշխատանքներն են`

1) տեղագրական և կադաստրային քարտեզների, հատակագծերի պետական մասշտաբային շարքի սահմանումը.

2) հանութային աշխատանքների իրականացումը, պետական մասշտաբային շարքի տեղագրական, կադաստրային, հատուկ և նավիգացիոն քարտեզների ստեղծումը, դրանց թարմացումը և բազմացումը.

3) Երկրի հեռազննման արդյունքում ստացված նյութերի մշակումը, վերծանումը, օդատիեզերական լուսանկարների ֆոտոգրամետրիկ մշակումը քարտեզների ստացման նպատակով.

4) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման, սահմանազատման հետ կապված քարտեզագրական աշխատանքների կատարումը.

5) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող այլ տարածքների քարտեզագրումը.

6) աշխարհագրական անվանումների պետական գրանցման իրականացումը, աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծումն ու վարումը, դրանց տվյալների հիման վրա պաշտոնական տեղեկատուների, ընդհանուր և թեմատիկ բառարանների, ցանկերի ստեղծումն ու հրատարակումը.

7) հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների (այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի, Աշխարհի մեծ ատլասի, կրթական համակարգի համար ուսումնական և պաշտոնական, թեմատիկ քարտեզների ու ատլասների, տուրիստական ատլասների) ստեղծումը և հրատարակումը.

8) քարտեզագրական աշխատանքների իրականացման համար կիրառվող սարքավորումների հաշվառումը, գրանցումը, չափաբանական ապահովումը, սերտիֆիկացումը, նորմերի և ստանդարտների սահմանումը..

9) պետական բազային աշխարհագրական տեղեկատվական համակարգերի ստեղծումը և վարումը.

10) պետական մասշտաբային շարքի քարտեզների, հատակագծերի, տարածական տվյալների և հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների ֆոնդի (տեղեկատվական բանկի) ստեղծումը, պահպանումը, թարմացումը, տեղեկատվության տրամադրումը.

11) քարտեզագրության ոլորտին վերաբերող գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարումը, այդ ոլորտում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրումը.

12) քարտեզագրական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը.

13) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծում, վարում և փոխգործելիության ապահովում.

14) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին և հասարակությանն անհրաժեշտ տարածական տեղեկատվության ստեղծումը, դրա հասանելիության, մատչելիության, անընդհատության ապահովումը.

15) տարածական տվյալների և ծառայությունների հասանելիության ապահովումը ազգային գեոպորտալի միջոցով .

16) քարտեզագրության ոլորտում տարածական տվյալների փոխանակման և կառավարման նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի նախապատրաստումը,

17) տարածական տվյալների, ծառայությունների օգտագործման և փոխանակման քաղաքականության մշակումը.

   18) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված կադաստրային քարտեզի վարումը:

  1. Տեղական նշանակության քարտեզագրական աշխատանքներն են`

1)  ճյուղային (ոլորտային), տարածքային և տեղական ծրագրերի իրականացման նպատակով տեղագրական և թեմատիկ հատակագծերի, քարտեզների և ատլասների ստեղծումն ու հրատարակումը.

2) գերատեսչական և տեղական (համայնքային) աշխարհագրական տեղեկատվական համակարգերի, թեմատիկ տարածական տվյալների և թեմատիկ քարտեզագրական շերտերի, ոլորտային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծումը և վարումը.  

3) կադաստրային քարտեզագրական աշխատանքների իրականացումը:

 

Հոդված 4Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները և օբյեկտները

  1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների քաղաքացիներնու իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք, միջազգային կազմակերպությունները:
  2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները կարող են հանդես գալ որպես գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատուներ, գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումից ստեղծված նյութերի և տարածականտվյալների օգտագործողներ:
  3. Գեոդեզիայի և քարտեզագրության օբյեկտներ են Հայաստանի Հանրապետության տարածքը և նրա առանձին մասերը, երկրագնդի մնացած տարածքները և տիեզերքի բնական երկնային մարմինները:

 

   Հոդված 5. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության արդյունքների տեսակները

  1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության արդյունքում ստեղծվում են՝
  • գեոդեզիական և քարտեզագրական նյութեր (տվյալները)
  • գեոդեզիական կետեր և ցանցեր
  • տարածական տվյալներ
  • աշխարհագրական տեղեկատվական համակարգեր
  • տարածական տվյալների ենթակառուցվածքներ
  • գիտատեխնիկական, փորձագիական գործունեության արդյունքներ, այդ թվում` նորմատիվ իրավական կամ տեխնիկական փաստաթղթեր։

ԳԼՈՒԽ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

 

 Հոդված 6. Գեոդեզիայի և քարտեզագրության Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) մշակում, հաստատում կամ իրականացնում է գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում պետական քաղաքականությունը.

2) հաստատում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական, աշխատանքների հայեցակարգերը և ծրագրերը.

3) սահմանում է կոորդինատային, բարձունքային, ծանրաչափական չափումների միասնական պետական համակարգերը, պետական տեղագրական քարտեզների և հատակագծերի մասշտաբային շարքերը.

4) սահմանում է պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը:

 

Հոդված 7. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում լիազոր պետական կառավարման մարմնի իրավասությունները

  1. Գեոդեզիայի և քարտեզագրության գործունեության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը Կադաստրի կոմիտեն է (այսուհետ՝ Կոմիտե), որը

   1) ապահովում է գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում պետական կառավարման իրականացումը․

   2) իրականացնում է գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի վերաբերյալ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքները.

 3) իրականացնում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հայեցակարգերի և Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված մասով ծրագրերի մշակումը, հսկում է դրանց իրականացումը.

4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության և երկրագնդի մնացած տարածքների գեոդեզիական, տեղագրական քարտեզագրական, տարածական տվյալների բանկի կառավարումը.

5) սահմանված կարգով գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտներին ամբողջական տեղեկություններ է տրամադրում իրենց առնչվող տարածքների գեոդեզիական և քարտեզագրական ուսումնասիրվածության մասին.

6) հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության սահմաններում պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու.

7) հաստատում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների նախագծային փաստաթղթերը.

8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքի գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, պարբերաբար հետազոտման աշխատանքները.

9) իրականացնում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները.

10) վարում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված կադաստրային քարտեզը.

   11) մասնակցում է սույն օրենքի 15-րդ հոդվածում նախատեսված աշխատանքներին.

   12) հաստատում և տրամադրում է քարտեզների պայմանական նշանները։

 

   Հոդված 8. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում պետական կառավարման այլ մարմինների իրավասությունները

1.Պետական կառավարման մարմինը՝

1) գրավոր տեղեկացնելով լիազոր մարմնին՝ իրականացնում է ճյուղային (ոլորտային) և տարածքային ծրագրերի իրագործման նպատակով տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները.

2) իրականացնում է ճյուղային (ոլորտային) և տարածքային ծրագրերի իրագործումից ստեղծված խտացման և հատուկ ցանցերի կետերի քարտադարանների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.

3) իրականացնում է ճյուղային (ոլորտային) և տարածքային ծրագրերի իրագործումից ստեղծված տեղագրական և թեմատիկ հատակագծերի, քարտեզների և ատլասների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.

4) իրականացնում է տվյալ պետական կառավարման մարմնի տնօրինության տակ գտնվող տարածքներում տեղադրված գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի պահպանումը․

5) իրենց իրավասության սահմաններում իրականացնում են Հայաստանի Հանրապետության անվտանգային հարցերին, պետական սահմաններին վերաբերող գեոդեզիական, քարտեզագրական աշխատանքներ։

 

   Հոդված 9. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները

  1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բնագավառում համայնքի ղեկավարը`

1) գրավոր տեղեկացնելով լիազոր մարմնին՝ իրականացնում է տեղական ծրագրերի իրագործման նպատակով տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները.

2) իրականացնում է տեղական ծրագրերի իրագործումից ստեղծված խտացման և հատուկ ցանցերի կետերի քարտադարանների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.

3) իրականացնում է տեղական ծրագրերի իրագործումից ստեղծված տեղագրական և թեմատիկ հատակագծերի, քարտեզների և ատլասների ֆոնդերի ստեղծումն ու վարումը.

4) ապահովում է համայնքի տարածքում պետական գեոդեզիական ցանցի կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի պահպանության աշխատանքները։

 

ԳԼՈՒԽ 3.

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ և ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 10. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության կարգավորման նորմատիվ իրավական ակտերի համակարգը, նորմատիվ տեխնիկական և գեոդեզիական ու քարտեզագրական ծրագրային փաստաթղթերը

  1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունըև դրա հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի համակարգը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից և նորմատիվ իրավական այլ ակտերից:
  2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի համակարգը գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական կարգավորման միջոց է, որը սահմանում է այդ աշխատանքների նկատմամբ ներկայացվող տեխնիկական պահանջները, նորմերըև ստանդարտները:
  3. Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերը հաստատում է Կոմիտեն: Այդ փաստաթղթերի պահանջների կատարումը պարտադիր է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ իրականացնող բոլոր սուբյեկտների համար։
  4. Գեոդեզիական և քարտեզագրական ծրագրային փաստաթղթերը գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական կարգավորման միջոց են:

5.Գեոդեզիական և քարտեզագրական ծրագրային փաստաթղթեր են`

1) պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հայեցակարգերը և ծրագրերը.

2) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների տեխնիկական նախագծերը և տեխնիկական հաշվետվությունները:

 

Հոդված 11. Գեոդեզիական և քարտեզագրական գործիքների հաշվառման կարգի սահմանումը

  1. 1. Գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների հաշվառման կարգը սահմանում է լիազոր մարմինը։

 

Հոդված 12. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության ֆինանսավորումը

  1. Պետական կարիքների համար իրականացվող գեոդեզիական և քարտեզագրական գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հաստատված ծրագրերի հիման վրա։
  2. Այլ նպատակների համար իրագործվող գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունը ֆինանսավորվում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների հաշվին։
  3. Համայնքային ծրագրերի իրականացման նպատակով տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցների հաշվին։
  4. Պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու և (կամ) կատարող հանդիսացող գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները պարտադիր կարգով պետք է օգտագործեն նախկինում ստեղծված գեոդեզիական և քարտեզագրական նյութերն ու տարածական տվյալները, եթե դրանք բավարարում են տվյալ աշխատանքների համար սահմանված նորմատիվ պահանջները։

5․ Պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու կամ կատարող հանդիսացող գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները պարտադիր կարգով պետք է պահանջվող աշխատանքների տեխնիկական առաջադրանքը ներկայացնեն պետական լիազոր մարմնի դիրքորոշմանը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության անվտանգային և սահմանային հարցերին վերաբերող գիտական կամ կրթական աշխատանքների։

  1. Պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նյութերի և տարածական տվյալների առկայության, տարածքների ուսումնասիրվածության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է լիազոր մարմինը։

 

   Հոդված 13. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական վերահսկողությունը

  1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին)։
  2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական տեսչական խնդիրներն են՝

   1) գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բոլոր սուբյեկտների կողմից գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների պահպանման վերահսկողությունը․

   2) Հայաստանի Հանրապետության տարածքի գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման, պարբերաբար հետազոտման և դրանց պահպանմանն ուղղված միջոցառումների վերահսկողությունը․

   3) գեոդեզիական աշխատանքների չափաբանական ապահովման, սերտիֆիկացման և ստանդարտների պահպանման նկատմամբ վերահսկողությունը․

   4) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման և սահմանազատման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը․

   5) քարտեզների և հատակագծերի վրա աշխարհագրական անվանումների ճիշտ արտահայտման նկատմամբ վերահսկողությունը․

   6) պետական և տեղական նշանակության (գերատեսչական) քարտեզագրագեոդեզիական ֆոնդերի պահպանման, նյութերի և տվյալների բազմացման ու օգտագործման, տեղեկատվության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը․

   7) պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողությունը։

  1. Տեսչական մարմինն իրավունք ունի՝

   1) գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտներից տեղեկատվություն ստանալ սույն օրենքով նախատեսված գործառույթների իրագործման համար, ինչպես նաև ծանոթանալ գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառին վերաբերող անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ,

  2) դադարեցնելու պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների կատարումը, եթե դրանք իրականացվում են առանց համապատասխան թույլտվության կամ նորմատիվային փաստաթղթերի պահանջների խախտմամբ, կազմել համապատասխան ակտեր, ներկայացնել առաջարկություն տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման որակավորված գործունեության դադարեցման կամ կասեցման վերաբերյալ,

   3) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներով զբաղվող  որակավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց տալու աշխատանքների կատարման կարգի և կիրառվող տեխնոլոգիայի, ինչպես նաև այդ աշխատանքների արդյունքում ստացված տվյալների ու նյութերի հավաքման, հաշվառման, պահպանման, բազմացման և օգտագործման, թերությունների վերացման վերաբերյալ անհրաժեշտ ցուցումներ։

  1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության վերահսկողության կարգը սահմանվում է օրենքով։

 

Հոդված 14. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բնագավառի պետական և ծառայողական գաղտնիքի կապակցությամբ ծագող հարաբերությունները

  1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բնագավառի տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, դրանք պահպանելու (պաշտպանելու), գաղտնազերծելու, օգտագործելու իրավական հիմքերը գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտների իրավունքները, պարտականությունները և լիազորությունները կարգավորվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով:

 

   Հոդված 15. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակներով

  1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակներով իրագործում են պաշտպանության կամ անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինները:
  2. Պաշտպանության կամ անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների միջնորդության առկայության դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում աջակցում են սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքներին:

 

   Հոդված 16. Պետական գեոդեզիական և մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցերի կետերի պահպանությունը

  1. Պետական գեոդեզիական (պլանային, բարձունքային և իրական ժամանակում մշտապես գործող) ցանցերի և ծանրաչափական ցանցերի կետերը, այդ կետերի վերգետնյա նշանները և կենտրոնները (այսուհետ` գեոդեզիական կետեր) համարվում են պետական սեփականություն։
  2. Գեոդեզիական և իրական ժամանակում մշտապես գործող կետերի արտաքին նշանների քանդումը կամ կենտրոնների վերահիմնումը կատարվում է միայն Կոմիտեի թույլտվությամբ։
  3. Գեոդեզիական և իրական ժամանակում մշտապես գործող կետերի ստեղծման, պահպանման և սպասարկման խնդիրները կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ իրավական ակտերով։
  4. Գեոդեզիական և իրական ժամանակում մշտապես գործող կետերի պահպանությունը համայնքի վարչական սահմաններում իրականացնում է համայնքի ղեկավարը, ով պարտավոր է Կոմիտեին տեղյակ պահել գեոդեզիական կետերի ոչնչացման կամ վնասման բոլոր դեպքերի մասին։
  5. Գեոդեզիական կետերի պահպանության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  6. Ռեֆերենց կայանների ծառայություններից օգտվելու հնարավորությունն ապահովում է բացառապես Կոմիտեն՝ «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով սահմանված վճարի դիմաց:

 

ԳԼՈՒԽ 4

ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 17. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետ կապված վեճերի լուծումը

  1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

   Հոդված 18. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

  1. Սույն օրենքը խախտելու համար գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

   Հոդված 19. Սույն օրենքը խախտելու հետևանքով պատճառված վնասների հատուցումը

  1. Սույն օրենքի խախտման հետևանքով վնաս պատճառած իրավաբանական և ֆիզիկական անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
  2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետևանքով իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառած վնասը հատուցում է վնասը հասցրած անձը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

ԳԼՈՒԽ 5

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ և ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

 

Հոդված 20 Միջազգային համագործակցությունը գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառներում

  1. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան։
  2. Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների՝ գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կարգավորվում է սույն օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
  3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։

 

Գ Լ ՈՒ Խ 6

   Հոդված 21. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասերորդ օրը։
  2. Ուժը կորցրած ճանաչել «Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-179 օրենքը:

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    04.04.2022 - 19.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4955

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ