Հիշել նախագիծը

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

 

  1. Առկա իրավիճակը

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական վարույթի շրջանակում պարտապանի գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում հարկադիր կատարողի կողմից պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է անշարժ գույքի պետական ռեգիստր, Կենտրոնական դեպոզիտարիա, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին, հարկային և մաքսային մարմիններ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, սոցիալական ապահովության ծառայություն, ինչպես նաև առևտրային բանկեր հարցումներ կատարելու միջոցով:

Գործող իրավակարգավորումների վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ հարկադիր կատարողը ներկայումս օժտված է պարտապանին պատկանող անկանխիկ և միայն առևտրային բանկերի կամ այլ վարկային կազմակերպությունների կողմից տնօրինվող դրամական միջոցները հայտնաբերելու համար անհրաժեշտ լիազորություններով և գործիքակազմով։  Այս կարգավորումների պայմաններում կատարողական վարույթի շրջանակում բռնագանձման ենթակա գույքի հայտնաբերման գործընթացից դուրս են մնում բանկերից և այլ վարկային կազմակերպություններից զատ բոլոր այն սուբյեկտները, որոնց տիրապետության ներքո կարող են պարտապանին պատկանող անկանխիկ դրամական միջոցներ։ Մասնավորապես, խոսքը վճարահաշվարկային կազմակերպությունների և ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) կազմակերպմամբ զբաղվող կազմակերպությունների մասին է, որոնք ևս, ըստ էության, տիրապետում են պարտապանին պատկանող դրամական միջոցների վերաբերյալ տեղեկատվության, այն է՝ պարտապանների էլեկտրոնային դրամապանակներում կամ անձնական էլեկտրոնային հաշիվներում առկա դրամական միջոցների (միավորների) վերաբերյալ տեղեկատվության։

Պետական վերահսկողական ծառայության կողմից «Ինտերնետ շահումով խաղերի ոլորտի, կազմակերպիչների կողմից օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ» ՀՀ վարչապետին ներկայացված մշտադիտարկման արդյունքներով արձանագրվել է, որ․

  1. 2018թ. ընթացքում ինտերնետ շահումով խաղացողների կողմից գնվել է 333.0 մլրդ. դրամի միավոր, 2019թ.՝ 1,115.0 մլրդ. դրամի միավոր, 2020թ. 10 ամիսների ընթացքում՝ 1,548.0 մլրդ. դրամի միավոր։
  2. 2018թ. միջին ամսական գնված միավորների ծավալը կազմել է 28.0 մլրդ դրամ, 2019թ.՝ 93.0 մլրդ. դրամ, 2020թ. 155.0 մլրդ. դրամի:
  3. Միջին ամսական խաղացողների թիվը 2018թ. կազմել է 18093, 2019թ.-ին՝ 29911, 2020թ.-ին՝ 44082:
  4. 2020թ.-ին ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից գեներացված միջոցները կազմել են Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի շուրջ 32%-ը։
  5. 2020թ․-ի տասը ամսվա ցուցանիշը գերազանցում է միևնույն ժամանակահատվածի ՀՀ պետական բյուջեի եկամուտներին[1]:

Ավելին, 2021 թվականի ընթացքում վերը նշված ցուցանիշներն էականորեն ավելացել են, և 2021 թվականի առաջին 11 ամիսներին խաղացողների կողմից գնված միավորների կամ կատարված խաղադրույքների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 3 տրիլիոն 171,7 միլիարդ դրամ։

Այսպիսով, ակնհայտ է, որ վճարահաշվարկային կազմակերպություններում անձնական հաշվին (էլեկտրոնային դրամապանակում) առկա դրամական միջոցները և ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) կազմակերպմամբ զբաղվող կազմակերպություններում անձնական էլեկտրոնային հաշիվներում ներկայումս պահպանվում են ահռելի դրամական միջոցներ և դրանց համարժեք միավորներ, որոնք կատարողական վարույթի շրջանակում հայտնաբերելու և դրանց նկատմամբ բռնագանձում տարածելու գործիքակազմ, սակայն, առկա չէ։

Նկարագրված իրավիճակը հանգեցնում է նրան, որ կատարողական վարույթով պարտապան հանդիսացող անձինք հնարավորություն են ստանում իրենց նկատմամբ կատարողական վարույթ հարուցված լինելու և դրամական միջոցների նկատմամբ արգելանք կիրառված լինելու պայմաններում վճարահաշվարկային կազմակերպությունների իրենց էլեկտրոնային դրամապանակներում ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) կազմակերպմամբ զբաղվող կազմակերպություններում իրենց անձնական էլեկտրոնային հաշիվներում պահպանել և ստանալ նշանակալի չափերի դրամական միջոցներ  (միավորներ), դրանց օգտագործմամբ կնքել գործարքներ։ Մինչդեռ այդ անձանց նկատմամբ հարուցված կատարողական վարույթները մի շարք դեպքերում ավարտվում են՝ պարտապանի՝ բռնագանձման ենթակա գույք կամ եկամուտներ չունենալու և հարկադիր կատարողի՝ Օրենքի 40 հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով իրականացված հետախուզումը և (կամ) պահանջատիրոջ կողմից պարտապանի գույքը փնտրելու ուղղությամբ ձեռնարկված՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները ապարդյուն եղած լինելու կամ պարտապանի գույքը պահանջատիրոջ (պահանջատերերի) պահանջները բավարարելու համար անբավարար լինելու հիմքով (Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետեր)՝ այդպիսով հանգեցնելով նաև պահանջատիրոջ պահանջի փաստացի չբավարարմանը կամ այդ բավարարումն էական ժամկետով հետաձգվելուն։

 

  1. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակը կատարողական վարույթի շրջանակում հարկադիր կատարողի համար վճարահաշվարկային կազմակերպություններում պարտապանի անձնական հաշվին (էլեկտրոնային դրամապանակում) առկա դրամական միջոցները և ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) կազմակերպմամբ զբաղվող կազմակերպություններում պարտապանի անձնական էլեկտրոնային հաշիվներում առկա դրամական միջոցները (միավորները) հայտնաբերելու և դրանց նկատմամբ բռնագանձում տարածելու գործիքակազմով օժտելն է։

Նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակն է նաև Օրենքի համատեքստում դրամական միջոց համարվող գույքի շրջանակի հստակեցումը՝ ի թիվս կանխիկ դրամական միջոցների և բանկային հաշիվներում ու ավանդներում առկա դրամական միջոցների՝ այդ շրջանակում ներառելով նաև վճարահաշվարկային կազմակերպություններում պարտապանի անձնական հաշվին (էլեկտրոնային դրամապանակում) առկա դրամական միջոցները և ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) կազմակերպմամբ զբաղվող կազմակերպություններում պարտապանի անձնական էլեկտրոնային հաշիվներում առկա դրամական միջոցները (միավորները)` այնքանով, որքանով դրանք, ըստ էլեկտրոնային հարթակի (պարտապանի հետ կնքված պայմանագրի) կանոնների, ենթակա են վերադարձման պարտապանին նրա առաջին իսկ պահանջով։

Նախագծի ընդունման արդյունքում կատարողական վարույթի շրջանակում հնարավոր կլինի հայտնաբերել և բռնագանձում տարածել վճարահաշվարկային կազմակերպություններում պարտապանի անձնական հաշվին (էլեկտրոնային դրամապանակում) առկա դրամական միջոցների և ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող կազմակերպություններում պարտապանի անձնական էլեկտրոնային հաշիվներում առկա դրամական միջոցների նկատմամբ, ինչի արդյունքում ակնկալվում է էականորեն բարձրացնել հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման արդյունավետությունը, նվազեցնել կատարողական վարույթները պարտապանի՝ բռնագանձման ենթակա գույք կամ եկամուտներ չունենալու և պարտապանի գույքը պահանջատիրոջ (պահանջատերերի) պահանջները բավարարելու համար անբավարար լինելու հիմքերով (Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետեր) ավարտելու դեպքերը։

 

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

          Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից։

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 5․3 կետով սահմանված՝ հարկադիր կատարման ոլորտի համընդհանուր բարեփոխման, մասնավորապես՝ կատարողական գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակից:

 

[1] Տե՛ս ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թիվ Կ-045-22.09.2021-ՏՀ-011/0 նախագծի (http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=12756&Reading=0) հիմնավորումը (http://www.parliament.am/draft_docs8/K-045_himnavorum_teghekanq.pdf):

 

  • Քննարկվել է

    04.04.2022 - 19.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ, Դատական ակտերի հարկադիր կատարում, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3487

Տպել