Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N489-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի և ՀՀ վարչապետի 2021թ. նոյեմբերի 2-ի № 02/10.3/37766-2021 հանձնարարականի պահանջներով:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

    Սահմանադրության նշված դրույթներից պարզ է, որ Կառավարությունը կարող է ընդունել կոնկրետ որոշումը միայն այն դեպքում, երբ վերջինիս այդպիսի բովանդակությամբ որոշում ընդունելու լիազորություն վերապահվել է Սահմանադրությամբ կամ որևէ օրենքով:

    ՀՀ վարչապետի 2021թ. նոյեմբերի 2-ի № 02/10.3/37766-2021 հանձնարարականով պետական մարմիններին հանձնարարվել է գույքագրել իրենց գործունեության ոլորտին առնչվող Կառավարության որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ: Ընդ որում, հանձնարարականը ենթակա է կատարման այն հաշվով, որ համապատասխան օրենքներն ընդունված լինեն մինչև Ազգային ժողովի 2022 թվականի գարնանային հերթական նստաշրջանի ավարտը:

Ըստ հանձնարարականի` նշված ժամկետից հետո թույլատրելի չեն համարվելու այդ թվում նաև մինչ այժմ ընդունված, սակայն համապատասխան իրավական հիմք չունեցող իրավական ակտերում փոփոխությունների կատարումը:

    Նշված պահանջների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից վեր են հանվել Կառավարության մի շարք որոշումներ, որոնցում պետք է կատարվեն փոփոխություններ իրավական հիմքը հստակեցնելու առումով:

Մասնավորապես, Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2018-2027 թվականների կարիքների համար պատվաստանյութերի, պատվաստումների համար օժանդակ պարագաների, հակառետրովիրուսային դեղերի, հակատուբերկուլոզային դեղերի, 2019-2027 թվականների կարիքների համար ուղղակի ազդող հակավիրուսային դեղամիջոցների, հեմոֆիլիայի բուժման դեղերի և մեթադոնի, 2021-2027 թվականների կարիքների համար տուբերկուլոզի ախտորոշման թեստ հավաքածուների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման թեստ հավաքածուների և հակաուռուցքային դեղերի գնման գործընթացները կազմակերպելու մասին» N489-Ն որոշման մեջ նշված լիազորող նորմերը, ըստ էության, չեն համապատասխանում Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջին:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 489-Ն որոշման նախաբանում առաջարկվում է կատարել փոփոխություն` Կառավարության համար պատշաճ լիազորող նորմ նախատեսելով նշված որոշման ընդունման համար:

 

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

 

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N489-Ն որոշման մեջ կապահովվի պատշաճ իրավական հիմք:

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

  • Քննարկվել է

    04.04.2022 - 19.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3449

Տպել