Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 935 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«------» ---------------------- 2022 թվական     N ------Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 935 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները՝ համաձայն Հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի N 935 որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 


 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի ------- -- -ի

N --- -Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում (այսուհետ` Կազմակերպություն) ատեստավորման միջոցով ըստ տարակարգերի գիտական կադրերի որակավորման և գնահատման չափանիշների հետ կապված հարաբերությունները:
  2. Ատեստավորումը գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա կողմից ստացված գիտական արդյունքները գնահատելու և գիտական աշխատողի մասնագիտական որակի համապատասխանությունը նրա զբաղեցրած պաշտոնին պարզելու գործընթաց է:

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

3. Կազմակերպություններում գիտական կադրերի որակավորումն անցկացվում է համաձայն հետևյալ տարակարգերի`

1) կրտսեր գիտական աշխատող.

2) գիտական աշխատող.

3) ավագ գիտական աշխատող.

4) առաջատար գիտական աշխատող.

5) գլխավոր գիտական աշխատող.

  1. Գիտական կադրերի որակավորումն անցկացվում է նրանց գիտական և գիտատեխնիկական գործունեության գնահատման հիման վրա` համաձայն տվյալ պաշտոնը բնորոշող քանակական և որակական չափանիշների:
  2. Գիտական կադրերի որակավորումն անցկացվում է առնվազն հինգ տարին մեկ անգամ: Որակավորման անցկացման ժամանակացույցը սահմանվում է Կազմակերպության ղեկավարի հրամանով, և որակավորման ենթակա անձինք դրա մասին տեղեկացվում են որակավորման անցկացման սկզբից` առնվազն մեկ ամիս առաջ:
  3. Գիտական կադրերի որակավորումն անցկացնելու համար Կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծվում է տվյալ բնագավառի և/կամ մասնագիտության հինգից յոթ առաջատար գիտնականներից բաղկացած որակավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):
  4. Կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակվում են Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:
  5. Խոշոր Կազմակերպություններում, որոնցում իրականացվում են գիտական հետազոտություններ գիտության երկուսից ավել բնագավառներով, կարող են ստեղծվել մեկից ավել Հանձնաժողովներ` ըստ գիտության բնագավառների:
  6. Գիտական կադրերի որակավորումն անցկացվելուց առնվազն 15 օր առաջ Հանձնաժողովին է ներկայացվում որակավորվող գիտական աշխատողի`

1) անմիջական ղեկավարի կարծիքը նրա մասին, այդ թվում, տարակարգի փոփոխության պարագայում` առաջարկվող տարակարգին համապատասխան որակական չափանիշներին համապատասխանության հիմնավորումները,
2) որակավորման նախորդ գործընթացից հետո անցած ժամանակահատվածում գիտական աշխատությունների ցանկերը և գիտական գործունեությանը վերաբերող այլ փաստական նյութեր, որոնք վերցվում են ոլորտը համակարգող պետական լիազոր մարմնի ստեղծած առցանց տեղեկատվական միասնական համակարգից,
3) որակական չափանիշներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր կամ այլ հավաստող նյութեր,
4) նախորդ որակավորման թերթիկը (առկայության դեպքում),
5) հերթական որակավորման թերթիկը` երկու օրինակից:

  1. Հանձնաժողովն իրավասու է անցկացնելու որակավորում, եթե նիստին մասնակցում է Հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:
  2. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են փակ գաղտնի քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումն ընդունվում է որակավորվողի օգտին:
  3. Հանձնաժողովը որակավորվողին տալիս է «Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին», «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» գնահատականներից մեկը:
  4. «Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին» գնահատականի պարագայում Հանձնաժողովը կարող է տալ նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հավելավճար տրամադրելու մասին հիմնավորված երաշխավորություն:
  5. «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» գնահատականի պարագայում Հանձնաժողովը տալիս է գիտական կադրի պաշտոնի բարձրացման, իջեցման, պաշտոնից ազատելու կամ պաշտոնային դրույքաչափի բարձրացման, իջեցման մասին երաշխավորություններ:
  6. Հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել որակավորվողի անմիջական ղեկավարը` խորհրդակցական ձայնի իրավունքով:
  7. Փակ գաղտնի քվեարկության արդյունքներն ու Հանձնաժողովի երաշխավորությունները և հիմնավորումները գրանցվում են նիստի արձանագրության մեջ և որակավորման թերթիկում, որոնք ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և տվյալ նիստին ներկա բոլոր անդամները:
  8. Որակավորվող գիտական կադրի Հանձնաժողովի նիստին չներկայանալու դեպքում Հանձնաժողովը կարող է որակավորումն անցկացնել նրա բացակայությամբ:
  9. Որակավորման արդյունքներն ու Հանձնաժողովի երաշխավորությունները Հանձնաժողովի նիստից հետո հինգ օրվա ընթացքում ներկայացվում են Կազմակերպության ղեկավարին և հիմք են հանդիսանում պաշտոնի բարձրացման կամ իջեցման, պաշտոնից ազատման, պաշտոնային դրույքաչափի բարձրացման կամ իջեցման ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հավելավճարի տրամադրման համար:
  10. Որակավորման համար ներկայացված փաստաթղթերի փաթեթի բնօրինակը կցվում է որակավորվողի անհատական գործին, իսկ Հանձնաժողովի երաշխավորության պատճենը տրվում է որակավորվող գիտական կադրին:

 

III ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

  1. Սույն կարգի 4-րդ կետում նշված գիտական կադրերի որակավորման գնահատման չափանիշներն այն քանակական և որակական նվազագույն պահանջներն են, որոնք ներկայացվում են տվյալ տարակարգը հայցող գիտական կադրին: Որակավորման գնահատման չափանիշները սահմանելիս հաշվի են առնվում նաև Կազմակերպությունում գիտական կադրի տարակարգի համար սահմանվող հավելյալ պաշտոնեական պարտականությունները:
  2. Տվյալ Կազմակերպությունում տարակարգերի համար սահմանվող հավելյալ պաշտոնեական պարտականությունները հաստատվում են Կազմակեպության ղեկավարի կողմից՝ Կազմակերպության գիտական խորհրդի առաջարկությամբ (երկուսից ավել բնագավառներում գործունեություն ծավալող կազմակերպությունների պարագայում` նշյալ պարտականությունները կարող են առաջարկվել համապատասխան գիտական խորհուրդների կողմից, եթե նման գիտական խորհուրդների գոյությունը նախատեսված է Կազմակերպության կանոնադրությամբ):
  3. Կրտսեր գիտական աշխատողի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`

1) ունի Կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան կամ մագիստրոսի (դիպլոմավորված մասնագետի) որակավորում:

  1. Կրտսեր գիտական աշխատողը`

1) պատասխանատու կատարողի ղեկավարությամբ, գիտական թեմայի առանձին մասերի շրջանակներում իրականացնում է գիտական և գիտատեխնիկական հետազոտություններ (այսուհետ` Հետազոտություններ) կամ փորձարարական մշակումներ (այսուհետ` Մշակումներ)` համաձայն ոլորտում գործող մեթոդաբանության,
2) տիրապետում է գիտության համապատասխան ոլորտի իրավական կարգավորումներին, էթիկայի նորմերին և անվտանգության կանոններին,
3) կատարում է տվյալ թեմայով գիտական և գիտատեխնիկական տեղեկատվության ուսումնասիրություն և հետազոտության իրեն հանձնարարված մասի վերաբերյալ կարողանում է իրականացնել առկա տեղեկատվության ամփոփում,
4) մասնակցում է գիտափորձերի իրականացմանը, կատարում է չափումներ, ուսումնասիրություններ, կազմում է վերջիններիս նկարագրությունը, կատարում է հետևություններ և մասնակցում է արդյունքների վերլուծությանը:

  1. Գիտական աշխատողի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`

1) ունի Կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան կամ մագիստրոսի (դիպլոմավորված մասնագետի) որակավորում,
2) ունի երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
3) վերջին հինգ տարիների ընթացքում համահեղինակել է առնվազն հինգ գիտական հոդված, որոնք հրապարակված են Վեբ օֆ Սայնս (Web of Science™) գիտատեղեկատվական շտեմարանի «Գիտության հղման ընդլայնված ինդեքս» (Science Citation Index Expanded (SCIE)) և «Հասարակական գիտությունների հղման ինդեքս» (Social Sciences Citation Index (SSCI)) շտեմարաններում հաշվառվող և ազդեցության գործակից (Journal Impact Factor (JIF)) ունեցող (այսուհետ՝ ԱԳ ունեցող)՝ ամսագրերում (այսուհետ` Հոդված):

25. Գիտական աշխատողը`

1) որպես պատասխանատու կատարող իրականացնում է գիտական թեմայի շրջանակներում կատարվող Հետազոտություններ կամ Մշակումներ և (կամ) ինքնուրույն փորձարկումներ,

2) մասնակցում է Հետազոտությունների կամ Մշակումների իրականացման մեթոդաբանությունների մշակման աշխատանքներին և ներկայացնում է առաջարկություններ դրանց գործնական կիրառման վերաբերյալ,

3) կատարում է տվյալ թեմայով գիտական և գիտատեխնիկական տեղեկատվության ուսումնասիրություն և վերլուծություն, իրականացնում է տեղեկատվության ամփոփում, տիրապետում է հետազոտության թեմային վերաբերող համաշխարհային տեղեկատվությանը, Հետազոտությունների կազմակերպման ժամանակակից մեթոդներին,

4) իրականացնում է գիտափորձեր, կատարում է չափումներ, կազմում է վերջիններիս նկարագրությունը, կատարում է հետևություններ

5) և վերլուծում է ստացված արդյունքները,

6) գիտի իրականացվող Հետազոտությունների ու Մշակումների նպատակները և խնդիրները:

  1. Ավագ գիտական աշխատողի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`

1) ունի Կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան,
2) ունի գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ,
3) վերջին հինգ տարիների ընթացքում համահեղինակել է առնվազն ութ Հոդված, որոնցից չորսում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ:

  1. Ավագ գիտական աշխատողը`

1) ղեկավարում է առանձին թեմաների շրջանակներում Հետազոտություններ կամ Մշակումներ իրականացնող աշխատանքային խումբ՝ որպես պատասխանատու կատարող, և մասնակցում է առանձին Հետազոտությունների և Մշակումների իրականացմանը՝ որպես կատարող,
2) մշակում է Հետազոտությունների կամ Մշակումների իրականացման մեթոդաբանությունները, կազմում է դրանց ժամանակացույցը և կատարում է աշխատանքի բաշխում,
3) տիրապետում է առնվազն իր ղեկավարության տակ գտնվող թեմայի վերաբերյալ գիտական և գիտատեխնիկական ժամանակակից տեղեկատվությանը, կարողանում է ձևակերպել գրական ակնարկներ և ամփոփ տեղեկատվական նյութեր կամ հաշվետվություններ,
4) կազմում է հետազոտական ծրագրեր, կազմակերպում է դրանց իրականացումը և արդյունքների ամփոփումը,
5) սահմանում է իրականացվող Հետազոտությունների ու Մշակումների նպատակները և խնդիրները, մասնակցում է գիտական արդյունքների ամփոփմանը, ինչպես նաև հետազոտական ծրագրերի կազմմանը,
6) մասնակցում է գիտական կադրերի պատրաստման և վերաորակավորման աշխատանքներին (սեմինարների մասնակցություն, դիպլոմային կամ կուրսային կամ ավարտական աշխատանքների ղեկավարում, դասավանդում, մենթորություն),
7) ըստ անհրաժեշտության հանդես է գալիս իր մասնագիտության շրջանակներում՝ որպես փորձագետ:

  1. Առաջատար գիտական աշխատողի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`

1) ունի Կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան,
2) ունի գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 15 տարվա աշխատանքային ստաժ և հանդիսանում է տվյալ գիտական կազմակերպության հիմնական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող,
3) վերջին հինգ տարիների ընթացքում համահեղինակել է առնվազն 10 Հոդված, որոնցից ութում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ և որոնցից առնվազն հինգը հանդիսանում են գիտական հոդվածներ՝ ամսագրերի դասակարգման առնվազն երկրորդ քառորդում ներառված պարբերականներում,
4) վերջին հինգ տարիների ընթացքում հանդիսացել է բարձրագույն կրթության երրորդ մակարդակի առնվազն երեք ուսանողների գիտական ղեկավար կամ,
5) հանդիսացել է առնվազն 50000 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ընդհանուր ֆինանսական ծավալի՝ Հայաստանի Հանրապետության կամ միջազգային գիտահետազոտական և/կամ փորձակոնստրուկտորական ծրագրերի ղեկավար կամ նախատեսված լինելու պարագայում՝ համաղեկավար:

  1. Առաջատար գիտական աշխատողը`

1) ղեկավարում է հետազոտական թեմաներ կամ առաջադրանքներ, համակարգում է Հետազոտությունները կամ Մշակումներն իրականացնող աշխատանքային խմբի կամ խմբերի գործունեությունը, հետևում է աշխատանքի ընթացքին և համակարգում է համակատարողների աշխատանքները,
2) կազմում է համալիր հետազոտությունների իրականացման մեթոդաբանությունը, ինչպես նաև կազմակերպում է այդ հետազոտությունների համար անհրաժեշտ ռեսուրսների գույքագրումը և ձեռքբերումը: Անհրաժեշտության դեպքում ապահովում է այլ կազմակերպությունների (այդ թվում՝ արտերկրի) հետ աշխատանքը,
3) պատասխանատու է գիտական արդյունքների ամփոփման և միջազգային պարբերականներում հրատարակման, ինչպես նաև գիտական հարթակներում արդյունքների ներկայացումը կազմակերպելու համար, ունի ակտիվ գործնական կապեր և համագործակցություն իր ոլորտի միջազգային գործընկերների հետ,
4) առաջարկում և հիմնավորում է գիտական հետազոտությունների նոր ուղղություններ, ներկայացնում է առաջարկություններ հետազոտական աշխատանքների նախագծերի և ծրագրերի վերաբերյալ, կազմակերպում է նախագծերի մշակումը և պատշաճ ներկայացումը,
5) ամփոփում է Հետազոտությունների արդյունքները, որոշում է դրանց կիրառության ոլորտները, այդ թվում՝ հանրայնացման տեսանկյունից,
6) մասնակցում է գիտական կադրերի պատրաստման և վերաորակավորման աշխատանքներին (վարում է դասընթացներ, սեմինարներ, ղեկավարում դոկտորական աշխատանքներ),
7) ըստ անհրաժեշտության հանդես է գալիս իր մասնագիտությանը համապատասխան ոլորտի շրջանակներում՝ որպես փորձագետ,
8) մասնակցում է կազմակերպության գիտական ուղղությունների քննարկմանը, ինչպես նաև ռազմավարական առաջնահերթությունների մշակմանը:

  1. Գլխավոր գիտական աշխատողի պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, ով`

1) ունի Կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան,
2) ունի գիտական և գիտատեխնիկական գործունեության 20 տարվա աշխատանքային ստաժ և հանդիսանում է տվյալ գիտական կազմակերպության հիմնական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող,
3) վերջին հինգ տարիների ընթացքում համահեղինակել է առնվազն 20 Հոդված, որոնցից 15-ում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ և որոնցից առնվազն 10-ը հանդիսանում են գիտական հոդվածներ ամսագրերի դասակարգման առաջին քառորդում ներառված պարբերականներում,
4) վերջին հինգ տարիների ընթացքում հանդիսացել է բարձրագույն կրթության երրորդ մակարդակի առնվազն հինգ ուսանողների գիտական ղեկավար կամ,
5) հանդիսացել է առնվազն 100000 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ընդհանուր ֆինանսական ծավալի՝ Հայաստանի Հանրապետության կամ միջազգային գիտահետազոտական և/կամ փորձակոնստրուկտորական ծրագրերի ղեկավար կամ նախատեսված լինելու պարագայում՝ համաղեկավար, որոնց առնվազն կեսը` ոչ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:

  1. Գլխավոր գիտական աշխատողը, ի հավելումն սույն կարգի 29-րդ կետով ներկայացված պահանջների`

1) համակարգում է Կազմակերպության և հանրապետության կամ արտերկրի գիտական, գիտատեխնիկական և/կամ գիտաարտադրական կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրեր,
2) մասնակցում է գլոբալ նշանակության հետազոտությունների ծրագրերի մշակման աշխատանքներին, մասնակցում է նման ծրագրերի իրականացմանը` ղեկավարելով առնվազն հայաստանյան կողմի աշխատանքները,
3) հանդիսանում է իր մասնագիտությանը համապատասխան ոլորտի շրջանակներում միջազգային ճանաչում ունեցող փորձագետ, իրականացնում է միջազգային նշանակալի ծրագրերի փորձաքննություն կամ փորձագիտական հանձնաժողովի մասնակից է,
4) նախաձեռնում է կազմակերպության միջազգային գործընկերության աշխարհագրության ընդլայնմանն ուղղված աշխատանքներ, նպաստում է ֆինանսական նոր միջոցների ներգրավմանը, միջազգայն հետազոտական տիրույթում կազմակերպության դիրքերի ամրապնդմանը:

  1. Սույն կարգի 24-րդ, 26-րդ, 28-րդ և 30-րդ կետերում նշված Հոդվածների վերաբերյալ գործում են հետևյալ սահմանափակումները և հարաբերակցությունները`

1) Հոդվածներին ներկայացված քանակական պահանջները պետք է առնվազն 50 տոկոսով բավարարված լինեն 30 համահեղինակը չգերազանցող հոդվածներով,
2) մեկ Հոդվածը համարժեք է 2 ԱԳ չունեցող, բայց միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (այսուհետ՝ ՄԳՇ) («Science Citation Index Expanded (SCIE)», «Social Sciences Citation Index (SSCI)», «Emerging Sources Citation Index (ESCI)», «Arts&Humanities Citation Index (AHCI)» կամ «Scimago Journal & Country Ranking (SJR)»)՝ ամսագրերի դասակարգման առնվազն չորրորդ քառորդում ընդգրկված ամսագրերում հրատարակված գիտական հոդվածի, կամ երկու` գրքերի հղման ինդեքսի (Book Citation Index) հրատարակիչների ցանկում ներառված հրատարակչություններում հրատարակված գրքի գլխի կամ ժողովածուում հոդվածի,
3) երեք Հոդվածը համարժեք է մինչև հինգ համահեղինակ ունեցող, գրքերի հղման ինդեքսի (Book Citation Index) հրատարակիչների ցանկում ներառված հրատարակչություններում հրատարակված, մեկ գրքի, ընդ որում գրքի հրատարակմանը ցանկացած այլ տիպի մասնակցությունը (խմբագրություն, ներդրում, այլ տեսակի մասնակցություն) չի կարող դիտարկվել որպես համահեղինակություն:

  1. Յուրաքանչյուր տարակարգին ներկայացվող որակավորման գնահատման չափանիշները հանդիսանում են նախորդ տարակարգերի չափանիշների համեմատ հավելյալ չափանիշներ:


 

  • Քննարկվել է

    31.03.2022 - 15.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8264

Տպել

Առաջարկներ`

Արամ Պետրոսյան

08.04.2022

Գիտական հոդվածը կարևոր, բայց ոչ միակ գնահատականն է գիտական գործունեության։ Հոդվածների քանակը հաշվի առնող մոտեցումը պարզունակ է և ունի թերություններ։ Հիրշի ցուցանիշը (հ-ցուցանիշ) մշակվել է նախկինում կիրառվող հոդվածների քանակի հիման վրա՝ մոտեցման թերությունները հաղթահարելու համար։ Առաջարկում եմ հոդվածների քանակի փոխարեն հենվել հ-ցուցանիշի վրա, վերանայելով ժամանակի ընթացքում՝ բարձրացնելով պահանջները։ Մյուս մոտեցումը կարող է լինել Գիտության կոմիտեի կողմից գիտաշխատողների արդյունավետությունը գնահատելու բալային մոտեցումը։ Պետք է նշել նաև, որ Q1 և Q2 ամսագրերում տպագրված են բազմաթիվ սխալ հոդվածներ։ Հեղինակների ազգանունների դասավորությունը երբեմն արտացոլում է հիմնական կատարողի (կամ հեղինակի) ներդրումը, իսկ վերջին տեղը ղեկավարի, սակայն դա կարող է մոլորության մեջ գցել, քանի որ վերջին տեղը կարող է նաև համապատասխանել ամենափոքր ներդրմանը կամ դերին։

Տաթև Մովսիսյան

06.04.2022

Նախագծի 30-րդ կետի 2-րդ ենթակետում ավելացնել առնվազն բառը՝ «ունի գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 20 տարվա աշխատանքային ստաժ ․․․»։

Տաթև Մովսիսյան

06.04.2022

Նախագծի 29-րդ կետի 6-րդ ենթակետում « ․․․ ղեկավարում դոկտորական աշխատանքներ» արտահայտությունը հակասում է ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 9-րդ կետին, որտեղ նշված է՝ «Գիտական խորհուրդը հաստատում է նաև ատենախոսության գիտական ղեկավար` թեկնածուական ատենախոսության համար, անհրաժեշտության դեպքում խորհրդատու` դոկտորական ատենախոսության համար»: Առաջարկում եմ «դոկտորական աշխատանքներ» արտահայտությունը փոխարինել «թեկնածուական աշխատանքներ»-ով։

Տեսնել ավելին