«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Իրավական ակտի նախագծի մշակումը պայմանավորված է ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացման հրամայականով:
Իրավական ակտի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի 02/10.3/37766-2021 հանձնարարականով:
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ-ում լիցենզավորման գործընթացը սկսվել է ՀՀ նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» 161 որոշմամբ, որով սահմանվել է հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմակերպման համար արտոնագրերի տրամադրումը: Լիցենզավորման մի շարք չափանիշների և լիցենզավորման պայմանների վերահսկողության գործիքակազմի բացակայությունը 1990-ական թվականներին հանգեցրեց 100-ից ավել բարձրագույն ուսումնական հաստատությունների ստեղծմանը, որոնք սակայն չկարողացան լուծել աշխատաշուկային անհրաժեշտ որակյալ կադրեր պատրաստելու խնդիրը: Նույնը վերաբերվում է նաև նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին, որոնք առհասարակ չէին արտոնագրվում: 2001 թվականին «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ և լիցենզավորման կարգերով ուսումնական հաստատությունների լիցենզավորման գործընթացում ուշադրության կենտրոնում հայտնվեցին կրթական գործընթացի ապահովման այն պայմանները, որոնք երաշխավորում են որակյալ կրթություն (հիմնական մանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմ, լաբորատոր բազա և ուսումնական տարածք ուսումնամեթոդական ապահովում և այլն):
2011թ. ընդունվեց «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-349-Ն) ՀՀ օրենքը, որը կրթական ծրագրերի իրականացման համար տրված լիցենզիաների համար սահմանում է նոր պայմաններ ու պահանջներ, մասնավորապես, լիցենզավորված անձինք լիցենզավորող մարմին են ներկայացնում լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություններ և լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվում են միայն լիցենզիայում նշված վայրում: Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման պայմանների ու պահանջների վերահսկողությունը սկսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն լիցենզավորված անձանց կողմից ներկայացված շուրջ 7000 լիցենզիաների հաշվետվությունների վերլուծություններից, խնդիրների բացահայտումից և անհրաժեշտության դեպքում տեղում ուսումնասիրություններ կատարելու միջոցով խնդիրները արձանագրելուց և լիցենզավորման հանձնաժողովին համապատասխան եզրակացություն ներկայացնելով: Նշված փոփոխությունների արդյունքում, մի շարք ուսումնական հաստատոթյունների լիցենզիաները կասեցվեցին և դադարեցվեցին (որոնք չեն ապահովել լիցենզիայի պարտադիր պայմաններն ու պահանջները և թույլ են տվել խախտումներ): Մասնավորապես, բարձրագույն ոչ պետական ուսումնական հաստատությունների քանակը նվազեց գրեթե 75-ով, դառնալով 24: Այժմ էլ, թե ՀՀ և թե արտերկրի տարբեր կառույցների և քաղաքացիների կողմից արձանագրվում են դժգոհություններ կրթության որակի, ուսուցման գործընթացում առկա խախտումների վերաբերյալ: Որպես լիցենզավորող մարմին` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նման դեպքերում կարող է օգտագործել իր գործիքակազմը խնդիրներին պատշաճ լուծում տալու ուղղությամբ: Խնդիրն այնքան ակտուալ էր, որ ՀՀ կառավարության 20.09.2018 թվականի N 1047-Ն որոշմամբ որպես լիցենզավորման պահանջ սահմանվել է սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգերի, շրջանավարտների ավարտական փաստաթղթերի պահանջների համապատասխանությունը ստուգելը:
Վերջին փոփոխությունը հնարավորություն տվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 21-ի N 1875-Ա/2 հրամանով 2021 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 14-ը մեծածավալ ուսումնասիրություններ իրականացնել Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում՝ միջին մասնագիտական, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նպատակով՝ այդ թվում սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգերի, շրջանավարտների ավարտական փաստաթղթերի պահանջների համապատասխանությունը ստուգելու նպատակով: Արդյունքում արձանագրվեցին բազմաթիվ խախտումներ ուսանողների ընդունելության, փոխադրման, քննությունների կազմակերպման գործընթացում, որը բարձրաձայնել էին նաև ՀՀ և օտարերկրա պետական և մասնավոր տարբեր կազմակերպությունները և պետական կառույցները /խախտումները հատկապես արձանագրվեցին օտարերկրյա ուսանողների վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում, որը միջազգային հարթակում հարվածում է ՀՀ կրթական վարկանիշին/:
Շատ դեպքերում խախտվում են սովորողների իրավունքները, որոնք չեն ստանում լիարժեք կրթություն, սովորելու ընթացքում հայտնվում են տարբեր քաշքշուկների մեջ:
Միաժամանակ, կրթության բնագավառը ունի իր առանձնահատկությունները և կրթության ոլորտի լիցենզավորման գործընթացը մեկ միասնական օրենքով /«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք/ չէր կարող կարգավորել ոլորտում առկա հարաբերությունները: Նախադպրոցական տարիքային խմբերով գործունեության թույլտվությունը, կրթական ծրագրերով սահմանային տեղերի փոփոխությունը, մասնագիտությունների գծով՝ ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, կրթական ծրագրերի, որակավորման աստիճանների, գործունեության թույլտվությունը կարգավորվում է ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 646-Ն և 2014 թվականի հունիսի 4-ի N 588-Ն որոշումներով, սակայն օրենսդրությամբ այն նախատեսված չէ: Դեռևս 2011 թվականի դեկտեմբերի 8-ին ընդունված ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2.1 մասով, հաշվի առնելով այդ առանձնահատկությունները՝ նախատեսվել է դրույթ, համաձայն որի լիցենզավորման կարգերով լիցենզիայի ներդիրների տրամադրում կարող է նախատեսվել նաև այդ կարգերով սահմանված այլ պահանջների ու պայմանների համապատասխանության համար: Այժմ շրջանառվող «ՀՀ կառավարության 2009 հուլիսի 9-ի 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված է, որ կրթական ծրագրի մասով արված ցանկացած փոփոխություն (այդ թվում՝ նախադպրոցական տարիքային խմբերով գործունեության թույլտվությունը, համակազմի սահմանային տեղերի փոփոխությունը, հանրակրթական ծրագրերով համակազմի սահմանային տեղերի փոփոխությունը, մասնագիտությունների գծով` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխությունը, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, կրթական ծրագրերի, որակավորման աստիճանների գործունեության թույլտվությունը) սահմանվում է լիցենզիայի ներդիրում և յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր՝ գործընթացը կապելով վերոնշյալ օրենքի պահանջի հետ: Սակայն, քանի որ «Լիցենզավորման մասին» օրենքում հստակ սահմանված չեն այդ առանձնահատկությունները և չեն էլ կարող սահմանվել (քանի որ օրենքն ընդհանուր է տարբեր ոլորտների լիցենզավորման գործընթաց իրականացնելու համար), ուստի անհրաժեշտ է որպեսզի այն սահմանվի «Կրթության մասին» օրենքում, որից հետո էլ լիցենզավորման կարգերում կլինեն նաև տվյալ գործընթացները իրականացնելու համար ընթացակարգային փոփոխություններ:
Օրենքով նաև անհրաժեշտ է որպես լիազորող նորմ սահմանել գրադարանների, լաբորատորիաների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով նաև կլինիկական ամբիոնների (բազայի), մարզադահլիճի՝ գրականությամբ, սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության չափաքանակների նախարարի կողմից հաստատման պահանջ, քանի որ գործող օրենսդրությամբ այն նախատեսված չի եղել:
3.Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի ընդունման նպատակն է կրթության բնագավառում գործող ուսումնական հաստատությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների մշտադիտարկումների իրականացումը, ինչը կնպաստի կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը` նպատակ ունենալով բարելավել ուսումնական հաստատություններում կրթական գործունեության անհրաժեշտ պայմաններն ու ուսուցման որակը:
Միաժամանակ, կրթության բնագավառում լիցենզավորման մի շարք գործընթացներ օրենքով ամրագրելով, գործընթացը դարձնել առավել հստակ և արդյունավետ, կարգավորել իրավական ակտերի միջև եղած անհամապատասխանությունը:
4.Ակնկալվող արդյունքը.
Նախագծով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից լիցենզիայի պայմանների և պահանջների մշտադիտարկումներ իրականացնելու հարաբերությունները: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից լենզավորվող կրթական ծրագրերի իրականցման վերահսկելիության համակարգը դառնում է առավել արդյունավետ: Նախագծով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից լիցենզիավորման մի շարք գործընթացներ իրականացնելու հարաբերությունները: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից լիցենզավորվող կրթական ծրագրերի իրականցման գործընթացը դառնում է առավել արդյունավետ:
«Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում և այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
-
Քննարկվել է
29.03.2022 - 18.04.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 4216
Տպել