Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

…. …….. 2021 թվականի N …..-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով և ««Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հունվարի 21-ի ՀՕ-4-Ն օրենքի  2-րդ, 3-րդ, 4-րդ, 11-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 19-րդ և 23-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 21-րդ կետի.

ա. 1-ին ենթակետի «ե» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ե․ գնման առարկայի պահանջվող ծավալը և գնման գինը,».

բ. 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«բ. 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա, հայտով ներկայացվում է նաև նմանատիպ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերման համար պլանավորվելիք գնման գինը.».

2) 23-րդ կետի՝

ա. 2-րդ ենթակետում «յոթանասունապատիկը» բառը փոխարինել «ութսունապատիկը» բառով.

բ. 4-րդ ենթակետով հաստատված ցանկի 12-րդ տողը «ծրագրային,» բառից հետո լրացնել «կապի ծառայությունների, անվտանգության սարքերի և սարքավորումների, ներառյալ դրանց սպասարկման,» բառերով.

գ. 5-րդ ենթակետում «երեսուն» բառը փոխարինել «ութսուն» բառով.

3) 32-րդ կետի.

ա. 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ.իր կողմից հաստատված հավաստում՝ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում, օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում, որակավորման ապահովում ներկայացնելու պարտավորության մասին: Որակավորման ապահովում չի ներկայացվում, եթե ընտրված մասնակիցը կամ տվյալ ընթացակարգի շրջանակում վերջինիս կողմից՝ որպես պաշտոնական ներկայացուցիչ, մատակարարվող ապրանքներն արտադրող կազմակերպությունը, հայտերը բացելու օրվա դրությամբ ունի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (Fitch, Moodys, Standard & Poor’s ) կողմից շնորհված վարկունակության վարկանիշ առնվազն Հայաստանի Հանրապետությանը շնորհված սուվերեն վարկանիշի չափով: Եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գնման գինը ՝

- չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, որակավորման ապահովման չափը հավասար է գնման գնի տասնհինգ, իսկ գերազանցելու դեպքում՝ երեսուն տոկոսին.

- չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, որակավորման ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով, բացառությամբ շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների, որոնց դեպքում ապահովումը ներկայացվում է սույն պարբերությամբ նախատեսված երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով,

- գերազանցում է գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, որակավորման ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով,

- պակաս է կնքվելիք պայմանագրի գնից, ապա որակավորման ապահովման չափը հաշվարկվում է պայմանագրի գնի նկատմամբ,».

բ. 1-ին ենթակետի «ե»  պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե. հրավերով նախատեսված դեպքերում հայտի ապահովում, որի չափը հավասար է գնման գնի հինգ տոկոսին: Եթե մասնակցի գնային առաջարկը գերազանցում է գնման գինը, ապա հայտի ապահովման չափը հավասար է գնային առաջարկի հինգ տոկոսին: Գնման ընթացակարգն էլեկտրոնային եղանակով կազմակերպված լինելու դեպքում բանկային երաշխիքի ձևով հայտի ապահովումը ներկայացվում է երաշխիքի բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակով՝ պայմանով, որ դրա բնօրինակը մասնակիցը գնահատող հանձնաժողովին ներկայացնում է մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրվա Երևանի ժամանակով 17:00-ն՝ ուղեկցող գրությամբ: Հայտի ապահովումը վերադարձվում է պայմանագիրը կնքվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու դեպքում հայտի ապահովումը վերադարձվում է անգործության ժամկետն ավարտվելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե գնման ընթացակարգի արդյունքները բողոքարկված չեն: Բողոքի առկայության դեպքում հայտի ապահովումը վերադարձվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին գնահատող հանձնաժողովի որոշումն ուժի մեջ թողնելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Եթե գնման ընթացակարգը կազմակերպվում է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա, հայտի ապահովումը պայմանագիրը կնքած անձին վերադարձվում է սույն կարգի 18-րդ կետով նախատեսված համաձայնագիրը կնքվելու օրվան հաջորդող  հինգ աշխատանքային օրվա ընթացքում:».

գ. 1-ին ենթակետի «է»  պարբերությունը «հայտարարություն`» բառից հետո լրացնել «գնման տվյալ գործընթացի շրջանակում անբարեխիղճ մրցակցության,» բառերով.

դ. 9-րդ և 10-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա հայտի ապահովում չի ներկայացվում, իսկ պայմանագրի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Ընդ որում, պայմանագրի ապահովման չափը կազմում է պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գնի տասը տոկոսը: Եթե պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման գինը պակաս է կնքվելիք պայմանագրի գնից, ապա պայմանագրի ապահովման չափը հաշվարկվում է պայմանագրի գնի նկատմամբ: Շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքում պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Եթե տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա ինչպես հայտի, այնպես էլ պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Եթե մասնակիցը հայտի ապահովումը ներկայացրել է սույն կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված չափից ավելի, ապա հայտը համարվում է հրավերի պահանջներին բավարարող և ենթակա չէ մերժման.

10) եթե գնման ընթացակարգը կազմակերպվել է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա և պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման պահին նախատեսված չեն ֆինանսական միջոցներ, ապա որակավորման և պայմանագրի ապահովումները ներկայացվում են միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Եթե պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման պահին նախատեսված ֆինանսական միջոցները գերազանցում են գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, սակայն պայմանագրի ամբողջական կատարման համար հետագայում ևս պահանջվում են ֆինանսական միջոցներ, ապա պայմանագրի և որակավորման ապահովումները, հատկացված ֆինանսական միջոցների մասով, ներկայացվում են երաշխիքի կամ կանխիկ փողի, իսկ պահանջվող ֆինանսական միջոցների մասով` միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով.».

ե. 15-րդ և 24-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

զ. 17-րդ ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. մասնակիցը հայտ ներկայացնում է մեկից ավելի չափաբաժինների համար, ապա կարող է ներկայացնել, ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի համար առանձին, այնպես էլ մեկ հայտի ապահովում` բոլոր չափաբաժինների համար,

բ. մասնակիցն ընտրված է ճանաչվում մեկից ավելի չափաբաժինների մասով, ապա կարող է ներկայացնել, ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի համար առանձին, այնպես էլ մեկ պայմանագրի և մեկ որակավորման ապահովում` բոլոր չափաբաժինների համար,

գ. մասնակիցը զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից որևէ չափաբաժնի մասով, ապա հայտի ապահովումը վճարվում է միայն այդ չափաբաժնի նկատմամբ հաշվարկված ապահովման չափով,».

է. 19-րդ և 20-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19) եթե մասնակցի` հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող, կամ մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման կամ պայմանագրի ապահովումը կամ համաձայնագիրը կնքելու նպատակով պայմանագիրը կնքած անձը չի փոխարինում տուժանքի ձևով ներկայացված որակավորման կամ պայմանագրի ապահովումը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում.

20) եթե գնման ընթացակարգը կազմակերպվում է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի հիման վրա, ապա մասնակիցը հայտի ապահովում չի ներկայացնում.».

4) 40-րդ կետի.

ա. 1-ին ենթակետում «գնման հայտով սահմանված» բառերը փոխարինել «գնման գինը» բառերով.

բ. 5-րդ և 6-րդ ենթակետերի «ա» պարբերություններում «հաջորդաբար տեղեր զբաղեցրած» բառերը փոխարինել «այդպիսին չճանաչված» բառերով.

գ. 5-րդ և 6-րդ ենթակետերի «բ» պարբերություններում «բանակցությունների վարման» բառերից հետո ավելացնել «տևողության» բառը.

դ.  5-րդ և 6-րդ ենթակետերի «ե» պարբերություններում «հաջորդական տեղերն զբաղեցրած» բառերը փոխարինել «այդպիսին չճանաչված» բառերով.

ե. 5-րդ ենթակետի «զ» պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն պարբերության պահանջները չեն կիրառվում էլեկտրոնային աճուրդով գնում կատարելու ընթացակարգի դեպքում.».

զ. 6-րդ ենթակետի «զ» պարբերությունից հանել «- միևնույն գնման առարկայի բնութագրերով տվյալ օրացուցային տարում արդեն իսկ կազմակերպվել է առնվազն մեկ գնման մրցակցային ընթացակարգ, որը չկայացած է հայտարարվել մասնակիցների ներկայացրած գները գնման հայտով սահմանված գինը գերազանցելու հիմքով պայմանավորված.» նախադասությունը.

5) 43-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) իր և գնահատող հանձնաժողովի` հայտերի բացման և գնահատման նիստին ներկա անդամների կողմից ստորագրված շահերի բախման բացակայության մասին հայտարարությունների բնօրինակներից արտատպված (սկանավորված) տարբերակները հրապարակում է տեղեկագրում, բացառությամբ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված ցանկի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 20-րդ կետերի հիման վրա կատարվող գնումների:».

6) 45-րդ և 48-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.

7) 69-րդ կետի 1-ին ենթակետում «առնվազն յոթ» բառերը փոխարինել «առնվազն հինգ» բառերով.

8) 102-րդ կետում «դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 15-ը» բառերով.

9) 106-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«106. Հաշվետվությունը լիազորված մարմնին չներկայացնելը հանգեցնում է տվյալ գնման պայմանագրի ֆինանսավորման կասեցմանը` մինչև արձանագրությունը ներկայացնելը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունումը:».

10) 109-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կետում նշված անձը պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ տալիս է դրական եզրակացություն, եթե մատակարարված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը համապատասխանում են պայմանագրի պայմաններին կամ մատակարարված ապրանքի որակական հատկանիշները գերազանցում են պայմանագրով սահմանված պահանջները:».

11) 19-րդ բաժինը ուժը կորցրած ճանաչել.

  1. Սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

          ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ       

                        Երևան

  • Քննարկվել է

    24.03.2022 - 08.04.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4168

Տպել

Առաջարկներ`

«ԲԻԴ ՔՈՆՍԱԼԹ» ՍՊԸ

08.04.2022

Որոշման նախագծի 32-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության նոր խմբագրումից պարզ է դառնում, որ որակավորման ապահովումը կարող է ներկայացվել բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով, այսինքն, այլևս հնարավորություն չի տրվում երաշխիք ներկայացնել ապահովագրական ընկերություններից։ Կարծում ենք նման մոտեցումը չի բխում «Գնումների մասին» ՀՀ օրենքի նպատակներից, խնդիրներից ու սկզբունքներից և կարող է հանգեցնել առևտրային բանկերի մենաշնորհի, երաշխիքի համար վճարվող տոկոսների բարձրացման, գրավների ներգրավման, ինչն էլ ենթադրում է գնումների մասնակիցների թվի սահմանափակում և գնումների թանկացում։ Պետական գնումների մասնակիցների հետ ունեցած բազմաթիվ քննարկումների արդյունքում ակնհայտ է դառնում, որ 95% դեպքերում առևտրային բանկերը երաշխիքը տրամադրում են բացառապես գրավի ներգրավման պայմանով և ստացվում է, որ աշխատանքային հնարավորություններ, կապեր, կադրեր, պոտենցիալ և ռեալ ցածր գին առաջարկելու հնարավորություն ունեցող կազմակերպությունները տարվա սկզբում հաղթում են մի քանի ընթացակարգերում, առկա շարժական և անշարժ ամբողջ գույքը ներգրավում են որպես գրավ՝ հայտի, պայմանագրի և որակավորման ապահովումներ վերցնելու նպատակով և դրանից հետո այլևս հնարավորություն չեն ունենում մասնակցել այլ ընթացակարգերի, առավել ևս, որ այդ երաշխիքները գործում են մինչև պայմանագրերի կատարման ավարտը, իսկ պայմանագրի կատարման ապահովման դեպքում՝ մինչև պայմանագրով նախատեսված երաշխիքային ժամկետների ավարտը, որը կարող է ձգվել մինչև 5 տարի, ուստի և այդ ամբողջ ընթացքում գրավադրված գույքով հնարավոր չի լինում ստանալ այլ ապահովումներ։ Ապահովագրական ընկերությունները գնումների մասնակիցների համար առաջարկում են ավելի բարենպաստ պայմաններ և հնարավորություն՝ առանց գրավի ներգրավման ստանալու երաշխիքներ, ինչը անկասկած կհանգեցնի գնումների մասնակիցների թվի ավելացման և հետևաբար գնումների էժանացման։ Մեր կարծիքով մրցակցությունը խրախուսելու նպատակով անհրաժեշտ է ապահովագրական ընկերություններից երաշխիք ներկայացնելու հնարավորություն նախատեսել ոչ միայն որակավորման, այլև հայտի և պայմանագրի կատարման ապահովումների դեպքում։ Ընդհանուր հաշվով ապահովագրական ընկերություններին երաշխիք տրամադրելու հնարավորություն տալով պետական և համայնքային մարմինների ու կազմակերպությունների համար ռիսկի գործակիցը չի ավելանում, քանի որ ապահովագրական ընկերություններն ունեն նաև վերաապահովագրող ավելի խոշոր կազմակերպություններ և գնման պայմանագրերի չկատարման դեպքում երաշխիքային գումար գանձելը չի կարող խնդիր առաջացնել։ Հատկանշական է նաև այն փաստը, որ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արդեն իսկ որոշ ապահովագրական ընկերությունների տրամադրվել է երաշխիքի տեսքով որակավորման ապահովումներ տրամադրելու օրենսդրությամբ նախատեսված իրավասություն, ուստի անհասկանալի է պետական տարբեր մարմինների կողմից նույն հարցի վերաբերյալ հակադիր դիրքորոշումները։ Հաշվի առնելով ՀՀ Կենտրոնական բանկի գործառույթները և վերջինիս կարգավորման տիրույթում գտնվող ոլորտների առանձնահատկությունները՝ կարծում ենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի դիրքորոշումը պետք է լինի առաջնային։ Խնդրում ենք քննարկել մեր առաջարկությունը և որոշման նախագծում կատարել անհրաժեշտ փոփոխություններ։

Տեսնել ավելին