«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ «ԳՈՒՅՔ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
– – 2022 ԹՎԱԿԱՆԻ N – Լ
«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ «ԳՈՒՅՔ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 3.8 կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հաստատել «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառումը և միջոցառման կիրառման կարգը՝ համաձայն հավելված 1-ի։
- Հաստատել «Գույք ներդրումների դիմաց» միջոցառումը և միջոցառման կիրառման կարգը՝ համաձայն հավելված 2-ի:
- Սահմանել, որ սույն որոշման հավելված 1-ով և հավելված 2-ով սահմանված կարգերի համաձայն՝ միջոցառումները ֆինանսավորող լիազոր մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, իսկ միջոցառման իրականացման պատասխանատու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը.
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում ու լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին:»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ն. Փաշինյան
Հավելված 1
ՀՀ կառավարության 2022 թվականի
-ի N - Լ որոշման
«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ»
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ
- ՄԻՋՈՑԱՌՄԱՆ, ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
- Միջոցառման նպատակն է խրախուսել ՀՀ տարածքում մասնավոր հատվածի ներդրումները՝ դրանց համար ստեղծելով բարենպաստ պայմաններ, մասնավորապես՝ օժանդակել մասնավոր հատվածին իր կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) տարածքում՝ ապահովելով անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ինչը կնպաստի Ծրագրի կենսունակությունը (օրինակ, ներդրումային ենթածրագրերի մոտակայքում գտնվող հասարակական կառույցներ, ճանապարհներ/մայթեր, ջուր/ջրահեռացում, հաղորդակցություն և այլն):
- Օժանդակության նպատակն է Շահառուների համար ստեղծել Ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիություն առանց լրացուցիչ ծախսերի իրականացման, մասնավորապես՝ ճանապարհների, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և ջրահեռացման միջոցով։
- Պետության կողմից օժանդակությունը տրվում է բացառապես անհրաժեշտ ենթակառուցվածքի կառուցման տեսքով։
- Պետության կողմից կառուցվող ենթակառուցվածքի արժեքը չի կարող գերազանցել Ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 20 տոկոսը։
- Ծրագրի իրականացման սկզբից Շահառուն տրամադրում է համապատասխան երաշխիք (բանկային և այլ) Ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի չափով, որը հետագայում նվազեցվում է Ծրագրի իրականացման ընթացքին (ժամանակացույց) և կատարված ներդրումների չափին համարժեք։
- Ենթակառուցվածքի կառուցումը իրականացվում է սահմանված ժամանակացույցին համապատասխան։
- Շահառուի կողմից Ծրագրի չիրականացման արդյունքում վերջինս փոխհատուուցում է կառավարության կողմից ենթակառուցվածքի կառուցման նպատակով տվյալ պահի դրությամբ կատարված ծախսերը և ենթակառուցվածքի կառուցման հետևանքով պատճառված վնասները։
- Կառավարության կողմից ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն իրականացվում են «Գնումների մասին» օրենքով սահմանված դրույթներին համապատասխան։
- Ծրագրի իրականացման և օժանդակության տրամադրման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Կառավարության և Շահառուի միջև կնքված պայմանագրով (այսուհետ՝ Պայմանագիր), սույն միջոցառմանը համապատասխան, որը ներառելու է նաև ներդրումների և նախատեսվող աշխատանքների ժամանակացույց։
- Ծրագրի իրականացման ավարտ է համարվելու Պայմանագրով նախատեսված՝ Շահառուի կողմից իրականացվելիք ներդրումների ամբողջ ծավալով իրականացումը, որը հաստատվելու է Պայմանագրի կողմ հանդիսացող պետական մարմնի և Շահառուի միջև կնքված վերջնական արձանագրությամբ։
- ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
- Սույն միջոցառման իմաստով Շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի Ծրագիր իրականացնող իրավաբանական անձը, որն ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը՝
- Իր կողմից իրականացվող Ծրագրի ներդրումների ծավալը ոչ պակաս, քան մեկ միլիոն ԱՄՆ դոլար է.
- Ծրագիրը միտված է արտադրության կամ ծառայությունների կազմակերպմանը.
- Ըստ ԱՔՌԱ տեղեկատվության՝ հայտի ներկայացման պահի դրությամբ չի ունեցել 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
- Ունի բարվոք հարկային պատմություն, այսինքն` աջակցության հայտի ներկայացման պահի դրությամբ չի ունեցել չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթ.
- Ունի առնվազն հինգ տարվա փորձառություն արտադրության և/կամ ծառայությունների կազմակերպման ոլորտում, ներդրողի/ընկերության կառավարման և ֆինանսական առողջ իրավիճակ, եթե նույնիսկ դա գործունեության այլ ոլորտի փորձառություն է, որը վերոհիշյալ ոլորտում չի կիրառվելու:
- Ծրագրի իրականացման համար տարածքի նկատմամբ ունենա գրանցված սեփականության իրավունք:
- Օժանդակության տրամադրման նպատակով Ծրագրի գնահատումն իրականացվում է գնահատող խմբի (այսուհետ՝ Խումբ) կողմից, որի կազմում ընդգրկված են Էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ֆինանսների նախարարության, Շրջակա միջավայրի, Արդարադատության նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները, որի անհատական կազմը հաստատում է Կառավարությունը՝ հետևյալ չափանիշների հիման վրա՝
- Տնտեսական արդյունավետության չափանիշ։ Այս չափանիշով Ծրագիրը պետք է ապահովի հետևյալը.
- իրականացված ներդրումների (այդ թվում ենթակառուցվածքների մասով) հետ վերադարձելիություն առավելագույնը 7 տարում,
- Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված աշխատատեղերի մասով տրվող միջին աշխատավարձը պետք է լինի առնվազն յուրաքանչյուր նախորդ տարվա համար պաշտոնական հրապարակված միջին աշխատավարձը,
- մինչև Ծրագրի ավարտը Ընկերության կողմից վճարած հարկերի գումարը պետք է առնվազն 50 տոկոսով ավելի լինի ենթակառուցվածքների կառուցման համար կատարված ծախսերից,
- ունենա տվյալ գործունեության տեսակի համար արտադրողականության միջին հանրապետական ցուցանիշից առավել բարձր ցուցանիշ,
- նախապատվություն է տրվում ավելի մեծ ավելացված արժեք ստեղծող և արտահանման ուղղվածություն ունեցող Ծրագրին։
- Բնապահպանական համապատասխանության չափանիշ։ Այս չափանիշով Ծրագիրը պետք է ապահովի հետևյալը.
- Ծրագրի իրականացման արդյունքում կիրառվի էներգարդյունավետ և էներգախնայող տեխնոլոգիաներ,
- օգտագործվի տվյալ ուղղության համար նախատեսված արտանետումները նվազագույնի հասցնող տեխնոլոգիաներ,
- Ծրագրի իրականացումը չբերի տեխնածին աղետների առաջացմանը,
- Ծրագիրը իրականացումը բացառվի պահպանվող տարածքներում, ներդրումներ մշակութային ժառանգության հուշարձանների ընդհանուր կամ անհատական պաշտպանության գոտիներում, փխրուն էկոհամակարգերի տարածքում, առանձնահատուկ արժեք ներկայացնող և շինարարական գործունեության հետևանքով վտանգման ենթակա կարևոր բնակավայրերում, բացառիկ գեղագիտական արժեք ներկայացնող բնական լանդշաֆտներում, անտառների, ջրատարածքների և ալպյան/ենթալպյան մարգագետինների փոխակերպում պահանջող վայրերում։
- Տարածքային զարգացման չափանիշ։ Այս չափանիշով Ծրագիրը պետք է ապահովի հետևյալը.
- Ծրագրի իրականացումը Երևանից դուրս դեպի մարզեր կդիտվի առավելություն, իսկ սահմանամերձ մարզերում իրականացումը՝ առավելապես,
- նպատակահարմար է, որ նախատեսվող ենթակառուցվածքը հնարավորություն ստեղծի բացի Ծրագրի իրականացման նպատակով օգտագործումից այլ նպատակով օգտագործելու,
- Ծրագրի իրականացման տարածաշրջանի համար առավելագույն մուլտիպլիկատիվ էֆեկտի ապահովում։
- Շահառուի կենսունակության չափանիշ. Այս չափանիշով պետք է գնահատվի հետևյալը.
- Շահառուի ֆինանսական կայունությունը, մասնավորապես՝ նախորդ երեք տարիներին շրջանառության ծավալը, վճարած հարկերը , պարտավորությունները և այլն,
- Շահառուի Ծրագրի իրականացման կարողությունը, մասնավորապես անհրաժեշտ կադրեր, հմտություններ, այդ թվում՝ կառավարման, նմանատիպ ծրագրերի իրականացման փորձ և այլն:
- Ծրագրի գնահատման մեթոդաբանությունը գնահատվում է Էկոնոմիկայի, Ֆինանսների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի նախարարների և Քաղաքաշինության կոմիտեի նախագահի համատեղ հրամանով։
- ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
- Շահառուների ընտրությունն իրականացվում է երկու փուլով. նախնական՝ ծրագրի գնահատման միջոցով և վերջնական՝ դրական գնահատական ստացած ծրագրերի ընտրության միջոցով՝ կախված Կառավարության քաղաքականության առաջնահերթություններից, սեփական ֆինանսավորման և Կառավարությունից ստացված ներդրումների հարաբերակցությունից։
- Ծրագրերի իրականացումը կապահովվի՝ առաջնահերթությունը տալով առավել բարձր միավորներ վաստակած Ծրագրերին:
- Վերջնական փուլով ընտրված Ծրագիր իրականացնող Շահառուի հետ կնքվում է Պայմանագիր։
- Շահառուի հետ Պայմանագիրը Կառավարության անունից կնքում է Ծրագրի ոլորտի պատասխանատու պետական մարմինը։
- Օժանդակություն ստանալու համար Շահառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնում է հայտ։
- Հայտին կից ներկայացնում է Ծրագիրը և տեղեկատվություն անհրաժեշտ ենթակառուցվածքի վերաբերյալ, մասնավորապես՝
- նախնական իրագործելիության ուսումնասիրություն՝ նկարագրելով առաջարկված ներդրումը, տնտեսական և ֆինանսական կենսունակությունը, շրջակա միջավայրի գնահատումը, տեսակը և ստեղծվելիք աշխատատեղերի մոտավոր թիվը, միջին աշխատավարձի չափը, ներդրումների հետվերադարձելության ժամկետները,
- կառավարության կողմից տրամադրման ենթակա հանրային ենթակառուցվածքների (ճանապարհային, ջրի, կոյուղու, էներգամատակարարման և հարակից այլ ենթակառուցվածքներ) մանրամասն նկարագրությունը (պետք է ներգրավվեն հանրային-մասնավորի ծրագրում) և ծախսերի գնահատումը,
- շահույթի/վնասի մասին հաշվետվությունները վերջին երեք տարիների ընթացքում,
- տեղեկանք հողի/տարածքի նկատմամբ իրավունքների վերաբերյալ, ապացույցներով,
- ապացույց Շահառուի ընթացիկ գործունեության վերաբերյալ (առ այն, որ ընկերությունը լուծարվող չէ/ սեփականությունն առգրավված չէ),
- ապացույցներ Շահառուի (ներդրող կողմի/ընկերության) ֆինանսական առողջության վերաբերյալ,
- ISO / HACCP սերտիֆիկատներ՝ ըստ անհրաժեշտության, անկախ աուդիտ;
- սույն միջոցառմամբ հաստատված չափանիշների ապահովման նկարագրություն և այլ տեղեկատվություն:
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և անճշտությունների բացակայության դեպքում ներկայացնում է Խմբին։
- Խումբը 7 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է ներկայացված հայտը և համապատասխան եզրակացությունը ներկայացնում Էկոնոմիկայի նախարարություն։
- Էկոնոմիկայի նախարարությունը դրական եզրակացությունն ստանալուց հետո երկամսյա ժամկետում մշակում և Կառավարության հաստատմանն է ներկայացնում Ծրագրին օժանդակելու համապատասխան կառավարության որոշման նախագիծ (այսուհետ՝ Որոշում)։
- Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համապատասխան պետական մարմինը Շահառուի հետ կնքում է Պայմանագիրը։
- Սույն հավելվածի 5-րդ կետով նախատեսված երաշխիքը նվազեցվում է կիսամյակային կտրվածքով իրականացված ներդրումներին համապատասխան, ինչն ամրագրվում է Պայմանագրի կողմ հանդիսացող պետական մարմնի և Շահառուի միջև կնքված միջանկյալ արձանագրությամբ, բայց ոչ ավելի, քան ենթակառուցվածքի համար նախատեսված գումարը։
- Ենթակառուցվածքի համար նախատեսված գումարի չափով երաշխիքը նվազեցվում է Ծրագրի ավարտին Պայմանագրի կողմ հանդիսացող պետական մարմնի և Շահառուի միջև կնքված վերջնական արձանագրության հիման վրա։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար
Ա. Հարությունյան
Հավելված 2
ՀՀ կառավարության 2022 թվականի
-ի N - Լ որոշման
«ԳՈՒՅՔ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ»
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ
- ՄԻՋՈՑԱՌՄԱՆ, ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
- Միջոցառման նպատակն է խրախուսել ՀՀ տարածքում մասնավոր հատվածի ներդրումները՝ դրանց համար ստեղծելով բարենպաստ պայմաններ, մասնավորապես օժանդակել մասնավոր հատվածին իր կողմից իրականացվող ներդրումային ծրագրի համար (այսուհետ՝ Ծրագիր) անհրաժեշտ պետական գույքի (շենք, շինություն, հողատարածք) (այսուհետ՝ Գույք) տրամադրմամբ: Սույն միջոցառման նպատակներից է նաև պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացումը։
- Օժանդակության նպատակն է Շահառուների համար ստեղծել Ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ Գույքի հասանելիություն առանց լրացուցիչ ծախսերի իրականացման։
- Պետության կողմից օժանդակությունը տրվում է բացառապես անհրաժեշտ Գույքի տրամադրման տեսքով։ Վերջինս Շահառուներին տրամադրվում է սեփականության իրավունքով, և փոխանցված անշարժ գույքը համարվում է գրավադրված հօգուտ պետության մինչև ծրագրի իրագործումը:
- Պետության կողմից տրամադրվող Գույքի արժեքը չի կարող գերազանցել Ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի 25 տոկոսը։ Տրամադրվող Գույքի արժեքը տրամադրման պահին այդ Գույքի շուկայական արժեքն է, իսկ գնահատումն իրականացվում է «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։
- Ծրագրի իրականացման սկզբից Շահառուն տրամադրում է համապատասխան երաշխիք (բանկային և այլն) Ծրագրի ընդհանուր ներդրումների արժեքի չափով, որը հետագայում նվազեցվում է Ծրագրի իրականացման ընթացքին (ժամանակացույց) և կատարված ներդրումների չափին համարժեք։
- Գույքի տրամադրումն իրականացվում է Շահառուի կողմից երաշխիքի տրամադրումից հետո ։
- Շահառուի կողմից Ծրագրի չիրականացման արդյունքում Շահառուն հետ է վերադարձնում Գույքը Կառավարությանը և փոխհատուցում տրամադրած Գույքի օգտագործման արդյունքում պատճառված վնասը (մասնավորապես Գույքը տրամադրման պահին եղած վիճակին բերելու հետ կապված ծախսերը, կամ դրա անհնարինության դեպքում՝ գույքի տրամադրման և հետ վերադարձման պահին արժեքների դրական տարբերությունը), ինչպես նաև չստացված եկամուտը, եթե այդ գույքը կարող էր այլ պարագայում դրվել քաղաքացիական շրջանառության։
- Ծրագրի իրականացման և օժանդակության տրամադրման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Կառավարության և Շահառուի միջև կնքված պայմանագրով (այսուհետ՝ Պայմանագիր), սույն միջոցառմանը համապատասխան, որը ներառելու է նաև ներդրումների և նախատեսվող աշխատանքների ժամանակացույց։
- Ծրագրի իրականացման ավարտ է համարվելու Պայմանագրով նախատեսված՝ Շահառուի կողմից իրականացվելիք ներդրումների ամբողջ ծավալով իրականացումը, որը հաստատվելու է Պայմանագրի կողմ հանդիսացող պետական մարմնի և Շահառուի միջև կնքված վերջնական արձանագրությամբ։
- ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
- Սույն միջոցառման իմաստով Շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի Ծրագիր իրականացնող իրավաբանական անձը, որն ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը՝
- Իր կողմից իրականացվող Ծրագրի ներդրումների ծավալը ոչ պակաս, քան մեկ միլիոն ԱՄՆ դոլար է.
- Ծրագիրը միտված է արտադրության, առևտրի կամ ծառայությունների կազմակերպմանը.
- Ըստ ԱՔՌԱ տեղեկատվության՝ հայտի ներկայացման պահի դրությամբ չի ունեցել 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
- Ունի բարվոք հարկային պատմություն, այսինքն` աջակցության հայտի ներկայացման պահի դրությամբ չի ունեցել չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթ.
- Ունի՝ առնվազն հինգ տարվա փորձառություն արտադրության և/կամառևտրի և/կամ ծառայությունների կազմակերպման ոլորտում, ներդրողի/ընկերության կառավարման և ֆինանսական առողջ իրավիճակ, եթե նույնիսկ դա գործունեության այլ ոլորտի փորձառություն է, որը վերոհիշյալ ոլորտում չի կիրառվելու.
- Օժանդակության տրամադրման նպատակով Ծրագրի գնահատումը իրականացվում է գնահատող խմբի (այսուհետ՝ Խումբ) կողմից, որի կազմում ընդգրկված են Էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ֆինանսների նախարարության, Շրջակա միջավայրի, Արդարադատության նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները, որի անհատական կազմը հաստատում է կառավարությունը, հետևյալ չափանիշների հիման վրա՝
- Տնտեսական արդյունավետության չափանիշ. Այս չափանիշով Ծրագիրը պետք է ապահովի հետևյալը.
- իրականացված ներդրումների (այդ թվում Գույքի արժեքը) հետ վերադարձելիություն առավելագույնը 7 տարում,
- Ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված աշխատատեղերի մասով տրվող միջին աշխատավարձը պետք է լինի առնվազն յուրաքանչյուր նախորդ տարվա համար պաշտոնական հրապարակված միջին աշխատավարձից,
- մինչև Ծրագրի ավարտը Ընկերության կողմից վճարած հարկերի գումարը պետք է առնվազն 50 տոկոսով ավել լինի Գույքի արժեքից,
- ունենա տվյալ գործունեության տեսակի համար արտադրողականության միջին հանրապետական ցուցանիշից ավելի բարձր ցուցանիշ,
- նախապատվություն է տրվում ավելի մեծ ավելացված արժեք ստեղծող և արտահանման ուղղվածություն ունեցող Ծրագրին։
- Բնապահպանական համապատասխանության չափանիշ. Այս չափանիշով Ծրագիրը պետք է ապահովի հետևյալը.
- Ծրագրի իրականացման արդյունքում կիրառվի էներգոարդյունավետ և էներգոխնայող տեխնոլոգիաներ,
- օգտագործվի տվյալ ուղղության համար նախատեսված արտանետումները նվազագույնի հասցնող տեխնոլգիաներ,
- Ծրագրի իրականացումը չբերի տեխնածին աղետների առաջացմանը,
- Ծրագիրը համապատասխանի Գույքի գտնվելու վայրի բնապահպանական և քաղաքաշինական պահանջներին։
- Շահառուի կենսունակության չափանիշ. Այս չափանիշով պետք է գնահատվի հետևյալը.
- Շահառուի ֆինանսական կայունությունը, մասնավորապես՝ նախորդ երեք տարիներին շրջանառության ծավալը, վճարած հարկերը , պարտավորությունները և այլն,
- Շահառուի Ծրագրի իրականացման կարողությունը, մասնավորապես անհրաժեշտ կադրեր, հմտություններ, այդ թվում՝ կառավարման, նմանատիպ ծրագրերի իրականացման փորձ և այլն:
- Ծրագրի գնահատման մեթոդաբանությունը գնահատվում է Էկոնոմիկայի, Ֆինանսների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի նախարարների և Քաղաքաշինության կոմիտեի նախագահի համատեղ հրամանով։
- ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
- Շահառուների ընտրությունն իրականացվում է երկու փուլով. նախնական՝ ծրագրի գնահատման միջոցով և վերջնական՝ դրական գնահատական ստացած ծրագրերի ընտրության միջոցով՝ կախված կառավարության քաղաքականության առաջնահերթություններից, սեփական ֆինանսավորման և կառավարությունից ստացված ներդրումների հարաբերակցությունից։
- Ծրագրերի իրականացումը կապահովվի՝ առաջնահերթությունը տալով առավել բարձր միավորներ վաստակած Ծրագրերին:
- Վերջնական փուլով Ընտրված Ծրագիր իրականացնող Շահառուի հետ կնքվում է համապատասխան Պայմանագիր։
- Շահառուի հետ Պայմանագիրը կնքում է Ծրագրի ոլորտի պատասխանատու պետական մարմինը։
- Օժանդակություն ստանալու համար Շահառուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնում է հայտ։
- Հայտին կից ներկայացնում է Ծրագիրը և տեղեկատվություն անհրաժեշտ Գույքի վերաբերյալ, մասնավորապես՝
- նախնական իրագործելիության ուսումնասիրություն՝ նկարագրելով առաջարկված ներդրումը, տնտեսական և ֆինանսական կենսունակությունը, շրջակա միջավայրի գնահատումը, տեսակը և ստեղծվելիք աշխատատեղերի մոտավոր թիվը, միջին աշխատավարձի չափը, ներդրումների և դրանց հետ վերադարձելության ժամկետները,
- կառավարության կողմից ակնկալվող տրամադրման ենթակա Գույքի (մանրամասն նկարագրությունը,
- շահույթի / վնասի մասին հաշվետվությունները վերջին երեք տարիների ընթացքում,
- ապացույց Շահառուի ընթացիկ գործունեության վերաբերյալ (առ այն, որ լուծարվող չէ/ սեփականությունը առգրավված չէ),
- ապացույցներ Շահառուի (ներդրող կողմի/ ընկերության) ֆինանսական առողջության վերաբերյալ,
- ինչպես նաև սույն միջոցառմամբ հաստատված չափանիշների ապահովման նխարագրություն և այլ տեղեկատվություն:
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և անճշտությունների բացակայության դեպքում ներկայացնում է Խմբին։
- Խումբը 7 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է ներկայացված հայտը և համապատասխան եզրակացությունը ներկայացնում Էկոնոմիկայի նախարարություն։
- Էկոնոմիկայի նախարարությունը դրական եզրակացությունը ստանալուց հետո երկամսյա ժամկետում մշակում է և Կառավարության հաստատմանն է ներկայացնում Ծրագրին օժանդակելու համապատասխան Կառավարության որոշման նախագիծ (այսուհետ՝ Որոշում)։
- Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համապատասխան պետական մարմինը Շահառուի հետ կնքում է Պայմանագիրը։
- Սույն հավելվածի 5-րդ կետով նախատեսված երաշխիքը նվազեցվում է կիսամյակային կտրվածքով իրականացված ներդրումներին համապատասխան, ինչը ամրագրվում է Պայմանագրի կողմ հանդիսացող պետական մարմնի և Շահառույի միջև կնքված միջանկյալ արձանագրությամբ, բայց ոչ ավելի քան Գույքի համար նախատեսված գումարը։
- Գույքի համար նախատեսված գումարի չափով երաշխիքը նվազեցվում է Ծրագրի ավարտին Պայմանագրի կողմ հանդիսացող պետական մարմնի և Շահառույի միջև կնքված վերջնական արձանագրության հիման վրա։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար
Ա. Հարությունյան
-
Քննարկվել է
16.03.2022 - 31.03.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 4494
Տպել