ՆԱԽԱԳԻԾ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

 

ՈՐՈՇՈւՄ

 

2022 թվականի  -ի    N    -Ն

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ՏԻՊԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասով, 24-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը.

 

ՈՐՈՇՈՒՄ Է

  1. Հաստատել հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները՝ համաձայն hավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                             Հ. ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

 

 

Հավելված

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի

2022 թվականի ------- թիվ  ---- -Ն որոշման

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ՏԻՊԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Տիպային կանոնները բխում են «Հանրային ծառայության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված վարքագծի սկզբունքներից և հանդիսանում են հանրային ծառայության բարեվարքության համակարգի տարր:
  2. Սույն փաստաթղթի նպատակն է՝
  • ապահովել հանրային ծառայողի բարեվարք վարքագիծը,
  • նպաստել ծառայողի կողմից իր պարտականությունները կատարելիս էթիկայի բացառիկ վարքագիծ դրսևորելուն,
  • ամրապնդել հանրության վստահությունը հանրային ծառայության նկատմամբ,
  • ամրապնդել հանրային ծառայության համակարգում բարեվարքության, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ զգայունակությունն ու անհանդուրժողականությունը,
  • երաշխավորել վարքագծի սկզբունքների կիրառման միասնականությունը։
  1. Օրենքի իմաստով վարքագծի սկզբունքներն են՝
  • Հանրությանը ծառայելու գիտակցում․
  • Հավատարմությունը հանրային շահին․
  • Բարեկրթություն և հարգալիրություն․
  • Բարեխղճություն.
  • Օբյեկտիվություն:
  1. Տիպային կանոններն ընկած են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների վարքագծի կանոնների միասնական համակարգի հիմքում:
  2. Տիպային կանոնները հիմք են համապատասխան մարմինների կողմից հանրային ծառայության առանձին տեսակների համար համանման կանոնների (կանոնագրքերի) մշակման և սահմանման՝ ելնելով ծառայության յուրաքանչյուր առանձին տեսակի ծառայողական առանձնահատկություններից:
  3. Տիպային կանոններն իրենցից ներկայացնում են հանրային ծառայողների ծառայողական էթիկայի և ծառայողական վարքագծի ընդհանուր սկզբունքների, նորմերի և կանոնների ամբողջություն, որով պետք է առաջնորդվեն հանրային ծառայողները՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոններից:
  4. Տիպային կանոններով սահմանվում են hանրային ծառայողի վարքագծի կանոնները ինչպես ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ ծառայողական պարտականություններից դուրս:
  5. Տիպային կանոններն ունեն պարտադիր և խրախուսելի բաղադրիչ։
  6. Կանոնների պարտադիր բաղադրիչը (այսուհետ՝ Պարտադիր կանոններ) իրենից ներկայացնում է որոշակի վարքագծի հետևելու պարտադիր կանոնների համախումբ։
  7. Խրախուսելի բաղադրիչը (այսուհետ՝ Խրախուսելի կանոններ) իրենից ներկայացնում է օրինակելի չափանիշների շարք, որը պարտադիր նվազագույնից ավելին է և բնորոշում է գերազանցությունը հանրային ծառայության համակարգում: Ընդ որում, Խրախուսելի կանոների թվարկումը սպառիչ չէ։ Հանրային ծառայողը չի կարող պատժվել Խրախուսելի կանոններին չհետևելու համար, սակայն ցանկալի է, որ նա ձգտի հասնել այդ նորմերին:
  8. Սույն փաստաթղթում օգտագործվող հիմնական հասկացություններն են․
  • Նվեր՝ ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի: Այն ընդգրկում է նաև ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված գույքը կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետևանքով անձը ստանում է օգուտ կամ առավելություն:
  • Վարքագծի կանոններ՝ Օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող նորմեր, որոնք կարգավորում են հանրային ծառայողի բարեվարք գործելակերպը պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում և դրանից դուրս:
  • Հյուրասիրություն` նվերի տեսակ, որը առաջարկվել, տրվել կամ ստացվել է պաշտոնական հարաբերություններ սկսելու, դրանք ամրապնդելու կամ զարգացնելու նպատակով: Այն ընդգրկում է, բայց չի սահմանափակվում ընդունելության, ժամանցային, սոցիալական կամ սպորտային միջոցառումների հրավերներով և առաջարկներով, և տրվում է հյուրասիրողի ներկայությամբ:
  • Բարեվարքություն` ընդհանուր էթիկական արժեքներին, սկզբունքներին և նորմերին համապատասխան գործունեություն և դրանց պահպանում, որի նպատակն է ամրապնդել մասնավոր շահերի նկատմամբ հանրային շահի գերակայությունը և պաշտպանությունը պետական համակարգում:
  • Հանրային շահ՝ սահմանադրական արժեք, որի պաշտպանության համար հիմնական իրավունքը կամ ազատությունը կարող է սահմանափակվել: Հանրային շահի առարկան համընդհանուր, համամարդկային որոշակի բարիքներն են, որոնց առարկայացումը հասարակական կյանքում անհրաժեշտ նախապայման է հասարակության գոյատևման և հետագա զարգացման համար: Հանրային շահի կրողը հասարակությունն է՝ որպես մեկ միասնական, ամբողջական օրգանիզմ: Ընդ որում, շահը հանրային որակելու համար պարտադիր նախապայման չէ հասարակության բոլոր անդամների կողմից այդ շահի ընկալելի, ընդունելի լինելու հանգամանքը:
  • Հանրային ծառայության պաշտոն՝ արժանիքահեն, կարիերային առաջընթացով բնութագրվող, քաղաքական չեզոքություն և մասնագիտական գործունեություն պահանջող հաստիքային միավոր, որը նախատեսված է պետական ծառայության առանձին տեսակների համար նախատեսված պաշտոնների անվանացանկով կամ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով:
  • Սեռական ոտնձգություն`գենդերային խտրականության դրսևորումների տեսակ` խոսքային կամ ֆիզիկական դրսևորում ունեցող սեռական բնույթի գործողություններ կամ ցանկացած իրավիճակ, որն ուղղված է անձի արժանապատվությունը նվաստացնելուն, վախեցնելուն, թշնամությանը, ստորացմանը կամ նմանատիպ իրավիճակներին:

 II.ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

  1. Հանրային ծառայողների վարքագծի պարտադիր կանոնները ձևավորվում են հետևյալ բաղադիրչներից.
  • Հարգալիրություն և գնահատանք,
  • Օրինականություն,
  • Բարեխղճություն և հավատարմություն հանրային շահին,
  • Թափանցիկություն և հաշվետվողականություն,
  • Բարեկրթություն,
  • Անաչառություն, օբյեկտիվություն և խտրականության բացառում,
  • Շահերի կառավարում,
  • Նվերների ընդունման արգելք,
  • Քաղաքական չեզոքություն և քաղաքական զսպվածություն,
  • Չհրապարակված պաշտոնեական տեղեկատվություն,
  • Հանրային ռեսուրսների օգտագործում,
  • Կոռուպցիոն բնույթի դեպքերի և այլ խախտումների վերաբերյալ հաղորդում ներկայացնելը,
  • Հաղորդակցությունը հանրային լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով,
  • Վարքագիծը որպես մասնավոր անձ,
  • Կանոններ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց համար:

ՀԱՐԳԱԼԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՆԱՀԱՏԱՆՔ

  1. Հանրային ծառայողը պարտավոր է հարգել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները (դրոշը, զինանշանը, օրհներգը) և պետական լեզուն, ինչպես նաև պետական մարմինների՝ կանոնադրությամբ հաստատված տարբերանշանները:
  2. Հանրային ծառայողը պարտավոր է զերծ մնալ ՀՀ պետական խորհրդանիշներից և պետական մարմինների կանոնադրությամբ հաստատված տարբերանշաններից բացի որևէ այլ խորհրդանշի մեծարումից, ծառայողական գործունեության համար նախատեսված տարածքներում դրանց ցուցադրումից:
  3. Հանրային ծառայողը պարտավոր է հարգել բոլոր հանրային ծառայողների, քաղաքացիների և հասարակության բոլոր անդամների արժանապատվությունը։
  4. Հանրային ծառայողը պարտավոր է ցանկացած պայմաններում և իրավիճակներում իր գործունեությամբ, գործնական, մասնագիտական և բարոյական հատկանիշներով զերծ մնալ հանրային ծառայության հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող, հանրային ծառայության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող կամ հանրային ծառայողի անկողմնակալության, անաչառության և անկախության նկատմամբ կասկած հարուցող վարքագիծ դրսևորելուց:

ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 

  1. Հանրային ծառայողը պարտավոր է գործել իրավունքի գերակայության սկզբունքին, օրենքի ոգուն և տառին համապատասխան։
  2. Հանրային ծառայողը պարտավոր է հարգել և պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները և այլ իրավական ակտերը, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերը:
  3. Հանրային ծառայողը պարտավոր է զերծ մնալ այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որը կարող է ընկալվել որպես անօրինականության խրախուսում կամ դրա նկատմամբ հանդուրժողականություն, կամ անհարգալից վերաբերմունք օրինավոր վարքագծի նկատմամբ:

 ԲԱՐԵԽՂՃՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԻՆ

  1. Հանրային ծառայողը պարտավոր է առավելագույն ջանասիրությամբ ծառայել հանրությանն ու հանրային շահին, ի պաշտոնե վերապահված լիազորությունների, կարողությունների և իրավասության շրջանակներում պարտականությունները կատարել նվիրվածությամբ և առավելագույն արդյունավետությամբ:
  2. Հանրային ծառայողը պարտավոր է իր ազնիվ վարքագծով օրինակ ծառայել այլ հանրային ծառայողներին և հանրությանը:
  3. Հանրային ծառայողը պարտավոր է իր լիազորություններն իրականացնելիս զգայունություն ցուցաբերել հասարակության, համայնքի և համայնքի տարբեր՝ հատկապես խոցելի խմբերի կարիքների նկատմամբ:
  4. Հանրային ծառայողը պարտավոր է աջակցել հանրային իշխանության մարմնի հետ հարաբերվող անձանց՝ իրացնելու իրենց այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պարտավորություններով:
  5. Հանրային ծառայողը պարտավոր է զերծ մնալ այնպիսի պահվածքից, որը կարող է կասկածի տակ դնել հանրային ծառայողի աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն իրականացնելու փաստը, ինչպես նաև խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից, որոնք կարող են վնաս հասցնել իր համբավին, ինչպես նաև պետական մարմնի հեղինակությանը:
  6. Հանրային ծառայողը պարտավոր է պետական մարմնի հեղինակությունը պահպանելու հարցում լինել սթափ և հետևողական, բացահայտել և հնարավորինս վերացնել իր և այլ անձանց կողմից թույլ տված սխալները, շփոթմունք առաջացնող հարցերը և բացթողումները:
  7. Հանրային ծառայողը պարտավոր է կիրառել իրավասու մարմինների կողմից ընդունված քաղաքականությունները, ուղեցույցերն ու որոշումները` անկախ անձնական համոզմունքներից և մոտեցումներից, ենթարկվել վերադասների, անմիջական ղեկավարի օրինական պահանջներին:
  8. Հանրային ծառայողը պարտավոր է անհրաժեշտության դեպքում մասնագիտական առարկություններ ներկայացնել նախատեսվող քաղաքականությունների, ուղեցույցերի կամ որոշումների վերաբերյալ՝ նախքան դրանց ընդունումը, իսկ դրանց ընդունումից հետո՝ կատարել դրանց պահանջները:
  9. Հանրային ծառայողը պարտավոր է վարքագծի կանոնների դրսևորման հետ կապված մասնագիտական խորհրդատվության համար դիմել բարեվարքության հարցերով կազմակերպչին:
  10. Հանրային ծառայողը պարտավոր է իր աշխատավայր հանդիսացող հանրային ծառայության և այլ ոլորտներում առկա հանգամանքների կամ գործունեության վերաբերյալ քննադատական մտահոգություններ արտահայտելիս լինել հարգալից և զուսպ:

 ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Հանրային ծառայողը պարտավոր է իր լիազորություններն իրականացնելիս՝ ապահովել թափանցիկություն և հաշվետվողականություն:
  2. Հանրային ծառայողը պարտավոր է հանրային իշխանության այլ մարմինների հետ գործողությունները համակարգելիս և համագործակցելիս գործել թափանցիկ, ինչպես նաև պատշաճ կերպով արձագանքել առաջացած խնդիրներին:
  3. Հանրային ծառայողը պարտավոր է բացառել չճտված, կեղծ և ապակողմնորոշող տեղեկատվության տրամադրումը, չնպաստել և այլ հանրային ծառայողներից չպահանջել նման տեղեկատվության տրամադրում:
  4. Հանրային ծառայողը պարտավոր է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված հարցումներին ի պատասխան Օրենքով սահմանված կարգով ներկայացնել պարզաբանումներ և լրացուցիչ նյութեր՝ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերի ստուգման և վերլուծության ընթացքում:
  5. Հանրային ծառայողը պարտավոր է ապահովել հանրության ներառականությունը որոշումների կայացման հարցում՝ համապատասխան օրենսդրական արգելքներ չլինելու պարագայում:

ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅՈՒՆ

  1. Հանրային ծառայողը պարտավոր է մասնավոր/անձնական խնդիրներ լուծելիս չվկայակոչել իր պաշտոնական դիրքը կամ հանրային իշխանության այն մարմինը, որտեղ նա աշխատում է՝ որևէ տեսակի կամ ծավալի առավելություն ստանալու նպատակով։
  2. Հանրային ծառայողը պարտավոր է ծառայողական պարտականությունները կատարելիս այլ անձանց հետ հաղորդակցության ժամանակ, այդ թվում՝ նամակագրությամբ կամ հեռախոսով հաղորդակցվելիս, հայտնել իր ինքնությունը:
  3. Հանրային ծառայողը պարտավոր է ի պաշտոնե հաղորդակցության բոլոր միջոցներն օգտագործելիս, ցանկացած իրավիճակում ցուցաբերել զսպվածություն, հավասարակշռվածություն և հարգալիրություն:
  4. Հանրային ծառայողը պարտավոր է գործընկերների հետ հարաբերություններում դրսևորել նրբանկատություն, չբարձրացնել ձայնն աշխատավայրում, գործընկերոջ վերաբերյալ քննադատություն արտահայտել միայն նրա ներկայությամբ՝ պարզաբանելով բոլոր հիմքերը։։
  5. Հանրային ծառայողը պարտավոր է գործընկերների և պետական այլ մարմինների աշխատակիցների հետ հարաբերվելիս լինել նրբանկատ, զուսպ, չխոչընդոտել այլ հանրային ծառայողների աշխատանքային պարտականությունների կատարմանը:
  6. Հանրային ծառայողը պարտավոր է զերծ մնալ արտոնյալ վերաբերմունք դրսևորելուց որևէ մեկի նկատմամբ` պայմանավորված հանրային ծառայության համակարգում այդ անձի ունեցած պաշտոնով։
  7. Հանրային ծառայողը պարտավոր է չգործադրել ֆիզիկական ուժ կամ դրա վերաբերյալ սպառնալիք չներկայացնել:
  8. Հանրային ծառայողը պարտավոր է աշխատանքի ներկայանալ գրասենյակային ոճի հագուստով, պահպանել հագուստ կրելու վերաբերյալ՝ տվյալ մարմնի կողմից սահմանված կանոնները։
  9. Հանրային ծառայողին արգելվում է թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր օգտագործելը կամ ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատանքի ներկայանալը։
  10. Հանրային ծառայողին արգելվում է աշխատանքի վայրում ծխել, ինչպես նաև խախտել հրդեհային անվտանգության և սանիտարական նորմերն ու կանոնները:

ԱՆԱՉԱՌՈՒԹՅՈՒՆ, ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄ

 

  1. Հանրային ծառայողը պարտավոր է իր պարտականություններն իրականացնելիս դրսևորել անաչառություն, զերծ մնալ խոսքով կամ վարքագծով կողմնակալություն ցուցաբերելուց, գործել այնպես, որ իր անաչառության և անկողմնակալության նկատմամբ անհարկի կասկած չհարուցվի, չառաջնորդվել ենթադրություններով, հույզերով, անձնական վերաբերմունքով և այլ կողմնակի ազդեցությամբ:
  2. Հանրային ծառայողը պարտավոր է զերծ մնալ ցանկացած տեսակի, այդ թվում՝ սեռական ոտնձգության դրսևորումներից և խտրականություն ցուցաբերելուց կամ նման տպավորություն ստեղծելուց:
  3. Հանրային ծառայողը պարտավոր է բացառել խտրական վերաբերմունքի դրսևորում որևէ կազմակերպության, խմբի կամ անհատի նկատմամբ` կապված նրա սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելու, գույքային վիճակի, ծննդյան, հաշմանդամության, տարիքի կամ այլ անձնական և սոցիալական հանգամանքներից:
  4. Հանրային ծառայողը պարտավոր է պահպանել անաչառություն այլ անձանց հետ հարաբերություններում, այդ թվում՝ խուսափել այնպիսի վարքագծի դրսևորումից, որի արդյունքում նույն փաստական հանգամանքներում մի մասնավոր անձ մյուսի նկատմամբ որոշակի առավելություն կստանա:
  5. Հանրային ծառայողը պարտավոր է իր գործընկերների հետ հարաբերվելիս՝ մասնագիտական աջակցության, կարողությունների զարգացման, կատարողականի գնահատման, առաջխաղացման և աշխատանքային հարաբերություններից բխող այլ գործողություններում, ցուցաբերել հավասար վերաբերմունք։

ՇԱՀԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 

  1. Հանրային ծառայողը պարտավոր է խուսափել այնպիսի գործողությունից կամ որոշման կայացումից, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես ուղղակի կամ անուղղակի անձնական շահով կամ Օրենքի իմաստով իր հետ փորխկապակցված անձի շահով առաջնորդվել:
  2. Հանրային ծառայողը պարտավոր է իր անմիջական ղեկավարին, իսկ անմիջական ղեկավարի բացակայության դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին պաշտոնական հաղորդակցման միջոցներով գրավոր հայտարարություն ներկայացնել իրական կամ հնարավոր շահերի բախման հանգամանքների վերաբերյալ: Նախքան անմիջական ղեկավարի կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր հանձնարարությունը ստանալը, զերծ մնալ հարցի վերաբերյալ որևէ գործողություն կատարելուց կամ որոշում ընդունելուց:
  3. Հանրային ծառայողը պարտավոր է խուսափել այնպիսի հարաբերություններից, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել շահերի բախում կամ որոնց առկայության պայմաններում ծառայողը հնարավորություն չի ունենա անաչառ և անկողմնակալ կատարել իր պարտականությունները:
  4. Հանրային ծառայողը պարտավոր է խուսափել այնպիսի գործառույթներ ստանձնելուց, որոնց իրականացման ընթացքում կանխատեսելի կլինեն հաճախակի շահերի բախման իրավիճակներ:
  5. Հանրային ծառայողը պարտավոր է չտալ ոչ օբյեկտիվ երաշխավորություններ կամ չանել միջնորդություններ իրեն կամ որևէ այլ անձի պաշտոնի նշանակելու, առաջխաղացման, պաշտոնական կարգավիճակի բարելավման և այլ հարցերով, ինչպես նաև չդրդել որևէ մեկին նման երաշխավորություններ տալ կամ միջնորդություններ անել:
  6. Հանրային ծառայողը պարտավոր է իր վերադասին կամ անմիջական ղեկավարին, մասնավոր հատվածում հետագա աշխատանքի անցնելու առաջարկը ընդունելու դեպքում, անմիջապես պաշտոնական հաղորդակցման միջոցներով գրավոր իրազեկել։

 ՆՎԵՐՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐԳԵԼՔ

  1. Հանրային ծառայողը պարտավոր է զերծ մնալ Օրենքի իմաստով ոչ թույլատրելի նվեր, այդ թվում՝ հյուրասիրություն ընդունելուց կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն տալուց, եթե նման նվերը, այդ թվում՝ հյուրասիրությունը, ողջամտորեն չէր տրամադրվի հանրային ծառայող չհանդիսացող կամ հանրային պաշտոն չզբաղեցնող անձի։
  2. Հանրային ծառայողը պարտավոր է խուսափել Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված թույլատրվող նվերներ ընդունելուց, եթե կարող է ընկալվել, որ դրանք ի զորու են ազդել իր լիազորությունների պատշաճ իրականացման վրա՝ հաշվի առնելով իրավիճակի բնույթը և հարաբերությունները նվիրատուի հետ: Նույն օրենքով սահմանված թույլատրելի համարվող ցանկացած նվերի կամ հյուրասիրության տեսակը և արժեքը պետք է լինի սոցիալապես ընդունելի սահմաններում և իրավիճակի հետ համադրելի:
  3. Հանրային ծառայողը պարտավոր է զերծ մնալ ոչ նյութական առավելություն ընդունելուց, եթե կարող է ընկալվել, որ դա կարող է ազդել իր լիազորությունների պատշաճ իրականացման վրա: Ոչ նյութական առավելություն կարող է լինել, օրինակ, արտոնյալ դիրքը կամ բարիքներից արագ օգտվելու հնարավորությունը, ինչի դեպքում դրանց դրամական արժեքը ակնհայտ չէ:
  4. Հանրային ծառայողը պարտավոր է զերծ մնալ իր գործառույթներն ու պարտականությունները իրականացնելու համար պետական բյուջեից բացի այլ աղբյուրից վարձատրություն ստանալուց:
  5. Հանրային ծառայողը պարտավոր է չընդունել որևէ նվեր դրամական միջոցի կամ դրամական միջոցի փոխարկվող այլ գործիքի տեսքով (օրինակ՝ նվեր քարտեր, վիրտուալ տարադրամներ, բանկային մուրհակներ, ճամփորդական չեկեր և այլն)։
  6. Հանրային ծառայողը պարտավոր է բոլոր դեպքերում և անկախ նվերի, այդ թվում՝ հյուրասիրության և ոչ նյութական առավելության արժեքից, անմիջական ղեկավարին պաշտոնական հաղորդակցման միջոցներով գրավոր տեղեկացնել ստացված նվերի, այդ թվում՝ հյուրասիրության և ոչ նյութական առավելության մասին:

 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ

  1. Հանրային ծառայողը պարտավոր է իր պարտականությունները կատարելիս դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն, այդ թվում՝ հրապարակայնորեն չարտահայտել իր քաղաքական տեսակետները, ձեռնպահ մնալ այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որը կարող է քաղաքական գործունեությամբ զբաղվելու տպավորություն ստեղծել:
  2. Հանրային ծառայողը պարտավոր է չդրսևորել հովանավորչություն որևէ կուսակցության, քաղաքական կազմակերպության կամ շարժման նկատմամբ, որը, ի թիվս այլի, ներառում է հանրային իշխանության մարմինների տարածքում և տեղեկատվական նյութերում կուսակցությունների լոգոներ կամ թեկնածուների տարբերանշաններ ցուցադրելը, քարոզարշավի նյութեր պատրաստելը, քաղաքական միջոցառումներ կազմակերպելը և վարչական, կազմակերպչական կամ այլ առումով դրանց նպաստելը, ինչպես նաև իր աշխատավայր հանդիսացող հանրային իշխանության մարմնում կամ մարմնից դուրս որևէ թեկնածուի կամ կուսակցության օգտին կամ դեմ քարոզ իրականացնելը։
  3. Հանրային ծառայողը պարտավոր է չկատարել քաղաքական շահը սպասարկող քայլեր կամ ներգարվվել դրանց պաշտպանության մեջ, չկատարել նման գործունեության համար հանրային միջոցներ տրամադրելու պահանջները, ինչպես նաև նման պահանջներ չներկայացնել այլ հանրային ծառայողների:
  4. Հանրային ծառայողը պարտավոր է զերծ մնալ քաղաքական բնույթի հանրային ելույթներ ունենալուց, քաղաքական կողմնորոշում ունեցող հոդվածներ հրապարակելուց կամ սոցիալական էջերում քաղաքական որևէ կուսակցության օգտին կամ դրա դեմ գրառումներ կատարելուց, նմատատիպ գրառումներ հավանելուց կամ տարածելուց:

 ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  1. Հանրային ծառայողը պարտավոր է պահպանել ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած գաղտնիք պարունակող փաստաթղթերի և նյութերի հետ աշխատելու՝ օրենսդրությամբ սահմանված պահանջները:
  2. Հանրային ծառայողը պարտավոր է այլ նպատակներով չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել (այդ թվում՝ պաշտոնից ազատվելուց հետո) պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկատվությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
  3. Հանրային ծառայողը պարտավոր է պատշաճ կերպով և գաղտնիության, անձնական տվյալների պաշտպանության և անվտանգության կանոնները պահպանելով՝ մշակել և տնօրինել մասնագիտական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված իր տնօրինության տակ հայտնված տվյալները, տեղեկատվությունը, գաղտնաբառերը և այլն։
  4. Հանրային ծառայողը պարտավոր է գաղտնի պաշտոնական տվյալներին, տեղեկատվությանը, գաղտնաբառերին, հատուկ ռեժիմով պահպանվող տարածքներին, որոնք անհրաժեշտ չեն իր լիազորություններն իրականացնելու համար, հասանելիություն ստանալու նպատակով քայլեր չկատարել, ինչպես նաև առանց թույլտվության չպատճենահանել կամ չձայնագրել, չլուսանկարել և տեսագրել այդ տեղեկատվությունը:
  5. Հանրային ծառայողը պարտավոր է իր աշխատանքային և պաշտոնեական պարտականություններից չբխող հետազոտություններում կամ աշխատություններում չօգտագործել այնպիսի տեղեկատվություն, որը, թեև ենթակա է հրապարակման, սակայն դեռևս չի հրապարակվել տվյալ պետական մարմնի կողմից:
  6. Հանրային ծառայողը պարտավոր է չհրապարակել օրենքով սահմանված դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված բարեվարքության եզրակացության տվյալները, դրա հետ կապված հարցադրումները կատարել առանց ուղղակիորեն եզրակացությանը կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հղում կատարելու։

 ՀԱՆՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

  1. Հանրային ծառայողը պարտավոր է իր գործունեության համար տրամադրված նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, գույքն օգտագործել միայն ծառայողական նպատակներով և խնայողաբար:
  2. Հանրային ծառայողը պարտավոր է հանրային ռեսուրսները, այդ թվում՝ այլ հանրային ծառայողների աշխատաժամանակը, չօգտագործել սեփական շահերը բավարարելու կամ այլ անձնական նպատակներով:
  3. Հանրային ծառայողը պարտավոր է իր աշխատաժամանակը չօգտագործել իր պաշտոնեական լիազորություններից դուրս այլ գործողություններ կատարելու համար, եթե կիրառելի նորմերին համապատասխան այլ բան չի համաձայնեցվել իր վերադասի կամ անմիջական ղեկավարի հետ։

 ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆՈՒՅԹԻ ԴԵՊՔԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

  1. Հանրային ծառայողը պարտավոր է իր անմիջական ղեկավարին, կամ նրա վերադասին, կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձին, կամ իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին պաշտոնական հաղորդակցման միջոցներով գրավոր հաղորդում ներկայացնել կոռուպցիոն բնույթի դեպքերի, շահերի առերևույթ բախման, վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, Օրենքով սահմանված հայտարարագրման կանոնների առերևույթ խախտման, այլ վնասակար գործողությունների, հանրային շահին ուղղված վնասի կամ լուրջ գործառնական սխալների մասին:
  2. Հանրային ծառայողը պարտավոր է «Ազդարարման համակարգի մասին» օրենքով սահմանված կարգով պաշտոնական հաղորդակցման միջոցներով գրավոր հաղորդում ներկայացնել իր կողմից թույլ տրված, ինչպես նաև իր վերադասի կամ անմիջական ղեկավարի կողմից կատարված առերևույթ խախտումների վերաբերյալ։
  3. Հանրային ծառայողը պարտավոր է անմիջական ղեկավարին կամ վերադասին պաշտոնական հաղորդակցման միջոցներով գրավոր տեղեկացնել իր գործառույթներով պայմանավորված երրորդ անձանց կողմից ցանկացած օգուտ կամ առավելություն տալու առաջարկի բոլոր դեպքերի վերաբերյալ:
  4. Հանրային ծառայողը պարտավոր է հարգալիր վերաբերմունք դրսևորել խախտումների մասին հաղորդում ներկայացրած հանրային ծառայողների և այլ անձանց նկատմամբ:

 ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՎ

  1. Հանրային ծառայողը պարտավոր է պաշտոնական հարցազրույց տալիս կամ հաղորդակցվելիս պահպանել իր աշխատավայր հանդիսացող հանրային իշխանության մարմնի կանոնները, հաղորդակցության ռազմավարությունը, ուղենիշները, որոշումները և պաշտոնական դիրքորոշումը:
  2. Հանրային ծառայողը պարտավոր է հարգել հանրության իրազեկմանն ուղղված զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը, ինչպես նաև աջակցել նրանց՝ սահմանված կարգով հավաստի տեղեկատվություն ստանալու հարցում:
  3. Հանրային ծառայողը պարտավոր է սոցիալական ցանցերում չկատարել որևէ գրառում կամ մեկնաբանություն, չհավանել կամ չտարածել գրառումներ, որոնք կարող են վնասել, նսեմացնել կամ այլ եղանակով արատավորել հանրային ծառայության հեղինակությունը:
  4. Հանրային ծառայողը պարտավոր է սոցիալական ցանցերում չմեկնաբանել, չքննադատել, չքննարկել իր աշխատավայր հանդիսացող հանրային իշխանության մարմնի գործառույթները, որոշումները, գործունեությանն առնչվող խնդիրները և իրավական հարցերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ չտարածել ոչ պաշտոնական լուրեր:
  5. Հանրային ծառայողը պարտավոր է, ի պաշտոնե և որպես մասնավոր անձ, սոցիալական ցանցերում հաղորդակցվելիս չհրահրել ազգային, ռասայական, կրոնական ատելություն կամ չսատարել նման գործողությունները, չհնչեցնել անձնական սպառնալիքներ, անձի արժանապատվությունը նսեմացնող կամ այլ կերպ անձին վիրավորող արտահայտություններ որևէ անձի հասցեին, չօգտագործել բացահայտ փողոցային բառապաշար:
  6. Հանրային ծառայողը պարտավոր է խուսափել սոցիալական ցանցերում անձնական այնպիսի լուսանկարներ հրապարակելուց, որոնք կարող են հանրային ծառայությունը վարկաբեկող լուրերի տարածման պատճառ հանդիսանալ:

 ՎԱՐՔԱԳԻԾԸ ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՆՁ

  1. Հանրային ծառայողը պարտավոր է որպես մասնավոր անձ՝ խուսափել հանրային ծառայությունը վարկաբեկելուց կամ նսեմացնելուց:
  2. Հանրային ծառայողը պարտավոր է չօգտագործել զբաղեցրած պաշտոնը իր կամ այլ անձանց համար արտոնություններ, բացառություններ և նպաստավոր այլ պայմաններ ստեղծելու համար:
  3. Արգելվում է մասնավոր կյանքում հանրային ծառայողի և նրա վերադասի միջև մասնավոր ֆինանսական գործարքների կատարումը, այդ թվում՝ փոխառություններ տրամադրելը, մեկ այլ ծառայողի համար երաշխիք տրամադրելը, ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի համար երաշխավոր հանդիսանալը:

ԿԱՆՈՆՆԵՐ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

 

  1. Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է օրինակ ծառայել և անձամբ պահպանել վարքագծի այն պահանջները, որոնք ակնկալում է մյուսներից։
  2. Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է հստակորեն ձևակերպել հանրային իշխանության մարմնի կամ ստորաբաժանման քաղաքականությունները և նպատակները, դրանց մասին պատշաճ տեղեկացնել իրեն ենթակա հանրային ծառայողներին:
  3. Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է անհրաժեշտության դեպքում, խորհրդակցելով բարեվարքության հարցերով կազմակերպչի կամ էթիկայի հանձնաժողովի հետ, պատասխանել սույն կանոնների պատշաճ իրագործման հետ կապված հարցերին։
  4. Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է վարքագծի Պարտադիր կանոնների խախտումների համար անհապաղ իրականացնել օրենքով նախատեսված համապատասխան գործողություններ:
  5. Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է պաշտպանել իրեն ենթակա հանրային ծառայողների և աշխատակիցների օրինական շահերը՝ միջամտելով նրանց հանդեպ ոտնձգության կամ այլ անարդար վերաբերմունքի ցանկացած դրսևորման դեպքում։
  6. Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ենթականերին զերծ պահել ոչ հիմնավոր գործողություններ կատարելուց կամ որոշումներ կայացնելուց, բացառել իր կողմից խտրական վարքագծի դրսևորումը, ինչպես նաև վերադասության լիազորության չարաշահումը:
  7. Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է չտալ օրենսդրությանը հակասող, ինչպես նաև իր լիազորությունների շրջանակներից դուրս հանձնարարականներ:
  8. Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր ենթակայությամբ աշխատող հանրային ծառայողների կողմից կոռուպցիոն բնույթի դեպքերի և այլ խախտումների վերաբերյալ հաղորդումներ ստանալու դեպքում պարտադիր գործուն քայլեր ձեռնարկել դրանց հետագա ընթացքն ապահովելու համար։

 

III. ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԽՐԱԽՈՒՍԵԼԻ ԿԱՆՈՆՆԵՐ

 

  1. Հանրային ծառայողը պետք է իր աշխատանքի որակը բարձրացնելու նպատակով լինի բաց նորարարական գործելակերպի նկատմամբ, շարունակաբար դիտարկի իր ոլորտին վերաբերելի ազգային ու միջազգային լավ գործելակերպը, հետևի միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև փորձի դրանք ներմուծել իր աշխատանքում՝ որպես կիրառման ենթակա հնարավոր պրակտիկա:
  2. Հանրային ծառայողը պետք է ջանքեր գործադրի իր գործունեության ոլորտին վերաբերելի առկա մարտահրավերները վեր հանելու և դրանց հաղթահարման ուղիներ գտնելու ուղղությամբ` մյուս հանրային ծառայողների, հանրային իշխանության այլ մարմինների, հանրային քննարկումների և հանրության հետ համագործակցության միջոցով:
  3. Հանրային ծառայողը պետք է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերի գործընկերներին, հատկապես նորանշանակ հանրային ծառայողներին` իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում:
  4. Հանրային ծառայողը պետք է անհրաժեշտության դեպքում գործընկերներին ներգրավի իրենց առնչվող որոշումների կայացման գործընթացում, նրանց թույլ տա արտահայտել այդ որոշումների վերաբերյալ իրենց կարծիքը, իսկ դրանց հետ չհամաձայնելու դեպքում՝ հայտնի պատճառները:
  5. Հանրային ծառայողը պետք է գործադրի բոլոր հնարավոր ջանքերը պետական համակարգչային համակարգերը, սարքավորումները, ծրագրերը, ինչպես նաև իր աշխատավայր հանդիսացող հանրային իշխանության մարմնի ֆիզիկական տարածքները անվտանգության հնարավոր սպառնալիքներից պաշտպանելու համար:
  6. Հանրային ծառայողը պետք է խրախուսի կոռուպցիոն բնույթի դեպքերի և այլ խախտումների մասին հաղորդում ներկայացնելը և նման վարքագծով օրինակ ծառայի մյուս հանրային ծառայողների համար։
  7. Հանրային ծառայողը պետք է քայլեր ձեռնարկի իրեն ենթակա ծառայողների կողմից կոռուպցիոն ռիսկեր պարունակող վարքագիծ ցուցաբերելուց խուսափելու համար:
  8. Հանրային ծառայողը պետք է ստեղծի աշխատանքային բարոյահոգեբանական բարենպաստ և առողջ միջավայր, որը կնպաստի ավելի արդյունավետ աշխատանքի իրականացմանը։
  9. Հանրային ծառայողը պետք է ձեռնարկի բոլոր ողջամիտ քայլերը իրեն ենթակա հանրային ծառայողների շրջանում Հայաստանի Հանրապետության օրենքների, սույն կանոնների և հանրային ծառայության սկզբունքների մասին իրազեկվածությունն ապահովելու ուղղությամբ, հետևողական լինի դրանց պահպանմանը:
  10. Հանրային ծառայողը պետք է բարեխղճորեն կատարի իր պարտավորությունները որպես քաղաքացի, ներառյալ բոլոր ֆինանսական պարտավորությունները, հատկապես օրենսդրությամբ նախատեսված հարկերի, տուրքերի և կումունալ վճարումների գծով պարտավորությունները, պահպանի երթևեկության և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ կանոնները։
  11. Հանրային ծառայողը հանրային ծառայողների միջև մասնավոր ֆինանսական գործարքներ կնքվելու դեպքում պետք է հավաստիանա և ապահովի, որ իրենց մասնավոր գործարքների արդյունքում հանրային ծառայության հեղինակությունը և իրենց աշխատավայր հանդիսացող հանրային իշխանության մարմինների աշխատանքները որևէ գործառնական կամ հեղինակության վնաս չեն կրի։

 IV. ՏԻՊԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

  1. Հանրային ծառայողները անձնական պատասխանատվություն են կրում վարքագծի կանոնների պահպանման համար:
  2. Հանրային ծառայողի կողմից վարքագծի կանոնների խախտում թույլ տալը հաշվի է առնվում նրա ատեստավորման, ծառայողական առաջխաղացման, պաշտոնի նշանակման ժամանակ:
  3. Սահմանված Պարտադիր կանոնների խախտումը կարող է առաջ բերել կարգապահական պատասխանատվություն՝ համապատասխան օրենսդրական ակտերով սահմանված կարգով: Սահմանված կարգապահական պատասխանատվությունը չի բացառում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցների կիրառումը։
  4. Սույն վարքագծի կանոնների հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը:

 

 

 

  • Քննարկվել է

    15.03.2022 - 30.03.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9144

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

30.03.2022

82-րդ կետի վերաբերյալ․ հանրային ծառայողները, ինչպես նաև այլ աշխատողներ իրավունք ունեն իրենց աշխատանքային և սոցիալ-տնտեսական շահերը ներկայացնելու նպատակով միավորվել արհեստակցական միություններում։ Նրանք իրավունք ունեն նաև ընտրվել այդ արհմիությունների ղեկավար մարմիններում։ Որպես արհմիության անդամ՝ իրենց իրավունքները հանրային ծառայողներն իրացնում են տարբեր եղանակներով։ Այն դեպքում, երբ հանրային ծառայության մարմինը խոչընդոտում է այդ իրավունքների իրականացմանը, կամ հանրային ծառայողն ու հանրային ծառայության մարմինը կամ նրանց ղեկավարը համաձայնության չեն գալիս որևէ հարցի շուրջ, հասունանում է կոլեկտիվ աշխատանքային վեճ, որի լուծման ձևերը սահմանված են Աշխատանքային օրենսդրությամբ՝ ընդհուպ մինչև գործադուլ, որը հրապարակային գործողություն է։ Եվ միայն արհմիությունն ու դրա անդամներն են որոշում՝ այդ լուծման ձևերը լինեն հրապարակային, թե ոչ, տեղեկությունները և քննադատությունները հրապարակվեն սոցցանցերում, թե ոչ։ Այնպես որ, այս կետը սահմանափակում է հանրային ծառայողների սահմանադրական իրավունքը՝ ուղղված իրենց աշխատանքային, սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանությանը։ Բացի դրանից, հանրային իշխանության մարմնի գործառույթները, որոշումները, գործունեությանն առնչվող խնդիրները և իրավական հարցերը չքննադատելու մասին դրույթը հակասում է սույն կանոնների 29-րդ կետին, որտեղ սահմանված է, որ քննադատական մտահոգություններ արտահայտելիս պետք է լինել հարգալից։ Այնպես որ, առաջարկում ենք 82-րդ կետը հանել։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

30.03.2022

81-րդ կետի դրույթները հարկավոր է հստակեցնել, քանի որ դրանք սուբյեկտիվ ընկալման տեղիք են տալիս և դրանով սահմանափակում են հանրային ծառայողի ազատ խոսքի և ինքնաարտահայտման հիմնարար իրավունքը։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

30.03.2022

72-րդ կետում անհրաժեշտ է ավելացնել «բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» բառերը։ Մասնավորապես, «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն գործատուն պարտավոր է պայմաններ տրամադրել արհեստակցական միությանը կանոնադրությամբ նախատեսված աշխատանքների կազմակերպման և կատարման համար։ Բացի այդ, Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների արդեն ներկայացված օրենսդրական նախագծում նախատեսվում է սահմանել դրույթ, որով աշխատողների ներկայացուցիչներին գործատուն պետք է տրամադրի տարածք և նյութատեխնիկական միջոցներ։

Տեսնել ավելին