«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 22.1-րդ, 22.2-րդ, 22.3-րդ, 22.4-րդ, 22.5-րդ, 22.6 և 22.7-րդ կետերով.
«22.1) սննդամթերքի հետ շփվող նյութերին և դրանց հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջների հաստատումը.
22.2) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջների հաստատումը.
22.3) Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում հայտնաբերված` մարդու առողջության համար վտանգավոր սննդամթերքի, սննդային հավելումների և սննդամթերքի հետ շփվող նյութերի մասին ծանուցման կարգի հաստատումը.
22.4) արգելված սննդային հավելումների ցանկի հաստատումը.
22.5) մսի, մսամթերքի և հումքի վարակազերծման ու ոչնչացման կարգի սահմանումը.
22.6) Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության տարածք արտահանվող՝ կենդանական ծագում ունեցող մթերքում մնացորդային նյութերի հսկողության, կենդանական ծագում ունեցող մթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակների, մնացորդային նյութերի նկատմամբ հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգի հաստատումը.
22.7) Եվրոպական միության երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ վտանգավոր նյութերի առավելագույն քանակների հսկողության կանոնների սահմանումը
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
« ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Կառավարությունը հաստատում է նաև՝
- Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող, Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական տարածք ներմուծվող` անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրների օրինակելի ձևերը, դրանց ձևավորման և վարման ընթացակարգը, հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրների ձևերի տվյալների փոխանցման կանոնակարգի ու ձևաչափի վերաբերյալ տեխնիկական պայմանները.
- Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը.
- Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ արտահանվող մեղրին ներկայացվող պահանջները, ինչպես նաև մարդու սպառման համար նախատեսված մեղրի և մեղվաբուծական այլ արտադրանքների արտահանման առողջության սերտիֆիկատ տալու կարգը և առողջության սերտիֆիկատի ձևը.
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը.
- Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության նպատակով փորձարկումներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների` մրցույթով լիազորման կարգը.
- Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը և ձևերը.
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Անասնաբուժության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ- 137-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-րդ, 6.2-րդ, 6.3-րդ և 6.4-րդ մասերով.
«6.1) Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ վայրի ջրային կենդանիների արտահանման համար պահանջվող առողջության սերտիֆիկատ տալու կարգը և սերտիֆիկատի ձևը.
6.2) կենդանիների վարակիչ հիվանդությունների մասին ծանուցման և գրանցման կարգը.
6.3) բարձր ախտածին թռչնագրիպի համաճարակի հակազդեցության ազգային ծրագիրը.
6.4) Հայաստանի Հանրապետությունում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերացման և տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրը.
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
« ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ- 140-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.1-րդ, 8.2-րդ, 8.3-րդ, 8.4-րդ և 8.5-րդ մասերով.
«8.1) Հայաստանի Հանրապետությունում արգելված քիմիական նյութերի և թունաքիմիկատների ցանկի հաստատումը.
8.2) կենդանական ու բուսական ծագում ունեցող սննդամթերքում պեստիցիդների և նիտրատների առավելագույն մնացորդային քանակի հաստատումը.
8.3) սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական միջոցառումների համարժեքության ճանաչման և ռիսկի գնահատման կարգի հաստատումը.
8.4) բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգի և ձևերի սահմանումը.
8.5) ոչ պիտանի պեստիցիդների գործածության կանոնների հաստատումը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
14.03.2022 - 29.03.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 4242
Տպել