Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Երաշխավորության եվ ֆինանսական համակարգի հաշտարարի օրենսդրության փոփոխություններ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ներկայացումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 56-րդ կետով:  

Նախագծի ներկայացման նպատակը երաշխավորության ինստիտուտի կատարելագործում և երաշխավորների իրավունքների պաշտպանությունն է:     

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Խնդրի էությունն այն է, որ ՀՀ-ում երաշխավորների պաշտպանվածությունը չափազանց ցածր մակարդակի վրա է: Մասնավորապես՝

  1. Օրենսդրորեն բացակայում են երաշխավորներին ծանուցումների մեխանիզմները: Արդյունքում երաշխավորները անտեղյակ են լինում, որ պարտապանը չի վճարում պարտքը եվ պարտքի վրա կուտակված տույժերն ու տոկոսները պարտավոր է լինում վճարել երաշխավորը, այնինչ եթե երաշխավորը տեղեկացված լիներ պարտավորության չվճարման փաստի մասին, կվճարեր ավելի շուտ եվ պարտքի չափն էլ էապես քիչ կլիներ:
  2. Մյուս խնդիրը կապված է վարկատու կառուցների կողմից տեղեկատվության բացահայտման կամ տրամադրման հետ: Վարկատու կազմակերպությունները պատշաճ տեղեկատվություն չեն բացահայտում երաշխավորին, որի արդյունքում երաշխավորը գիտակցված որոշում չի կայացնում երաշխավորություն տալու ժամանակ:
  3. Բացի այդ, երաշխավորության գործողության ժամանակահատվածում երաշխավորը զրկված է երաշխավորված պարտավորության մասին տեղեկատվություն ստանալու իրավունքից, անտեղյակ է, թե ինչ չափով է մնացել երաշխավորված պարտավորությունը, մարման գրաֆիկը ինչպիսին է եվ այլն.
  4. Պրակտիկայում լինում են դեպքեր, որ առանց երաշխավորի գիտության երաշխավորված պարտավորությունը փոփոխվում է միակողմանի՝ մեծացնելով երաշխավորի բեռը:
  5. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում են երաշխավորի համապարտ պարտավորություն, ինչը նշանակում է, որ երաշխավորը վարկառուի հետ համահավասար պայմաններում պատասխանատվություն է կրում այդ պարտավորության համար: Միջազգային պրակտիկայում գործում է այլ կարգավորում՝ երաշխավորի պարտավորությունը սուբսիդիար է, ինչը ավելի մեղմ է, քան համապարտ պարտավորությունը:
  6. Մեր կարծիքով համապարտ պարտավորություն պետք է նախատեսել այն պարտավորությունների համար, երբ երաշխավորը ի վիճակի է օբյեկտիվ գնահատական տալ պարտապանի գույքային դրության վերաբերյալ, ստուգել նրա վարկային պատմությունը, վերահսկել նրա կանխիսկ հոսքերը, քանի որ նա դառնում է ըստ էության համավարկառու: Սակայն մեր օրենսդրությամբ բացակայում են այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան երաշխավորներին գնահատել նշված հանգամանքները: Ուստի եվ, կարծում ենք, որ սուբսիդիար պարտավորություն պետք է նախատեսել հենց այն երաշխավորների համար, ովքեր կարող են գնահատական տալ պարտապանի գույքային դրությանը, ստուգել նրա վարկունակությունը, վերահսկել նրա կանխիկ հոսքերը:

Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

 

Օրենսդրական փոփոխությունները հնարավորություն կտան լուծելու այն խնդիրները, որոնք առաջանում են երաշխավորների հետ եվ պաշտպանելու երաշխավորների շահերը:

Մասնավորապես Նախագծով սահմանվել են՝

  1. Երաշխավորին պարտապանի պարտավորության վերաբերյալ ծանուցումների մեխանիզմներ՝ պարտապանի կողմից պարտավորության չկատարման դեպքում ոչ ուշ հենց հաջորդ օրը երաշխավորը պետք է ծանուցվի, երաշխավորն ամբողջ ինֆորմացիան ունի հիմնական պարտավորության վերաբերյալ և այլն: Ընդ որում՝ երաշխավորին չծանուցած օրերի համար տույժ, տուգանքներ չի թույլատրվում հաշվարկել ու գանձել:
  2. Երաշխավորին պետք է բացատրվի երաշխավորությամբ ստանձնվող պատասխանատվության մասին, մատչելի ձևով ներկայացվի երաշխավորվող մայր գումարը, տույժերն ու տոկոսները, ժամկետը և այլն.
  3. Երաշխավորության պայմանագրով արգելվում է նախապես սահմանված այն պայմանը, որի համաձայն երաշխավորը տալիս է իր համաձայնությունը երաշխավորի պարտավորությունը մեծացնելու վերաբերյալ. այդպիսի պայմանի նախատեսությումը պայմանագրում առոչինչ է:
  4. Ֆիզիկական անձ երաշխավորի պարտականությունը սուբսիդիար է: Բացառություն է, երբ դա նախատեսված է պայմանագրով և միաժամանակ
  • երաշխավորն ու պարտապանը հանդիսանում են նույն ընտանիքի անդամներ: Նույն ընտանիքի անդամներ են համարվում ծնողները, երեխաները, կինը, ամուսինը.
  • երաշխավորը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամ կամ պարտապան իրավաբանական անձի բաժնետեր.
  • երաշխավորը պարտատիրոջ առջև հայտարարել է, որ ինքը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառուն:
  1. Սուբսիդիար պատասխանատվությունը նշանակում է, որ պարտարերը պետք է պահանջ ներկայացնի հիմնական պարտապանին և սպառվի նրա կողմից պահանջի բավարարման նշված միջոցները, և միայն դրանից հետո պարտատիրոջ պահանջ չբավարարվելու դեպքում պահանջ ներկայացնի երաշխավորին:
  2. Տրված երաշխավորությունը պետք է համահունչ լինի երաշխավորի գույքային դրությանը: Հակառակ պարագայում դատարանը կարող է նվազեցնել երաշխավորված գումարը:

Նշված փոփոխությունների ընդունման արդյունքում երաշխավորների իրավունքները պատշտանված կլինեն:

 

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ`                                    Արթուր Ջավադյան

 

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման

Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ներկայացումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 55-րդ կետով:  

Նախագծի ներկայացման նպատակը Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից սպառողների իրավունքների ընդգրկում պաշտպանության իրականացումն է, ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի ու ֆինանսական համակարգում վեճերի լուծման գործընթացների կատարելագործումը:

         

Ընթացիկ իրավիճակը, խնդիրները, կարգավորման առարկան

2008 թվականից ի վեր գործում է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքը, որը ունի կիրառման ժամանակ ի հայտ եկած խնդիրներ: Այդ խնդիրները մասնավորապես կապված են՝

  1. Հաշտարարին դիմող անձանց շրջանակը: Այժմ երաշխավորները, երրորդ անձ գրավառուները ունենում են գույքային վեճեր ֆինանսական կազմակերպությունների հետ, սակայն չեն կարողանում դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին: Նախագծով իրավունք է տրվում դիմելու հաշտարարին: Այդ ցանկի մեջ ներառվել են նաեվ փոքր անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք, քանի որ Հաշտարարի ինստիտուտի գործելակերպը օպերատիվ է ու անվճար:
  2. Նման փոփոխության անհրաժեշտությունը բխում է նաեվ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից՝ օրենսդրական այնպիսի բարեփոխումների իրականացումը, որոնց համաձայն կբեռնաթափվի ՀՀ դատական համակարգը:
  3. Գույքային պահանջի սահմանման հստակեցումը: Քաղաքացիները Հաշտարարին հաճախ դիմում են պահանջներով, որոնք կապված են ֆինանսական կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ, սակայն չեն պարունակում գույքային պահանջ վարկերի դասակարգումների հետ կապված: Այլ կերպ ասած` Կազմակերպությունը ոտնահարում է քաղաքացու իրավունքները և այդ գործողության հետևանքով կարող է առաջանալ գույքային վնաս:
  1. Հաշտարարի կողմից բողոքների ընդունման և քննության գործընթացի պարզեցում՝ պահանջների առավել արդյոււնավետ և արագ քննություն իրականացնելու նպատակով, մասնավորապես՝

-  Բողոք-պահանջի ներկայացման փուլի պարզեցում՝ հնարավորություն տալով էլեկտրոնային եղանակով հաշտարարի գրասենյակի կողմից Հաճախորդի անունից բողոք-պահանջի ներկայացում կազմակերպություններին,

-  Էլեկտրոնային ծանուցումների համակարգի ներդրում,

-  Հաշտարարի որոշումն ուժի մեջ մտնելու համար Օրենքով սահմանված 30-օրյա ժամկետի կրճատում: Հաշտարարի որոշման կայացումից անմիջապես հետո քաղաքացիները, որպես կանոն, արդեն հստակ դիրքորոշում են ունենում դրա հետ համաձայնվել/չհամաձայնվելու վերաբերյալ, սակայն ստիպված են սպասել 30 օր, ինչը հարուցում է հաճախորդների դժգոհությունը և հակասում է պահանջի քննության արագության սկզբունքին.

- հաշտության հիմքով գործի ավարտի նախատեսում:

  1. Տեխնիկական խնդիրների վերացում:

 

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի գործունեության արդյունավետությունը էլ ավելի կբարձրանա: Սպառողների շահերի պաշտպանությունը ֆինանսական հաշտարարի կողմից կդառնա ավելի արագ, հաշտարարին դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը կավելանա, ինչի արդյունքում կապահովվի ինչպես դատական համակարգի բեռնաթափումը, այնպես էլ ՓՄՁ-ների իրավուքների պաշտպանությունը։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ`                                  Արթուր Ջավադյան

 

 

 

 

  • Քննարկվել է

    05.09.2017 - 20.09.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    ՀՀ կենտրոնական բանկ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 16690

Տպել