Հիշել նախագիծը

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 

  ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1. Անհրաժեշտությունը.

     Ներկայացված օրենսդրական նախագծի փաթեթով առաջարկվող իրավակարգավորումների անհրաժեշտությունը  պայմանավորված է.

1) քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման մարմնի կողմից լիցենզավորման գործընթացի արդյունավետ իրականացմամբ,

2) «Քաղաքաշինության մասին» օրենքում առկա օրենսդրական բացերի լրացմամբ,

3) Մասնագետների որակավորման բարձրացման նպատակով քաղաքաշինության բնագավառում շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրմամբ,

4) շարունակական մասնագիտական զարգացման գործառույթի ապահովմամբ՝ հասարակական կազմակերպությունների, բարձրագույն կրթության հաստատությունների միջոցով, որոնք կբավարարեն օրենսդրությամբ սահմանված պահանջները,

5) Լիցենզավորված կազմակերպությունների ռեյտինգավորման ցանկի ստեղծմամբ,

6) Լիցենզավորված տնտեսվարող սուբյեկտների և ՇՄԶ հավաստագրված մասնագետների  ռեգիստրի ստեղծմամբ:

     Ոչ լիարժեք և հստակ սահմանված լիցենզավորման և որակավորման պայմաններն ու պահանջները քաղաքաշինության բնագավառում գործող տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծում են անհավասար մրցակցային դաշտ, ինչը հակասում է լիցենզավորման գործընթացի օրենքով սահմանված նպատակներին:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

1) «Լիցենզավորման մասին» օրենքը սահմանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և կարգավորում է լիցենզավորման հետ կապված հարաբերությունները («Լիցենզավորման մասին» օրենք, Հոդված 1): Լիցենզիան լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող պաշտոնական թույլտվություն է, ինչպես նաև այդ իրավունքը հավաստող պաշտոնական փաստաթուղթ («Լիցենզավորման մասին» օրենք, Հոդված 3): Լիցենզավորման գործընթացը՝ կապված լիցենզիաների տրման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման հետ,  իրականացվում է պետական մարմնի կողմից՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով («Լիցենզավորման մասին» օրենք, Հոդված 3): Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք: Լիցենզիա ստացած ֆիզիկական անձն իրավունք ունի զբաղվելու այդ բնագավառում ձեռնարկատիրական գործունեությամբ միայն որպես անհատ ձեռնարկատեր, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի Լիցենզավորման մասին» օրենք, Հոդված 7): Լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են միայն  օրենքով և լիցենզավորման կարգերով: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տրվող լիցենզիաների լիցենզավորման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը («Լիցենզավորման մասին» օրենք, Հոդված 10):

2) Գործող խմբագրությամբ «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված աղյուսակի 17-րդ կետով սահմանված են քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության հետևյալ տեսակները՝

ա) քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում (բացառությամբ կոնստրուկտորական մասի և շինարարության թույլտվություն չպահանջող աշխանքների),

բ) քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների),

գ) շինարարության իրականացում (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների, համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասի տարածքում ոչ ձեռնարկատիրական նպատակով սեփականատիրոջ կողմից կառուցվող` 300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տների, հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտների, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունների, 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակների, 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցների, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունների և 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունների),

դ) շինարարության որակի տեխնիկական հսկողություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների, համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասի տարածքում ոչ ձեռնարկատիրական նպատակով սեփականատիրոջ կողմից կառուցվող` 300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տների, հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտների, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունների, 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակների, 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցների, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունների և 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունների),

ե) ինժեներական հետազննում,

զ) շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն:

    3) Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման գործընթացը և  Լիցենզավորման մասին օրենքով սահմանված պահանջների կիրարկումն ապահովվում է  Հայաստանի Հանրապետության կառավարության  հետևյալ որոշումներով՝

       ա)ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N777-Ն,

       բ)ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի  N775-Ն,

       գ)ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N788-Ն,

       դ)ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N774-Ն,

       ե)ՀՀ Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի  N1533-Ն,

       զ)ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի N855-Ն:

 4) Լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների համար, որոնց իրականացումը պահանջում է մասնագիտական գիտելիքներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել մասնագիտական որակավորման պայմաններ («Լիցենզավորման մասին» օրենք, Հոդված 13): Քաղաքաշինության բնագավառում շինարարության որակի տեխնիկական հսկողության, ինժեներական հետազննման, շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության տեսակների համար «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված է մասնագիտական որակավորման պահանջ:

5) Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմինը լիցենզավորման գործընթացի ապահովման ընթացքում բախվել է մի շարք խնդիրների, որոնց համակարգային լուծումները հնարավոր է ապահովել միայն սույն օրենսդրական նախագծով ներկայացված իրավակարգավորումների առկայության դեպքում:  Քաղաքաշինության բնագավառում գործող լիցենզավորման կարգերով սահմանված պահանջները հակասում են «Լիցենզավորման մասին» օրենքին, ինչպես նաև օրենքով նախատեսված պահանջները հակասում են լիցենզավորման գործընթացի սկզբունքներին և նպատակներին:  «Լիցենզավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածը, ի թիվս այլ նպատակների, սահմանում է, որ գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզավորման նպատակն է անձանց կյանքին, առողջությանը, գույքին, պետության և հասարակության շահերին, բնության, մշակութային ժառանգության պահպանությանն առավել վտանգի սպառնալիքով հղի գործունեության տեսակներով զբաղվողների նկատմամբ հսկողության իրականացումը:  Հետևաբար լիցենզավորման գործընթացն ապահովող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները և պայամները սահմանելիս պետք է ապահովվեն «Լիցենզավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածով սահմանված սկզբունքները: Այնուամենայնիվ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հիմնավոր է համարում այն հանգամանքը, որ շինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պետք է համապատասխանեն օրենսդրությամբ սահմանված որոշակի չափորոշիչների:

«Քաղաքաշինության մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն քաղաքաշինական փաստաթղթերը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց են։ Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ապահովման համար գործող իրավակարգավորումների համակարգային վերլուծության արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ: Լիցենզավորված իրավաբանական անձին լիցենզիային կից տրամադրվող ներդիրների իրավաչափությունը:

«Լիցենզավորման մասին» օրենքի 18-րդ հոդվածով սահմանվում են լիցենզիային կից ներդիրի տրամադրման հետ կապված հարաբերությունները: Համաձայն գործող իրավակարգավորումների լիցենզիային կից տրամադրվում է ներդիր, եթե լիցենզիայի տրամադրման համար նախատեսված է մասնագիտական որակավորման պահանջ, տեխնիկական որակավորման պահանջ կամ լիցենզավորման կարգերով սահմանված այլ պահանջներ և պայմաններ: Լիցենզավորող մարմնի կողմից նշված պահանջների բավարարումը հավաստվում է լիցենզային կից տրամադրվող ներդիրի միջոցով: «Լիցենզավորման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ մասնագիտական որակավորման պահանջներ նախատեսող գործունեության տեսակների համար անձանց լիցենզիաներ տրամադրելիս լիցենզավորման կարգերով կարող են նախատեսվել այդ աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիրների տրամադրում, որը հաստատում է նրանց գիտելիքների համապատասխանությունը սահմանված պահանջներին: Նույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների համար, որոնց իրականացումը պահանջում է մասնագիտական գիտելիքներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել մասնագիտական որակավորման պահանջներ: Գործող խմբագրությամբ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված աղյուսակի 17-րդ կետով սահմանված են քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթեր ինժեներական բաժինների մշակման, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության և շինարարության իրականացման համար մասնագիտական որակավորման պահանջ նախատեսված չէ: Սակայն նշված գործունեության տեսակների լիցենզավորման կարգերով նախատեսված է մասնագիտական որակավորման պահանջներ:

6)   ՀՀ կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1533-Ն որոշմամբ հաստատվել է տվյալ գործունեության տեսակների լիցենզավորման կարգը՝ համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխությամբ սահմանված պահանջների:

7) Գործող լիցենզավորման կարգերը և «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված պահանջները լիարժեք չեն ապահովում լիցենզավորման գործընթացի արդյունավետությունը և չեն նպաստում քաղաքաշինության բնագավառում անհրաժեշտ որակավորմամբ տնտեսվարող սուբյեկտների ձևավորմանը, չեն տարանջատում տարբեր որակավորում և փորձառություն ունեցող անձանց կամ կազմակերպությունների գործունեությունները: Լիցենզավորման կարգերով հաշվի չի առնվում քաղաքաշինական գործունեության օբյեկների բարդությունը, և ոչ լիարժեք սահմանված լիցենզավորման պայմանները ստեղծում են անհավասար մրցակցային դաշտ, ինչը հակասում է լիցենզավորման նպատակներին։ 

8) 1998 թվականի մայիսի 5-ի խմբագրությամբ «Քաղաքաշինության մասին» ՀՕ-217 օրենքի (ստորագրվել է 1998 թվականի մայիսի 26-ին, ուժի մեջ է մտել 1998 թվականի հունիսի 9-ին) 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության «զ» կետի համաձայն՝ Կառուցապատողները պարտավոր են ապահովել իրենց քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը, շահագրգիռ կողմերի հետ դրանց համաձայնեցումը, օբյեկտի շինարարության որակի տեխնիկական ու հեղինակային հսկողությունը՝ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Վկայակոչված օրենսդրական դրույթի կիրարկումը ապահովվել է  1998 թվականի ապրիլի 28-ի ՀՀ Քաղաքաշինության նախարարության  «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ» N 44 հրամանով:  Համաձայն N 44  հրամանի 1.1 կետի՝ հրահանգը կարգավորում է ՀՀ տարածքում կառուցապատողների կողմից շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացնող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը: Նույն հրամանի 3.1 կետով սահմանվում է, որ Կառուցապատողը կազմակերպում է տեխնիկական հսկողությունը լիցենզավորված մասնագիտական կազմակերպությունների կամ մասնագետների հետ ձևակերպված երկկողմ պայմանագրերով:  Նույն հրամանը սահմանում է շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված մասնագիտական կազմակերպությունների կամ մասնագետների իրավունքները և պարտականությունները: 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին» ՀՕ-494-Ն ՀՀ օրենքի (ստորագրվել է 2003 թվականի հունվարի 11-ին, ուժի մեջ է մտել 2003 թվականի հունվարի 23-ին) 5-րդ հոդվածի համաձայն խմբագրվել է 1998 թվականի մայիսի 5-ի «Քաղաքաշինության մասին» ՀՕ-217 ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը՝ սահմանելով, որ Կառուցապատողները պարտավոր են ապահովել քաղաքաշինական օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը՝ օրենքով սահմանված կարգով: 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին» ՀՕ-494-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով խմբագրվել է 1998 թվականի մայիսի 5-ի «Քաղաքաշինության մասին» ՀՕ-217 ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանելով, որ քաղաքաշինական սուբյեկտների իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով: Նշված փոփոխությունների արդյուքնում առաջացել է օրենսդրական բաց, որի արդյունքում գործող խմբագրությամբ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով բացակայում են անհրաժեշտ իրավակարգավորումները շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող անձանց իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման կարգի վերաբերյալ:

9) «Լիցենզավորման մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ «Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյաններից այլ անձանց տեղեկությունների տրամադրման, ինչպես նաև այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, որակավորման քննությանը մասնակցելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով: Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով կարող են նախատեսվել տարեկան տուրքեր:»: Սակայն «Պետական տուրքի մասին» օրենքով պետական տուրք է սահմանվել քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզիայի ներդիրների համար:

10) Նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխանող քաղաքաշինության բնագավառում պատասխանատու մասնագետների (այսուհետ՝ մասնագետ) շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգի ներդրման միջոցով մասնագետների ունակությունների և գիտելիքների բարձրացման և կապալառու կազմակերպություններում մասնագիտական ծառայությունների որակի անընդհատ բարելավման անհրաժեշտությամբ:

Հայտնի է, որ քաղաքաշինության բնագավառում մասնագիտական կրթության և շարունակական մասնագիտական զարգացման գործընթացները գտնվում են բոլոր երկրների զարգացման և կառուցապատողներին որակյալ մասնագիտական ծառայությունների տրամադրման հիմքում: Միջազգային փորձը փաստում է, որ շարունակական մասնագիտական զարգացումը նպաստում է կապալառու կազմակերպությունների կողմից ծառայությունների որակի բարձրացմանը:

11) Միջազգային փորձը

Բազմաթիվ զարգացած երկրներում սահմանված է ՇՄԶ համակարգին անցնելու ընդհանուր պահանջներ, մասնավորապես՝ մասնագետների համար պարտադիր է համարվում տեսական գիտելիքների զարգացումը մասնագիտական դասընթացներին, սեմինարներին, սիմպոզիումներին մասնակցության միջոցով, գործնական հմտությունների զարգացումը գիտագործնական միջոցառումներին մասնակցության միջոցով, ինչպես նաև ինքնազարգացումը՝ օրինակ առցանց դասընթացների մասնակցության միջոցով, ինչի գնահատման համար սահմանված է կրեդիտային համակարգ: Վերոնշյալ միջոցառումները կազմակերպվում են մասնագետների մասնագիտական հասարակական կազմակերպությունների, ճարտարապետաշինարարական կազմակերպությունների կամ քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների կողմից: ՇՄԶ պահանջները չկատարելը կարող է ունենալ տարբեր հետևանքներ՝ նախազգուշացումից մինչև մասնագիտական գործունեության թույլտվության կասեցում կամ դաթարեցում։

Մասնագիտական գործունեության թույլտվությունը որոշակի ժամանակային պարբերականությամբ պետք է թարմացվի և դա կապակցվում է ՇՄԶ կրեդիտների պահանջների կատարման հետ: Օրինակ, Բելգիայում, Իտալիայում և մի շարք այլ երկրներում ՇՄԶ-ն դարձել է իրավական պարտավորություն։ Գերմանիայում ՇՄԶ պահանջված կրեդիտների չլրացնելը կարող է հանգեցնել տվյալ մասնագետի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցվող գումարի նվազեցմանը կամ մասնագետի ապահովագրության շրջանակում նրա գործունեության իրավունքի ետ կանչմանը։ Շվեյցարիայում «Շինարարական մասնագիտությունների մասին» օրենքը սահմանում է պարտադիր ուսուցման պահանջ և նախատեսում է ֆինանսական ներգործման միջոցներ ՇՄԶ պահանջները չկատարելու դեպքում։ Գործունեության իրավունքի վերագրանցման համար մասնագետները պետք է ներկայացնեն փաստաթղթեր ՇՄԶ ծրագրերին մասնակցության և պահանջվող քանակի ՇՄԶ կրեդիտների վերաբերյալ։

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում քաղաքաշինության բնագավառում շարունակական մասնագիտական զարգացման օբյեկտիվ և արդյունավետ համակարգ, չի իրականացվում մասնագետների որակական մակարդակի գնահատման գործընթաց:

 

3. Կարգավորման նպատակը.

1) Սույն օրենսդրական փաթեթով որպես առաջին հիմնական նպատակ առաջարկվում է հստակ սահմանել քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և գործող կարգավորումներում կատարել խմբագրություն: Գործող օրենսդրությամբ քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են՝

       ա) քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում,

       բ) քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն,

       գ) շինարարության իրականացում,

       դ) շինարարության որակի տեխնիկական հսկողություն,

       ե) ինժեներական հետազննում,

       զ) շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն:

    2) Քանի որ շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունն ու ինժեներական հետազննումը իրականացվում է հաստատված կարգերի, մեթոդաբանությունների հիման վրա և իրականացվում է, որպես մեկ գործունեության ենթատեսակ,  նպատակահարմար է նշված ծառայությունների մատուցման համար տրամադրել քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցման մեկ լիցենզիա՝ տարանջատելով գործունեության ենթատեսակների՝ ներդիրներով: Լիցենզավորված սուբյեկտը նշված գործունեությունները կարող է իրականացնել, եթե լիցենզիայի անբաժան մաս կազմող ներդիրում առկա է համապատասխան գրառում՝ գործունեության պատասխանատու անձի (անձանց) վերաբերյալ:

Շենքերի և շինությունների անձնագրավորման գործընթացի իրականացման լիազորությունները նախատեսվում է վերապահել  տեխնիկական վիճակի հետազննության ոլորտում լիցենզավորված իրավաբանական անձանց, որոնք կունենան ամբողջական մասնագիտական ներուժ՝ նախատեսվող  գործընթացի բավարար մակարդակն ապահովելու նպատակով: Նույն լիցենզիայի ներդիրում լրացում է կատարվել և նաև «շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն» բառերից հետո ավելացվել է «և անձնագրավորում» բառերը:  

3) Ներկայացված օրենսդրական նախագծով առաջարկվում է սահմանել հետևյալ լիցենզիայի տեսակները՝

       ա) քաղաքաշինական փաստաթղթերի կազմում՝ բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի

       բ) քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն,

       գ) շինարարության իրականացում,

դ) շինարարության որակի տեխնիկական հսկողություն,

ե) քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում:

4) Օրենսդրական նախագծով լիցենզավորման ենթակա բոլոր գործունեության տեսակների համար նախատեսված է մասնագիտական որակավորման պահանջ: Լիցենզավորված սուբյեկտը լիցենզավորման ենթակա գործունեությունը կարող է իրականացնել միայն պատասխանատու անձի միջոցով, որի վերաբերյալ տեղեկատվությունը  պարտադիր կարգով ամրագրվում  է լիցենզիային կից ներդիրում:

5) Ներկայացված օրենսդրական նախագծի երկրորդ հիմնական նպատակն է ստեղծել տնտեսվարող սուբյեկտների համար հավասար մրցակցային դաշտ, ինչպես նաև բարձրացնել  մասնագիտական որակավորման պահանջներն ու պատասխանատվությունը:

6) Սահմանվում են օրենքում բացակայող մի շարք հիմնական հասկացություններ, ինչպիսիք են «քաղաքաշինության բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող պատասխանատու անձ», «շարունակական մասնագիտական զարգացում», «հավաստագրում» և այլն: Սահմանվում են օտարերկրացի մասնագետների և այլ պետություններում կրթություն ստացած անձանց համար Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնելու պահանջները: Սահմանվում են նաև մասնագետների իրավունքներն ու պարտականությունները, ՇՄԶ կազմակերպման գործընթացը և հավաստագրմանը ներկայացվող հիմնական պահանջները:

7) «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է ՇՄԶ հավաստագիր ստանալու համար պետական տուրքի չափաբաժիններ, համապատասխան կարգերի:

8) Հաշվի առնելով, որ շարունակական մասնագիտական զարգացումը քաղաքաշինության բնագավառում համարվում է որակյալ պարտադիր պայման, անհրաժեշտ է Հայաստանում ևս ներդնել վերոնշյալ համակարգը:

9) Ստեղծել  քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան կրթության, շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) ընթացքում ստացված տեսական գիտելիքների և գործնական հմտությունների գնահատման գործընթացի` թեստավորման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

10) Բավարարել քաղաքաշինության բնագավառում առկա կադրային ներուժի մասով վարվող քաղաքականությունը: Այդ նպատակով  նախատեսվում է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և մասնագետների որակավորումները բաժանել համապատասխանաբար դասերի և կարգերի՝ ըստ օբյեկտների ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների).

-  քաղաքաշինական փաստաթղթերի կազմման կամ շինարարության իրականացման համար. 

       1) բարձրագույն ռիսկայնության օբյեկտներ (I դաս),

       2) միջինից բարձր ռիսկայնության օբյեկտներ (II դաս),

       3) ցածր ռիսկայնության օբյեկտներ (III դաս):

     - քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցման գործունեության տեսակների դեպքում.

1) բարձրագույն ռիսկայնության օբյեկտներ (I դաս),

2) միջինից բարձր ռիսկայնության օբյեկտներ (II դաս):

Քաղաքաշինության բնագավառում մասնագետները ըստ վերապատրաստման մակարդակի և քաղաքաշինության բնագավառում իրականացվող գործունեության տեսակի, աշխատանքային փորձի, կատարված աշխատանքների ծավալի և բարդության դասակարգվում են երեք կարգի՝ I, II և III:

        Տարբեր ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական օբյեկտների շինարարության իրականացման, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կամ այլ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի համար  լիցենզավորման կարգով նախատեսվում է սահմանել տարբեր պայմաններ և պահանջներ: Իրավական որոշակիության ապահովման նպատակով ներկայացված օրենսդրական փաթեթով նախատեսվել է խմբագրել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը՝ սահմանելով  քաղաքաշինական օբյեկտների  դասակարգումը, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 

11) նախատեսվում է  լիցենզավորման գործընթացը կանոնակարգող տարբեր տարիներին ընդունված և ներկայումս գործող ենթաօրենսդրական ակտերը (Հայաստանի Հանրապետության կառավարության 02.07.2009թ. N777-Ն, 02.07.2009թ. N775-Ն, 20.07.2009թ. N788-Ն, 02.07.2009թ. N774-Ն, 27.12.2018թ. N1533-Ն որոշումներ) միավորել՝ սահմանելով քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման մեկ միասնական կարգ:

12) Օրենսդրական նախագծի երրորդ հիմնական նպատակն է կարգավորել  շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության հետ կապված հարաբերությունները: Գործող կարգավորումների համաձայն շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունը իրականացվում է երկու առանձին սուբյեկտների կողմից:

13) Ներկայացված օրենսդրական նախագծի չորրորդ հիմնական նպատակն է ապահովել ինչպես սկսնակ, այնպես էլ գործող տնտեսվարող սուբյեկտների ոլորտում ազատ գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը՝ սկսնակներին առաջարկելով  սկսել գործառույթները ցածր ռիսկայնության աստիճանի օբյեկտներից:   Սահմանված է պետական տուրքի դրույքաչափ,  որը տրվող լիցենզիայի ներդիրի համար չի գերազանցում ներկայումս գործող յուրաքանչյուր գործունեության տեսակի լիցենզիայի բոլոր ներդիրների դրույքաչափերի միասնական գումարին: Ուստի սահմանված պետական տուրքի դրույքաչափերի մասով համեմատական կարգով վերլուծություն կարելի է կատարել միայն ցածր և միջին ռիսկայնության աստիճանի լիցենզիաների յուրաքանչյուր ներդիրների համար: Ստորև ներկայացվում է վերջին տարիներին իրականացված հիմնական գործառույթներից, ՀՀ պետական բյուջե փաստացի մուտքերը:

Տրամադրվել է. 2016 թվականին՝ 209 լիցենզիա և 434 ներդիր, 2017 թվականին՝  236 լիցենզիա և 503 ներդիր, 2018 թվականին՝ 204 լիցենզիա և 367 ներդիր, 2019 թվականին՝ 473 լիցենզիա և 1214 ներդիր, 2020 թվականին՝ 482 լիցենզիա և 987 ներդիր:

Դադարեցվել է. 2016 թվականին՝ 94 լիցենզիա և 175 ներդիր, 2017 թվականին՝  97 լիցենզիա և 178 ներդիր, 2018 թվականին՝ 81 լիցենզիա և 167 ներդիր, 2019 թվականին՝ 60 լիցենզիա և 124 ներդիր, 2020 թվականին՝ 59 լիցենզիա և 128 ներդիր:

Որպես տարեկան պետական տուրք և տույժ 2016-2020 թվականներին ՀՀ պետական բյուջե փաստացի մուտք է եղել համապատասխանաբար՝ 324, 43 մլն, 344,65 մլն, 322,73 մլն, 355,08 մլն և 383,83 միլիոն ՀՀ դրամ, իսկ որպես կանխատեսում եղել է՝ 339,50 մլն, 343,58 մլն, 326,88 մլն, 347,10 մլն և 374,57 միլիոն ՀՀ դրամ:

 

4. Օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման հետ կապված անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն, 02.07.2009թ. N 777-Ն, 02.07.2009թ. N 775-Ն, 20.07.2009թ. N 788-Ն, 02.07.2009թ. N 774-Ն, 27.12.2018թ. N 1533-Ն 23.07.2009թ. N 855-Ն, 24.09.2010թ. N 1283-Ն որոշումներում:

 

5. Օրենքների նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Նա­­խագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

6. Իրավական ակտերն ընդունելու դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.

 ««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի   բյուջեում նախատեսվում է եկամուտների և ծախսերի հնարավոր ավելացում կամ հնարավոր նվազեցում:

 

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

 Օրենքների նախագծերը բխում են ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի «10.1 «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ներկայացում Վարչապետի աշխատակազմ» և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշմամբ հաստատված ՀՀ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկով սահմանված «9.1. ՀՀ օրենսդրությամբ քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների սահմանում, լիցենզիաների տրամադրման ընթացակարգի կազմում և ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ» և «9.2. Քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների դասակարգում ըստ ռիսկայնության աստիճանի: Քաղաքաշինական թույլատվական ընթացակարգերի համապատասխանեցում սահմանված քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների դասակարգմանը» միջոցառումների կատարման պահանջներից:

Օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կընձեռնի իրականացնել նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի՝ 10.2 «Լիցենզավորման, մասնագետների հավաստագրման, թեստավորման, մասնագետների և կազմակերպությունների ռեգիստրի ձևավորման և կառուցվածքի վարման կարգերը հաստատելու մասին», ինչպես նաև «Մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման հնգամյա ժամանակացույցը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծերի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ», 10.3 «Քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող մասնագետների մասնագիտական չափորոշիչների և որակավորման պահանջների սահմանում՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով» կետերը և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշմամբ հաստատված ՀՀ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկով սահմանված 10-րդ նպատակը՝ «մասնագետների որակավորման բարձրացման նպատակով քաղաքաշինության բնագավառում շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդնում, շարունակական մասնագիտական զարգացման գործառույթի ապահովում հասարակական կազմակերպությունների, բարձրագույն կրթության հաստատությունների միջոցով, որոնք կբավարարեն օրենսդրությամբ սահմանված պահանջները»:

 

8. Ակնկալվող արդյունքը.

1) Նախագծի ընդունմամբ ակնկալվում է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորվող սուբյեկտների համար ձևավորել հստակ, բարենպաստ և ամբողջական իրավական միջավայր՝ իրականացվելիք գործողությունների հստակ հերթականությամբ և հնարավորինս պարզեցված պայմաններով՝ փոխկապակցված կառուցապատվող օբյեկտի ռիսկայնության աստիճանի հետ:

2) Քաղաքաշինական սուբյեկտների վարկանիշային դասակարգումը կսահմանի տվյալ սուբյեկտի քաղաքաշինական գործունեությունը՝ հաշվի առնելով դրա տեխնիակական հնարավորությունների, անձնակազմի մասնագետների փորձառությունը, կատարված աշխատանքները և այլ չափորոշիչներ: 

3) Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է յուրաքանչյուր քաղաքաշինական ոլորտի մասնագետների գործունեության, շարունակական որակավորմանն ուղղված հետևողական քայլերի ապահովմամբ (հետդիպլոմային մասնագիտական կրթության կարգ, հիմնական և նեղ մասնագիտությունների ցանկի հաստատում, շարունակական մասնագիտացման զարգացման կատարելագործման և լրացուցիչ մասնագիտացման անցկացման կարգ և պայմաններ, ուսումնական ծրագրեր, միջոցառումներ), լիցենզավորման գործընթացների հետագա կանոնակարգմամբ ու պարզեցմամբ, մասնագետների գրանցամատյանների ստեղծմամբ և վարմամբ կդյուրինացվի քաղաքաշինական սուբյեկտներում նրանց ներգրավման գործընթացը:

4) Լիցենզավորման համակարգում կներդրվի քաղաքաշինության բնագավառում միասնական ռեգիստրի ստեղծման, կառուցվածքի վարման և մոնիթորինգի իրականացման համակարգը, որը ուղղված կլինի նաև Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությանը և դրա իրականացման 2019-2022 թվականների «4.3 Հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում» գլխի միջոցառումների ծրագրի կատարմանը:

 

 

  • Քննարկվել է

    15.02.2022 - 02.03.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5616

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

27.02.2022

Հաշվի առնելով, որ Նախագծով ներկայացված առաջարկությունները ըստ էության չեն տարբերվում նման վերնագրով 2019-2020թթ նախագծերով ներկայացված առաջարկություններից՝ հորդորում ենք իրական քննարկման առարկա դարձնել նույն հարթակում ներկայացված <<Քաղաքաշինություն և տնտեսություն>> ՀԿ-ի դիտողությունները և առաջարկությունները՝. https://www.e-draft.am/projects/1738/digest 27,06,2019թ. https://www.e-draft.am/projects/1964/digest 04.10.2019թ. https://www.e-draft.am/projects/2666/digest 25.08.2020թ.

Տեսնել ավելին