Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի մշակումը բխում է ՀՀ կողմից վավերացված Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 3-րդ հավելվածի և կառավարության 2021 թվականի նոյեմբերի 14-ի N1902-Լ որոշման Հավելված 1-ի 13.1 կետի պահանջներից։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի շրջանակներում պարզեցվել են շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի մշակման և նախատեսվող գործունեություն իրականացման նպատակով փորձաքննական եզրակացության տրամադրման հետ կապված գործընթացները։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի 4-րդ հոդվածում ներկայացված են օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները, մասնավորապես՝

«շրջակա միջավայր» հասկացությունում ներառվել են «կլիմա» և «բնապահպանական այլ հողեր» եզրույթները,

«հիմնադրույթային փաստաթուղթ» հասկացությունից որոշ փաստաթղթերի նախագծեր հանվել են (օրինակ՝ քաղաքականություն, ուրվագիծ), որոշներինն էլ ներառվել են (օրինակ՝ պլան, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների փաստաթղթերը), բացի այդ սահմանվել է, որ հիմնադրույթային փաստաթուղթ է համարվում նաև հասկացությամբ սահմանված փաստաթղթերի  ցանկացած փոփոխությունը, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով.

«նախատեսվող գործունեություն» հասկացությամբ սահմանվել է, որ բացի նախագծի շրջանակներում թվարկված մի շարք գործունեության տեսակներից նախատեսվող գործունեություն է համարվում նախագծով թվարկված գործունեության տեսակների ուսումնասիրությունը կամ արտադրությունը կամ կառուցումը կամ շահագործումը կամ վերակառուցումը կամ ընդլայնումը կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինումը կամ վերապրոֆիլավորումը կամ կոնսերվացումը կամ տեղափոխումը կամ լուծարումը կամ փակումը կամ քանդումը կամ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող նախագծային փոփոխությունը,

«ռազմավարական էկոլոգիական գնահատում» և «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» հասկացությունով նկարագրվում է հիմնադրույթային փաստաթղթի և նախատեսվող գործունեության իրականացման   գործընթացների հետ կապված գործողությունները,

«հայտ» հասկացությունը խմբագրվել է այն իրենից ներկայացնում է  նախատեսվող գործունեության տեսակների վերակառուցում կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինում կամ վերապրոֆիլավորում կամ կոնսերվացում կամ տեղափոխում կամ լուծարում կամ փակում կամ քանդում կամ նախագծային փոփոխություն իրականացնելուց առաջ ձեռնարկողի կողմից լիազոր մարմին ներկայացվող տեղեկությունների փաթեթ,

հստակեցվել են «փորձագետ», «ձեռնարկող», «հանրություն», «շահագրգիռ հանրություն» հասկացությունները և ընդլայնվել դրանցում ընդգրկվածների շրջանակը, հասկացություններում տրվել է բնապահպանական կառավարման պլանի սահմանումը, խմբագրվել է նախագծային փաստաթղթի հասկացությունը, հասկացություններում կատարվել են մի շարք այլ փոփոխություններ:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի լիազորությունները ներառվել են լիազոր մարմնի լիազորություններում։

Նախագծի 7-րդ հոդվածով  շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում դիտարկվող գործողությունների, շրջակա միջավայրի օբյեկտների և բնութագրերի շարքը համալրվել է։

13-րդ հոդվածով նախատեսվող գործունեության տեսակները՝ ըստ շրջակա միջավայրի վրա նվազող ազդեցության աստիճանի ու ըստ բնագավառների դասակարգվում են երկու՝ Ա և Բ կատեգորիաների, գործող օրենքում դրանք երեքն են՝ Ա, Բ, Գ կատեգորիաներ։Գործող  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 14-րդ հոդվածով սահմանված  Բ կատեգորիայի որոշ բնագավառների գործունեության տեսակներ միացել են  Ա կատիգորիայի նախատեսվող գործունեության տեսակներին և  փոփոխվել են դրանց սահմանչափերը, իսկ որոշներն էլ միացել են գործող օրենքի 14-րդ հոդվածով սահմանված  Գ կատեգորիայի գործունեության տեսակներին, այստեղ նույնպես վերանայվել են սահմանաչափերը։

 Վերոնշյալ փոփոխության իրականացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող կարգավորումներով Ա և Բ կատեգորիաների նախատեսվող գործունեությունների փորձաքննության ներկայացման համար նախատեսված ընթացակարգերը գրեթե նույնն են, միայն սահմանված բազային տուրքի չափն է տարբեր։

Նախագծով գործող կարգավորումներից հանվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նախնական փուլը, ինչպես նաև նախնական փուլի հետ  կապված նախնական գնահատման հայտի ուսումնասիրության, տեխնիկական առաջադրանք կազմելու և ձեռնարկողին տրամադրելու պահանջները։

Նախագծով սահմանվել է տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների) կողմից նախնական համաձայնության տրամադրման հետ կապված կարգավորումները, այն է՝ նախատեսվել է  ձեռնարկողի կողմից տեղական ինքնակառավարման մարմնին (մարմիններին) ծանուցմամբ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների) համար սահմանվել է պահանջ, որ  ծանուցումը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կատարեն հանրության ծանուցում և ծանուցումից առնվազն 12 աշխատանքային օր հետո իրականացնեն հանրային լսում (լսումներ), և դրանց արդյունքում հանրության գրավոր կամ էլեկտրոնային առաջարկությունների ներկայացման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ձեռնարկողին տրամադրեն  նախատեսվող գործունեության վերաբերյալ նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն:

Նախագծում 18-րդ հոդվածով գործող օրենքի 19-րդ հոդվածը՝ Փորձաքննության հիմանակն փուլը խմբագրվել է՝ «փորձաքննություն» վերնագրով, որտեղ սահմանվել է փորձաքննության փուլի հետ կապված ընթացակարգերը։

Նախագծի 19-րդ հոդվածով սահմանվել է նախատեսվող գործունեության  տեսակների վերակառուցման կամ տեխնիկական կամ տեխնոլոգիական վերազինման կամ վերապրոֆիլավորման կամ կոնսերվացման կամ տեղափոխման կամ լուծարման կամ փակման կամ քանդման կամ  նախագծային փոփոխության իրականացնելուց առաջ ձեռնարկողի կողմից  լիազոր մարմին հայտ ներկայացնելու պահանջը։

Նախագծով նախատեսվում է սույն օրենքով սահմանված գործողություններ իրականացնելուց առաջ ձեռնարկողի կողմից լիազոր մարմին ներկայացվող փաստաթղթերի փաթեթի կազմումը վերապահել բացառապես համապատասխան լիցենզիա ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, ինչին համապատասխան նախատեսվել են լրացումներ «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում։

     Փորձաքննական եզրակացությունը հոդվածում սահմանվել է դրույթ այն մասին, որ փորձաքննական դրական եզրակացությունը կորցնում է ուժը, եթե նախատեսվող գործունեության իրականացումը չի սկսվում փորձաքննական դրական եզրակացության տրվելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, իսկ գործող օրենքում սահմանված է մեկ տարվա ժամկետ։ Հստակեցվել է փորձաքննական եզրակացությունն  ուժը կորցրած ճանաչելու դեպքերը, հղում կատարելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 94.1-ին հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկվելու դեպքերին։ Միաժամանակ նախագծի շրջանակներում մշակվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, նոր խմբագրությամբ շարադրելով օրենսգրքի 94.1-ին հոդվածը, որի շրջանակներում հստակ սահմանվել են փորձաքննության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չներկայացնելու հետ կապված  պատասխանատվության բոլոր դեպքերն ու տուգանքի չափերը;

Հարկ է նշել, որ տուգանքի չափերը անհամեմատ տարբեր են գործող 94.1-ին հոդվածով սահմանված տուգանքի չափերից։ Նախագծով սահմանված բարձր տուգանքի չափերը նպատակ ունեն պարտավորեցնլ ձեռնարկողներին այսուհետ շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող գործունեությունն սկսելուց առաջ դիմել լիազոր մարմին և ՀՀ օրենսդրությամբ սահմանաված կարգով ստանալ փորձաքննական դրական եզրակացությունը, այնուհետև սկսել գործունեությունը։

Մյուս կողմից իրավախախտման դեպքերի համար 94.1-ին հոդվածի սանկցիաներում սահմանվել է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության իրականացուման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացակարգերը խախտելն առաջացնում է նախազգուշացում, այնուհետև նախազգուշացումից հետո մեկամսյա ժամկետում այդ գործողությունները չիրականացնելու դեպքերում  տուգանք է  նշանակված։

 Նախագծի 5-րդ գլխում  ՌԷԳ-ին վերաբերվող  նոր կարգավորում է սահմանվել, որի շրջանակներում կարգավորվում են ռազմավարական էկոլոգիական գնահատման և փորձաքննության  գործընթացները, դրանց ներկայացվող պահանջները, ռազմավարական  էկոլոգիական գնահատման և փորձաքննության ենթակա հիմնադրույթային փաստաթղթերի տեսակները։

Վերոնշյալ 5-րդ գլուխը մշակվել է նպատակ ունենալով համապատասխանեցնել «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին արձանագրության» դրույթները ազգային օրենսդրության դրույթներին, առաջնորդվելով ՌԷԳ արձանագրությամբ ապահովել ազգային փորձի զարգացումը, ՌէԳ ուղեցույցների մշակումը, ՌԷԳ-ի արդյունավետ իրականացումը ՀայաստանիՀանրապետությունում։

Նախագծի 7-րդ գլուխը վերաբերվում է հանրության ծանուցմանը, հանրային լսումների իրականացմանը և դրանց ներկայացվող պահանջներին։ Այս պահանջների սահմանումը բխում է  «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին արձանագրության» և «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիությանմասին» կոնվենցիայի պահանջներից։

      «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համապատասխան դրույթները նախագծի կարգավորումներին համահունչ դարձնելու անհրաժեշտությունից։

      

   «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»                       օրենքի նախագծով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի՝

        Ա կատեգորիայի ՇՄԱԳ հաշվետվության փորձաքննության  համար սահմանվել է պետական տուրք՝ բազային տուրքի 1000-ապատիկի չափով, բացառություն է կատարվել  տեղական ինքնակառավարման մարմինների համար` սահմանվել է պետական տուրքը բազային տուրքի չափով, ինչպես նաև   ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման կամ հանքանյութի վերամշակման համար, որի համար` բազային տուրքի 500-ապատիկի չափով,

     Բ կատեգորիայի ՇՄԱԳ հաշվետվության փորձաքննության hամար պետական տուրքը՝ բազային տուրքի 50-ապատիկի չափով, այս դեպքում նույնպես տեղական ինքնակառավարման մարմինների համար պետական տուրքը  բազային տուրքի չափով է,

    հայտի և ձևաթղթի ուսումնասիրության համար  պետական տուրքը բազային տուրքի 15-ապատիկի չափով է։

          Պետական տուրքի սահմանման հարցում տարբերակված մոտեցման ցուցաբերումը ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման կամ հանքանյութի վերամշակման մասով բխում է փորձաքննական կենտրոնի կողմից ուսումնասիրվելիք փաստաթղթերի ծավալից և բարդությունից: Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների դեպքում բացառությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ պետական տուրքի վճարումները կատարվելու են պետական և տեղական բյուջեներից:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

        «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու միջազգային պայմանագրորվ ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունները։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, իսկ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով պայմանավորված նախատեսվում են պետական բյուջեի եկամուտներում ավելացումներ։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N1902-Լ որոշման 13.1  կետից

 

 

 

  • Քննարկվել է

    15.02.2022 - 05.03.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11089

Տպել

Առաջարկներ`

Վիկտորյա Բուռնազյան

04.03.2022

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի առաջարկությունը Օրենքի նախագծի հոդված 7-ի 12) կետի՝ ազդեցությունների հետ կապված առողջապահական և մնացած ոլորտային գործոնները գնահատելու համար նախագիծը չի ապահովում բավարար պայմաններ։ Մասնավորապես, նախագծի 15-րդ հոդվածի համաձայն, փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը՝ այս դեպքում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, գործընթացին պետք է ներգրավի այլ մասնակիցների: Այդ նպատակով նախագիծն ուղարկվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, այդ թվում նաև ՀՀ առողջապահության նախարարություն կարծիքների ստացման համար։ Միաժամանակ, ըստ հոդվածի, նշված մարմինների կողմից առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում կարծիք չներկայացնելու դեպքում այն համարվում է դրական։ Քանի որ Շրջակա միջավայրի նախարարությունը մյուս գերատեսչություններից պարտադիր կարծիք պահանջելու լիազորություն չունի, առաջարկում ենք պետական և տեղական ինքնակառաարման մարմիններից կարծիքների ստացման կարգի սահմանումը ևս ամրագրել գնահատման և փորձաքննության գործընթացներում Կառավարության իրավասությունները սահմանող հոդված 9-ում։

Վիգեն Ավետիսյան

03.03.2022

Առաջարկություններ <<«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ․ 1․ Տեղեկանք հիմնավորման մեջ նշված է, որ <<«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի շրջանակներում պարզեցվել են շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրութային փաստաթղթի մշակման և նախատեսվող գործունեություն իրականացման նպատակով փորձաքննական եզրակացության տրամադրման հետ կապված գործընթացները։>>, սակայն իրականությունը այլ է, բերեմ մեկ օրինակ․ նախագծի մեջ նշված է, որ պետք է ՇՄԱԳ-ն իրականացնի լիցենզիա ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձը կամ ձեռնարկողն անձամբ՝ համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում։ 2․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների հիմնավորումը սխալ է, քանի որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենսգրքի ընդունումից հետո բյուջեում միանշանակ կատարվելու փոփոխություն։ 3․ Ակնկալվող արդյունքը նույնպես սխալ է, քանի որ միջազգային պայմանագրերով ՀՀ կողմից ստանձնած պարտավորություններ նախատեսված չէ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումով։ 4․ Առաջարկում եմ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծից հանել <<ՇՄԱԳ-ն իրականացնի լիցենզիա ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձը կամ ձեռնարկողն անձամբ՝ համապատասխան լիցենզիա ունենալու դեպքում>> բառակապակցությունները։ Հակառակ դեպքում առաջարկում եմ <<ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի հոդված 11-ի 1-ին կետի (Հոդված 11 1․Տեխնիկական անվտանգության փորձաքննություն կարող են իրականացնել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` հավատարմագրված անձ):) նման «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծից հանել պետական փորձաքննական եզրակացություն հասկացությունը և գրել հետևյալ կերպ․ <<փորձաքննական եզրակացություն՝ փորձաքննության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից ընդունվող փաստաթուղթ >>։ Այս առաջարկից ելնելով փոփոխություն կատարել օրենքի նախագծի մեջ՝ ամբողջությամբ։ Այս առաջարկը չընդունելը կնշանակի, որ տեխնիկական անվտանգության ապահովումը թերագնահատվում է շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ։ 5․ Հոդված 4-ում հողերն ու բնապահպանական հողերը տարբեր ե՞ն, որ առանձին են գրվել։ 6․ Անդրսահմանային ազդեցություն հասկացության մեջ ինչ է՞ նշանակում <<որի ֆիզիկական աղբյուրն ամբողջությամբ կամ մասամբ այլ պետության իրավազորության ներքո գտնվող տարածքում է>>։ Այլ պետության տարածքի հետ կապված ազդեցությունը ով և ինչպես է գնահատելու։ Սահմանամերձ համայնքներում առաջանալու են բազմաթիվ խոչընդոտներ ցանկացած գործունեության հետ կապված։ Սա թույլ է տալիս հարևան երկրներին, իրենք ցանկությամբ դադարեցնել ցանկացած տեսակի գործունեություն, որը կիրականացվի ՀՀ տարածքի սահմանային և սահմանամերձ գոտիներում: Սա հանգեցնելու է սահմանամերձ տարածքների տնեսական զարգացման բացառմանը, որպես հետևանք՝ բնակության արտագաղթին, ինչը ուղղակիորեն հակասում մեր պետության անվտանգությանն ու անկախությանը: Նույն դիտողությունը վերաբերվում է ազդակիր պետություն հասկացությանը։ 7․ Հոդված 4-ի 20-րդ կետից հանել <<կազմված համապատասխան լիցենզիա ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից․>> բառակապակցությունը։ 8․ Հոդված 4-ի 23-րդ և 24-րդ կետերը գրեթե նույնն են, առաջարկում եմ վերամիավորել։ 9․ Հոդված 5-ում գիտական հիմնավորվածությունն առաջարկում եմ հստակեցնել։ 10․ Հոդված 6-ում և ամբողջ օրենքի նախագծում՝ արտակարգ իրավիճակների հնարավոր ռիսկերի գնահատման ապահովումը և նվազեցմանն ուղղված միջոցառումները կարգավորվում է <<ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքով։ Առաջարկում եմ վերը նշված կարգավորումները հանել օրենքի նախագծից։ 11․ Հոդված 7-ում <<նպատակային նշանակությունը, հողատեսքը, գործառնական նշանակությունը, կարգը,>> բառակապակցությունը հանել, քանի որ հակասում է ՀՀ Հողային օրենսգրքին և ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքին։ 12. Առաջարկում եմ վերանայել հոդված 7-ի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերը: Կենդանիների միգրացիոն ուղիները և բնադրավայրերը կենդանական աշխարհի օբյեկտներ են («Կենդանական աշխարհի մասին» ՀՕ-52 օրենք), անհասկանալի է, թե ինչի են ներառված 5-րդ կետում: Դրանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ են բազմամյա մասնագիտական դիտարկումներ: Ըստ նույն «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի (շրջակա միջավայրի նախարարության) իրավասություններից է կենդանական աշխարհի կադաստրի (այսինքն՝ կենդանական աշխարհի օբյեկտների իրավական ռեժիմի, քանակական և որակական բնութագրերի, վիճակի, բնապահպանական, մշակութային և տնտեսական արժեքների, աշխարհագրական և վարչատարածքային տարածվածության, պաշարների և օգտագործման մասին տեղեկությունների ու փաստաթղթերի համակարգի) վարումը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 24.03.2020թ.-ի №107-Ն հրամանի հավելված 18-ի՝ վայրի կենդանական և բուսական պաշարների կադաստրների ստեղծումը, վարումը և դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության տրամադրումը իրականացվում է շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրնսերի կառավարման վարչության կողմից: Հետևաբար, պահանջել այդ տեղեկատվությունը իրավաբանական կամ ֆիզիկական անձից անտրամաբանական է, այդ դեպքում ինչով է զբաղվում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումը: 13. Առաջարկում եմ հանել հոդված 7-ի 1-ին մասի 11-րդ կետը, քանի որ օրենսդրորեն սահմանված չէ «կլիմայի փոփոխությանը նպաստող գործոններ» հասկացությունը կամ տալ այդ գործոնների սպառիչ ցանկը, բնութագիրը: 14. Առաջարկում եմ վերանայել հոդված 7-ի 1-ին մասի 14-րդ կետը, քանի որ «արտակարգ իրավիճակ» հասկացությունը օրենքով սահմանված է, սակայն անհասկանալի է թե ինչ է «արտակարգ դեպքը» և «պատահարը»: 15․ Առաջարկում եմ <<Թափոնների մասին>>, <<Մթնոլորտային օդի պահպանության մասին>> ՀՀ օրենքներով և ՀՀ Ջրային օրենսգրքով նախատեսված թափոնների անձնագիր, թափոնների տեղադրման չափաքանակներ, սահմանային թույլատրելի արտանետումների չափաքանակներ, ջրօգտագործման թույլտվություններ ընդհանրապես չտրամադրվի տնտեսվարողներին, քանի որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում, հատկապես Հոդված 7-ում դիտարկվում են շրջակա միջավայրն ամբողջությամբ։ 16․ Հոդված 13-ում <<ընդերքօգտագործման ոչ վտանգավոր թափոնների վերամշակում,>> բառակապակցությունը հանել, քանի որ վերը նշված գործընթացը՝ փաստաթղթերով հանդերձ կարգավորվում է ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքով, որը համաձայնեցվել է Համաշխարհային բանկի փորձագետների հետ։ 17․ Հոդված 18-ի 6-րդ կետն առաջարկում եմ հանել, քանի որ տեղական ինքնակառավարման մարմնին կարծիքի ուղարկելն անհիմն է, որովհետև հանրային լսումն իրականացվում է հենց այդ նույն մարմնի կողմից։ Իսկ պետական կառավարման մարմնին կարծիքի ուղարկելը նույնպես անհիմն է, քանի որ բոլոր փաստաթղթերը հանրային լսման ժամանակ տեղադրվում է պաշտոնական կայքերում, թող բարի լինեն կարդան։ Հակառակ դեպքում առաջարկում եմ հաշվետվությունը կարծիքի ուղարկել նաև հանրությանը, մասնագետներին, ազգային ժողովի պատգամավորներին, այլ տնտեսվարողներին և այլն։ 18․ Հոդված 18-ի 9-րդ կետում առաջարկում եմ առաջին նախադասության <<լրամշակման կամ լրակազմման>> բառերից հետո ավելացնել <<՝ 10 աշխատանքային օրվա ընթացում>> բառերը։ 19․ Հոդված 20-ի 8-րդ կետում նշված սահմանված կարգը առաջարկում եմ կոնկրետ գրվի, քանի որ օրենսդրությամբ նման կարգ գոյություն չունի։ 20․ Առաջարկում եմ նոր գործոն տերմինը որոշողին հստակ շեշտել։ Ով է որոշելու նոր գործոն է՞, թե ոչ։ 21. Առաջարկում ենք վերանայել փորձաքննության նախնական փուլի հանելու գաղափարը: Ըստ գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի՝ փորձաքննության նախնական փուլում կանխորոշվում են շրջակա միջավայրի վրա հիմնադրութային փաստաթղթի դրույթների և (կամ) նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության շրջանակները, սահմանվում են գնահատումների հաշվետվության բովանդակությունն ու դրան վերաբերող պահանջները, որոշվում են գործընթացի մասնակիցների շրջանակները, կազմվում և ձեռնարկողին է տրամադրվում այդ ամենն ամփոփող ազդեցության գնահատման տեխնիկական առաջադրանքը։ Նախնական գնահատման հայտի մշակման, հետագա փորձաքննության և տեխնիկական առաջադրանքի տրամադրման գոծընթացը ուղղված էր/նպաստում էր նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունների համապարփակ վերլուծությանը, դրանց վերծանմանը, պետական կառավարման մարմինների հետ քննարկմանը, տեղեկատվության փոխանակմանը: Արդյունքում նախնական փուլից հետո, որոշ նախաձեռնողներ, հստակ պատկերացում ստանալով հնարավոր ռիսկերի, ազդեցությունների, վտանգների, հնարավոր ծախսերի վերաբերյալ, վերանայում էին իրենց մոտուցումներն ու որոշումները, կատարվում է նախատեսվող գործունեության այլընտրանքային տարբերակների էկոլոգատնտեսական վերլուծություն և նախընտրելի տարբերակի ընտրության և հիմնավորում: Նախնական փուլի առկայությունը բխում է հենց պետության շահերից, քանի որ ապահովում է պետական կառավարման մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը, ծրագրավորվող գործունեության հետ կապված խնդիրների վերծանումը :

Վիկտորյա Բուռնազյան

02.03.2022

Օրենքի նախագծում ներառել դրույթ ազդակիր բնակավայրերի սահմանման մեթոդաբանության մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու մասին: Հիմնականում ազդակիր համայնքների կարգավիճակ է տրվում այն համայնքներին, որոնց վարչական տարածքներում են գտնվում տնտեսվարողների ենթակառուցվածքները, չնայած որ ազդեցության տակ կարող են գտնվել այլ բնակավայրեր:

Տեսնել ավելին