«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2022 թվականի «________________» «_____» N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1.1 մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման 1-ին հավելվածում.
1) 204-րդ կետից հետո լրացնել նոր բաժին հետևյալ խմբագրությամբ.
«X. ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՔԱՆԴՄԱՆ (ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳ
205. Ինքնակամ կառույցների հայտնաբերումը տեղական ինքնակառավարման մարմնի անմիջական գործառույթն է:
206. Ինքնակամ կառույցները հայտնաբերելու և այդ մասին սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմիններին հայտնելու իրավասություն ունեն նաև՝ ՀՀ կառավարության 2002 թվականի հունվարի 14-ի «Հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմիններ սահմանելու մասին» N 26 որոշման 1-ի կետով սահմանված և ստորև նշված պետական լիազոր մարմինները, ինչպես նաև յուրաքանչյուր անձ ում հայտնի է դարձել տեղեկատվություն ինքնակամ կառույց իրականացնելու վերաբերյալ.
1) ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
2) ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:
207. Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ կառույցի քանդումն իրականացվում է դատական ակտի, տեղական ինքնակառավարման կամ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից ընդունված վարչական ակտի հիման վրա՝ ծանուցումն ստանալուց հետո երկամսյա ժամկետում:
Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ստուգվում է կառույցի կարգավիճակը և որոշում է կայացվում քանդման (ապամոնտաժման) վերաբերյալ, որի մասին տեղեկացվում է նաև ծանուցում ներկայացնող մարմինը:
208. Ֆիզիական կամ իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի քանդումը կարող է իրականացվել նաև սեփականատիրոջ դիմումի հիման վրա՝ տեղական ինքնակառավարման մարմնի որոշմամբ:
209. Ինքնակամ կառույցի քանդումն (ապամոնտաժումն) իրականացնելու համար տեղական ինքնակառավարման մարմին անհրաժեշտ է ներկայացնել քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կազմակերպման նախագիծ։ Եթե ինքնակամ կառույցը միացված է ինժեներատեխնիկական ապահովման ցանցերին, ապա քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կազմակերպման նախագծով պետք է նախատեսվեն նաև ինքնակամ կառույցը դրանցից անջատելու տեխնիկական պայմանները։
210. Ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կազմակերպման նախագիծ չի պահանջվում ինքնակամ կառուցված ավտոտնակի, տնամերձ հողամասի տան կցակառույցի, տնտեսական և օժանդակ շինությունների համար։
211. Ինքնակամ կառույցի քանդման աշխատանքների կազմակերպման նախագծի կազմը և բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է ՀՀ կառավարությունը:
212. Ինքնակամ կառույցի քանդում (ապամոնտաժում) իրականացնելու համար քանդման (ապամոնտաժման) թույլտվություն չի պահանջվում.
1) սույն կարգի 210-րդ կետով սահմանված դեպքերում,
2) ինքնակամ կառույցն իրականացվել է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի սահմաններում,
3) չի գերազանցում 100 մ2 ընդհանուր կառուցապատման մակերեսը,
4) չի ենթադրում փոփոխված կոնստրուկտիվ տարրերի կրկնակի փոփոխություն,
5) օբյեկտը չի օգտագործվել որպես թունավոր արտադրություն կամ պահեստ:
213. Ինքնակամ կառույցն ենթակա է քանդման (ապամոնտաժման), եթե.
1) կառուցվել է այն հողամասում, որի նկատմամբ չկան իրավահաստատող փաստաթղթեր,
2) կառուցվել է ընդհանուր օգտագործման տարածքի և հատուկ պայմաններով գոտու սահմաններում, որի թույլատրված օգտագործման տեսակը արգելում է նման օբյեկտի առկայությունը,
3) ինքնակամ կառույցի մասով բացակայում է նախնական շինարարության թույլտվության վերաբերյալ տեղեկատվություն,
4) նման շինությունների պահպանումը վտանգ է ստեղծում քաղաքացիների կյանքի և առողջության համար:
214. Ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) վերաբերյալ լիազոր մարմնի որոշումները չեն կարող ընդունվել պետական կամ համայնքային սեփականություն չհանդիսացող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նման շինությունների պահպանումը վտանգ է ստեղծում քաղաքացիների կյանքի և առողջության համար, ինչպես նաև խախտում է հարևանի հողօգտագործողների իրավունքները:
215. Պետական կամ համայնքային սեփականություն չհանդիսացող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցների քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կատարման համար հողամասի սեփականատերը կամ կառուցապատողը ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) աշխատանքներն սկսելուց 5 աշխատանքային օր առաջ տեղեկացնում է համայնքին։
216. Համայնքի կողմից ստացված տեղեկատվությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրվում և դիմումատուին տեղեկացվում է, որ դիմումն ընդունված է ի գիտություն, եթե աշխատանքները չեն պահանջում նախագծի հաստատում:
217. Հաստատման ներկայացված քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կազմակերպման նախագիծը 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի կողմից հաստատվում կամ հիմնավորված որոշմամբ մերժվում է։
218. Լիազոր մարմինը քանդման (ապամոնտաժման) վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելուց առաջ այդ մասին ծանուցում է ուղարկում գույքի սեփականատիրոջը։ Եթե հնարավոր չի եղել գտնել գույքի սեփականատիրոջը, ապա լիազոր մարմինն այդ մասին տեղեկություն է հրապարակում լրատվամիջոցներում և համացանցում, ինչպես նաև տեղեկատվական տախտակի վրա այն հողամասի սահմաններում, որտեղ գտնվում է ինքնակամ կառույցը։
219. Ինքնակամ կառույցի քանդման ժամկետը կախված է դրա բնույթից, սակայն քանդման (ապամոնտաժման) վերաբերյալ որոշմամբ չի կարող սահմանվել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի, իսկ ինքնակամ կառույցը նորմերով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու ժամկետը՝ 6 ամսից պակաս և 3 տարուց ավելի։
220. Ինքնակամ կառույցի քանդումն իրականացվում է այն կառուցած անձի կողմից, իսկ այդպիսի անձի մասին տեղեկատվության բացակայության դեպքում՝ հողամասի սեփականատիրոջ կողմից, որի վրա այն կառուցվել է։
221. Եթե հողամասի կամ գույքի սեփականատերը չի քանդում ինքնակամ կառույցը, ապա քանդումն իրականացվում է համայնքի բյուջեի հաշվին։ Ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը:
-
Քննարկվել է
10.02.2022 - 25.02.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 4488
Տպել