Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24 N-Ի 1535-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

--- 2022 թվականի N –Ն 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24 N-Ի  1535-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի կազմման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 1535-Ն որոշումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից։

 

  

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

---  --------------ի N--Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

  1. Սույն կարգով կարգավորվում են ծառայությունների անհատական ծրագրերը (այսուհետ՝ ԾԱԾ) կազմելու և իրականացնելու հետ կապված հարաբերությունները։
  2. ԾԱԾ-ը անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում մշակված փաստաթուղթ է, որը ներառում է գնահատվող անձի սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումներն ու ծրագրերը։
  3. Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ԾԱԾ-ը մշակվում է անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատող կառավարության որոշմամբ սահմանված ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի  (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից և տրամադրվում է անձին ֆունկցիոնալության գնահատման որոշման հետ միասին։  
  4. ԾԱԾ-ը կազմվում է էլեկտրոնային տարբերակով՝ ֆունկցիոնալության գնահատման e-disability.am էլեկտրոնային համակարգում (այսուհետ՝ էլեկտրոնային համակարգ)։ ԾԱԾ-ի թղթային կրիչը մեկ օրինակից տպվում, ստորագրվում և տրամադրվում է գնահատվող անձին կամ նրա ներկայացուցչին փոստով, էլեկտրոնային փոստով, առձեռն՝ ըստ գնահատվող անձի կամ նրա ներկայացուցչի ցանկության։
  5. ԾԱԾ-ն անձի համար ունի խորհրդատվական բնույթ։ Անձը կարող է հրաժարվել ԾԱԾ-ով նախատեսված մեկ, մի քանի կամ բոլոր միջոցառումներից և ծառայություններից՝ ներկայացնելով գրավոր դիմում Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) տարածքային կենտրոն։ ԾԱԾ-ը ենթակա է պարտադիր կատարման համապատասխան պետական մարմինների կողմից:
  6. ԾԱԾ-ում ներառվում են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում տվյալ անձի լիարժեք և արդյունավետ մասնակցությունը խթանելու նպատակով անհրաժեշտ բժշկական, վերականգնողական, կրթական, մասնագիտական, սոցիալական ծառայությունների և միջոցառումների, աջակցող միջոցների երաշխավորությունները։։
  7. ԾԱԾ-ը կազմվում է՝ հաշվի առնելով անձի օրգանիզմի կառուցվածքային առանձնահատկությունները, ֆունկցիայի խանգարման տեսակը (տեսակները) և աստիճանը (աստիճանները), գործունեության և մասնակցության սահմանափակման տեսակը (տեսակները) և աստիճանը (աստիճանները), վերականգնողական ներուժի գնահատումը, միջավայրային գործոնները (անձի վրա որոշակի ազդեցություն ունեցող ֆիզիկական և սոցիալական միջավայրը), կլինիկական ու վերականգնողական կանխատեսումները, ինչպես նաև վերականգնմանն ուղղված այնպիսի միջոցառումների ընդգրկման անհրաժեշտությունը, որոնք առավելապես կնպաստեն ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձի ֆիզիկական, մտավոր, մասնագիտական ունակությունների և կարողությունների զարգացմանը և (կամ) պահպանմանն ու սոցիալական ներառմանը:
  8. ԾԱԾ-ը կազմվում է հաշվի առննելով նաև ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող կանանց և աղջիկների՝ սեռով, ինչպես նաև երեխաների՝ տարիքային առանձնահատկություններով պայմանավորված հատուկ կարիքները:
  9. ԾԱԾ-ը կազմվում է հաշմանդամության սահմանման ժամկետով, իսկ անժամկետ հաշմանդամություն սահմանելու դեպքում՝ մինչև երեք տարի ժամկետով։
  10. Բժշկական, վերականգնողական, կրթական, մասնագիտական, սոցիալական համապատասխան ծառայություններ մատուցող և աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպություններն իրականացնում են ԾԱԾ-ով իրենց վերապահված միջոցառումները և ծառայությունները՝ սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով։ Այն միջոցառումները կամ ծառայությունները, որոնց իրականացումը նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, կարող են իրականացվել օրենքով չարգելված այլ աղբյուրներից ֆինանսավորման միջոցով։ Այս դեպքում կազմակերպությունը կլինի ոչ թե պատասխանատու տվյալ միջոցառման/ծառայության համար, այլ կնշվի որպես նախընտրելի կազմակերպություն տվյալ բնագավառում։
  11. ԾԱԾ-ի հետ համատեղ գնահատվող անձին տրամադրվում է տեղեկատվություն ԾԱԾ-ում ներառված միջոցառումներն իրականացնող կազմակերպությունների և(կամ) մարմինների և(կամ) հաստատությունների վերաբերյալ։
  12. ԾԱԾ-ը էլեկտրոնային համակարգի միջոցով հասանելի է բոլոր պատասխանատու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ դրա իրագործման ընթացքի վերաբերյալ նշումներ կատարելու համար։
  13. ԾԱԾ-ի իրականացման արդյունավետությունը գնահատում է հանձնաժողովը՝ անձի ֆունկցիոնալության վերագնահատման ժամանակ։
  14. ԾԱԾ-ում փոփոխություններ և(կամ) լրացումներ կարող են կատարվել վերագնահատման արդյունքում կամ գնահատվող անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա։
  15. ԾԱԾ-ում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել, երբ դրանով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում պարզ է դառնում, որ դրանք չեն հանգեցրել նախատեսված արդյունքներին, չեն նպաստել անձի սոցիալական ներառմանը կամ եթե ԾԱԾ-ը կազմելուց հետո անձի սոցիալական կարիքների փոփոխությամբ պայմանավորված՝ առաջացել է նոր միջոցառումների իրականացման կամ իրականացվող միջոցառումների ձևի և ծավալի փոփոխության անհրաժեշտություն:
  16. ԾԱԾ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար դիմումը շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը կարող է ներկայացնել առցանց, փոստով կամ առձեռն՝ Ծառայության տարածքային կենտրոն՝ ըստ հաշվառման կամ փաստացի բնակության վայրի։ Դիմումին ընթացք է տրվում կառավարության կողմից հաստատված անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը սահմանող իրավական ակտերի դրույթներին համապատասխան։
  17. ԾԱԾ-ում կատարված փոփոխությունները և(կամ) լրացումները ներբեռնվում են էլեկտրոնային համակարգ, իսկ ԾԱԾ-ի նախորդ տարբերակը պահպանվում է էլեկտրոնային համակարգում «Չի գործում» ծանուցագրով։ Փոփոխված ԾԱԾ-ի թղթային տարբերակը՝ հանձնաժողովի անդամների ստորագրությամբ, տրամադրվում է անձին կամ նրա ներկայացուցչին սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով։
  18. ԾԱԾ-ի իրագործման ընթացքի վերաբերյալ մշտադիտարկումն իրականացվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ծառայության կողմից։
  19. ԾԱԾ-ով երաշխավորված ծառայությունը մատուցած կազմակերպությունը և(կամ) հաստատությունը մատուցած ծառայության մասին տեղեկատվությունը անմիջապես ներբեռնում է էլեկտրոնային համակարգ նախատեսված միջոցառումն իրականացնելուց/ծառայությունը մատուցելուց հետո։
  20. Այն դեպքերում, եթե ծառայությունը մատուցող կազմակերպությունը և (կամ) հաստատությունը չունի հասանելիություն էլեկտրոնային համակարգին և չի կարող լրացումներ կատարել ԾԱԾ-ում, ապա նախատեսված միջոցառումն իրականացնելուց/ծառայությունը մատուցելուց հետո անհրաժեշտ տեղեկությունները անմիջապես փոխանցում է Ծառայություն, որն էլ այդ տեղեկությունների հիման վրա կարող է լրացումներ և/կամ փոփոխություններ կատարել ԾԱԾ-ում։
  21. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ԾԱԾ-ում նշված ծառայությունների իրականացման նկատմամբ մշտադիտարկում և գնահատում իրականացնում է նախարարի հրամանով սահմանված դեպքերում և ժամկետներում՝ առցանց եղանակով։
  22. Ծառայությունն էլեկտրոնային համակարգի միջոցով հետևում է ԾԱԾ-ով երաշխավորված միջոցառումների իրականացմանը և ծառայությունների մատուցմանը։ ԾԱԾ-ով սահմանված ժամկետում միջոցառումը չիրականացվելու/ծառայությունը չմատուցվելու պարագայում Ծառայությունը կապվում է պատասխանատու կազմակերպության և (կամ) հաստատության հետ։ Հիմնավոր պատասխան չստանալու դեպքում այդ մասին տեղեկացվում է Ծառայության պետին, ով գրավոր դիմում է համապատասխան կազմակերպությանը/հաստատությանը՝ պարզաբանումներ ստանալու նպատակով։
  23. Մշտադիտարկման և գնահատման վերաբերյալ տվյալները օգտագործվում և(կամ) տրամադրվում են վիճակագրական և հետազոտական նպատակներով օգտագործելու համար՝ պահպանելով անձնական տվյալների գաղտնիության պահպանման՝ օրենքով սահմանված պահանջները։
  • Քննարկվել է

    31.01.2022 - 15.02.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4851

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 9. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մշտադիտարկման և գնահատման նպատակով կիրառման ենթակա տվյալներն օգտագործվում և (կամ) տրամադրվում են վիճակագրական և հետազոտական նպատակներով օգտագործելու համար՝ պահպանելով անձնական տվյալների գաղտնիության պահպանման՝ օրենքով սահմանված պահանջները։»։ Առաջարկում ենք նաև անձնական տվյալների գաղտնիության պահպանմամբ՝ հրապարակել մշտադիտարկման զեկույցը՝ հանրային վերահսկողություն իրականացնելու նպատակով։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 8. 25-րդ կետով, համաձայն որի՝ Ծառայությունն էլեկտրոնային համակարգի միջոցով հետևում է ԾԱԾ-ով երաշխավորված միջոցառումների իրականացմանը և ծառայությունների մատուցմանը, առաջարկում ենք սահմանել, որ հասարակական կազմակերպությունները՝ անձի դիմումի հիման վրա կարող են կատարել ԾԱԾ-ի մշտադիտարկումը և խորհրդատվական եզրակացություն տալ Ծառայությանը։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

15.02.2022

* Առաջարկ/ները հիմնված են Նախագծի՝ e-draft.am կայքում տեղադրված word տարբերակի վրա։ 7. 21-րդ կետով նախատեսված է, որ ԾԱԾ-ի իրագործման ընթացքի վերաբերյալ մշտադիտարկումն իրականացվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ծառայության կողմից։ Առաջարկում ենք մշտադիտարկման աշխատանքներին մասնակից դարձնել մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։ Առաջարկում ենք մշտադիտարկումն իրականացնող խմբի կազմը հաստատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով՝ ապահովելով նախարարության և Ծառայության, ինչպես նաև ՔՀԿ-ների մասնակցությունը։ Այն դեպքում, երբ սույն առաջարկի ընդունումը նպատակահարմար չի դիտարկվի, մշտադիտարկման աշխատանքներին ապահովել ՔՀԿ-ների մասնակցությունը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։

Տեսնել ավելին