Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 574-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի թիվ 574-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրի ներքին կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ) խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) չափանիշներին համապատասխանեցնելու, ՄԱԿ-ի 1984 թվականի խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարմամբ, ձերբակալվածներին պահելու վայրերում (այսուհետ՝ ՁՊՎ) պահվող անձանց (ձերբակալվածներ, կալանավորվածներ, դատապարտվածներ) կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմամբ, վերջիններիս իրավունքների լիակատար իրացմամբ, ինչպես նաև ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված, ոլորտին վերաբերվող իրավակարգավորումներին և նոր օրենսգրքով սահմանված ինստիտուցիոնալ հասկացություններին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ներկայացուցիչների և ՀՀ ոստիկանության համակարգի ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից ՁՊՎ-ներ կատարված մշտադիտարկման, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՁՊՎ-ների գործունեությունում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծում տալով հնարավոր կինի ՁՊՎ-ների գործունեությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և առավելագույնս ապահովել ՁՊՎ-ում պահվող անձանց հիմնարար իրավունքների պաշտպանությունը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ներկայացուցիչների կողմից ՁՊՎ-ներ կատարած այցելությունների ընթացքում արձանագրվել են այնպիսի խնդիրներ, որոնց անդրադարձել է նաև ԽԿԿ-ն, ինչպես այլ երկրների, այնպես էլ Հայաստանի վերաբերյալ 2016 թվականի զեկույցում: Մասնավորապես՝ ՁՊՎ-ում պահվող անձանց պահման պայմանները, կապն արտաքին աշխարհի հետ ապահովումը, զբոսանքի տրամադրման և մերձավոր ազգականների հետ տեսակցության տրամադրման գործառույթները միջազգային նորմերին համապատասխանեցնելու առումով:
Նշված զեկույցում ԽԿԿ-ն անդրադարձել է նաև ազատությունից զրկման վայրերում իրականացվող բժշկական զննությանը և վերահաստատելով նախորդ տարիների զեկույցներում տեղ գտած հանձնարարականները, նշել է, որ ազատությունից զրկման վայր ընդունվելիս անձի առաջնային բժշկական զննությունը, հատկապես ստացված վնասվածքների գրանցումն ու հաղորդումը, պատշաճ չեն իրականացվում (զեկույցի 17-րդ կետ): Առաջարկվել է, որ ՁՊՎ մուտք գործած յուրաքանչյուր պահվող անձ ենթարկվի արտաքին բժշկական զննության՝ անկախ նրա կողմից բժշկական զննության ենթարկվելու պահանջ ներկայացնելու կամ տեսանելի մարմնական վնասվածքների առկայության հանգամանքից:
ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից ՁՊՎ-ներ կատարած այցելությունների ընթացքում արձանագրվել են հետևյալ խնդիրները.
- ՁՊՎ ընդունվող և պահվող անձանց բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ համապատասխան գրանցամատյանում սահմանված չէ բժշկական օգնություն ցուցաբերելու ժամի մասին նշում,
- ՁՊՎ-ում պահվող անձանց հաշվառման գրանցամատյանում սահմանված չէ ձերբակալվածին ոստիկանության բաժին բերման ենթարկելու և ՁՊՎ մուտք գործելու ժամերը նշելու մասին պահանջ, որը հնարավորություն է տալիս ստուգել անձին արգելանքի տակ պահելու օրենքով սահմանված ժամանակը,
- ՁՊՎ ընդունվող անձանց իրավունքների և պարտականությունների ծանուցման Ձև 19 տեղեկանքում մատչելի նշված չեն անձանց բոլոր իրավունքները,
- ՁՊՎ-ներում նախատեսված չէ մեկանգամյա օգտագործման սպասք, ինչը հնարավորություն կընձեռնի կանխարգելել վարակիչ հիվանդությունների տարածումը:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով ՁՊՎ-ներում առկա խնդիրների վերացման կարևորությունը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՀՀ ոստիկանության համակարգի ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից արված առաջարկությունները, ՀՀ ոստիկանության կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի թիվ 574-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Նախագծում տեղ գտած փոփոխությունները և լրացումները նպատակ են հետապնդում բացառել ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքների տարբեր ձևաչափերով ոտնահարումը, ինչպես նաև ՁՊՎ-ների գործունությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Մասնավորապես․
- ՁՊՎ մուտք գործած յուրաքանչյուր պահվող անձ կենթարկվի արտաքին բժշկական զննության՝ անկախ նրա կողմից բժշկական զննության ենթարկվելու պահանջ ներկայացնելու կամ տեսանելի մարմնական վնասվածքների առկայության հանգամանքից,
- կսահմանվի ՁՊՎ ընդունվող և պահվող անձանց բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ համապատասխան գրանցամատյանում բժշկական օգնություն ցուցաբերելու ժամի մասին նշում կատարելու պահանջ,
- կսահմանվի ՁՊՎ-ում պահվող անձանց հաշվառման գրանցամատյանում ձերբակալվածին ոստիկանության բաժին բերման ենթարկելու և ՁՊՎ մուտք գործելու ժամերը նշելու մասին պահանջ, ինչը հնարավորություն է տալիս ստուգել անձին արգելանքի տակ պահելու օրենքով սահմանված ժամանակը,
- կվերանայվի ՁՊՎ ընդունվող անձանց իրավունքների և պարտականությունների ծանուցման Ձև 19 տեղեկանքը,
- ՁՊՎ-ներում կկիրառվի մեկանգամյա օգտագործման սպասք, ինչը հնարավորություն կընձեռնի կանխարգելել վարակիչ հիվանդությունների տարածումը,
- կբարելավվեն ՁՊՎ-ների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները:
Միաժամանակ, նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի թիվ 574-Ն որոշման մեջ կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերի դրույթներին։ Մասնավորապես, քրեական հետապնդման մարմնի եզրույթը փոխարինվում է քրեական վարույթ իրականացնող մարմին հասկացությամբ, քանի որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում նման եզրույթ առկա չէ։ Հստակեցվում են ձերբակալաված անձանց պահելու վայրում անձին պահելու հիմքերը, ինչը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված՝ ձերբակալմանը վերաբերող կարգավորումներով։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի թիվ 574-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ նախատեսվում է պետական բյուջեում ծախսերի ավելացում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կամրապնդվի ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքների պաշտպանությունը, կբարելավվեն ՁՊՎ-ների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները, ՁՊՎ-ների գործունեությունը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին, ինչպես նաև առկա հասկացությունները և կարգավորումները կհամապատասխանեցվեն ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում ամրագրված իրավակարգավորումներին:
-
Քննարկվել է
05.01.2022 - 20.01.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 5064
Տպել