«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Բազմաբնակարան շենքի պահպանման, շահագործման, արդիականացման (այդ թվում՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) կանոնները հաստատելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի ընդունման
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 13.1 կետի համաձայն, դրա անհրաժեշտությունը բխումը է «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասի 5.1 և 12-րդ կետերից, 16-րդ հոդվածից և նպատակը՝ բազմաբնակարան շենքի պահպանման, շահագործման և արդիականացման (այդ թվում՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) հետ կապված հարցերի կանոնակարգումն է:
2. Առկա իրավիճակը
Հայաստանի Հանրապետությունում առկա տարբեր նշանակության ավելի քան 545 հազար շենքեր և շինություններից մոտ 19 հազարը՝ բազմաբնակարան շենքերն են:
Բազմաբնակարան շենքերի բնակարանային ֆոնդը հանդիսանում է երկրի առանցքային ակտիվներից մեկը և պետությունը շահագրգռված է այդ ակտիվի պատշաճ սպասարկման, անվտանգ շահագործման, պահպանման ու արդիականացման հարցերում: Շենքերն ու շինությունները՝ այդ թվում բազմաբնակարան, շահագործման ընթացքում ձեռք են բերում ֆիզիկական և բարոյական մաշվածություն, ենթարկվում են տարբեր բնական և տեխնածին երևույթների և կրում դրանց բացասական ազդեցության հետևանքները, որոնց չեզոքացման կամ ազդեցության նվազեցման համար պահանջվում են որոշակի միջոցառումների իրականացում: Նման միջոցառումների ժամանակին չիրականացումը կամ թերի իրականացումը բերում է մաշվածության գործընթացի արագացման և հանգեցնում վնասվածության մնացորդային կուտակումների՝ վատթարացնելով շենքի տեխնիկական վիճակը (ընդհուպ մինչև անբավարար կամ վթարային):
Արդյունքում, 2020 թվականի դրությամբ՝ համաձայն բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտացված առկա եզրակացությունների, անբավարար վիճակում է գտնվում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի շուրջ 3.2 %-ը:
Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինները գրեթե չեն ձեռնարկում օրենքով սահմանված կարգով շենքի պահպանմանն ուղղված պարտադիր իրականացման ենթակա միջոցառումներ՝ վտանգելով ոչ միայն շենքի ֆիզիկական գոյատևումը, այլ նաև մարդկանց առողջությունն ու անվտանգությունը:
Դրանց իրականացման հարցում առկա խոչընդոտներից է շենքերի պահպանման և շահագործման նկատմամբ իրավական և տեխնիկական հիմքերի որոշակի պակասը:
Այժմ թեպետ գործում են մի շարք նորմատիվ իրավական փաստաթղթեր, սակայն դրանց կիրառման մասով առաջանում են որոշակի խնդիրներ: Մասնավորապես, գոյություն չունի ընդհանուր, միասնական և միանշանակ հասկացություն շենքի պահպանման չափորոշիչների վերաբերյալ, ինչպես նաև պարտադիր իրականացման ենթակա աշխատանքների համար պատասխանատվության սահմանազատում և ամրագրում: Բացի այդ, շինության սեփականատերերը և շենքի կառավարման մարմինները տարբեր ձևով են մեկնաբանում գույքի պատշաճ պահպանման, շահագործման և այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքներն ու միջոցառումները:
Փորձը ցույց է տալիս, որ սեփականատերերը իրազեկված չլինելով, նաև, շատ դեպքերում չընկալելով իրենց գործողությունների խիստ բացասական հետևանքները, առանց քաղաքաշինական փաստաթղթերի և շինարարական թույլտվության վնասում են բազմաբնակարան շենքի կրող կոնստրուկցիաները (հատկապես նկուղային հարկերում հասարակական տարածքներ ստեղծելիս)։ Դատական գործընթացների անարդյունավետության, վերահսկող մարմինների անգործության հետևանքով այդպիսի բազմաթիվ դեպքերը մնացել են անհետևանք։
3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը
Նախագծով հաստատվող կանոններով սահմանվում են բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի նկարագիրը, դրա պահպանմանը, շահագործմանը, արդիականացմանն (այդ թվում՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) ուղղված աշխատանքների դասակարգման ընթացակարգը, որը ներառում է քաղաքաշինական, հակահրդեհային և սանիտարական նորմերի պահանջների ապահովմանն ուղղված կազմակերպչական և տեխնիկական համալիր միջոցառումներ, որոնց ժամանակին չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել շենքին, շենքի շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին:
Բացի այդ, սահմանվում են նաև շենքի կառուցվածքային տարրերի շահագործման, ներշենքային ինժեներական համակարգերի շահագործման, ինժեներական սարքավորումների ու սարքերի շահագործման կանոնները:
Ակնկալվում է, որ կանոնների հաստատմամբ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից շենքերի պահպանմանը, շահագործմանը, արդիականացմանն (այդ թվում՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) ուղղված աշխատանքների մասով կցուցաբերվեն միասնական մոտեցումներ և որ ամենակարևորն է, առնվազն պարտավորված կլինեն նվազագույն պարտադիր իրականացման աշխատանքների մասով չցուցաբերել անգործություն:
Նախատեսվում է նաև կանոնները հաստատվելուց հետո դրանք օգտագործել բազմաբնակարան շենքի կառավարման և վերահսկողություն իրականացնող մարմինների համար ուսումնական դասընթացների մշակման համար:
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աջակցությամբ:
5. Իրավական ակտի նախագծի մշակման համար հիմք դարձած ֆինանսական, տնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, սոցիալական հարցման, հետազոտությունների, վերլուծությունների կամ դիտարկման արդյունքները, ինչպես նաև իրավական ակտի նախագծի ընդունումը հիմնավորող այլ տվյալներ.
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հայտի հիման վրա՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) կողմից ֆինանսավորվող և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակներում կատարված ուսումնասիրության և վերլուծության արդյունքները:
6. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.
Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Քաղաքաշինության մասին» օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով:
7. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:
8. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը.
Նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը շահագրգիռ մարմիններ ներկայացնելու հետ միաժամանակ հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքի «Քաղաքաշինության բնագավառին առնչվող նորմատիվ իրավական ակտեր» բաժնի «Իրավական ակտերի նախագծեր» ենթաբաժնում:
-
Քննարկվել է
23.12.2021 - 07.01.2022
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 4115
Տպել