Հիշել նախագիծը

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ..

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ  ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2018-2038 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

      Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների  ռազմավարությունը և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունումը բխում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2014 թվականի ընթացքում իրականացրած  գործունեության  հաշվետվության ներկայացման վերաբերյալ 01/16.8/[318908]-15 թվակիր արձանագրության 3-րդ կետի 2-րդ ենթակետի ե) պարբերության պահանջներից, որի համաձայն նախատեսվում է քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով մշակել ռազմավարական ծրագիր՝ առաջիկա 20 տարվա համար՝ ըստ առաջնահերթությունների:

 

      Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

   Ներկայումս քրեակատարողական ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումների հիմնական շեշտադրումները ուղղված են ազատությունից զրկված անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը և դրանց լիարժեք իրացման երաշխավորումը միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը:

   ՎԵրոնշյալ բարեփոխումների իրականացումը նախատեսվել է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ: Իրականացվող բարեփոխումների համատեքստում  առանձնապես պետք է կարևորել ոլորտի կարգավորմանն ուղղված ենթաօրենսդրական ակտերի համալիր ուսումնասիրությունը, դրանց կատարելագործմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների և լրացումների իրականացումը:  

 Քրեակատարողական ոլորտի բարեփոխման ենթակա կարևորագույն հարցերից է պատժի կատարման վայրերի շենք-շինությունների պայմանների բարելավման հարցը՝ դատապարտյալների և կալանավորված անձանց  պահման համար անհրաժեշտ պատշաճ պայմանների ապահովման նպատակով:

  Քրեակատարողական համակարգի արդյունավետ աշխատանքի խթանման համար օրակարգային հարց է նաև քրեակատարողական ծառայողների մասնագիտական ուսուցման պատշաճ մակարդակի և պատրաստվածության ապահովումը, ինչպես նաև անբավարար նյութատեխնիկական ռեսուրսները, ինչն իր հերթին խոչնդոտում է վերջիններիս կողմից իրենց մասնագիտական պարտականությունների լիարժեք իրագործմանը:

  Ներկայումս քրեակատարողական համակարգի մտահոգիչ հարցերից է նաև ազատազրկման դատապարտված անձանց  հասարակության մեջ վերաինտեգրվելու հնարավորությունների և երաշխիքների ապահովման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը:

  Քրեակատարողական ոլորտի առավել լայնամասշտաբ վերափոխման կարիք ունի նաև բժշկական սպասարկման օգնության համակարգը՝ բժշկական ծառայությունների մատուցման ընթացքում քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց իրավունքները պաշտպանելու նպատակով:

 

 

     Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

     Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

 

     Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

        Սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է համակարգային փոփոխություններ իրականացնել քրեակատարողական համակարգի թե ինստիտուցիոնալ, թե օրենսդրական և թե շենքային և նյութատեխնիկական պայմանների բարելավման ուղղությամբ: Քրեակատարողական համակարգում առկա խնդիրների խորքային և համակողմանի  ուսումնասիրության արդյունքում վերհանված հիմնական խնդիրների լուծման, ինչպես նաև համակարգի զարգացման հեռանկարային ուղղությունները նախագծելու, կայուն և շարունակական բարեփոխումներն ապահովելու նպատակով անհրաժեշտ է  ներդնել իրավական արդյունավետ կառուցակարգեր:

        Սույն ծրագրի շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին զուգահեռ անհրաժեշտ է հիմնովին զարգացնել քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքները՝ միջազգային ստանդարտներին համապատասխան քրեակատարողական հիմնարկներ կառուցելու հեռանկարային ծրագրերի շնորհիվ:  Կարևորագույն հարց է  հանդիսանում պատիժ կրող անձանց ուղղման և պատժից ազատվող անձանց  վերասոցիալականացման հարցը, որը հարկավոր է լուծեր մասնագիտական ծրագրերի կիրառմամբ և ուղղորդման մեխանիզմների ստեղծման շնորհիվ: Անազատության մեջ պահվող անձանց զբաղվածության և կրթության ապահովմանն նպատակով անհրաժեշտ է իրականացնել համապատասխան միջոցառումներ՝ հասարակության մեջ վերաինտեգրվելու արդյունավետ  երաշխիքներ և գործուն մեխանիզմներ ապահովելու նպատակով:

Առաջնային բարեփոխման ենթակա հարցերից է քրեակատարողական համակարգում  որակյալ և անկախ բժշկական ծառայության ապահովման նպատակով, ըստ առաջնահերթությունների, աստիճանական բարեփոխումների միջոցառումների իրականացումը՝ ուղղված համապատասխան շենքային պայմանների, որակյալ մասնագետների, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումներով ապահովմանը:

       Քրեակատարողական համակարգի արդյունավետ գործունեությունն ու շարունակական զարգացումն ապահովելու գործուն երաշխիք է նաև  քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների շարունակական կատարելագործումը, ինչպես նաև. սոցիալական պայմանների բարելավումը:.

   Ծրագրի շրջանակներում կարևորվել է միջազգային համագործակցության ոլորտի զարգացման հեռանկարների պլանավորումը, որը թույլ կտա կատարելագործել քրեակատարողական համակարգի, իրավապահ և այլ մարմինների միջև գործնական համագործակցությունը:

     Ռազմավարական ծրագրի կարևորագույն ուղղություններից են նաև համակարգի՝ անվտանգության և պահպանության ինժեներատեխնիկական արդի համակարգերով վերազինումը, գործունեության թափանցիկության ապահովումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, բողոքարկման մեխանիզմների կատարելագործումը և այլն:

    Վերոնշյալ բարեփոխումերը միտված են ապահովել քրեակատարողական համակարգի աշխատանքի արդյունավետությունը, որի շարունակական իրագործման արդյունքում միայն հնարավոր կլինի արդյունավետ իրականացնել պատժի նպատակները:

  • Քննարկվել է

    24.08.2017 - 15.09.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեակատարողական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12672

Տպել

Առաջարկներ`

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

19.09.2017

ՀՀ արդարադատության նախարարությունում ստեղծել խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության և խտրականության դեմ պայքարի բաժին: ՀՀ արդարադատության նախարարությունում վերոնշյալ բաժնի ստեղծումը պայմանավորված է ազատազրկված անձանց բողոքների արագ արձագանքման, օպերատիվ լուծման և իրավիճակի վերահսկման անհրաժեշտությամբ։ Սույն բաժինը կարող է հանդիսանալ ազատազրկված անձանց համար իրավունքների և հիմնարար ազատությունների լրացուցիչ պաշտպանության երաշխիք։ Ազատազրկված անձանց տեսակցության իրավունքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի մշակում։ Նախագծում սահմանվել է այն կարևորագույն հիմնախնդիրը, որը կապված է պատիժը կրելուց հետո բանտարկյալներին՝ հասարակության մեջ վերաինտեգրվելու հնարավորությունների և երաշխիքների տրամադրման արդյունավետ համակարգի բացակայության հետ։ Նախագծում բավականին մանրամասնորեն տրվել է խնդրի վերաբեյալ հիմնավորում, սակայն բաց է թողնված ազատազրկված անձանց տեսակցության իրավունքի ապահովման և պաշտպանության վերաբերյալ խնդիրները, որոնք առկա են գործող օրենսդրությունում և իրավակիրառ պրակտիկայում։ ՄԻԵԴ-ը և ԽԿԿ-ի պատվիրակությունը բազմիցս նշել են տեսակցությունների կարևորությունը ազատությունից զրկված անձանց համար, որպես հասարակությունում վերաինտեգրման բաղկացուցիչ մաս, որպես ՄԻԵԿ-ի 8-րդ հոդվածով երաշխավորվող իրավունքների արդյունավետ իրականացում։ Երկարաժամկետ դատապարտված բանտարկյալների վրա ինստիտուցիոնալացման բացասական ազդեցության հետևանքները նվազեցնելու և բանտարկյալներին հասարակությունում վերաինտեգրման ուղղորդման համար, անհրաժեշտ է արդյունավետ պահել բանտարկյալների կապը արտաքին աշխարհի հետ։ ԽԿԿ-ի պատվիրակությունը ազատազրկման վայրերի այցելությունների ժամանակ բացասական է գնահատել ցմահ և երկարաժամկետ այլ ազատազրկման դատապարտված բանտարկյալների իրավիճակը՝ կապված նյութական պայմանների, զբաղվածության, արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հնարավորության հետ։ Ցմահ և երկարաժամկետ այլ ազատազրկման դատապարտված բանտարկյալները ենթարկվում են հատուկ սահմանափակումների, որոնք հավանաբար կարող են իրենց ազդեցությամբ խորացնել վնասակար հետևանքները, որոնք բնորոշ են երկարաժամկետ կալանքին։ Նման սահմանափակումների օրինակներն են՝ բաժանումն այլ բանտարկյալներից, այլ բանտարկյալների հետ հաղորդակցվելու արգելումը, սահմափակ թվով այցերի հնարավորություն։ ԽԿԿ-ի պատվիրակությունը նշել է, որ նմանատիպ հատուկ սահմանափակումների հիմքում ընկած է տարբերակված մոտեցումը՝ ըստ դատավճռով սահմանված պատժատեսակի, առանց անհատական վտանգների գնահատման, որոնք բանտարկյալները կարող են կամ չեն կարող ներկայացնել։ԽԿԿ-ի պատվիրակությունը Հայաստան կատարած այցի վերաբերյալ իր զեկույցում նշել է, որ Հայաստանում գործող այն համակարգը, որի համաձայն բանտարկյալների արտաքին աշխարհի հետ հաղորդակցության աստիճանը որոշվում է դատավճռով սահմանված պատժի տեսակից և պատժի կրման ռեժիմից, սկզբունքորեն սխալ է։ ԽԿԿ-ի պատվիրակության կարծիքով բոլոր բանտարկյալներն անկախ պատժից և ռեժիմից, պետք է ունենան շաբաթական առնվազն մեկ ժամ տեսակցության իրավունք։ Ցանկալի է, որ բանտարկյալներն ունենան տեսակցություններ ամեն շաբաթ։ Հնարավորություն պետք է ընձեռնվի, որ բանտարկյալներն ունենան կուտակվող տեսակցությունների իրավունք այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում այցեր չեն եղել։ ԽԿԿ-ի պատվիրակության կողմից նշվել է այն փաստը, որ ցմահ դատապարտված բանտարկյալների տեսակցությունների թիվը զգալիորեն ցածր է համեմատած այլ բանտարկյալների հետ, և հորդորեց ՀՀ իշխանություններին համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել, որոնք կնախատեսեն տեսակցությունների թվի հավասար բաշխումը բոլոր դատապարտյալների միջև։ Ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պետք է ունենան բաց պայմաններում կարճատև տեսակցությունների իրավունք, կարող են սահմանվել փակ տեսակցություններ՝ անվտանգության անհատական գնահատմամբ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

19.09.2017

Միջոցառման արդյունքն է՝ քրեակատարողական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր ապահովելու նախադրյալների ստեղծում։ Սույն միջոցառումն արդեն իսկ սահմանված է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի 20-րդ կետում՝ կատարել ուսումնասիրություն քրեակատարողական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր ապահովելու առաջնահերթությունների վերաբերյալ, և արդյունքներով մշակել համապատասխան գործողությունների ծրագիր։ Որպես արդյունք գրանցված է հետևյալը՝ ստեղծվել են նախադրյալներ, ըստ առաջնահերթության, ազատազրկման վայրերում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների բավարարման նպատակով համապատասխան պայմաններ ապահովելու համար։ Այսպես, եթե համեմատական անկցանենք Ռազմավարության և Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումների միջև, ապա՝ հանգում ենք այն եզրահանգմանը, որ երկու միջոցառումներն ուղղված են քրեկատարողական հիմնարկների ենթակառուցվածքների ուսումնասիրմանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր ապահովելու վերաբերյալ ծրագրի մշակմանը և հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման համար համապատասխան պայմանների և նախադրյալների ստեղծմանը։ Այսպիսով, ստացվում է որ երկու ռազմավարական ծրագրերով սահմանվում է նույնաբովանադակ գործողություն կատարման տարբեր ժամկետներով։ Առաջարկում ենք հստակեցնել Ռազմավարության սույն միջոցառման գործողությունների բովանդակությունը կամ հանել, որպես արդեն իսկ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով սահմանված գործողություն։ Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշներ գործողությունների համար։ Առաջարկում ենք յուրաքանչյուր գործողության համար առանձին սահմանել կատարման ժամկետ։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

19.09.2017

ԽԿԿ-ի պատվիրակությունը Հայաստանի Հանրապետություն այց կատարելու ժամանակ նշել էր, որ կոռուպցիան շարունակում է մնալ հայկական բանտային համակարգի հիմնախնդիրներից, և կոչ է արել Հայաստանի իշխանություններին քայլեր ձեռնարկել այդ երևույթի դեմ պայքարելու համար։ ԽԿԿ-ի պատվիրակությունը մատնանշեց, որպես քայլերից մեկը՝ քրեակատարողական ծառայողների, մասնավորապես կրտսեր պաշտոններ զբաղացնող աշխատողների աշխատավարձերի բարձրացում: Դիտորդների խմբի կողմից իրականացվել է վերլուծություն՝ ազատազրկված անձանց կողմից բջջային հեռախոսներ պահելու հետևանքների վերաբերյալ։ Վերլուծության արդյունքում պարզվել էր, որ բջջային հեռախոսի՝ որպես արգելված իրի օգտագործումը, հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի աճման, քանզի անհասկանալի է մնում առգրավված հեռախոսների հետագա ճակատագիրը և թե ինչպես են կանխվում նման ռիսկերը։ Դիտորդների խումբը գտնում է, որ անհրաժեշտ է քննարկել բջջային հեռախոսների կիրառությունը քրեակատարողական հիմնարկներում թույլատրելու հնարավորությունը, ինչը կնվազեցնի քրեակատարողական հիմնարկների ծառայողների կողմից կոռուպցիոն գործարքներում ներգրավվելու հնարավորությունը: Առաջարկում ենք 2-րդ գործողության համար սահմանել ավելի երկար կատարման ժամկետ, քանզի կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար ուղղված միջոցառումները պետք է ունենան շարունակական բնույթ և կիրառվեն Ռազմավարությամբ սահմանված 2018-2038թթ. ժամանակահատվածում։ Առաջարկում ենք սահմանել վերստուգիչ չափանիշներ գործողությունների համար։ Առաջարկում ենք յուրաքանչյուր գործողության համար առանձին սահմանել կատարման ժամկետ։

Տեսնել ավելին