Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ 

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԸ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ 

ԳԼՈՒԽ I.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ 

  1. Սույն օրենքով կարգավորվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման պետական քաղաքականության հիմնական նպատակի, սկզբունքների և ուղղությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման համար անհրաժեշտ կազմակերպական և իրավական հիմքերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման, իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված այլ հարաբերություններ:
  2. Սույն օրենքի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ անձանց հետ համահավասար հիմունքներով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված, ինչպես նաև միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին և նորմերին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմանների, հասարակության կյանքում նրանց հավասար մասնակցության և արդյունավետ սոցիալական ներառման ապահովումը: 

ՀՈԴՎԱԾ 2. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ 

  1. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու սոցիալական ներառման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակների և նպաստների նշանակման, վճարման, կասեցման, վերահաշվարկման, վճարումը դադարեցնելու և վերսկսելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
  3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նորմերը: 

ՀՈԴՎԱԾ 3. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  

  1. Սույն oրենքում oգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

       1)  հաշմանդամություն՝ անձի առողջական խնդիրների, անհատական գործոնների ու միջավայրային արգելքների փոխազդեցության արդյունքում առաջացող իրավիճակ (երևույթ), որը խոչընդոտում է կամ կարող է խոչընդոտել անձի` մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակության կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը.

      2) հաշմանդամություն ունեցող անձ (երեխա)` անձ, ով  առողջական խնդիրների, անհատական գործոնների և միջավայրային արգելքների հետ փոխազդեցության արդյունքում ունի մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակության կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում.

     3) օրգանիզմի ֆունկցիաներ` օրգան համակարգերի ֆիզիոլոգիական, ներառյալ՝ հոգեկան ֆունկցիաները.

     4) մարմնի կառուցվածք` մարմնի անատոմիական մասեր, ինչպիսիք են օրգանները, վերջույթները և դրանց բաղադրիչները.

    5) խանգարումներ (խախտումներ)՝ ընդունված որոշակի բժշկակենսաբանական նորմերից մարմնի կառուցվածքի և օրգանիզմի ֆունկցիաների էական շեղումներ.

    6) ֆիզիկական միջավայր՝ անձին շրջապատող նյութական աշխարհն իր բոլոր դրսևորումներով, բնակության և գործունեության այն վայրը, որտեղ անձն ապրում է, կրթվում, աշխատում, տեղաշարժվում և կազմակերպում իր անձնական կյանքը. 

     7) սոցիալական միջավայր` անձին շրջապատող և նրա գոյության ու գործունեության հասարակական, տնտեսական, սոցիալական, մշակութային, հոգևոր պայմանների ամբողջությունը.

     8) միջավայրային գործոններ` անձի վրա որոշակի ազդեցություն ունեցող ֆիզիկական և սոցիալական միջավայր, այդ թվում՝ հասարակության կողմից անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքը.

     9) միջավայրային արգելքներ՝ անձի միջավայրում այնպիսի խոչընդոտող գործոններ (ներառյալ՝ ոչ հասանելի ֆիզիկական միջավայրը, համապատասխան օժանդակ տեխնիկական միջոցների բացակայությունը, հաշմանդամության նկատմամբ մարդկանց բացասական վերաբերմունքը), որոնք իրենց առկայությամբ կամ բացակայությամբ սահմանափակում են անձի ֆունկցիոնալությունը, խանգարում են հասարակության կյանքին առողջական խնդիր ունեցող անձանց ներգրավմանը և նպաստում են հաշմանդամության առաջացմանը.

     10) կենսագործունեություն` անձի ինքնասպասարկման, ինքնուրույն տեղաշարժվելու, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, սեփական վարքը հսկելու, ուսումնառելու, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու (երեխաների համար` խաղալու), հասարակության կյանքին մասնակցելու և այլ ունակությունների (կարողությունների) և հնարավորությունների համակցություն.

     11) կենսագործունեության սահմանափակումներ՝ անձի ինքնասպասարկման, ինքնուրույն տեղաշարժվելու, կողմնորոշվելու, հաղորդակցվելու, սեփական վարքը հսկելու, ուսումնառելու, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու (երեխաների համար` խաղալու), հասարակության կյանքին մասնակցելու և այլ ունակությունների (կարողությունների) ու հնարավորությունների լրիվ կամ մասնակի կորուստ. 

     12) բժշկասոցիալական փորձաքննություն` օրգանիզմի ֆունկցիայի (ֆունկցիաների) երկարատև  կամ կայուն խանգարումների կամ մարմնի կառուցվածքի խախտումների, կենսագործունեության սահմանափակումների, անհատական և միջավայրային գործոնների գնահատման հիման վրա հաշմանդամության սահմանումը կամ դրա մերժումը, անձի կարիքների բազմակողմանի գնահատման հիման վրա վերականգնողական միջոցառումների որոշարկումը.

     13) աշխատունակություն` անձի առողջական վիճակով պայմանավորված՝  աշխատանքի բովանդակությանը, ծավալին և որակին ներկայացվող  պահանջներին համապատաuխան աշխատանքային գործունեություն իրականացնելու ունակությունը.

     14) աշխատանքային գործունեությամբ զբաղվելու ունակություն (կարողություն)` անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը համապատասխանող կամ լրացուցիչ մասնագիտական ուսուցում կամ որակավորման բարձրացում պահանջող աշխատանք իրականացնելու ունակություն (կարողություն), իսկ մասնագիտական կրթություն և որակավորում չունեցող անձի համար՝ վարձատրվող կամ եկամուտ ստանալուն ուղղված ցանկացած այնպիսի աշխատանք իրականացնելու ունակություն (կարողություն), որը չի պահանջում մասնագիտական կրթություն և որակավորում կամ պահանջում է մասնագիտական կամ վարպետային ուսուցում՝ մինչև հինգ ամիս ժամկետով.

    15) սոցիալական ներառում` հասարակության կյանքին անհատի լիարժեք  ներգրավվածությունը և ակտիվ մասնակցությունը.

    16) համընդհանուր դիզայն` ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների դիզայն, որն առանց շտկումների և մասնագիտացված դիզայնի անհրաժեշտության,  յուրաքանչյուր անձի համար առավելագույն կերպով մատչելի է դարձնում ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների օգտագործումը՝ անհրաժեշտության դեպքում չբացառելով հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար օժանդակ հարմարանքների առկայությունը.

     17) վերականգնման տեխնիկական միջոցներ և այլ oժանդակ պարագաներ (այսուհետ նաև` պարագաներ)` կենuագործունեության uահմանափակումների լրիվ կամ մաuնակի հաղթահարման, փոխհատուցման (փոխարինման) համար նախատեuված հատուկ uարքեր և տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ.

    18) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագիր (այսուհետ նաև՝ համալիր ծրագիր)՝ փաստաթուղթ, որին համապատասխան իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում պետական քաղաքականությունը.

     19) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագիր (այսուհետ նաև՝ տարեկան ծրագիր)՝ համալիր ծրագրի շրջանակներում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում իրականացվող ամենամյա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը ներառող փաստաթուղթ.

     20) խտրականություն՝ հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահմանափակում (այդ թվում նաև՝ խելամիտ հարմարեցումների տրամադրման մերժումը), որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ ցանկացած այլ ոլորտում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով օրենքով սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը.

    21) հատուկ կարիք՝ սույն օրենքի իմաստով` հաշմանդամությամբ պայմանավորված անհատական առանձնահատուկ պահանջմունք, որն անհրաժեշտ է հասարակության կյանքին հաշմանդամություն ունեցող անձի լիարժեք ու արդյունավետ մասնակցության ապահովման համար և որի չբավարարումը հանգեցնում է հոգեբանական և(կամ) ֆունկցիոնալ անբավարարվածության զգացողության.

   22) խելամիտ հարմարեցումներ` փոփոխությունների և հարմարեցումների (շտկումների) կատարում, որոնք առանց անտեղի ջանքեր պահանջելու, ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց կրթության և ուսուցման, աշխատանքի, հաղորդակցման, մշակութային, մարզական գործունեության և հասարակության կյանքին մասնակցության այլ ձևերի ապահովմանը.

    23) հաղորդակցություն` տեղեկատվության փոխանցման, ընդունման և փոխանակման գործընթաց, որն իրականացվում է տարբեր եղանակներով և տարատեսակ միջոցների օգտագործմամբ (այդ թվում` Բրայլյան համակարգը,  շոշափման միջոցով հաղորդակցությունը, մեծ տառատեսակով տպագրությունը, մատչելի մուլտիմեդիան, ինչպես նաև գրավոր, աուդիո և/կամ հաղորդակցական այլ տեխնոլոգիաների այլընտրանքային ձևերը).

     24) անհատական գործոններ՝ անձի սեռը, ռասսան, տարիքը, ապրելակերպը, սովորությունները, դաստիարակությունը, մարզավիճակը, հարմարվողականության մեխանիզմները, սոցիալական ծագումը, կրթությունը, մասնագիտությունը, կենսափորձը, վարքագիծը, բնավորությունը, անհատական հոգեբանական որակները և առողջական վիճակի մաս չհամարվող այլ հատկանիշներ, որոնցից յուրաքանչյուրն առանձին կամ համակցմամբ կարող  են ազդել հաշմանդամության  սահմանման վրա` կենսագործունեության սահմանափակումների և միջավայրային արգելքների հետ փոխազդեցության արդյունքում.

     25)  հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման բազային ծրագիր` պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող և հաշմանդամություն ունեցող անձանց անվճար տրամադրվող նվազագույն վերականգնողական միջոցառումների, մատուցվող ծառայությունների, հատկացվող տեխնիկական և oժանդակ միջոցների երաշխավորված ցանկ:  

      ՀՈԴՎԱԾ 4. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ 

  1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող և բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա, եթե սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:
  2. Սույն օրենքով սահմանված՝ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող դրույթները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և սոցիալական ներառումը կարգավորող հարաբերությունները հավասարապես տարածվում են հաշմանդամություն ունեցող երեխաների վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ չի բխում դրանց կարգավորման առանձնահատկություններից և (կամ) որքանով որ դրանք կիրառելի են հաշմանդամություն ունեցող երեխաների համար: 

ԳԼՈՒԽ  II.

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ  ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ   ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ  ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ  ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԴՐԱ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ  

ՀՈԴՎԱԾ 5. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ 

  1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման համակարգը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց և նրանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու սոցիալական ներառման ապահովման շրջանակներում իրականացվող գործառույթների (լիազորությունների) և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված համալիր միջոցառումների ամբողջություն է:
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման համակարգն ընդգրկում է պետության կողմից երաշխավորված տնտեսական, սոցիալական, առողջապահական, իրավական, կրթական, մշակութային, մարզական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ բնույթի միջոցառումներ:
  3. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման համակարգն ուղղված է վարչական, կազմակերպչական, մարդկային, նյութական, տեղեկատվական և այլ ռեսուրսների լիարժեք, արդյունավետ, նպատակային օգտագործման և համագործակցության միջոցով առավելագույնս բացահայտել, նվազեցնել և վերացնել հաշմանդամության առաջացմանը նպաստող գործոնները, ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց լրիվ կամ մասնակի վերականգնումը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակության կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը:
  4. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման համակարգի հիմնական բաղադրիչներն են՝

1) hաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ նաև՝ լիազորած մարմին),

2) պետական կառավարման այլ մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները, 

3) սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված՝ hաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը (այսուհետ նաև՝ Ազգային հանձնաժողով),

4) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝

ա.  համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը,

բ. սոցիալական համագործակցության համաձայնագրի կողմերը (աջակցող ցանցը),

գ.   միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմերը,

5) հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնումն իրականացնող սուբյեկտները,

6) սույն մասի 4-րդ կետի բ) ենթակետում նշված աջակցող ցանցում չընդգրկված, ինչպես նաև սույն մասի 5-րդ կետում չնշված այլ կազմակերպություններ և ֆիզիկական անձինք, որոնք մասնակցում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված նպատակների իրականացմանը,

7) սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված տեղեկատվական շտեմարանը: 

ՀՈԴՎԱԾ 6. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ  

  1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման համակարգի ֆինանսավորումն իրականացվում է՝

1) պետական բյուջեի միջոցներից.

2) համայնքի բյուջեի միջոցներից.

3) իրավաբանական և ֆիզիկական անձանց հատկացրած միջոցներից.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

  • Քննարկվել է

    23.08.2017 - 08.09.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

23.08.2017 16:41

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 22916

Տպել

Առաջարկներ`

Մ Հ

30.08.2017

Հոդված 23-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Ծառայողական կենդանիների հետ կապված հարաբերությունները (այդ թվում՝ վարժեցման, տրամադրման կարգի, հանրային վայրերում անարգել մուտքի) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և այլ իրավական ակտերով»:

Մ Հ

30.08.2017

Հոդված 3-ի 1-ին մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «Ծառայողական կենդանի՝ կենդանի, որը վարժեցված է և աջակցում է հաշմանդամություն ունեցող անձին»։

Մ Հ

26.08.2017

Հոդված 23-ը լրացնել 11-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «11. Պետությունն ապահովում է պատմականորեն խտրականության (ներառյալ՝ կրոնի, էթնիկ պատկանելիության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով) ենթարկված կամ պակաս հնարավորություններ ունեցած խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը»։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի 2016 թվականի դեկտեմբերի 20-ի,(A/HRC/34/58, պարբերություն 42), 2016 թվականի հունվարի 20-ի (A/HRC/31/62, պարբերություն 60), 2015 թվականի օգոստոսի 7-ի զեկույցները (A/70/297, պարբերություն 40): Տե՛ս նաև Կիպրոսի (CRPD/C/CYP/Q/1, պարբերություն 6) և Իրանի հիմնախնդիրների ցանկերը (CRPD/C/IRN/Q/1, պարբերություն 7), Եզրափակիչ դիտարկումների Հայաստանի (CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 6), Կանադայի (CRPD/C/CAN/CO/1, պարբերություն 9c), Կոլումբիայի (CRPD/C/COL/CO/1, պարբերություն 57), Իրանի (CRPD/C/IRN/CO/1, պարբերություն 12-13), Իտալիայի (CRPD/C/ITA/CO/1, պարբերություն 8), Լիտվայի (CRPD/C/LTU/CO/1, պարբերություն 15-16) և Ուգանդայի մասին (CRPD/C/UGA/CO/1, պարբերություն 8-9), և Ընդհանուր մեկնաբանություն 3-ը (CRPD/C/GC/3, պարբերություն 4c և 5) և Ընդհանուր մեկնաբանություն 4-ը (CRPD/C/GC/4, պարբերություն 13)։ Տե՛ս նաև Ջոկյակարտայի սկզբունքները (հասանելի է՝ yogyakartaprinciples.org-ում)։

Տեսնել ավելին