Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի N 449-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի N 449-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» ԱՊՀ գործադիր կոմիտեի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջև կնքված համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Ստացվել է ԱՊՀ գործադիր կոմիտեի գրությունը, որով առաջարկվում է գործադիր կոմիտեի ՀՀ քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձի սոցիալական ապահովության վճարները կատարելու համար Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն տրամադրել համապատասխան բանկային ռեկվիզիտներ և այդ վճարների հաշվարկման դրույքաչափերի վերաբերյալ տեղեկատվություն։
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի N 449-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված են միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող)` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում վճարման ենթակա՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակային վճարի և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված սոցիալական վճարների կատարմանը (ՀՀ պետական բյուջե փոխանցմանը) առնչվող հարաբերությունները:
Որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի N 32 հավելվածի 44-րդ կետի կիրարկումը, այն է՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության դատարանի աշխատողների համար կենսաթոշակային և սոցիալական վճարների կատարումն ապահովելու նպատակով։
Ելնելով վերոգրյալ գրությունից, անհրաժեշտություն է առաջացել Որոշման առանձին դրույթներն ընդհանրացնել և կարգավորումներ նախատեսել նաև այլ միջազգային կազմակերպություններում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշմամբ սահմանված իր պարտականությունները ծառայությունը կարող է կատարել միայն միջազգային կազմակերպությունից անհրաժեշտ տեղեկատվություն և գումարները ստանալուց հետո, Որոշմամբ սահմանվել է, որ միջազգային կազմակերպությունների վարձու աշխատողների համար անձնավորված հաշվարկը սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 402-րդ հոդվածով սահմանված տուգանքը չի կիրառվում։
Ելնելով իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրներից անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել տուգանքներ և տույժեր չկիրառելու դեպքերի շրջանակը։
Առաջնորդվելով իրավակիրառ պրակտիկայով, նպատակահարմար է նաև Որոշմամբ ամրագրել, որ միջազգային կազմակերպությունների կատարած կենսաթոշակային և սոցիալական վճարների գումարները փոխանցվում են միասնական հաշվին և ոչ թե Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում այդ նպատակով ծառայության անվամբ բացված գանձապետական ենթահաշվին։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի N 449-Ն որոշման մեջ:
2․ Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով առաջարկվում է՝
- ընդլայնել գործատուի համար նախատեսված տուգանքներ և տույժեր չկիրառելու դեպքերի շրջանակը, դրանում ներառելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածով (հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելը), Վարչական իրավախախտումերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1691-րդ (հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի նվազեցում, կամ հայտարարագիրը, հաշվարկը սահմանված ժամկետում չներկայացնելը), 1692-րդ (Պաշտոնական վիճակագրական դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը), 1698-րդ (գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը և (կամ) չվճարելը), 1703-րդ (Հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները ժամանակին չվճարելը) հոդվածներով նախատեսված դեպքերը,
- հանել գանձապետական ենթահաշվին փոխանցելու գործող կարգավորումները՝ փոխարենը հնարավորություն տալով միջազգային կազմակերպությունների կատարած կենսաթոշակային և սոցիալական վճարները փոխանցել գանձապետարանում բացված միասնական հաշվին՝ սահմանելով նաև դրա հետ առնչվող գործընթացները, մասնավորապես՝
ա. միջազգային կազմակերպության վարձու աշխատողի համար առաջին անգամ գրանցման հայտը և անձնավորված հաշվարկը ներկայացնելու համար տվյալ միջազգային կազմակերպությանը, որպես գործատու հաշվառելու նպատակով, ծառայությանը համապատասխան հաշվառման համար, մուտքի անուն և գաղտնաբառ հատկացնելու համար պետական եկամուտների կոմիտե դիմելու վերաբերյալ ծառայության պարտավորությունը,
բ. ծառայությունից դիմումը ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում ՀՎՀՀ տրամադրելու վերաբերյալ պետական եկամուտների կոմիտեի պարտավորությունը,
գ. միջազգային կազմակերպության վարձու աշխատողների կենսաթոշակային վճարի և սոցիալական վճարի ապառքների վերաբերյալ տեղեկատվությունը պետական եկամուտների կոմիտեի կողմից ծառայությանը հասանելի դարձնելու վերաբերյալ։
- ապահովել «Պետական կենսաթոշակների մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքների և դրանցում կատարված փոփոխությունների ռուսերեն թարգմանությունների հրապարակումը Արդարադատության նախարարության կողմից վարվող նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում (www.arlis.am)՝ միջազգային կազմակերպությունների գործընկերների համար անհրաժեշտ տեղեկատվությունը պաշտոնապես հասանելի դարձնելու նպատակով:
Բացի այդ, պետական մարմինների անվանումները համապատասխանեցվել են 2018 թվականից հետո կատարված օրենսդրական փոփոխություններին։
3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի կիրառման արդյունքում կհստակեցվեն միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող)` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում վճարման ենթակա՝ կենսաթոշակային վճարի և սոցիալական վճարների կատարմանն առնչվող հարաբերությունները:
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի N 449-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
5․ Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 5-ի N 449-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտները և ծախսերը չեն ավելանա։
-
Քննարկվել է
25.11.2021 - 10.12.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 4267
Տպել