Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 1640-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

  1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի՝ «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2003 թվականի օգոստոսի 25-ի N 619-Ն, 2010 թվականի օգոստոսի 30-ի N 1350-Ն հրամանները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1640-Ն հրամանի՝
  • 3-րդ և 4-րդ կետերը հանել,
  • հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի

2021 թ.                       -ի   N         -Ն հրամանի

 

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2010 թ. նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանի

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՈՒՇ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՈՎՈՐՈՂԻՆ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱԶԱՏԵԼՈՒ 

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են դպրոցական տարիքի երեխայի (այսուհետ` սովորող)` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն (այսուհետ` հաստատություն) ընդգրկման, հաստատությունից տեղափոխման և ազատման, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող սովորողների կրթության կազմակերպման գործընթացի հետ կապված` սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) և հաստատության միջև ծագող իրավահարաբերությունները:

 IIՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ

 

  1. Սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխան:
  2. Սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով՝ դպրոցահասակ երեխայի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի և հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա՝ «Հանրակրթության մասին» օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:
  3. Սովորողին հաստատություն ընդունելու հրամանին հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հաստատություն ընդունված սովորողի տվյալները հաստատության տնօրենը մուտքագրում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ԿՏԱԿ) կողմից վարվող «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»։
  4. Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը հաստատություն կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը: Եթե ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում լիցենզիայով տրված տեղերը լրացած են, և տվյալ բնակավայրում բացակայում է այլ հաստատությունում ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ հնարավորությունը, ապա սովորողի ընդունելությունը տվյալ հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիոն տեղերի սահմանափակումից:
  5. Բացառությամբ սույն կարգ 5–րդ կետում նշված դեպքի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաների ուսուցման լեզուն հայերենն է:Օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք (նրանց օրինական ներկայացուցիչը), ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկն է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իրենք են ընտրում են իրենց երեխայի ուսուցման լեզուն:
  6. Բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատությունը տվյալ աստիճանում կրթություն իրականացնող միակ հաստատությունն է կամ տվյալ համայնքում գործող հաստատություններում տվյալ կրթական աստիճանի համար լիցենզիայով սահմանված բոլոր տեղերը զբաղված են, սովորողի ընդունելությունը հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիոն տեղերի սահմանափակումից:
  7. Հաստատության տնօրենը, համադրելով կրթական տարբեր աստիճաններում դասարանների համալրվածությունը, հաշվի առնելով նոր ընդունելության կանխատեսվող ծավալը, մինչև տվյալ տարվա մայիսի 20-ը կարող է դիմել կրթության կառավարման պետական լիազոր մարմնին տարրական աստիճանի լիցենզիոն տեղերի վերաբաշխման առաջարկով` առաջին դասարանի ընդունելության տեղերի հատկացման նպատակով: Լիցենզիոն տեղերի վերաբաշխման առաջարկը պետք է հաշվի առնի տարվա ընթացքում սովորողների տեղափոխման և ընդունելության համար առնվազն 10 տոկոս տեղերի պահպանումը տարրական աստիճանի մյուս դասարանների համար:
  8. Սովորողի ընդունելությունը հաստատության առաջին դասարան մեկնարկում է յուրաքանչյուր տարվա ուսումնական պլանով նախատեսված ուսումնական գործընթացի ավարտից երկու շաբաթ հետո՝ առաջին երկուշաբթի օրը։
  9. Բոլոր այն բնակավայրերում, որտեղ գործում է մեկից ավելի առաջին աստիճանի հանրակրթական հիմնական ծրագիր իրականացնող պետական հաստատություն, սովորողի ընդգրկումը պետական հաստատության առաջին դասարան կատարվում է հայտագրման միջոցով, որն իրականացվում է Նախարարության ԿՏԱԿ-ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգ»-ի (այսուհետ՝ համակարգ) միջոցով:
  10. Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս՝ առաջնահերթությունը տրվում է տվյալ հաստատությունում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին, ինչպես նաև՝ տվյալ հաստատության աշխատակիցների երեխաներին։
  11. Սույն կարգի 11-րդ կետում նշված առաջնահերթություն ունեցող սովորողների ծնողները իրենց երեխաներին առաջին դասարան համակարգի միջոցով հայտագրում են հայտագրման մեկնարկի օրվանից սկսած՝ 14 օրվա ընթացքում:
  12. Սույն կարգի 11-րդ կետում նշված առաջնահերթություն չունեցող սովորողների ծնողները իրենց երեխաներին համակարգի միջոցով հայտագրում են հայտագրման մեկնարկի օրվան հաջորդող 15-րդ օրվանից սկսած:
  13. Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը հաստատություն ապահովում է մյուս երեխայի (երեխաների) ընդունելությունը նույն հաստատությունում` անկախ լիցենզիոն տեղերի սահմանափակումից:
  14. Սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված անձինք իրենց երեխաների հայտագրումն իրականացնում են հայտագրման մեկնարկի օրվան հաջորդող 22-րդ օրվանից սկսած՝ համակարգում ստեղծված առանձին էջի միջոցով։
  15. Սույն կարգի 11-րդ կետում նշված առաջնահերթություն ունեցող սովորողների ծնողները սույն կարգի 12-րդ կետում նշված ժամանակահատվածում իրենց երեխաներին տվյալ հաստատության առաջին դասարան չհայտագրելու և առաջնահերթությունից չօգտվելու դեպքում՝ իրենց երեխաներին հայտագրում են ընդհանուր հիմունքներով՝ սույն կարգի 13-րդ կետում ամրագրված ժամկետում:
  16. Յուրաքանչյուր ուսումնական տարվա մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ երեխային հաստատություն ընդունելու մասին դիմումը ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) կողմից հաստատություն չներկայացնելու դեպքում երեխայի հաստատություն ընդունվելու հայտը չեղարկվում է։

 

 

III. ՍՈՎՈՐՈՂԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում հաստատությունից հաստատություն տեղափոխությունը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում՝ սույն կարգի պահանջներին համապատասխան՝ ԿՏԱԿ կողմից վարվող «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի» միջոցով: Ուսումնական տարվա ընթացքում սովորողի բացակայությունների ամփոփման համար սահմանված ժամկետից հետո նույն բնակավայրում հաստատությունից հաստատություն սովորողի տեղափոխությունն արգելվում է: Սովորողի տեղափոխումն իրականացվում է սովորողի հաջորդ դասարան կամ հաջորդ կրթական աստիճան փոխադրվելու մասին մանկավարժական խորհրդի որոշումից հետո։ Դասարանը որոշվում է սույն կարգի 23-րդ կետում սահմանված փաստաթղթերի հիման վրա:
  2. Նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից հանրակրթական ուսումնական հատատություն՝ սովորողի տեղափոխությունը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում` 1-ին կուրսից` 10-րդ դասարան, 2-րդ կուրսից` 11-րդ դասարան, 3-րդ և 4-րդ կուրսերից` 12-րդ դասարան` բաց թողած ծրագրային նյութը լրացնելու պայմանով` պահպանելով սույն կարգի 23-րդ և 28-րդ կետերի պահանջները:
  3. Սույն կարգի 23-րդ կետում սահմանված փաստաթղթերի առկայության և կրթական աստիճանների տևողության համապատասխանության դեպքում այլ երկրում ուսումնառությունն ընդհատած և Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի դասարանը որոշվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Սույն կարգի 23-րդ կետում սահմանված փաստաթղթերի առկայության և կրթական աստիճանների տևողության անհամապատասխանության դեպքում` սովորողի ուսումնառությունը կազմակերպվում է մեկ դասարան բարձր (բացառությամբ 9-րդ դասարանի) կամ ցածր (կրթության տևողությունը 12 տարուց ավելի լինելու դեպքում):
  4. Առանց կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն վերադարձած սովորողի դասարանը որոշվում է սույն կարգի 27-րդ և 28-րդ կետերի պահանջներին համապատասխան: 1-4-րդ դասարանները այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ հաստատությունում (դասարանում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս ուսումը շարունակում են հայերենով ուսուցմամբ համապատասխան դասարանում՝ համաձայն անհատական ուսուցման պլանի:
  5. Ուսումնառության ընթացքում առնվազն 5 տարի անընդմեջ այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ հաստատություններում (դասարաններում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են ուսումը շարունակել օտար լեզվով ուսուցմամբ համապատասխան դասարաններում` դրանց առկայության դեպքում:

 IV. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

  1. Սովորողին հաստատություն ընդունելու համար ծնողը ներկայացնում է`
    • դիմում` ուղղված տնօրենին,
    • սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը։
    • լուսանկար՝ 3x4 չափսի, «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում», սովորողի էլեկտրոնային անձնական գործում վերբեռնելու նպատակով,
    • եզրակացություն` «Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների տեղեկատվական համակարգում» հաշվառված լինելու վերաբերյալ` տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կառավարման պետական մարմնի կողմից՝ հակասոցիալական վարք դրսևորած սովորողներին համապատասխան հաստատություն ընդունելու համար (չորրորդ դասարանից սկսած),
    • նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից տեղափոխվելու դեպքում՝ տեղեկանք տվյալ հաստատությունում ուսումնառության ժամկետների մասին,
    • եզրակացություն՝ տրված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կառավարման պետական մարմնի կողմից՝ հանրակրթական հատուկ դպրոց ընդունվելու համար,
    • սույն կարգի 27-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված դեպքերում` փաստաթուղթ զինվորական կոմիսարիատից:

 

V. ՍՈՎՈՐՈՂԻ ԱԶԱՏՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ

 

  1. Սովորողի ազատումը հաստատությունից կատարվում է՝
  • ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա,
  • դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:
  1. Սույն կարգի 24-րդ կետի 1-ին ենթակետով ավագ դպրոցից ազատված սովորողի հիմնական կրթության վկայականը հանձնվում է սովորողի ծնողին (նրա օրինական ներկայացուցչին), սույն կարգի 24-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ավագ դպրոցից ազատված սովորողի հիմնական կրթության վկայականը պահպանվում է տվյալ հաստատությունում` մինչև սովորողի կամ նրա ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր դիմում ներկայացնելը:
  2. Ոչ պետական կամ մասնագիտացված հաստատությունից սովորողի ազատումը կարող է կատարվել նաև սույն կարգի 3-րդ կետով սահմանված ծնողի և տվյալ հաստատության միջև կնքված պայմանագրի դրույթները սովորողի կամ ծնողի կողմից չպահպանելու դեպքում:

VI. ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻՑ ՈՒՇ ՍՈՎՈՐՈՂԻ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ

 

  1. «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ժամկետից ուշ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է`
  • մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 8 տարին լրանալու դեպքում` 1-ին դասարան՝ ընդհանուր հիմունքներով,
  • մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 9-ից մինչև 15 տարին լրանալու դեպքում կամ մինչև մեկ տարի ուսումն ընդհատած սովորողը` իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր` գիտելիքների գրավոր ստուգման արդյունքում,
  • կրթական 3-րդ աստիճանում հաստատություն չհաճախած սովորողը (մինչև 17 տարին լրանալը), հիմնական կրթության վկայական ներկայացնելու դեպքում ընդունվում է իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր, 10-րդ դասարան ընդունվելու դեպքում` 10-րդ դասարան,
  • 19 տարին չլրացած սովորողը կրթական 3-րդ աստիճանի 10-րդ, 11-րդ կամ 12-րդ դասարաններում ուսումն ընդհատած լինելու դեպքում ուսումնառությունը շարունակում է ընդհատած ժամանակահատվածից,
  • Կրթության վերաբերյալ փաստաթղթերի համաձայն հաջորդ դասարան փոխադրված և ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումն ընդհատած սովորողը մինչև ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը հաստատություն դիմելու դեպքում` ուսումը շարունակում է համապատասխան դասարանում` պայմանով, որ առաջին կիսամյակի և տարեկան գնահատականները որոշվելու են ուսումնական տարվա ավարտին կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով 120-200 ժամ բացակայած սովորողի համար նախատեսված լրացուցիչ քննությունների և ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով, որոնց արդյունքների վերաբերյալ Նախարարությունը կարող է իրականացնել մոնիթորինգ:
  1. Սույն կարգի 27-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերի, 18-րդ և 20-րդ կետերի պահանջների կատարումն ապահովելու նպատակով հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է առարկայական մասնագետների խումբ: Մասնագիտական եզրակացությունը տրվում է սովորողի` ուսումնական պլանով նախատեսված տվյալ դասարանի բոլոր առարկաների գիտելիքների գրավոր (դրա անհնարինության դեպքում` համապատասխան` տվյալ առարկային) ստուգման արդյունքում: Հիմք ընդունելով մասնագիտական խմբի գրավոր եզրակացությունը` սովորողի փաստացի առարկայական գիտելիքների մասին, տնօրենը սովորողին ընդունում է համապատասխան դասարան, հաստատում է ուսումնական պլանով նախատեսված առարկաներից մեթոդմիավորումների կողմից ներկայացված անհատական առարկայական պլանները, լրացուցիչ դասընթացների ժամանակացույցը, ըստ որի՝ սովորողի համար կազմակերպվում է ուսուցում՝ բաց թողած ծրագրային նյութը յուրացնելու համար:
  2. Մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 16 տարին լրացած (լրացող), հաստատություն չհաճախած անձը էքստեռն կարգով հիմնական կրթության վկայական ստանալուց հետո կարող է ուսումը շարունակել 10–րդ դասարանում կամ նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում:
  3. Մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 19 տարին լրացած (լրացող), հաստատություն չհաճախած կամ կրթական որևէ մակարդակում ուսումն ընդհատած սովորողը հանրակրթական հիմնական ծրագրերը կարող է յուրացնել ինքնակրթությամբ կամ հեռավար ուսուցման ձևով` Նախարարության սահմանած կարգով ստանալ հիմնական կրթության վկայական և (կամ) միջնակարգ կրթության ատեստատ:

 

 

 

 

 

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

  • Քննարկվել է

    23.11.2021 - 08.12.2021

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7841

Տպել

Առաջարկներ`

Նաիրա Բաբայան

08.12.2021

Կարևոր է դպրոց սովորողի ընդգրկման և տեղափոխման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում՝ 19-րդ հոդվածում, ավելացնել ա.տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժ հիմնարկից) «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ուսումնական հաստատությունում սովորողների համար անվտանգ և ապահով միջավայր, բժշկական օգնություն և սպասարկում, ֆիզիկական զարգացման և առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու , անհրաժեշտ և որակյալ աշխատանքներ իրականացնելու համար բ.հիմնական կրթության վկայականը՝ կրթական 3-րդ աստիճան, 10-12-րդ դասարաններ, ընդունվելիս կամ տեղափոխվելիս: Միևնույնէ առանց վկայականը պահանջելու անհնար է կատարել ընդունելություն, ինչպես նաև հակասություն է առաջանում կարգի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջի հետ:

Արամ Սողոմոնյան

25.11.2021

Կարգում հանրակրթական պետական ուսումնական հաստատությունից, մասնավորապես՝ հիմնական դպրոցից, ազատման վերաբերյալ չկան դրույթներ։ Պարտադիր ուսուցման պայմաններում դա հասկանալի է, սակայն որոշակի (իրավա)խախտումների կամ պայմանագրային դրույթների խախտման դեպքում հնարավոր է ազատում դպրոցից։ Դա պետք է սահմանվի։

Զինա Խաչատրյան

24.11.2021

Առաջարկում եմ ՝ V. ՍՈՎՈՐՈՂԻ ԱԶԱՏՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ կետի 26-րդ ենթակետում, այն է ՝ Սովորողի ազատումը հաստատությունից կատարվում է՝ ավելացնել ևս մեկ կետ. մեկ ամսվա ընթացքում առնվազն երկու անգամ կարգապահական տույժ ունենալու (նկատողույուն կամ խիստ նկատողություն ) դեպքում:

Տեսնել ավելին