Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

 «Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը (այսուհետ՝ նախագծեր) մշակվել են հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի քննության վարչական վարույթի նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված` վարչական մարմնի արագ գործելու պարտականությունն ապահովելու և լսումներ չանցկացնելու իրավունքը սահմանելու նպատակով:  

2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ հարկային օրենսգրքի 442-րդ հոդվածով կանոնակարգվում են հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի քննության հետ կապված հարաբերությունները:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքը հանձնաժողովի կողմից քննարկման ընդունելու դեպքում դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին: Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք բերած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-բողոք բերած անձի լիազորած անձը (մասնագետը): Բողոքարկման հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին տեղեկացված՝ դիմում-բողոքը բերած անձի կամ նրա ներկայացուցիչների բացակայությունն արգելք չէ բողոքարկման հանձնաժողովի նիստը շարունակելու և վեճն ըստ էության լուծելու համար:

ՀՀ հարկային օրենսգրքի 443-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով՝ «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ դատարան:

«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից որոշումների ընդունման, գործողությունների և անգործության վերաբերյալ գործողությունների կամ անգործության վերաբերյալ վեճերի լուծման նպատակով կոմիտեում գործում է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով:

Նույն հոդվածի 12-րդ մասի համաձայն մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքը հանձնաժողովի կողմից քննարկման ընդունվելու դեպքում դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին: Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք բերած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-բողոք բերած անձի լիազորած անձը (մասնագետը): Բողոքարկման հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին տեղեկացված` դիմում-բողոքը բերած անձի կամ նրա ներկայացուցիչների բացակայությունն արգելք չէ բողոքարկման հանձնաժողովի նիստը շարունակելու և վեճն ըստ էության լուծելու համար:

Նույն հոդվածի 17-րդ մասի համաձայն՝ մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով` «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ դատարան:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական վարույթը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու` լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ:

Նույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն լսումներ կարող են չանցկացվել, եթե վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Վերոգրյալից հետևում է, որ վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում, առանց այն բարդացնելու, մասնավորապես` օրենքով նախատեսված դեպքերում առանց լրացուցիչ լսումներ անցկացնելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ:    

Ելնելով վերոգրյալից` վարչական մարմնի արագ գործելու պարտականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ հարկային օրենսգրքում և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարել լրացումներ և փոփոխություններ` նախատեսելով հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի քննության գրավոր ընթացակարգ, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ կամ  դիմում-բողոք բերած անձը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ««Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-267-Ն ՀՀ օրենքի (ընդունվել է 23․03․2018թ․, ուժի մեջ մտել՝ 09․04․2018թ․) 2-րդ հոդվածի 3-րդ մասով ուժը կորցրած է ճանաչվել «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, որի համաձայն՝ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովը նույն օրենքով սահմանված կարգով ստեղծվող` բողոքներ քննող միասնական հանձնաժողով է, իսկ 7-րդ հոդվածով վերոնշյալ օրենքի 9-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի արդյունքում վերոնշյալ հոդվածից հանվել է հարկային և մաքսային մարմինների կամ դրանց ծառայողների գործողությունների կամ անգործության վերաբերյալ համապատասխան վերադաս մարմնի որոշումները բողոքարկման հանձնաժողով բողոքարկելու վերաբերյալ դրույթը և վերոնշյալ օրենսդրական կարգավորումների համաձայն  տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով այլևս առկա չէ, հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ հարկային օրենսգրքի 443-րդ հոդվածի 4-րդ և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 17-րդ մասերում։

3 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել են «Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

          Նախագծերը մշակվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

          Նախագիծը չի բխում «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ» փաստաթղթերից:

6 Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ կսահմանվի հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացվող դիմում-բողոքի քննության գրավոր ընթացակարգ և դրանով իսկ կապահովվի տվյալ վարչական վարույթի առավել սեղմ ժամկետում առանց բարդացնելու իրականացումը:

  1. Այլ տեղեկություններ.

  «Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

  • Քննարկվել է

    29.10.2021 - 13.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4639

Տպել

Առաջարկներ`

Վահագն Գրիգորյան

29.10.2021

Ձեր իրավաբանական վարչությունը լրիվ <օղբաթ> ա ու ասեմ՝ ինչու: Կարգավորման ենթակա խնդիրը կախվածության մեջ է դրված վարչական մարմնի արագ գործելու պարտականությունն ապահովելու սկզբունքից և լսումներ չանցկացնելու իրավունքը սահմանելուց, որոնք արդյունք են այն բանին, որ ՊԵԿ իրավաբանական վարչությունը, ի դեմս այս նախագիծն առաջարկողի, չի ընկալել, որ վարչական մարմնի արագ գործելու սկզբունքն ու լսումներ չանցկացնելու ենթաինստուտը տարբեր իրավիճակներ են, որոնք ոչ միայն որ իրար չեն լրացնում, այլև երբեք չեն էլ հատվում և որովհետև այնտեղ որտեղ լսումներ՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում չանցկացնելու հրամայական կա, միևնույն է օրենսդիրը վարչական մարմինների առջև դրել է արագ գործելու պարտականություն, ինչը բխում է վարչական և այլ ռեսուրսների խնայողության սկզբունքներից, նույնը նաև վերաբերում է լսումներ կատարելը պարտադրող վարույթներին, որտեղ լսումների իրականացումը ծայրահեղ անհրաժեշտություն է, և վարչական մարմնի գրավորության կարգով գործերի քննությունը այն եղանակը չէ, որ պետք է գործով հնարավորություն տա հանձնաժողովին կատարելու օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն: Իսկ քանի որ 100 տոկոս մեծամասնությամբ բողոքարկման հանձնաժողովին են դիմում նրանք, որոնց իրավունքների միջամտություն է կատարված կամ ընդունված է այնպիսի վարչական ակտ, որն անբարենպաստ հետևանքներ է առաջացնում այդ վարչական ակտի հասցեատիրոջ համար, ուստի լսումներ անցկացնելու պահանջը հրամայական է՝ անկախ նրանից, թե տվյալ վարչական ակտի հասցեատերը պնդում է դա, թե ոչ: Եթե մի քիչ երևակայելու էլ լինենք, պարզ է դառնում, որ գործերի գեր գեր գեր քանակությունն է ստիպում գնալու այդ քայլին, ապա սա այն եղանակը չէ, որ հարցը լուծելու է: Սկի բողոքարկման հանձնաժողովում վերջինիս ձայնագրվող նիստում վարչական վարույթի մասնակցին լսելուց հետո բողոքարկման հանձնաժողովը կայացնում է տարօրինակ և զարմանահրաշ որոշումներ, ինչ մնաց, թե գրավորությամբ քննվող գործերի դեպքում նման ավելի շատ զարմանահրաշ որոշումներ չկայացվեն: Եվ եթե լսումներ չեն անցկացվում, և դա այն նույն հիմքերով և դեպքերում, որոնք սահմանում է <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքը, դա չի նշանակում, թե վարչական մարմնի արագ գործելու սկզբունքի պահպանումն ավելի է ամրապնդվում: Ավելին, առաջարկվող նախագծերը փոփոխություններ են նախատեսում Հարկային օրենսգրքում, Մաքսային ծառայության մասին օրենքում, բայց հիմնական կիզակետը հանդիսացող օրենքում՝ <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքում փոփոխությունների փաթեթ չկա: Չեն հասկացել, որ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենսդրության հիմքում՝ Սահմանադրությունից անդին դա <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքն է, և նման կերպ փոփոխություններ սահմանելով, ոչ թե վարույթի իրականացման առանձնահատկություն է սահմանվելու, այլ մի այնպիսի բան, որն ուղղակի հակասելու է վարչարարության հիմնարար սկզբունքներին, վարչարարության բուն իմաստին և էությանը: Եվ հետո, լսումներ ապահովելու պարտականությունն օբյեկտիվորեն բխում է այն հանգամանքից, թե արդյունքում ընդունվող վարչական ակտն ինչպիսի հետևանքներ է առաջացնելու՝ անբարենպաստ, թե բարենպաստ: Ու որքան հեռու է այս ընկալումից ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչությունը, ի դեմս այս փոփոխությունների հեղինակը, այնքան էլ անընկալելի է լինելու իրավակիրառի համար, որը ոչ միայն ՊԵԿ-ն է, այլ նաև դատարանը: Իսկ ՊԵԿ-ը իր համար խաղի կանոններ սահմանելուց սահմանափակված է Սահմանադրությամբ և օրենքներով, որոնք չփոխված, փորձում է փոխել զարտուղի եղանակով: Իսկ մեզ իրավաբաններիս մնում է ձեր սահմանվելիք խաղի կանոններին համապատասպան ապահովել շահագրգիռ սուբյեկտների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ի դեպ այն տնտեսվարողներին, որոնց վճարած հարկերի և պարտադիր այլ տուրք ու վճարների հաշվին ապրում և աշխատավարձ եք ստանում, հետն էլ՝ պարգևավճար:

Տեսնել ավելին