Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ

 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող՝ տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ (ոչ հավաստի) լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարցի կարգավորման նպատակով:  

2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` ՎԻՎ օրենսգիրք) 1691-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:

Հարկային մարմին ներկայացվող որոշ հաշվարկներ պարունակում են հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող՝ տեղեկատվական աղյուսակներ, սակայն հարկ վճարողի կողմից դրանցում լրացվում են ոչ հավաստի, սխալ տվյալներ, ինչի պարագայում ստացվում է, որ հարկ վճարողն օրենքով սահմանված ժամկետում ներկայացնում է համապատասխան հաշվարկը, սակայն այն համարվում է սխալ (ոչ հավաստի) ներկայացված:

Հարկ ենք համարում նշել, որ ՎԻՎ օրենսգրքի 1691-ին հոդվածի 2-րդ մասով պատասխանատվություն է նախատեսված միայն հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթը չներկայացնելու համար, իսկ հաշվարկը սխալ (ոչ հավաստի) ներկայացնելու համար վարչական տույժ կիրառելու լիազորություն սահմանված չէ:

Միաժամանակ, ՎԻՎ օրենսգրքի 16912-րդ հոդվածի համաձայն` օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում ֆինանսական հաշ­վետ­վու­թյուն­ները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կար­գով և ժամկետներում չհրապարակելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվա­զագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Տուգանքի նշանակման օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մար­մին­ներ չներ­կա­յացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելը առա­ջաց­նում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ­հար­յու­րա­պա­տիկի չափով:

Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից առաջարկվել է, հիմք ընդունելով Հաշ­վա­պա­­հա­կան հաշվառման մասին ՀՀ օրենքի համաձայն հրապարակման ենթակա՝ 2020 թվա­­կանի հաշվետու տարվա ֆինանսական հաշվետվությունների` օրենքով սահմանված կար­­գով և ժամկետում փաստացի հրապարակման արդյունքները, ինչպես նաև այն հան­գա­­մանքը, որ տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտի միջին արժեքը կազմում է 6 մլն դրամ՝ Նախագծով խստացնել ՎԻՎ օրենսգրքի 16912-րդ հոդվածով նախա­­տես­ված վար­չական պատասխանատվության միջոցները, ինչի արդյունքում Նախագծի 2-րդ հոդվածով ՎԻՎ օրենսգրքի 169․12-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը խմբագրվել է։

3․ Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

       4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերը չեն բխում «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ» փաստաթղթերից:

       6․ Նպատակը և ակնկալվող արդյունքը.

       Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ (ոչ հավաստի) լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարցը և դրանով իսկ կապահովվի հարկ վճարողների կողմից համապատասխան տեղեկատվության ամբողջական և ճշգրիտ ներկայացումը:

  1. Այլ տեղեկություններ

        «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    26.10.2021 - 11.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4629

Տպել

Առաջարկներ`

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

28.10.2021

Նախ, անհրաժեշտ է գնահատել յուրաքանչյուր տեղեկատվության, վարչարարական գործառույթի օգտակարությունը, պիտանելիությունը հարկային վերահսկողության նպատակների տեսանկյունից: Նախագծով դրանց նեկայացման օգտակարությունը կամ պիտանելիությունը ներկայացված չէ: Հետևաբար, ստացվում է, որ հաշրակներով հայցվող տեղեկատվությունը ինքնանպատակ է կամ առնվազն նպատակ ունի ՊԵԿ որոշ աշխատակիցների համար ապահովվել որոշակի զբաղվածություն:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

28.10.2021

Նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանքում նշվում է, որ. «..Հարկային մարմին ներկայացվող որոշ հաշվարկներ պարունակում են հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող՝ տեղեկատվական աղյուսակներ, սակայն հարկ վճարողի կողմից դրանցում լրացվում են ոչ հավաստի, սխալ տվյալներ, ինչի պարագայում ստացվում է, որ հարկ վճարողն օրենքով սահմանված ժամկետում ներկայացնում է համապատասխան հաշվարկը, սակայն այն համարվում է սխալ (ոչ հավաստի) ներկայացված:»: ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 52-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ հարկային հաշվարկը հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող գրավոր տեղեկատվություն է հաշվետու ժամանակաշրջանում կամ Օրենսգրքով սահմանված հարկման օբյեկտ համարվող որևէ գործարքի կամ գործառնության համար հաշվարկված հարկի կամ վճարի վերաբերյալ: Օրենսդիրը Օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով հարկային մարմնին հարկային հաշվարկի ձև սահմանելու լիազորություններ վերապահելով, Օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասում հստակեցրել է հարկային հաշվարկի բովանդակության, իսկ նույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերում՝ պարտադիր լրացման ենթակա տվյալները և տեղեկությունները, դրանով իսկ սահմանափակելով հարկային մարմնին հարկային հաշվարկում սահմանել պարտադիր լրացման ենթակա այլ տվյալների և տեղեկատվության սահմանման կամ նախատեսման հնարավորությունը: Հետևաբար, հարկային մարմին ներկայացվող հաշվարկը բացառապես հարկման օբյեկտ համարվող որևէ գործարքի կամ գործառնության համար հաշվարկված հարկի կամ վճարի, ինչպես նաև օրենքով սահմանված պարտադիր լրացման ենթակա այլ տվյալների և տեղեկատվության ներկայացման համար է: Ստացվում է, որ ներկայացված նախագծով առաջարկվում է պատասխանատվություն սահմանել օրենքով չնախատեսված տեղեկատվությունը չներկայացնելու համար:

Վարդան Պետրոսյան

28.10.2021

Ստացվում է, որ երբ հարկային մարմնի վերլուծաբանները, առանց լիարժեք տիրապետելու հարկ վճարողի տեղեկատվությանը, երբեմն նաև համապատասխան գիտելիքների, կազմելու են կամերալ արձանագրություններ ուղարկելու են իրավաբանական վարչություն, որտեղ ոչ հավաստի եզրույթը հակասելու է հավաստիության կանխավարկածին։ Արդյունքում կազմվելու են ՊԵԿ-ին բնորոշ բազմաթիվ ապօրինի վարչական ակտեր, որոնք վիճարկելու են վարչական դատարաններում` ծանրաբեռնելու պետական կառավարման համակարգը։ Հասկանում եմ, որ այսօր նույն "ոչ հավաստի" կոչված տեղեկությունների հարցը ևս լուծվում է խնդրահարույց մեթոդով` անձանց նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու եղանակով, բայց կարծում եմ այս տարբերակով նոր լարվածություն է սերմանվում հարկային-հարկ վճարող առանց այդ էլ լարված հարաբերություններում։

Տեսնել ավելին