Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1)  64-րդ կետում «որոշումներ, ծանուցագրեր)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև հարկային ստուգումների և ուսումնասիրությունների շրջանակներում` հարկային մարմնի կողմից կազմվող` Օրենսգրքով նախատեսված փաստաթղթեր (հանձնարարագրեր, ակտերի և արձանագրությունների նախագծեր, ակտեր, արձանագրություններ, որոշումներ, հրամաններ.)» բառերը:

2) լրացնել հետևյալ խմբագրությամբ 72-րդ կետ՝

«72)  հարկային գործ՝ հարկ վճարողի անհատական գործ, որում պահպանվում են հարկ վճարողին վերաբերող փաստաթղթեր: Հարկային գործը վարվում է հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 10-րդ մասում լրացնել հետևյալ խմբագրությամբ 4-րդ ենթակետ.

«4) այն հաշվետու ժամանակաշրջանին, որի գծով հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկները Օրենսգրքի 349.1-ին հոդվածով սահմանված կարգով ուսումնասիրվել են:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 160-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ  խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածով սահմանված գումարները վերադարձնելուց հետո համապատասխան եռամսյակի ամիսների համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի ճշտված (պարզեցված) հաշվարկով կամ ստուգման արդյունքում կամ դատարանի վճռի կատարման կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման արդյունքում վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով նախկինում հայտարարագրած եկամտային հարկի պարտավորության փոփոխության դեպքում կատարվում է տվյալ ֆիզիկական անձին, սույն հոդվածի համաձայն, եկամտային հարկի վերադարձվող գումարի վերահաշվարկ՝ Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 4. Օրենսգրքում լրացնել հետևյալ խմբագրությամբ 303.1-ին հոդված՝

«Հոդված 303.          1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձևերին չհամապատասխանող կամ պետական գրանցում (հաշվառում) չունեցող՝ հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանումը

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով նախատեսված կազմակերպական-իրավական ձևերին չհամապատասխանող կամ պետական գրանցում (հաշվառում) չունեցող՝ հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողները հաշվառումից հանվում են հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 339-րդ հոդվածում`

  • 3-րդ մասի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) հանձնարարագիրը (այն հրապարակելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) հարկ վճարողին ծանոթացման կարող է ներկայացվել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով, իսկ դրա անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի կողմից սույն կետով նախատեսված անձնական էջ մուտք չգործելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի մասին հարկ վճարողը ծանուցվում է Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետին համապատասխան գրանցված էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ դրա բացակայության դեպքում` հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգում տվյալ հարկ վճարողի լիազորի էլեկտրոնային փոստի հասցեին:

Հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու պահին, որը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով՝ հարկային մարմին ուղարկվող հաղորդագրությամբ:

Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելու դեպքում հարկ վճարողը համարվում է պատշաճ ծանուցված այդ փաստաթղթերը կայքում տեղադրելու օրվանից:»,

  • 3-րդ մասի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
  • 4-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) հանձնարարագիրը ստորագրելուց կամ ստանալուց հրաժարվելու կամ հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի բացակայության դեպքում այդ մասին, ինչպես նաև հանձնարարագիրը ծանոթացման ներկայացնելու օրվա մասին համապատասխան գրառում է կատարվում հանձնարարագրի օրինակների վրա, և երկու աշխատանքային օրվա ընթացքում հանձնարարագրի՝ այն հրապարակելու լրազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին է ուղարկվում սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով:

Այս եղանակով ուղարկված հանձնարարագրի՝ այն հրապարակելու լրազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին է ուղարկվում նաև Օրենսգրքի 342-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացվող ակտի նախագծի հետ:»,

  • 6-րդ մասում «գրավոր տեղեկացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` ներկայացնելով հրամանի  պատճենը» բառերը փոխարինել «հրամանը արձակելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ հրամանի տեսաներածված տարբերակը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով տեղեկացվում է հարկ վճարողին» բառերով:                    

Հոդված 6. Օրենսգրքի 341-րդ հոդվածում`

1) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Ստուգման ժամկետը երկարաձգող կամ ստուգման ընթացքը կասեցնող կամ կասեցման ժամկետը երկարաձգող կամ կասեցված ստուգումը վերսկսելու հրամանը տալիս է հանձնարարագիր տվող պաշտոնատար անձը: Սույն մասով սահմանված հրամանը հարկ վճարողին հանձնվում է հրամանն արձակելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ հրամանի տեսաներածված տարբերակը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով և ուժի մեջ է մտնում տեղադրելու օրվան հաջորդող օրվանից:»,

2) 2-րդ և 5-րդ մասերում «հրամանի պատճենը» բառերը փոխարինել «հրամանի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 342-րդ հոդվածում`

1)  2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հարկ վճարողը ակտի նախագիծն ստանալու (կամ ստացված համարվելու) օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում կարող է ներկայացնել առարկություններ ակտի նախագծի վերաբերյալ կամ գրավոր տեղեկացնել (այդ թվում` գրառում կատարելով ակտի նախագծի վրա) առարկությունների բացակայության մասին: Առարկությունները ներկայացվում են գրավոր՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով: Մինչև սույն մասում նշված ժամկետին հաջորդող երրորդ աշխատանքային օրը ներառյալ ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ չստանալու դեպքում` այդ օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա, իսկ առարկություններ ստանալու կամ առարկությունների բացակայության մասին գրավոր տեղեկացվելու կամ սույն հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի համաձայն ուղարկված ակտի նախագիծը հանձնված համարվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) երկու օրինակից կազմում է հարկային մարմնի սահմանած ձևով ստուգման ակտ, որը ստորագրում է ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) և սույն հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով ներկայացնում է հարկ վճարողին: Եթե հարկ վճարողը նաև պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություն է, ապա ակտի պատճենն ուղարկվում է համապատասխան պետական կառավարման մարմին:»,

2) 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում «հարկային մարմնի կնքած պատճենը» բառերը փոխարինել «տեսաներածված տարբերակը» բառերով, իսկ 3-րդ կետում «պատճենները» բառը փոխարինել «տեսաներածված տարբերակը» բառերով,

3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

       «8. Հարկային ստուգումների դեպքում`

1) ստուգման ակտը (նախագիծը) առձեռն ներկայացվելու դեպքում հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է ստորագրել ակտի (նախագծի) երկու օրինակների վրա՝ հաստատելով, որ ստացել է ակտը (նախագիծը), որոնցից մեկը (հարկային մարմնի օրինակը) վերադարձվում է հարկային մարմնի պաշտոնատար անձանց: Առձեռն հանձնման դեպքում ակտը (նախագիծը) համարվում է հարկ վճարողին հանձնված ակտը (նախագիծը) ստանալու օրը, ինչի մասին հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը գրառում է կատարում ակտի (նախագծի) վրա: Առձեռն հանձնման դեպքում ակտն ուժի մեջ է մտնում հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից այն ստանալու օրվան հաջորդող օրվանից: Ակտը (նախագիծը) ստորագրելուց և ստանալուց հրաժարվելու դեպքում այդ մասին համապատասխան գրառում է կատարվում ակտի (նախագծի) օրինակների վրա.

2) ակտի (նախագծի)` այն ստորագրելու լիրազորություն ունեցող անձանց էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին ծանոթացման կարող է ներկայացվել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով, իսկ դրա անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողի կողմից սույն կետով նախատեսված անձնական էջ մուտք չգործելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի մասին հարկ վճարողը ծանուցվում է Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետին համապատասխան գրանցված էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ դրա բացակայության դեպքում` հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգում տվյալ հարկ վճարողի լիազորի էլեկտրոնային փոստի հասցեին:

Ակտը (նախագիծը) համարվում է հարկ վճարողին հանձնված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ մուտք գործելու պահին, որը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով՝ հարկային մարմին ուղարկվող հաղորդագրությամբ:

Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելու դեպքում համարվում է հարկ վճարողին հանձնված ակտը (նախագիծը) կայքում տեղադրելու օրվանից:

Սույն կետով սահմանված կարգով ակտը (նախագիծը) ուժի մեջ է մտնում հարկ վճարողի կողմից հանձնված համարվելու օրվան հաջորդ օրվանից:»:

Հոդված 8.  Օրենսգրքի 343-րդ հոդվածում`

1) 8-րդ մասում «գրավոր տեղեկացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` ներկայացնելով հրամանի պատճենը» բառերը փոխարինել «հրամանը արձակելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ հրամանի տեսաներածված տարբերակը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով տեղեկացվում է հարկ վճարողին» բառերով:

2) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Հարկ վճարողն արտագնա հարկային ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծը ստանալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում կարող է ներկայացնել առարկություններ արձանագրության նախագծի վերաբերյալ կամ գրավոր տեղեկացնել (այդ թվում` գրառում կատարելով արձանագրության նախագծի վրա) առարկությունների բացակայության մասին: Առարկությունները ներկայացվում են գրավոր՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով: Մինչև սույն մասում նշված ժամկետին հաջորդող երրորդ աշխատանքային օրը ներառյալ արձանագրության նախագծի վերաբերյալ առարկություններ չստանալու դեպքում` այդ օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա, իսկ առարկություններ ստանալու կամ առարկությունների բացակայության մասին գրավոր տեղեկացվելու կամ Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի համաձայն ուղարկված արձանագրության նախագիծը հանձնված համարվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) երկու օրինակից կազմում է հարկային մարմնի սահմանած ձևով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որը ստորագրում է ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) և Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով ներկայացնում է հարկ վճարողին: Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը համարվում է հանձնված և ուժի մեջ մտած Օրենսգրքի 342-րդ հոդվածի 8-րդ մասով ստուգման ակտի համար սահմանված համապատասխան ժամկետներում:»,

3) 3-րդ մասում լրացնել հետևյալ խմբագրությամբ 6-րդ կետ՝

«6) թեմատիկ ուսումնասիրությունը: Ընդ որում, սույն կետով սահմանված ուսումնասիրությունը կարող է իրականացվել նաև առանց հարկ վճարողին այցելության՝ հարկային մարմնի գրասենյակում:»,

4) 5-րդ մասի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

5) 5-րդ մասում լրացնել հետևյալ խմբագրությամբ 8-րդ կետ՝

«8) թեմատիկ ուսումնասիրության արդյունքում` հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում:»,

6) 13-րդ մասում «2-6-րդ» բառերից հետո լրացնել «և 8-րդ» բառերը:     

Հոդված 9. Օրենսգրքի 344-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից հանել «, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի,» բառերը,

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում կամերալ (ներքին) ուսումնասիրության արդյունքների արձանագրությունը՝ դրա կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ներկայացվում է հարկ վճարողին և համարվում է հանձնված տեղադրելու օրվան հաջորդող 5-րդ օրը:»,

3) 5-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետյալ խմբագրությամբ.

    «5. Հարկ վճարողը ոչ ուշ, քան սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝»,

4) 5-րդ մասի 2-րդ կետում «չհամաձայնելու դեպքում» բառերից հետո լրացնել «հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով»բառերը,

5) 6-րդ և 7-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենսգրքի 345-րդ հոդվածում`

1) 7-րդ մասում «հարկային մարմնի կնքած արձանագրության պատճենը» բառերը փոխարինել «արձանագրության տեսաներածված տարբերակը» բառերով,

2) 8-րդ և 9-րդ մասերում «պատճենը» բառը «տեսաներածված տարբերակը» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 348-րդ հոդվածի 2-րդ մասում «պատճենը» բառը փոխարինել «տեսաներածված տարբերակը» բառերով:

Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել հետևյալ խմբագրությամբ 349.1-ին հոդված.

«Հոդված 349.1 Թեմատիկ ուսումնասիրությունը

  1. Հարկի (վճարի) հաշվարկման ճշտության (այդ թվում՝ այն դեպքերում, երբ ավարտված հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային հաշվարկ չի ներկայացվել) ուսումնասիրության նպատակով հարկային մարմինը հարկ վճարողի մոտ կարող է իրականացնել թեմատիկ ուսումնասիրություն:
  2. Թեմատիկ ուսումնասիրության իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ՝ բացառապես հարկային մարմնի կողմից իրականացրած վերլուծության (այդ թվում` կամերալ ուսումնասիրության) արդյունքները, որոնց մասին հարկ վճարողը նախապես ծանուցվել է, սակայն ծանուցման օրվա հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում չի ներկայացրել հարկային հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված) և (կամ) հիմնավոր բացատրություններ չի ներկայացրել: Ընդ որում, թեմատիկ ուսումնասիրության հանձնարարագրի հրապարակումից հետո հարկ վճարողի կողմից թեմատիկ ուսումնասիրության հանձնարարագրում նշված հարկատեսակի (վճարի) և հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հարկային հաշվարկը (այդ թվում` ճշտված) նույնպես ենթակա է ուսումնասիրության:
  3. Թեմատիկ ուսումնասիրություններն իրականացվում են Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տրված հանձնարարագրի հիման վրա, որը կարող է հրապարակվել ոչ ավելի, քան յուրաքանչյուր հարկային տարվա ընթացքում մեկ անգամ: Թեմատիկ ուսումնասիրության հանձնարարագրում, բացի Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տվյալներից, պարտադիր նշվում են նաև.

      1)  Հարկային մարմնի կողմից իրականացրած վերլուծության արդյունքներն ընդգրկող փաստաթղթերի համարները և ամսաթվերը, ինչպես նաև այդ փաստաթղթերը հարկ վճարողին ծանուցելու ամսաթվերը,

     2) Հարկային մարմնի կողմից իրականացրած վերլուծության արդյունքներին վերաբերելի` ուսումնասիրության ենթակա հարկային հաշվարկների տեսակները: Ընդ որում, ուսումնասիրության հանձնարարագրում չեն կարող ընդգրկվել.

  ա) հարկային մարմնի կողմից իրականացրած վերլուծության արդյունքներին չվերաբերող հարկային հաշվարկների տեսակներ.

  բ)  համալիր հարկային ստուգման ենթարկված հարկային հաշվարկներ.

  գ) համալիր հարկային ստուգման ընթացքում գտնվող կամ տվյալ տարվա ստուգումների ծրագրում ներառված հարկ վճարողների մոտ ստուգման ենթակա հարկային հաշվարկներ:

4. Հարկ վճարողի մոտ սույն հոդվածով սահմանված յուրաքանչյուր ուսումնասիրության ժամկետը ուսումնասիրության հանձնարարագրով կարող է սահմանվել ոչ ավելի, քան 10 անընդմեջ աշխատանքային օր: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա հանձնարարագիր տվող պաշտոնատար անձի հրամանով սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև հինգ անընդմեջ աշխատանքային օրով: Թեմատիկ ուսումնասիրության ժամկետի երկարաձգման մասին գրավոր տեղեկացվում է հարկ վճարողին` ներկայացնելով հրամանի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը ոչ ուշ, քան հանձնարարագրում նշված ուսումնասիրության ժամկետի ավարտի օրը:

Եթե որևէ հարկի (վճարի) հաշվարկման ճշտության հաշվարկի ուսումնասիրության ընթացքում պարզված հանգամանքների պատճառահետևանքային կապով անհրաժեշտություն առաջանում ուսումնասիրություն կատարել նաև այլ հարկի (վճարի) գծով, ապա ուսումնասիրությունն իրականացնող գրավոր զեկուցագրի հիման վրա` հանձնարարագիրը տվող պաշտոնատար անձի հրամանով ուսումնասիրության շրջանակներում կարող են ներառվել նաև այդ հաշվարկները: Սույն պարբերությամբ սահմանված հրամանը հարկ վճարողին հանձնվում է հրամանն արձակելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ հրամանի տեսաներածված տարբերակը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով, ոչ ուշ քան ուսումնասիրության վերջին աշխատանքային օրը:

  1. Թեմատիկ ուսումնասիրության հանձնարարագրի երկու օրինակները ուսումնասիրությունը փաստացի սկսելու օրը ծանոթացման է ներկայացվում հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որը պարտավոր է ստորագրել հանձնարարագրի հարկային մարմնի օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է ուսումնասիրությունն իրականացնելու մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է այն ներկայացնող պաշտոնատար անձանց: Հանձնարարագիրն ստորագրելուց ու ստանալուց հրաժարվելու դեպքում հանձնարարագրի՝ հարկային մարմնի կողմից կնքված պատճենն ուղարկվում է հարկ վճարողին Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով:
  2. Թեմատիկ ուսումնասիրության ընթացքը, Օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում, հանձնարարագիր տվող պաշտոնատար անձի հրամանով կարող է կասեցվել նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված ժամկետներով: Թեմատիկ ուսումնասիրության ընթացքի կասեցումը, կասեցման ժամկետի երկարաձգումը, կասեցված ուսումնասիրության վերսկսելը կատարվում են Օրենսգրքի 341-րդ հոդվածով հարկային ստուգումների համար սահմանված կարգով ու ժամկետներում:
  3. Ուսումնասիրության ընթացքում ճշտվում են՝ հարկային մարմնի կողմից իրականացված վերլուծության արդյունքում ի հայտ եկած հնարավոր խախտումների առկայությունը:
  4. Ուսումնասիրության արդյունքում Օրենսգրքի 343-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետներում ու կարգով կազմվում և հարկ վճարողին է ներկայացվում նույն հոդվածի 14-րդ մասով սահմանված ձևով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծը: Օրենսգրքի 343-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով ու ժամկետներում կազմվում և հարկ վճարողին է ներկայացվում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Օրենսգրքի 343-րդ հոդվածի 14-րդ մասի 10-րդ կետով սահմանված դրույթներն արձանագրությունում (նախագծում) ներառվում են միայն նույն հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետով սահմանված դեպքում: Ընդ որում, ուսումնասիրության արդյունքում` վերլուծությունների արդյունքում ի հայտ եկած հնարավոր խախտումները չհաստատվելու և (կամ) ուսումնասիրության ընթացքում վերլուծության արդյունքներին վերաբերելի հարկային հաշվարկներ (այդ թվում՝ ճշտված) ներկայացվելու դեպքում` ուսումնասիրության արձանագրության մեջ պարզաբանվում են համապատասխան ռիսկերի չհաստաման պատճառները և (կամ) նշվում են տեղեկություններ ներկայացված հարկային հաշվարկների (այդ թվում՝ ճշտված) վերաբերյալ:»

       Հոդված 13. Օրենսգրքի 345-րդ հոդվածի 5-րդ, 346-րդ հոդվածի 5-րդ, 347-րդ հոդվածի 4-րդ, 348-րդ հոդվածի 3-րդ,  349-րդ հոդվածի 4-րդ մասերում «հարկային մարմնի կնքած պատճենը հարկ վճարողին է ուղարկվում Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով:» բառերը փոխարինել «այն ստորագրելու լիազորություն ունեցող անձանց էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին է ուղարկվում Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով:» բառերով:

Հոդված 14. Օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում լրացնել հետևյալ խմբագրությամբ «ժ» ենթակետ.

«ժ. Կառավարության կողմից սահմանված այլ տեղեկություններ,»:

Հոդված 15. Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունից, 341-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերից, 342-րդ հոդվածի 1-ին մասից, 343-րդ հոդվածի 10-րդ մասից և 14-րդ մասի 15-րդ կետից, 345-րդ հոդվածի 8-րդ մասից, 346-րդ հոդվածի 9-րդ մասից, 347-րդ հոդվածի 5-րդ մասից, 348-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 11-րդ մասերից, 349-րդ հոդվածի 4-րդ  և 7-րդ մասերից հանել  «(գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին» բառերը և համապատասխան հոլովաձևերը:

Հոդված 16. Օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասում լրացնել հետևյալ խմբագրությամբ պարբերություն.

«Օրենսգրքի 380.1-ին և 381-րդ հոդվածների պահանջները չբավարարող հսկիչ դրամարկղային մեքենաները հաշվառումից հանվում են հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով:»:                                                                                                                              

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից, իսկ հարկային ստուգումների և ուսումնասիրությունների շրջանակներում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի կամ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով տեղեկացնելուն վերաբերող դրույթները` հարկ վճարողներին հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    26.10.2021 - 10.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Ֆինանսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4907

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ