ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ լրացումններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի
- 1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Դպրոցական ջերմոցներ/բանջարանոցներ/այգիներ» նախաձեռնության շրջանակներում հանրակրթական դպրոցների կողմից ջերմոցային, հիդրոպոնիկ կամ այլ եղանակով գյուղատնտեսական արտադրանքի արտադրության և դրա իրացման համար պատշաճ իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ։
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն սովորողների անվճար հանրակրթությունն ապահովելու նպատակը Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, իրականացնում է պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) կազմակերպական-իրավական ձևով ուսումնական հաստատությունների հիմնադրման միջոցով: ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման Հավելված N 2-ում սահմանված է ՊՈԱԿ հանդիսացող Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Դպրոց) ցանկը, որը ներառում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցների բացարձակ մեծամասնությունը։
ՊՈԱԿ-ը «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն ունի գործունեության առարկա և նպատակ, և իր գործունեությունն է իրականացնում դրանց շրջանակներում, իսկ ձեռնարկատիրական գործունեությամբ կարող է զբաղվել միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում՝ դրանցով նախատեսված գործունեության տեսակների շրջանակներում:
ՊՈԱԿ-ի գործունեության առարկայի և նպատակի, իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ցանկը սահմանվում է հիմնադրի (ՀՀ կառավարության) որոշմամբ («Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մաս) և արտացոլվում է կազմակերպության կանոնադրության մեջ («Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մաս)։
ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշմամբ հաստատված պետական հանրակրթական դպրոցի օրինակելի կանոնադրության համաձայն դպրոցի գործունեության առարկան յուրաքանչյուր սովորողի կրթության կազմակերպումն է՝ հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրեր իրականացնելու միջոցով իսկ գործունեության նպատակը՝ յուրաքանչյուր երեխայի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշչով սահմանված արդյունքների ապահովումն է։ Հանրակրթական դպրոցի գործունեության առարկան և նպատակը ներկայումս չեն ներառում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը և իրացումը։ Հետևաբար հանրակրթական դպրոցների կողմից ջերմոցային, հիդրոպոնիկ կամ այլ եղանակով գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունն ու իրացումը (մասնավորապես՝ ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Դպրոցական ջերմոցներ/բանջարանոցներ/այգիներ» նախաձեռնության շրջանակներում) կարող է հակասություն առաջացնել ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության, այլ նաև վերը նշված «Հանրակրթության մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների պահանջների հետ։
- 2.Կարգավորմաննպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է հստակ ամրագրել Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում նրանց իրավունքը իրականացնել գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն և իրացում, ինչպես նաև կազմակերպել կանոնադրություններում համապատասխան փոփոխությունների կատարումը։
- 3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը նախապատրաստվել է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը, ի դեմս «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի և Կրթության, գիտության, մշակույթի և սպոտի նախարարաության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Հանրակրթական դպրոցները իրավունք կստանան իրականացնել գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն և իրացում, ինչը կնպաստի դպրոցներում աշակերտներին սննդով ապահովմանը։
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և /կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
- Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի եվ եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չի առաջանում։
- Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին
Նախագիծը չի առնչվում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ։
-
Քննարկվել է
18.10.2021 - 02.11.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 4856
Տպել