ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ի ԹԻՎ 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
Իրավական ակտի ընդունման նպատակը
Իրավական ակտի ընդունման նպատակն է միջպետական, հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների կառավարման նոր համակարգի ներդրումը, ճանապարհների պահպանման աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորումների համար լրացուցիչ պահանջների սահմանումը, երթևեկության անվտանգության բարելավմանն ուղղված նոր կարգավորումներ նախատեսելը, սպասարկման ընթացակարգի հետ կապված կարգավորումների հստակեցումը, ինչպես նաև 2022 թվականին կնքվելիք՝ ճանապարհների պահպանման 5-ամյա կապալի պայմանագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների արժեքների հաշվարկի բանաձևի սահմանումը:
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Ներկայում ավտոճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները, դրանց վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների, թունելների, պարսպող հարմարանքների (մետաղական արգելափակոցներ) պահպանման աշխատանքներն իրականացվում են հիմք ընդունելով դեռ 2010 թվականին կատարված աշխատանքների արժեքի հաշվարկները: Անցել է 10 տարի՝ բարձր գնաճի պայմաններում աշխատանքներն իրականացվում են նույն արժեքով: Նշված հանգամանքն ուղղակիորեն ազդում է աշխատանքի որակի վրա, կապալառու կազմակերպությունների դժգոհության տեղիք է տալիս, վերջիններս հրաժարվում են առկա պայմաններով մասնակցել աշխատանքների գնման ընթացակարգերին, ինչը պետության գերակա ոլորտի շուկայում անխուսափելիորեն առաջացնելու է պահանջարկի և առաջարկի մեծ ճեղքվածքի: Գնային քաղաքականության նման պայմաններում հնարավոր չէ ապահովել ճանապարհների սպասարկման որակի բարձրացումը, մինչդեռ ֆինանսական միջոցների արդյունավետ հատկացման պարագայում ճանապարհների պահպանումը հանդիսանում է հուսալի ներդրում:
Վերոգրյալի համատեքստում՝ նախագծով առաջարկվում է առկա գնաճին համաչափորեն բարձրացնել ճանապարհներին պահպանմանն ուղղվող պետական միջոցների ծավալները՝ ապահովելով այդ ծախսերի արդյունավետությունը:
Մասնավորապես ոլորտային բարեփոխումներ ապահովելու, 2022 թվականին նոր կնքվող և գործող սպասարկման պայմանագրերի շրջանակներում լրացուցիչ պահանջներ ներդնելու նպատակով նախագծով առաջարկվում է՝
- ներդնել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հսկողության նոր համակարգ, ինչը թույլ կտա ճանապարհների հսկողությունն իրականացնել իրար հետ փոխկապակցված բջջային հավելվածի և Ճանապարհային ցանցի կառավարման համակարգի «Մոնիթորինգ» բաժնի միջոցով: Բջջային հավելվածը միջպետական և հանրապետական ավտոմոբիլային ճանապարհների պատասխանատուին հնարավորություն կտա հսկողական գործառույթներն իրականացնել թվային հարթակում։ Թվային հարթակի օգնությամբ ինֆորմացիայի հավաքագրումը, մշակումը և պահպանումը կլինի առավել համակարգված, կհեշտանա հաշվետվողականությունը, ավելի քիչ ժամանակ կծախսվի թերություններն արձանագրելու և այդ մասին սպասարկող կազմակերպություններին տեղեկացնելու, ինչպես նաև թերության վերացման վերաբերյալ սպասարկող կազմակերպություններից տեղեկություն ստանալու վրա։ Ճանապարհային ցանցի կառավարման բջջային հավելվածը, որ կներբեռնվի սմարթֆոնների վրա, հնարավորություն կտա տեսնել և պահպանել սպասարկող կազմակերպության ինժեներների հետագիծը պատվիրատուի կողմից դիտարկումներ կատարելիս։ Նշված ծրագիրը ներկայում ձեռք է բերել միջպետական և հանրապետական նշանակությունների ճանապարհների պահպանման պատասխանատուն:
Հաշվի առնելով, որ Ծրագիրը նորույթ է, ինչպես կապալառուների, այնպես էլ պատասխանատուի մասնագետների համար, ուստի միջև վերջինիս վերջնական ներդրումը նախատեսվում է 2022 թվականի ընթացքում ծրագիրը փորձարկել սպասարկող կազմակերպությունների հետ: Նշված հանգամանքով պայմանավորված առաջարկվում է ճանապարհների կառավարման նոր համակարգը ներդնել 2023թ. հունվարի 1 -ից: Ընդ որում՝ ճանապարհների հսկողության համար նախատեսված բջջային հավելվածը ձեռք է բերվել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների սպասարկման պատասխանատուի՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից, ուստի նշված հավելվածը կիրառվելու է միայն միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների համար, իսկ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով գործելու է ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների մատյանի կիրառումը:
- նախագծով առաջարկվում է լրացուցիչ պահանջներ սահմանել ճանապարհների սպասարկման աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորմների համար, մասնավորապես սահմանվում է, որ գրեյդեր կամ ձյունամաքրիչ մեքենաները և կոմբինացված ճանապարհային մեքենաները պետք է կահավորված լինեն «կահավորված գլոբալ տեղորոշման համակարգով (GPS/GLONASS)» բառերը փոխարինել «կահավորված ձյունամաքչիչ սարքավարմամբ՝ վերազինված ռետինե պաշտպանիչ շեղբով և փոշեցիրով, աղավազային խառնուրդի շաղացիր սարքավորմամբ և գլոբալ տեղորոշման համակարգով (GPS/GLONASS):
Ավելացվում է կոմբինացված ճանապարհային մեքենաների քանակի պահանջը՝ սահմանելով, որ պահպանվող ճանապարհահատվածի յուրաքանչյուր 40 կմ համար անհրաժեշտ է 1 միավոր տեխնիկա: Բացի այդ՝ սպասարկման աշխատանքներում ներգրավված կոմբինացված ճանապարհային մեքենաների աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ նախագծով սահմանվում է, որ սպասարկման աշխատանքներում կարող են ներգրավվել 25 և ավելի փոքր տարիք ունեցող մեքենաներ: Սահմանվում է նաև, որ սպասարկման աշխատանքներում ներգրավված մեքենա-սարքավորմների 70 տոկոսը պետք է հանդիսանա կապալառուի սեփականությունը, հակառակ դեպքում գործնականում կապալառուները սպասարկման աշխատանքներում հիմնականում շահագործում եմ վարձակալության իրավունքով պատկանող տեխնիկան, ինչը գործնականում խնդիրներ է առաջացնում: Միաժամանակ նախագծով առաջարկվում է ժամանակ տրամադրել ճանապարհաշինության բնագավառի սպասարման ծառայություններին տրանսպորտային պարկը թարմացնելու համար, ուստի նախատեսվում է, որ սպասարկման աշխատանքներում ներգրավված կոմբինացված ճանապարհային մեքենաների տարիքին առնչվող դրույթն ուժի մեջ է մտնում 2013 թ. հունվարի 1-ից:
- հաշվի առնելով, որ ճանապարհների պահպանման ընթացքում անհրաժեշտություն է առաջանում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրել լրացուցիչ կահավորանքի միջոցներ, ուստի նախագծով սահմանվում է, որ կապալառու կազմակերպությունները պետք է պատասխանատուի հանձնարարության դեպքում տեղադրեն կահավորանքի լրացուցիչ միջոցներ, կատարեն գծանշում:
- գործող իրավակարգավորման համաձայն՝ յուրաքանչյուր ճանապարհի պահպանումը, այդ թվում ճանապարհային կահավորանքի տեղադրումն իրականացնում է տվյալ ճանապարհը տնօրինողը: Թեպետ կարգավորումը բավականին հստակ է, սակայն գործնականում գլխավոր ճանապարհները երկրորդական ճանապարհների հետ հատումների վրա առաջանում են խնդիրներ, որոնք լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն ունեն: Մասնավորապես՝ ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման, վերակառուցման ժամանակ, հաշվի առնելով, որ «Ավտոմոբիլային ճանապարհներ» ՀՀ ՇՆ IV-11.05.02-99 շինարարական նորմի պահանջների համաձայն՝ գլխավոր ճանապարհների մուտքերը պետք է ունենան կոշտ ծածկ, հիմնանորոգվում են նաև գլխավոր ճանապարհների մուտքերի որոշ հատվածներ՝ տեղադրելով համապատասխան ճանապարհային նշաններ, մասնավորապես 2.4 «Զիջեք ճանապարհ» ճանապարհային նշանը: Թեպետ հատումների վրա տեղադրված նշանների պահպանությունը հետագայում պետք է ապահովվեն երկրորդական ճանապարհների տնօրինողները, սակայն շատ են արձանագրվում դեպքեր, երբ նշանները բացակայում են, ինչի հետևանքով վթարավտանգ իրավիճակներ են առաջանում գլխավոր ճանապարհների վրա: Հիմք ընդունելով նշված հանգամանքը՝ հաշվի առնելով, որ հատումների վրա ճանապարհային նշանների բացակայությունն ուղղակիորեն ազդում է գլխավոր ճանապարհների երթևեկության անվտանգության վրա, ուստի նախագծով առաջարկվում է սահմանել, որ կապալառու կազմակերպությունները բնակավայրերից դուրս գտնվող հատվածներում իրականացնում են նաև գլխավոր ճանապարհի հետ հատվող երկրորդական ճանապարհների վրա՝ մինչև 50 մ երկարությամբ հատվածում տեղադրված ճանապարհային նշանների պահպանման աշխատանքները:
2.Նախագծով հստակեցվում են ավտոմոբիլային ճանապարհների սպասարկման ընթացակարգի հետ կապված որոշ կարգավորումներ, մասնավորապես՝
ա. Նախագծով հստակեցվում է ճանապարհների սպասարկման աշխատանքներն իրականացնող կապալառուն՝ տվյալ ճանապարհի հիմնանորոգման, նորոգման, վերակառուցման, կառուցման աշխատանքների ընթացքում:
բ. Նախագծով առաջարկվում են խմբագրական բնույթի փոփոխություններ՝ Որոշման պահանջները պահպանման պայմանագրերի, գնումների օրենսդրությանը համապատասխանեցնելու համար: Մասնավորապես՝ գնումների օրենսդրության համաձայն աշխատանքների կատարման արդյունքը ընդունում է գնումների պատասխանատու ստորաբաժանումը, ուստի կարգից հանվել են այն դրույթները համաձայն որի աշխատանքները ընդունում է ճանապարհների սպասարկման պատասխանատուն, որը իրականացնում է հսկողություն: Բացի այդ՝ կարգում կատարվել են նաև խմբագրական բնույթի փոփոխություններ, կապված այն հանգամանքի հետ, որ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի N 1298-Ա որոշմամբ ստեղծված «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին է վերապահվել ճանապարհային ոլորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում գնման գործընթացի կազմակերպումը, այդ թվում՝ պայմանագրերի կնքումը, աշխատանքների դիմաց վճարումների կատարումը:
2022 թվականին վերը նշված լրացուցիչ պահանջները ներդնելու և նշված պահանջներին համապատասխան ճանապարհների պահպանման մակարդակ ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել, որ 2022 թվականին կնքվելիք ճանապարհների պահպանման 5-ամյա կապալի պայմանագրերով, ինչպես նաև 2018-2019թթ. կնքված և ներկայում գործող պայմանագրերով նախատեսված «գարուն-ամառ-աշուն» ժամանակահատվածի համար 1 կմ ճանապարհահատվածի պահպանման արժեքը հաշվարկվում է ճանապարհների միևնույն պահպանման մակարդակի համար 2021 թվականի դրությամբ գործող պայմանագրերով նախատեսված 1 կմ ճանապարհահատվածի ընթացիկ պահպանման արժեքների միջին գնի վրա կիրառելով 1.3 գործակից (2011-2021 թվականի գնաճ, միջինացումը պայմանավորված է նրանով, որ կախված ճանապարհի երթևեկելի մասի վիճակի ցուցանիշներից (փոսայնության տոկոս) պահպանման ծախսերը կարող են բարձրանալ կամ իջնել): Իսկ «ձմեռ» ժամանակահատվածի համար, որի ընթացքում ՀՀ տարբեր տարածաշրջաններում տարբեր են բնակլիմայական պայմանները և միջինացումը կիրառելի չէ, առաջարկվում է 1 կմ ճանապարհահատվածի պահպանման արժեքը, ինչպես նաև առանձին պահպանման հանձնվող կամուրջների, թունելների, մետաղական արգելափակոցների պահպանման արժեքները հաշվարկել տվյալ տարածաշրջանի համար 2021 թվականի դրությամբ գործող պահպանման պայմանագրով նախատեսված արժեքների վրա կիրառելով 1.3 գործակիցը:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագիծը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի «3.2 Ճանապարհաշինություն» բաժնի 3-րդ պարբերության 11-րդ կետով նախատեսված է ճանապարհային ցանցի կառավարման համակարգի ներդրում ռազմավարական խնդիրը, որը հնարավորություն կընձեռնի մոբայլ հավելվածի միջոցով շուրջօրյա վերահսկողություն իրականացնել ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների նկատմամբ:
ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված` ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի 297-րդ կետի համաձայն՝ ճանապարհային ցանցի արագացված մաշվածությունը կանխելու և տրանսպորտային փոխադրումների ավելի անվտանգ, արագ և դյուրին իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ընդլայնել ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ պահպանմանը և շահագործմանն ուղղվող պետական միջոցների ծավալները և բարձրացնել դրանց ծախսման արդյունավետությունը:
Նախագիծը միտված է ՀՀ կառավարության վերը նշված ռազմավարական խնդիրների իրագործմանը:
Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
Իրավական ակտի ընդունման արդյունքում 2010-2021թթ գնաճին համապատասխան կբարձրանան ավտոմոբիլային ճանապարհների սպասարկման աշխատանքների արժեքները, ինչը հնարավորություն կտա լրացուցիչ պահանջներ սահմանել՝ ապահովելով սպասարկման աշխատանքների շարունակական բարեփոխումները:
-
Քննարկվել է
16.09.2021 - 01.10.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 4281
Տպել