Հիշել նախագիծը

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1425-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1425-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի մարզերի համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում ՀՀ կառավարության գերակա խնդիրներից է՝ բարելավել առողջապահական համակարգի կազմակերպչական կառուցվածքը` բնակչությանը, հատկապես սոցիալապես անապահով խմբերին, առավել մատչելի և որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով:

Նշվածի շրջանակներում ՀՀ հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայությունների արդյունավետության և որակի շարունակական բարելավումն իրականացվում է լրացուցիչ թվով մարզային բժշկական կազմակերպությունների օպտիմալացման, ինչպես նաև ընտրված ենթակառուցվածքների և բուժման հնարավորությունների բարելավման գործընթացներին աջակցություն ցուցաբերելով:

Ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1425-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում և ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում բժշկական կազմակերպությունների վերակազմակերպման (միացում), ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի և ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում բժշկական կազմակերպությունների համար նոր շենքերի կառուցման և հագեցման, իսկ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ նաև նոր բժշկական կազմակերպության ստեղծման ժամկետների հստակեցման անհրաժեշտությամբ։

  • Ներկայում ՀՀ Արմավիրի մարզում գործող «Վաղարշապատի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Վաղարշապատի հիվանդանոց) գործում է 100 մահճակալ հզորությամբ, Վաղարշապատի հիվանդանոցը զբաղեցնում է շուրջ 1.56 հա հողատարածք։ Այն բաղկացած է մի քանի մասնաշենքերից` որոնցից երկուսը միմյանց կից տեղակայված վիրաբուժական և թերապևտիկ հիվանդանոցային մասնաշենքերն են: Վաղարշապատի հիվանդանոցի բժշկական ծառայությունները հիմնականում տեղակայված են վերոնշյալ մասնաշենքերում` 1989թ. կառուցված վիրաբուժական քառահարկ մասնաշենքում և 1971թ. կառուցված թերապևտիկ եռահարկ մասնաշենքում՝ Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան 1 հասցեում: Մասնաշենքները միմյանց հետ կապված քարաշեն շինություններ են, որոնք շահագործման հանձնելու տարիներից ի վեր կապիտալ չեն հիմնանորոգվել, կատարվել են միայն մասնակի կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ: Հիվանդանոցի ինֆեկցիոն ծառայությունները տեղակայված են այլ հասցեում գտնվող, հիվանդանոցի տարածքից հեռու տեղակայված շուրջ 475.5 քմ մակերես ունեցող տարածքով, վեցերորդ կարգի սեյսմիկ վթարայնություն ունեցող մասնաշենքում:

Հիվանդանոցը երկրորդային մակարդակի բազմապրոֆիլ ծառայություններ է մատուցում տարածաշրջանի ազգաբնակչությանը։

Նույն՝ Վաղարշապատի տարածաշրջանում, գործում է պոլիկլինիկական և մանկաբարձ-գինեկոլոգիական ծառայություններ մատուցող «Էջմիածին» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ «Էջմիածին» ԲԿ)։ «Էջմիածին» ԲԿ մահճակալային ֆոնդը կազմում է 50 (35` մանկաբարձական և հղիության պաթալոգիայի, 15` գինեկոլոգիական մահճակալ): «Էջմիածին» ԲԿ-ն գործում է նույն տարածքում տեղակայված 2 մասնաշենքում՝ պոլիկլինիկական և ծննդատան:

  • ՀՀ Գեղարքունիքի մարզում գործող «Գավառի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Գավառի ԲԿ) գործում է 80 մահճակալ հզորությամբ։ 2011թ. նոյեմբերին շահագործման է հանձնվել Գավառի արդիականացված բժշկական կենտրոնը՝ իրականացվել է բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի շուրջ 4063 քմ տարածքի հիմնանորոգում և հագեցում ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով։ Իրականացվել է շուրջ 1.6 մլրդ ՀՀ դրամի ներդրում։ Հիվանդանոցը երկրորդային մակարդակի բազմապրոֆիլ հիվանդանոցային ծառայություններ է մատուցում տարածաշրջանի ազգաբնակչությանը՝ Գավառ քաղաքի Ազատության 21 հասցեում։

Նույն՝ Գավառի տարածաշրջանում, գործում է «Գավառի պոլիկլինիկա» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Գավառի պոլիկլինիկա), որը ամբուլատոր նեղ մասնագիտական ծառայություններ է մատուցում տարածաշրջանի ազգաբնակչությանը։

Նախագծով առաջարկվող բժշկական կազմակերպությունների վերակազմակերպումը՝ «Էջմիածին» ԲԿ միացումը Վաղարշապատի հիվանդանոցին և Գավառի պոլիկլինիկայի միացումը Գավառի ԲԿ-ին նպատակահարմար է և բխում է ինչպես կազմակերպությունների գործունեության արդյունավետության ապահովման, ազգաբնակչությանը որակյալ և մատչելի բժշկական ծառայությունների մատուցման, ծախսարդյունավետության, կորպորատիվ կառավարման սկզբունքներից, այնպես էլ ՀՀ կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունից։

  • Մարտունու ԲԿ նոր շենքի կառուցման և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի շենքի կառուցման աշխատանքները ի սկզբանե ընդգրկված են եղել ՀԲ կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների վերահսկում և կանխարգելում» վարկային թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի (այսուհետ՝ Վարկային ծրագիր) շրջանակներում։ Ուստի, համաձայն սահմանված ժամականացույցի, աշխատանքների ընթացքը ապահովելու նպատակով, 2019թ․ հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության 1425-Ն որոշմամբ սահմանվեցին նշված բժշկական կազմակերպությունների արդիականացմանը զուգահեռ քննարկվող տարածաշրջաններում առաջարկվող առողջապահական համակարգի օպտիմալացման քայլերը։ Մշակված ՆՆՓ-ների արդյունքում․ սակայն, 2 բժշկական կազմակերպությունների նոր շենքերի կառուցման նախահաշվային արժեքները գերազանցեցին նախատեսված վարկային միջոցները, ուստի ՀՀ կառավարության և ՀԲ միջև մեկնարկեց լայնածավալ քննարկումների փուլ՝ նախատեսված աշխատանքները իրականացնելու նպատակով հավելյալ միջոցներ ներգրավելու տարբերակների շուրջ։ Արդյունքում ՀԲ և ՀՀ կառավարության միջև ստորագրվեց «Հիվանդությունների վերահսկում և կանխարգելում» վարկային թիվ 5222-ԱՄ ծրագրում փոփոխություն կատարելու և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման և հագեցման աշխատանքները Վարկային ծրագրից հանելու վերաբերյալ Համաձայնագիր։

Մարտունու ԲԿ շենքի կառուցման նպատակով 2019թ․ դեկտեմբերի վերջին հայտարարված մրցույթի արդյունքում 2020թ․ հուլիս ամսին կնքվել է պայմանագիր մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպության հետ։ Համաձայն կնքված պայմանագրի՝ աշխատանքների իրականացման համար նախատեսված է 24 ամիս, որը մոտ ապագայում նախատեսվում է երկարացնել շուրջ 2-3 ամսով՝ կապված կիսանկուղային հարկում հավելյալ մահճակալների ծավալման առնչությամբ պատվիրվող աշխատանքների հետ։ Շին․ օբյեկտը շահագործման հանձնելուց հետո նախատեսվում է նաև այն հագեցնել բժշկական սարքավորումներով և կահույքով։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել փոփոխության ենթարկել ՀՀ կառավարության 02․11․2006թ․ թիվ 1911-Ն որոշմամբ սահմանված Մարտունու ԲԿ նոր շենքի կառուցման և դրա արդյունքում իրականացվող մի շարք աշխատանքների համար նախատեսված ժամկետը, միաժամանակ փոփոխելով 10․10․2019թ․ թիվ 1425-Ն որոշմամբ աշխատանքների իրականացման համար սահմանված հանձնարարականի ժամկետը։

Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման և հագեցման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ և ՀԲ միջև 18․02․2021թ․ ստորագրվել է «Հիվանդությունների վերահսկում և կանխարգելում վարկային ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» թիվ 9202-ԱՄ փոխառության Համաձայնագիրը։ Նշված Համաձայնագրի շրջանակներում 2021թ․ հուլիսի վերջին արդեն իսկ մեկնարկել են հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքները, որոնք, համաձայն պայմանագրի, նախատեսված է ավարտել 24 ամսվա ընթացքում։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել փոփոխության ենթարկել ՀՀ կառավարության 02․11․2006թ․ թիվ 1911-Ն որոշմամբ սահմանված ՀՀ Վայոց ձորի նոր մարզային հիվանդանոցի ստեղծման, վերջինիս համար նոր մասնաշենքի կառուցման և դրա արդյունքում իրականացվող աշխատանքների համար նախատեսված, ինչպես նաև նշվածից բխող Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջանների առողջապահական համակարգերի օպտիմալացման ժամկետը, միաժամանակ փոփոխելով 10․10․2019թ․ թիվ 1425-Ն որոշմամբ սահմանված հանձնարարականի իրականացման ժամկետը։

2 Առաջարկվող կարգավորումների բնույթը

Նախագծով առաջարկվում է

  • վերակազմակերպել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում գործող 2 բժշկական կազմակերպություն՝ ծննդօգնության և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցվող «Էջմիածին» բժշկական կենտրոնը միացնելով բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ մատուցող Վաղարշապատի հիվանդանոցին։ Այնուհետև, առաջարկվում է վերանվանել Վաղարշապատի հիվանդանոցը «Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս այսուհետ պետք է մատուցի նաև առողջության առաջնային պահպանման և ծննդօգնության ծառայություններ։
  • վերակազմակերպել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում գործող 2 բժշկական կազմակերպություն՝ առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող պոլիկլինիկան միացնելով բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ մատուցող Գավառի բժշկական կենտրոնին։

 

Նշված առաջարկների հիմքում ընկած են հետևյալ հանգամանքները․

ՀՀ առողջապահական համակարգը վերջին 15 տարում շարժվում է առողջության առաջնային պահպանման/ամբուլատոր և երկրորդային մակարդակի/ստացիոնար բժշկական ծառայությունները մեկ ադմինիստրատիվ միավոր հանդիսացող բժշկական կենտրոնների կազմում մատուցելու ուղղով։ Նշված ենթատեքստում արդեն իսկ միավորվել են մարզային գրեթե բոլոր առաջնային և երկրորդային մակարդակի բժշկական կազմակերպությունները՝ պոլիկլինիկաները և հիվանդանոցները վերակազմակերպելու (միացնելու կամ միաձուլելու) միջոցով։ Ներկայում ՀՀ մարզերում գրեթե բոլոր բժշկական առաջնային և երկրորդային ողջ սպեկտրի ծառայությունները մատուցվում են բժշկական կենտրոնների կողմից, որոնց կազմում գործում են պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, ծննդատներ և այլն։ Ժամանակը փաստում է, որ նշված մոտեցումը առավել արդյունավետ է, քանի որ հանգեցնում է մի կողմից ծախսարդյունավետության (կրկնվող ադմինիստրատիվ հաստիքների կրճատում, կենտրոնացված գնումների իրականացում և առավել մատչելի արժեքով անհրաժեշտ գույքի ձեռքբերում, դեռևս Սովետական Միության ժամանակաշրջանի նորմատիվներով կառուցման մեծ չափերի կառույցներից ձերբազատում և ծառայությունների կենտրոնացում առավել օպտիմալ և ֆիզիկապես բժշկական օգնության և սպասարկման համար հնարավորինս համապատասխանող տարածքներում), մյուս կողմից մատուցվող ծառայությունների որակի և մատչելիության բարձրացմանը (ազգաբնակչությունը հնարավորություն ունի մեկ վայրում՝ առանց ավելորդ փաստաթղթավորման, օգտվել առողջության առաջնային պահպանման, բազմապրոֆիլ բժշկական և ախտորոշիչ, լաբորատոր-գործիքային ծառայություններից)։ Բժշկական կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում իրականացվում է մարդկային ռեսուրսների և նյութատեխնիկական բազայի միավորում, ինչը հանգեցնում է թե ծառայությունների որակի և թե սպասվող շահութաբերության աճին։

Ներկայացվող նախագծի ընդունման արդյունքում ևս, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղարշապատի և ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանների ազգաբնակչությունը հնարավորություն կունենա օգտվել առավել որակյալ բժշկական ծառայություններից, կբարձրանա նաև դրանց հասանելիությունը, կապահովվի մատուցվող բժշկական ծառայությունների անընդհատությունն ու լիարժեքությունը։

Միաժամանակ, առաջարկվող վերակազմակերպումը համահունչ է մոտ ապագայում պլանավորված Վաղարշապատի հիվանդանոցի (վերանվանված՝ Էջմիածնի բժշկական կենտրոնի) արդիականացման ծրագրի հետ՝ շենքային պայմանների և նյութատեխնիկական բազայի բարելավում։

  • Նախագծով առաջարկվում է նաև փոփոխել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ կառուցման և ՀՀ Վայոց ձորի մարզային հիվանդանոցի ստեղծման և վերջինիս մասնաշենքի կառուցման համար նախատեսված ժամկետները, հաշվի առնելով ՀԲ կողմից ֆինանսավորվող վարկային թիվ 5222-ԱՄ և 9202-ԱՄ ծրագրերի շրջանակներում շինարարական աշխատանքների իրականացման նպատակով արդեն իսկ կնքված պայմանագրերով նախատեսված ժամկետները և բժշկական կազմակերպությունների հետագա հագեցման համար պահանջվող ժամանակահատվածը։ Միաժամանակ, առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 10․10․2019թ․ թիվ 1425-Ն որոշմամբ սահմանված՝ Մարտունու ԲԿ կառուցման և ՀՀ Վայոց ձորի մարզային հիվանդանոցի ստեղծման և վերջինիս մասնաշենքի կառուցման, ինչպես նաև նշված աշխատանքների առնչությամբ քննարկվող տարածաշրջաններում իրականացվող առողջապահական համակարգերի օպտիմալացման աշխատանքների կատարման նպատակով մարզպետներին տրված հանձնարարականների ժամկետները։

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի համապատասխան մասնագետների կողմից:

4 Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1425-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում գործող բժշկական հաստատությունների գործունեության համար կստեղծի հնարավորինս նպաստավոր պայմաններ։

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ներկայացված որոշման նախագիծը համահունչ է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթի «Գործողություններ» բաժնում ներկայացված առաջիկա 10 տարում իրականացվելիք կարևորագույն համազգային 16 մեգանպատակներից 04-րդ նպատակի հետ․ «Առողջ և ապահով քաղաքացի, ժողովուրդ»։ Ներկայացված նախագծի ընդունումը նպաստում է ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարձրացմանը։

 Նախագիծը համահունչ է նաև ներկայում ՀՀ կառավարության կողմից վարվող ՀՀ տարածքների համաչափ զարգացման քաղաքականության հետ, քանի որ Նախագծի արդյունքում բարելավվում է մարզային առողջապահության համակարգի ենթակառուցվածքը, առավել նպաստավոր պայմաններ են ստեղծվում Վաղարշապատի և Գավառի տարածաշրջանի ազգաբնակչությանը բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները ստանալ իրենց մարզում, իրենց բնակավայրի մոտ։

Նախագծի ընդունումն անմիջականորեն բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրից, Առողջապահության 2022թ․ նպատակային ծրագրից և Առողջապահության համակարգի 2021-2025թթ․ զարգացման ռազմավարությունից։

  1. Նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների վերաբերյալ

Առաջարկվող նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    13.09.2021 - 28.09.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7312

Տպել