Հիշել նախագիծը

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» 2021 թվականի հունվարի 19-ի ՀՕ-66-Ն Օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետից հետո լրացնել 17-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«17) Մեռելածին` մահացած ծնված պտուղ, որը ծնվելուց հետո չի շնչում կամ չի ցուցաբերում կյանքի որևէ այլ նշան` ինչպիսիք են սրտխփոցը, պորտալարի անոթազարկը կամ կամային մկանների ակնհայտ շարժումները:»

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ և 9-րդ մասերում «սոցիալական աջակցության բնագավառում Կառավարության լիազորած պետական մարմնում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմնի» բառերը փոխարինել «միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 26. Մեռելածնի ծննդի պետական գրանցումը

  1. Մեռելածնի ծննդի պետական գրանցման համար հիմք է բժշկական կազմակերպության կամ բժշկի տված՝ պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթուղթը:
  2. Մեռելածնի ծննդի մասին դիմումը ներկայացնելու պարտականությունը կրում է (են)՝

1) մեռելածնի ծնողը (ծնողները).

2) բժշկական կազմակերպությունը, որտեղ մեռելածնությունը տեղի է ունեցել, եթե

ա. մեռելածնի ծնողը (ծնողները) մեռելածնության պահից մեկամսյա ժամկետում չի (չեն) դիմում բժշկական կազմակերպություն՝ պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթուղթը ստանալու համար,

բ. մեռելածնի ծնողին պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթուղթը տրամադրելուց հետո մեռելածնության օրվանը հաջորդող մեկամսյա ժամկետում մեռելածնի ծննդի պետական գրանցումը բացակայում է:

  1. Մեռելածնության վերաբերյալ կատարվում է ծննդի պետական գրանցում: Ծննդի մասին պետական վկայական չի գեներացվում:
  2. Մեռելածնի մահվան պետական գրանցում չի կատարվում, ծննդի մասին պետական գրանցման մեջ նշվում է՝ «Ծնվել է մահացած»:»
  3. Պերինատալ մահվան մասին սահմանված ձևի փաստաթղթում նշված մեռելածնի ծնող հանդիսացող անձի` www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկվում է մեռելածնի ծննդի պետական գրանցման մասին տեղեկանք:»

Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում երկու անգամ նշված «մահացած ծնված երեխայի» բառերը փոխարինել «մեռելածնի» բառով:

Հոդված 5. Օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասից հետո լրացնել 5-րդ, 6-րդ և 7-րդ մաս հետևյալ խմբագրությամբ.

«5. Հետծննդյան 28 օրերի ընթացքում մահացած երեխայի մահվան մասին դիմումը ներկայացնելու պարտականությունը կրում է (են)՝

1) երեխայի ծնողը (ծնողները).

2) բժշկական կազմակերպությունը, որտեղ երեխան մահացել է`

ա. երեխայի մահվան գրանցումը և/կամ հուղարկավորությունը ստանձնող չլինելու դեպքում (նաև 28 օրականից մեծ հասակում մահերի դեպքում),

բ. ծնողի կողմից հուղարկավորությունը ստանձնելու և պերինատալ մահվան կամ մահվան մասին սահմանված ձևի փաստաթուղթը ստանալուց հետո մահվանը հաջորդող մեկամսյա ժամկետում մահը գրանցված չլինելու դեպքում:

  1. Երեխայի մահվան պետական գրանցումը բժշկական կազմակերպության կողմից իրականացվելու դեպքում գրանցում է նաև երեխայի ծնունդը, եթե երեխայի մահվան մասին դիմումը ներկայացնելու պահին ծնունդը գրանցված չէ:
  2. Ծննդի և մահվան ակտերի գրառումների հիման վրա տրվում է միայն երեխայի մահվան վկայական:»

Հոդված 6. Օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «քաղաքացիությունը,» բառից հետո լրացնել «կրթությունը, աշխատանքի վայրը, զբաղմունքը,» բառերը:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    25.08.2021 - 10.09.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7302

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ