«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավիացիայի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում՝
1) լրացնել նոր 1.1-ին մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան նախարարը իրականացվող ավիացիոն գործունեության նորմատիվ կանոնակարգման գործընթացում կարող է ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:».
2) 4-րդ մասը լրացնել նոր 29-81-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ․
«29) հաստատում է թռիչքների շահագործման պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգը (Air Operations Regulation).
30) հաստատում է թռիչքային անձնակազմի պահանջների տեխնիկական և ադմինիստրատիվ կանոնակարգը (Air Crew Regulation).
31) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի մասնագետներին վկայականների տրամադրման կարգը (LICENSING).
32) սահմանում է օտարերկրյա պետությունների կողմից ավիացիոն մասնագետներին տրված վկայականների հիման վրա դրանց ճանաչման վավերագրի տրամադրման պայմանները և կարգը (FOREIGN AVIATION SPECIALISTS LICENSE VALIDATION).
33) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգը (THEORETICAL TRAINING AND SPECIAL FLIGHTS).
34) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն ուսումնական կազմակերպությունների սերտիֆիկացման և օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունների սերտիֆիկատների ճանաչման կարգը» (AVIA TRAINING CENTERS CERTIFICATION, VALIDATION).
35) հաստատում է թռիչքային անձնակազմի, օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետների և օդային երթևեկության կառավարման կարգավարների մասնագիտական գիտելիքների և ունակությունների ստուգման նպատակով անցկացվող տեսական թեստավորման ընթացակարգը (PROFECIENCY TESTING).
36) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը.
37) հաստատում է Թռիչքների անվտանգության եվրոպական միության գործակալության «Թռիչքային Պիտանիության Պահպանում» կանոնակարգը.
38) հաստատում է Թռիչքների անվտանգության եվրոպական միության գործակալության «Գլխավոր նվազագույն սարքավորումների ցանկի սերտիֆիկացման պահանջները և ուղեցույց նյութերը».
39) հաստատում է Թռիչքների անվտանգության եվրոպական միության գործակալության «Եվրոպական Տեխնիկական Ստանդարտներ» ՍԻԵՍ-ԷՏՍՕ-ի մասին ձեռնարկը.
40) հաստատում է աերոնավտիկական արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման կարգը.
41) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի թռիչքային պիտանիության ապահովման կանոնները.
42) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի վրա տեխնիկական ձևափոխման և վերանորոգման աշխատանքների իրականացման կարգը.
43) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի շահագործման կանոնները.
44) հաստատում է Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալության «Շահագործման վերաբերյալ թռիչքային պիտանիության լրացուցիչ պահանջներ» կանոնակարգը.
45) հաստատում է օդային երթևեկության կառավարման կարգավարների ատեստավորման կարգը.
46) հաստատում է աերոնավիգացիոն կապի և դիտարկման ապահովման կարգը.
47) հաստատում է օդանավում, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում օգտագործվող վերգետնյա ռադիոսարքավորումների տեղադրման և շահագործման կարգն ու պայմանները.
48) հաստատում է Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացված աերոդրոմների շահագործման պայմանները.
49) հաստատում է Հայաստանի Հանրապետության միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմների սերտիֆիկացման կարգը.
50) սահմանում է ուղղաթիռադաշտի շահագործման պայմանները և սահմանափակումները.
51) հաստատում է աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովման կարգը.
52) սահմանում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների աերոդրոմների շրջակայքում թռչունների բախումն օդանավերի հետ հաշվառելու և քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն ներկայացնելու կարգը.
53) հաստատում է օդային երթևեկության սպասարկման կարգը.
54) հաստատում է օդանավակայանների կողմից թռիչք-վայրէջքների համար ժամանակահատված (ՍԼՕՏ) տրամադրելու կարգը.
55) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիային մատուցվող օդերևութաբանական ծառայությունների տեսակները և չափանիշները.
56) սահմանում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների թռիչքային անվտանգության պահանջները.
57) սահմանում է ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների համար նախատեսված թռիչք/վայրէջքային հարթակների շահագործման թույլտվության տրման կարգը և շահագործման պայմանները.
58) հաստատում է արտակարգ իրավիճակներում օդանավի անձնակազմի գործողությունների մասին կարգը.
59) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոնները.
60) հաստատում է անկարգապահ ուղևորների հետ վարվելու կարգը.
61) սահմանում է օդային տրանuպորտով ուղևորների ձեռքի իրերում փոխադրման համար արգելված հարյուր միլիլիտրից ավելի հեղուկների, գելերի և աերոզոլների ցանկը.
62) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ատեստավորման կանոնակարգը.
63) հաստատում է պայթյունի սպառնալիքի մասին հեռախոսով ստացված հաղորդագրության դեպքում պատասխանատու անձանց գործողությունների կարգը.
64) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագիրը.
65) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության համակարգի փորձարկումների իրականացման կարգը.
66) հաստատում է ճգնաժամային իրավիճակներում իրականացվող ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումների ուղեցույցը.
67) հաստատում է չուղեկցվող ուղեբեռների ավիացիոն անվտանգության հսկողության ուղեցույցը.
68) հաստատում է գրանցված գործակալների մասին կարգը.
69) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում տեղեկատվության պաշտպանության մասին» Կանոնակարգը.
70) հաստատում է ավիացիոն անվտագության ծառայությունների զննման օպերատորիների, հրահանգիչների և որակի հսկողության տեսուչների սերտիֆիկացման կարգը.
71) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման մեթոդիկան.
72) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության համակարգում տեսչական ստուգումների ուղեցույցը.
73) հաստատում է Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առաջացած բարձրաստիճան վտանգի դեպքերում ավիացիոն անվտանգության միջոցառումների կիրառման ուղեցույցը.
74) հաստատում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման գործառույթներ իրականացնող աշխատողների ուղեցույցը.
75) հաստատում է ուղեկցման ենթակա անձանց փոխադրման կարգը.
76) հաստատումն է երկիր-օդ հրթիռային համակարգերից քաղաքացիական օդանավերի պաշտպանության միջոցառումների վերաբերյալ ուղեցույցը.
77) հաստատում է օդանավի պայթյունի սպառնալիքի դեպքում իրականացվող գործողությունների ուղեցույցը.
78) հաստատում է ճգնաժամային իրավիճակներում գործողությունների պլանավորման ուղեցույցը.
79) հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում որոնման և էվակուացիայի իրականացման ուղեցույցը.
80) հաստատում է բժշկական զննության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի բժշկական սերտիֆիկատների հատկացման կարգը.
81) հաստատում է օդային երթևեկության կառավարման կարգավարներ պատրաստող և վերապատրաստող ուսումնական կենտրոններին ներկայացվող պահանջները:»:
3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Կոմիտեն իր խնդիրների ու գործառույթների իրականացման նպատակով`
1) ընդունում է իրավական ակտեր, եթե դրանք բխում են Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորություններից, կամ եթե տվյալ նորմատիվ իրավական ակտի ընդունումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կամ դրանցից բխող միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրատարակած փաստաթղթերի պահանջների կատարմանը` Հայաստանի Հանրապետության կողմից.
2) քաղաքացիական ավիացիայի բնագավառում ընդունվող իրավական ակտերի հավելվածները կարող է շարադրել նաև օտար լեզվով: Այդ իրավական ակտերի դրույթները պետք է տարածվեն միայն տվյալ բնագավառներում գործունեություն իրականացնող այն անձանց վրա, որոնց ծառայողական պարտականությունների մեջ մտնում է օտար լեզվի իմացությունը:
3) սահմանված կարգով ընդունում և (կամ) ճանաչում է օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի բնագավառի իրավասու մարմնի (ներառյալ` այդ մարմնի կողմից ընտրված գործակալությունների) և միջազգային ավիացիոն կազմակերպությունների տված սերտիֆիկատները, վկայականները, թույլտվություններն ու տեխնիկական եզրակացությունները:»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝
- 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Թռիչք/վայրէջքի հարթակ է համարվում հողային կամ ջրային հատվածը, որը նախատեսված է ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների օդանավերի (ինքնաթիռ, ուղղաթիռ) թռիչք/վայրէջքների, գետնավարման և կայանման համար:».
- 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ընդհանուր նշանակության ավիացիայի կամ ներքին ոչ կանոնավոր առևտրային փոխադրումների համար նախատեսված թռիչք/վայրէջքային հարթակները կարող են շահագործվել միայն շահագործման թույլտվության հիման վրա:».
- 4-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված աերոդրոմի (ուղղաթիռադաշտի) սերտիֆիկատը և հարթակների շահագործման թույտվությունը տրվում է կոմիտեի կողմից։
Աերոդրոմների (ուղղաթիռադաշտի) սերտիֆիկացման և հարթակների շահագործման թույլտվությունների տրման կարգերը և շահագործման պայմանները սահմանում է կոմիտեն:».
- 6-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կոմիտեն իր սահմանած կարգով իրականացնում է շարունակական վերահսկողություն սերտիֆիկացված կամ շահագործման թույլտվություն ստացած աերոդրոմների (ուղղաթիռադաշտի) և հարթակների, վերգետնյա միջոցների և ծառայությունների նկատմամբ` բացառապես ԻԿԱՕ-ի, Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության ապահովության և անվտանգության պահանջներին համապատասխանության նպատակով: Նման վերահսկողությունը չպետք է խոչընդոտի օդանավակայանների կառավարիչների բնականոն գործունեությանը:».
- 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Աերոդրոմի (ուղղաթիռադաշտի) սերտիֆիկատի կամ հարթակի թույլտվության գործողությունը կարող է դադարեցվել կամ կասեցվել կոմիտեի կողմից, եթե աերոդրոմը կամ հարթակը, դրանց շահագործման կազմակերպումը, սարքավորումները, միջոցները կամ ծառայությունները չեն համապատասխանում սահմանված պայմաններին կամ սահմանափակումներին: Եթե ի հայտ բերված թերությունները չեն ազդում թռիչքների և ավիացիոն անվտանգության վրա, ապա կոմիտեն իրավասու է շահագործողից պահանջելու վերացնել նշված թերությունները սահմանված ժամկետում, որի ընթացքում կարող են կիրառվել շահագործման սահմանափակումներ:»:
Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Միջազգային առևտրային օդային փոխադրումներ իրականացնելու դեպքում օդանավի օդաչուի առավելագույն տարիքը չի կարող գերազանցել 60 տարին, իսկ օդանավում մեկից ավել օդաչուի առկայության դեպքում՝ 65 տարին: Թռիչքի ժամանակահատվածում Օդանավում մեկից ավել օդաչուի առկայության դեպքում 60 տարին անց կարող է լինել օդաչուներից միայն մեկը: Օդանավի թռիչքային անձնակազմի մյուս անդամների՝ շտուրմանի, բորտինժեների, բորտռադիստի և բորտօպերատորի առավելագույն տարիքը չի կարող գերազանցել 65 տարին:»:
Հոդված 4. Օրենքի 52-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 52. Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունը
- Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունը համալիր միջոցառումների համակարգ է, ինչպես նաև մարդկային և նյութական ռեսուրսներ, որոնք նախատեսված են ապահովելու քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից:
- Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունն ապահովվում է՝
1) օդանավով զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ, ռադիոակտիվ, թունավոր, դյուրավառ և այլ վտանգավոր նյութերի ու առարկաների ապօրինի փոխադրումը բացառելու, իսկ դրանց օրինական փոխադրման ընթացքում՝ նախազգուշական և կանխարգելիչ միջոցառումների կիրառման,
2) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, օդանավերի, օդանավ տարվող սննդի, օդանավային պիտույքների և պարագաների նախաթռիչքային զննման.
3) օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող անձանց և այցելուների, ինչպես նաև հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործող տրանսպորտային միջոցների զննման.
4) անհրաժեշտության դեպքում, ուղևորների անձնական զննման, ինչպես նաև օդանավում՝ օդանավի հրամանատարի պահանջով ուղևորների զննման.
5) օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության սահմանման, օդանավակայանների, օդանավերի և կարևոր օբյեկտների պահպանության կազմակերպման ու իրականացման.
6) ավիացիոն անվտանգության մասով տեղեկատվության պաշտպանության.
7) ուղևորների, ուղեբեռների, բեռների հաշվառման և ձևակերպման համար կիրառվող ծրագրերի, օդանավակայանում օդանավերի շարժի, օդանավերի թռիչքների սպասարկման և օդային երթևեկության կառավարման համար oգտագործվող առանձնացված ծրագրային և կապի համակարգերի, աերոնավիգացիոն տեղեկատվական ցանցերի, աերոնավիգացիոն տեղեկատվական համակարգերով մշակվող ու փոխանցվող տեղեկատվությունների, կարգավարական կապերի ձայնային տեղեկատվության գրանցումներ իրականացնող ծրագրային համակարգերի, ինչպես նաև համակարգչային տեղային ցանցերը կողմնակի անօրինական մուտքերից ու կիբեր վտանգներից պաշտպանվածության.
8) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերին հակազդելու, այդ թվում նաև՝ իրավապահ մարմինների մասնակցությամբ իրականացվող հակազդման միջոցառումների իրականացման միջոցով։
- Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներից բխող՝ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունն ապահովող համապատասխան իրավական ակտերն ընդունում է Կառավարությունը:
- Միջազգային և ներքին քաղաքացիական ավիացիայի անխափան, արդյունավետ և անվտանգ գործունեության ապահովման նպատակով Կառավարությունը հաստատում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը, քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը, քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջացած ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային պլանը, ստեղծում է ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողով, որը քննարկում է ավիացիոն անվտանգության բնագավառում իրականացվող պետական քաղաքականության հիմնախնդիրները և իրականացնում է ավիացիոն անվտանգության մասով քաղաքացիական ավիացիայի գործունեության ուսումնասիրություններ ու վերլուծություներ:
- Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման համար պատասխանատու մարմին է հանդիսանում Կոմիտեն, որը՝
1) պատասխանատու է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի, քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրի, քաղաքացիական ավիացիայի համակարգում առաջացած ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային պլանի, քաղաքացիական ավիացիայի համակարգի ավիացիոն անվտանգության ոլորտի աշխատողների ուսուցման ազգային ծրագրի, ինչպես նաև սույն կետում նշված ծրագրերից բխող կարգերի, կանոնակարգերի, հրահանգների, ուղեցույցների և պլանների մշակման, համապատասխան նախարարի և Կառավարության քննարկմանը և հաստատմանը ներկայացման, դրանց ներդրման, կիրառման և պահպանման համար։
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օդանավակայանների, օդանավ շահագործողների և այլ անձանց հետ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունը կանոնակարգող իրավական ակտերով նախատեսված խնդիրների համատեղ իրականացումը.
3) ապահովում է քաղաքացիական ավիացիայի բնագավառում անօրինական միջամտության ակտերով պայմանավորված արտակարգ իրավիճակների կառավարման օպերատիվ շտաբի գործունեությունը և մասնակցում օպերատիվ շտաբի աշխատանքներին.
4) քաղաքացիական ավիացիայի համակարգում ներդրված և կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետության և քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի պահանջներին դրանց համապատասխանության ստուգման նպատակով քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրով սահմանված կարգով իրականացնում է ավիացիոն անվտանգության աշխատանքների աուդիտներ, տեսչական ստուգումներ, թեստեր և դիտարկումներ,
5) իրականացնում է ավիացիոն անվտանգության որակի հսկողության միջոցառումներ՝ ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության տեսուչների միջոցով, որոնք իրավասու են քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագրով սահմանված կարգով.
ա. ստուգել պետության ցանկացած օդանավակայանի ցանկացած մաս,
բ. ստուգել օդանավակայանից դուրս գտնվող ցանկացած հողակտոր կամ ցանկացած տարածք, որոնք օգտագործվում են օդանավակայանում կամ օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում գործող առևտրային ձեռնարկությունների կողմից,
գ. ստուգել Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ շահագործվող ցանկացած օդանավ՝ ավիացիոն անվտանգության որակի հսկողության միջոցառումների գնահատման նպատակով,
դ. ավիացիոն անվտանգության ապահովման մակարդակի գնահատման և ավիացիոն անվտանգության ընթացակարգերի պահպանման նպատակով հարցազրույց անցկացնել յուրաքանչյուր անձի հետ,
ե. պահանջել անհապաղ շտկել ցանկացած թերություն և/կամ ձեռնարկել իրավակիրառ բնույթի գործողություններ,
զ.ստանալ ավիացիոն անվտանգության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի և հաշվարկված տվյալների թույլտվություն:
6) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի արդյունավետությունն ապահովելու նպատակով սահմանում է ավիացիոն անվտանգության դասընթացներ իրականացնող ուսումնական հաստատությունների և ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի ուսումնական, վերապատրաստման ծրագրերին և այդ ծրագրերով դասավանդող մասնագետներին ներկայացվող պահանջներն ու չափանիշները.
7) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան իրավասու մարմինների հետ, ըստ անհրաժեշտության՝ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրերի, ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի ուսումնական և վերապատրաստման ծրագրերի մշակման, օտարերկրյա պետությունների օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների փոխադարձ ճանաչման և ավիացիոն անվտանգության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով․
8) քննարկում և հաստատում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության այն կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, պետք է մշակեն և ներդնեն այդ ծրագրերը։ Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծրագրերը հանդիսանում են օդանավակայանի աերոդրոմի և (կամ) ուղղաթիռադաշտի սերտիֆիկատի կամ թույլտվության տրամադրման նախապայման.
9) քննարկում և համապատասխանության եզրակացություն է տալիս դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ և Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից թռիչքներ իրականացնող օտարերկրյա օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերի վերաբերյալ,
10) ավիացիոն անվտանգության չափանիշների ապահովման նպատակով պետական կառավարման այլ լիազորված մարմինների հետ միասին քննարկում ու հաստատում է Հայաստանի Հանրապետության օդանավակայանների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների տարածքներում նոր շենքերի և շինությունների կառուցման, հին շենքերի ու շինությունների վերանորոգման նախագծերը․
11) սահմանում է ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ատեստավորման կարգը.
12) սահմանում է ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման օպերատորների, ավիացիոն անվտանգության հրահանգիչների և որակի հսկողության տեսուչների սերտիֆիկացման կարգը.
13) օդանավի անձնակազմի անդամի վկայական հատկացնում է կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող օդաչուներին, ինժեներներին, շտուրմաններին և Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների օդանավերի անձնակազմերի անդամներին, իսկ քաղաքացիական ավիացիայի թռիչքային անվտանգության տեսուչներին հատկացվում է քաղաքացիական ավիացիայի թռիչքային անվտանգության տեսուչի վկայական:
- Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ազգային անվտանգության, ոստիկանության, մաքսային, արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի և պաշտպանության բնագավառներում լիազորած մարմինները գործում են Հայաստանի Հանրապետության օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում, իսկ մաքսային մարմինները՝ նաև մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:
- Օդանավակայաններ շահագործող կազմակերպությունները՝
1) պատասխանատու են միջազգային և ներքին օդային փոխադրումները սպասարկող յուրաքանչյուր օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրերի մշակման և կոմիտեի հաստատմանը ներկայացման և դրանց ներդրման համար.
2) պատասխանատու են օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների որակի հսկողության, օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ուսուցման և վերապատրաստման ծրագրերի մշակման և կոմիտեի հաստատմանը ներկայացման և դրանց ներդրման համար.
3) պատասխանատու են օդանավակայանների բնականոն գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների կանխմանն ու հակազդմանն ուղղված ճգնաժամային իրավիճակների կառավարման պլանների մշակման, դրանք կոմիտեի և սույն հոդվածի 6-րդ մասում նշված պետական կառավարման լիազոր մարմինների հետ համաձայնեցման, կոմիտեի հաստատմանը ներկայացման և դրանց ներդրման համար․
4) համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ՝ սահմանում են օդանավակայնների վերահսկելի գոտիները, հատուկ վերահսկելի գոտիները և ընդհանուր օգտագործման տարածքները, դրանց տեղադրությունը, սահմանները և այդ գոտիներում և տարածքներում կիրառող ավիացիոն անվտանգության միջոցառումները, որոնք ներառվում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծրագրերում.
5) ստեղծում են ավիացիոն անվտանգության ծառայություններ, որոնք հանդիսանում են հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող ծառայություններ և ապահովում են ավիացիոն անվտանգությունն օդանավակայաններում։
- Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայություններն իրականացնում են՝
1) օդանավակայանների տարածքի, տարածքում գտնվող օբյեկտների, շենքերի, շինությունների և օդանավերի պահպանություն պահակակետային ծառայության և տեսահսկման աշխատանքների իրականացման միջոցով․
2) օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների անցագրերի տրամադրում և այդ գոտիներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողություն.
3) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, օդանավերի, օդանավ տարվող սննդի, օդանավային պիտույքների և պարագաների, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող անձանց և այցելուների, հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործող տրանսպորտային միջոցների զննում․
4) օդանավակայաններում առաջացած ճգնաժամային իրավիճակների դեպքերում մասնակցում են դրանց կանխման ու հակզդման միջոցառումներին։
- Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմի անդամները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն՝
1) կրել և կիրառել ծառայողական զենք և հատուկ միջոցներ՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
2) կրել սահմանված ձևի համազգեստ, որի նկարագիրը և կրելու կարգը սահմանում է Կառավարությունը.
3) օդանավակայաներում սահմանված ավիացիոն անվտանգության կանոնների խախտումների դեպքերում, խախտումներ կատարած անձանց հանձնել իրավապահ մարմիններին.
4) արգելել օդանավով փոխադրման համար արգելված առարակների և նյութերի փոխադրումը ուղեբեռներում և բեռում.
5) արգելել ուղևորների ձեռքի իրերում օդանավի ուղևորասրահում փոխադրման համար արգելված առարկաների և նյութերի փոխադրումը.
6) ուղևորների, օդանավի անձնակազմի և վերգետնյա ծառայություներերի աշխատողների կյանքին վտանգ սպառնալու դեպքերում կիրառել կանխարգելիչ միջոցառումներ:
- Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները՝
1) մշակում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը և ներկայանում կոմիտեի հաստատմանը.
2) մշակում են օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության որակի հսկողության և ավիացիոն անվտանգության մասով օդանավ շահագործողի աշխատողների ուսուցման և վերապատրաստման ծրագրերը և ներկայացնում կոմիտեի հաստատմանը.
3) մշակում են գետնի վրա կամ թռիչքի ընթացքում գտնվող օդանավի դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների կանխմանն և հակազդմանն ուղղված պլանները, դրանք կոմիտեի միջոցով համաձայնեցնում են սույն հոդվածի 6-րդ մասում նշված պետական կառավարման լիազորված մարմինների հետ և ներկայացնում են կոմիտեի հաստատմանը.
4) ստեղծում են ավիացիոն անվտանգության ստորաբաժանումներ, որոնք իրականացնում են օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները և դրանց որակի հսկողության միջացառումները։
- Հայաստանի Հանրապետության տարածքում աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող կազմակերպությունները՝
1) մշակում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը և ներկայացնում կոմիտեի հաստատմանը.
2) մշակում են իրենց ավիացիոն անվտանգության որակի հսկողության և ավիացիոն անվտանգության մասով աշխատողների ուսուցման և վերապատրաստման ծրագրերը և ներկայացնում կոմիտեի հաստատմանը.
3) մշակում են օդային երթևեկություն սպասարկման ընթացքում քաղաքացիական ավիացիայի բնականոն գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների կանխմանն և հակազդմանն ուղղված ճգնաժամային իրավիճակների կառավարման պլանները և ներկայացնում են կոմիտեի հաստատմանը.
4) ստեղծում են ավիացիոն անվտանգության ստորաբաժանումներ, որոնք իրականացնում են օդային երթևեկության սպասարկում իրականացնող կազմակերպության ավիացիոն անվտանգության ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները.
5) Հայաստանի Հանրապետության տարածքում աերոնավիգացիոն սպասարկում իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողներին իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում թույլատրվում է.
ա. կրել սահմանված ձևի համազգեստ,
բ. իրականացնել օդային երթևեկության կառավարման կենտրոն մուտք գործող անձանց զննում,
գ.ապահովել օդանավակայանների տարածքներում կամ օդանավակայանների տարածքից դուրս գտնվող և քաղաքացիական ավիացիայի անխափան գործունեության ապահովման համար կարևոր նշանակություն ունեցող աերոնավիգացիոն օբյեկտների, շենքերի, շինությունների և սարքավորումների պահպանությունը,
դ. օդային երթևեկության սպասարկման համար շահագործվող շենքերի, շինությունների, տարածքների և սարքավորումների նկատմամբ սահմանված ավիացիոն անվտանգության կանոնների խախտումների դեպքերում, խախտումներ կատարած անձանց հանձնել իրավապահ մարմիններին։
- Ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով օդանավ շահագործողներն ուղևորների վերաբերյալ նախնական տեղեկատվության տրամադրման համակարգի բազա մուտքագրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային պայմանագրերով սահմանված չափորոշիչներին համապատասխան՝ ապահովում են ուղևորների վերաբերյալ նախնական տվյալների փոխանցումը լիազորված պետական կառավարման մարմին։ Ուղևորների վերաբերյալ նախնական տեղեկատվության տրամադրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
- Սույն օրենքով սահմանված կարգով իրականացվող ավիացիոն անվտանգության նախաթռիչքային հսկողությունից՝ զննումից ուղևորի հրաժարվելու դեպքում ուղևորը չի թույլատրվում թռիչքի։
- Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով ներդրվում են ավիացիոն անվտանգության ապահովման համար նախատեսված զննման տեխնիկական սարքավորումներ, մուտքերի հսկողության ծրագրային համակարգեր, տեսահսկման և պահպանության ազդանշանային համակարգեր, որոնց տեխնիկական բնութագրերը և չափանիշները պետք է համապատասխանեն ԻԿԱՕ կողմից սահմանված չափանիշներին և սերտիֆիկացվեն կոմիտեի կողմից։ Օդանավակայաներում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով ներդրվող սարքավորումների ընտրությունը կատարում են օդանավակայաններ շահագործող կազմակերպությունները՝ համաձայնեցնելով կոմիտեի հետ:
- Օդանավակայանների ուղևորային համալիրի մուտքերում կարող են տեղադրվել անձանց զննման համար նախատեսված տեխնիկական սարքավորումներ և կարող են իրականացվել օդանավակայանի ուղևորային համալիրների հասարակական գոտիներ մուտք գործող անձանց զննում՝ ելնելով ազգային անվտանգության ապահովման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից իրականացված քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված ռիսկերի գնահատման արդյունքներից: Տեխնիկական սարքավորումների տեղադրման և զննման գործընթացը սահմանվում են քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով:
- Ավիացիոն անվտանգության ապահովման համար նախատեսված սարքավորման տեխնիկական սպասարկումն իրականացվում է արտադրողի կողմից սերտիֆիկացված և կոմիտեի կողմից ճանաչված կազմակերպության կողմից, արտադրողի սահմանած տեխնիկական սպասարկման և վերանորոգման չափանիշներիի համաձայն:
- Հայաստանի Հանրապետության օդանավակայանների, օդանավ շահագործողների և օդային երթևեկության սպասարկում իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատակիցների ընտրության նպատակով կոմիտեն սահմանում է մասնագիտական, աշխատանքային փորձի և առողջական վիճակի վերաբերյալ պահանջներ:
- Ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների մասնագիտական պատրաստվածությունը հավաստվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատության, ԻԿԱՕ և ԵԿԱԿ ուսումնական կենտրոնների կամ օտարեկրյա պետությունների մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատության կողմից տրված և կոմիտե կողմից ճանաչված վկայականներով, որոնց ճանաչման կարգը սահմանում է կոմիտեն։
- Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ շահագործող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման գործառույթներ իրականացնող աշխատակիցներն իրենց ծառայողական պարտականությունները կարող են իրականացնել միայն կոմիտեի կողմից ատեստավորման արդյունքներով տրված որակավորման սերտիֆիկատների հիման վրա։
Կոմիտեն սահմանում է մասնագիտական պատրաստվածություն անցած և դրա հիման վրա գործող վկայականներ կրող ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների մասնագիտական պատրաստվածության, դրա շարունակականության ապահովման, ատեստավորման, ինչպես նաև վերապատրաստմանն ուղղված ծրագրեր և կանոնակարգեր:
- Սույն հոդվածով նախատեսված գործառույթների իրականացման ապահովման նպատակով կոմիտեն կարող է սահմանել նաև այլ կանոնակարգեր:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
10.08.2021 - 26.08.2021
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ավիացիա
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 5042
Տպել