Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծեր

Արժեթղթավորումը՝ որպես կապիտալի ներգրավման կարևորագույն միջոց, հնարավորություն է ընձեռում ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպություններին դառնալ կապիտալի շուկաների ուղղակի մասնակից: Արժեթղթավորումը համարվում է ֆինանսական շուկայի զարգացման կարևորագույն գործիքներից մեկը, քանի որ այն կազմակերպություններին հնարավորություն է տալիս լրացուցիչ դրամական միջոցներ ներգրավել, որոշ իրավիճակներում ֆինանսական ընկերություններին օգնում է պահպանել տնտեսական նորմատիվների պահանջները:

«Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2008 թվականին: Օրենքի գործողության 9 տարվա ընթացքում ՀՀ արժեթղթերի շուկայում տեղի են ունեցել էական զարգացումներ, ձևավորվել ու էական զարգացում է ունեցել արժեթղթերի առաջնային և երկրորդային շուկան:  Աճել է նաև օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը ՀՀ արժեթղթերի շուկայի նկատմամբ:

Այսպես՝ 2015 թվականի դեկտեմբերին տեղի է ունեցել վարկային պորտֆելով ապահովված արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում, որն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ-ի «Ֆինանսավորում՝ հանուն տնտեսական զարգացման» (FED) ծրագրի աջակցությամբ:

Իրականացված արժեթղթավորման գործընթացը ի հայտ բերեց գործող օրենսդրությամբ առկա խնդիրները, որոնց օրենսդրական լուծումները կնպաստեն հետագա արժեթղթավորումների առավել դյուրին և արդյունավետ իրականացմանը:

Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն արժեթղթավորման զարգացմանը՝ ստեղծելով ինովացիոն ներդրումային գործիքներ և բարձրացնելով ներդրումների ու գործընթացների գրավչությունը:

Մասնավորապես՝ կապիտալի շուկաների զարգացումը կահնգեցնի նաև փոքր ներդրողների առավել ներգրավվածությանը, բանկերին հնարավորություն կտա նոր գործիքների կիրառման շնոհիվ ավելացնել վարկավորման ծավալները:

          Իրականացվող օրենսդրական փոփոխություններով նաև ապահովվում է Օրենքի, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի և ոլորտը կարգավորող այլ օրենքների համապատասխանությունը:  

 

Ներկա իրավիճակը և խնդիրները

Արժեթղթավորման գործընթացներում ի հայտ են եկել հետևյալ խնդիրները.

  1. Գործող օրենսդրությամբ արժեթղթավորում իրականացնող կազմակերպությունները ստեղծվում են որպես հիմնադրամ: Մինչդեռ 2010 թվականին ընդունվել է «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը որպես ֆոնդերի տեսակ նախատեսում է արժեթղթավորման ֆոնդերը: Արժեթղթավորում իրականացնող հատուկ կազմակերպություններին ֆոնդերի կարգավիճակ տալը համապատասխանում է դրանց՝ որպես ֆինանսական շուկայի մասնակիցների էությանը: Արժեթղթավորման ֆոնդերի հանդեպ հիմնականում կիրառելի են մասնագիտացված ֆոնդերի վերաբերյալ առկա մանրամասն կարգավորումները, ինչն ապահովում է ֆինանսական շուկայում արժեթղթավորման ֆոնդերի կայուն և թափանցիկ գործունեությունը:

 

  1. Գործող Օրենքը հնարավորություն է տալիս իրականացնել ակտիվի արժեթղթավորում, մինչդեռ կապիտալի շուկայի զարգացումները, այդ թվում միջազգային, պահանջում են և կիրառում են նաև արժեթղթղավորման այլ տարբերակներ, ինչպիսին է ռիսկի արժեթղթավորումը:

 

  1. Արժեթղթավորման գործընթացը արդյունավետ իրականցնելու տեսանկյունից անհրաժեշտ է վերանայել արժեթղթերի թողարկման հետ կապված այլ իրավական ակտերի կարգավորումները:

 

Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Ա. Արժեթղթավորում իրականացնող կազմակերպությունների հիմնադրամ կարգավիճակի փոփոխում ֆոնդի

Օրենքն ընդունելու ժամանակ ՀՀ արժեթղթերի շուկան դեռևս բավարար զարգացած չէին, ընդունված չէին կամ չէին գործում ոլորտը կարգավորող այլ օրենքներ: Այդ իսկ պատճառով տվյալ պահին որպես առավել ընդունելի լուծում արժեթղթավորում իրականացնող կազմակերպություններին տրվել է հիմնադրամի կարգավիճակ:

Հետագայում ինչպես արժեթղթերի շուկան ինքնին, այնպես էլ օրենսդարակն դաշտը ապրել է որոշակի զարգացումներ: Մասնավորապես՝ ընդունվել է «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորել է ֆոնդերի գործունեությունը, ինչպես նաև նախատեսել է արժեթղթավորման ֆոնդը՝ որպես ֆոնդի առանձին տեսակ:

Առաջարկվող փոփոխություններով արժեթղթավորում իրականացնող կազմակերպություններն այսուհետ կստեղծվեն բացառապես ֆոնդի կարգավիճակով: Այդ կարգավորման շնորհիվ Օրենքից կբացառվեն հիմնադրամների կարգավիճակից բխող կարգավորումները, իսկ արժեթղթավորման ֆոնդերը կգործեն «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի ներքո այնքանով, որքանով դա չի հակասի իրենց առանձնահատկություններին: Առանաձնահատկությունների առումով օրենքներում սահմանվում են համապատասխան դրույթներ:   

 

Բ. Արժեթղթավորման բնագավառում նոր գործիքների կիրառում

Հնարավոր կլինի իրականացնել ոչ միայն ակտիվի արժեթղթավորում, այլև ակտիվի հետ կապված վարկային ռիսկի արժեթղթավորում՝ երաշխիքի տրամադրման կամ ածանցյալ գործիքի միջոցով:  Սա կընդլայնի արժեթղթավորման ոլորտներն ու կնպաստի արժեթղթերի շուկայի մասնակիցենրի համար արժեթղթերի շուկայի նոր որակյալ գործիքների ստեղծմանը:   

 

Գ. Ոլորտը կարգավորող գործող իրավական ակտերի համապատասխանության ապահովում

Ելնելով արժեթղթավորման ֆոնդերի նոր կարգավիճակից՝ որոշ փոփոխությունների պետք է ենթարկվեն նաեւ արժեթղթերի թողարկման գործընթացը կարգավորող գորոծող այլ իրավական ակտերը: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Բաժնետիրական ընկերությունների մասին» «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքներում կատարվել են որոշ խմբագրական փոփոխությունների՝ միմյանց միջեւ հակասությունները բացառելու նպատակով:  

 

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվող դրական արդյունքները

Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ նվազագույնի կհասցվեն արժեթղթավորման գործընթացների խոչընդոտները, ինչը կնպաստի՝

  • կապիտալի շուկաների զարգացմանը,
  • ներդրումների ներգրավմանը,
  • փոքր ներդրողների հասանելիությանը կապիտալի շուկային,
  • բանկերի համար էժան ֆինանսավորման ներգրավմանը,
  • վերաֆինանսավորմանը
  • հիփոթեքային շուկայի զարգացմանը և վարկավորման ծավալների աճին:

 

 

  • Քննարկվել է

    01.08.2017 - 16.08.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    ՀՀ կենտրոնական բանկ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11274

Տպել