Հիշել նախագիծը

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__ ____________ 2021 թվականի N __-Լ

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ

ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունվարի 9-ի N 5-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 48-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել`

1) երեխայի իրավունքների պաշտպանության 2022 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) երեխայի իրավունքների պաշտպանության 2022 թվականի տարեկան ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

  1. Սահմանված կարգով երեխայի իրավունքների պաշտպանության 2022 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

   Հավելված N 1

ՀՀ կառավարության

2021 թվականի       -ի

N     -Լ որոշման

 ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

2022 ԹՎԱԿԱՆԻ

 

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 
  1. «Երեխայի իրավունքների պաշտպանության 2022 թվականի տարեկան ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) մշակվել է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
  2. Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հունվարի 18-ի N 35-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 49-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունը:
  3. Ծրագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ծրագրի» դրույթներին, համապատասխանում է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորություններին և ուղղված է երեխաների, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանության հիմնախնդիրների լուծմանը: 
  1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ 

         Ծրագրի նպատակն է. 

  1. երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության մեխանիզմների հզորացումը, սոցիալական պաշտպանության իրավունքի ապահովումը, երեխաների բոլոր իրավունքների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխային և նրա ընտանիքին կարիքահենք ծառայությունների տրամադրումը, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երեխաների համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովումը` անկախ իրենց և/կամ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամատարների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքներից:

 Ծրագրի խնդիրներն են. 

  1. կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի, դաստիարակության, ուսման, ֆիզիկական և մտավոր զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքների իրականացումը,

5․1 Արցախյան պատերազմի հետևանքով տուժած, այդ թվում տեղահանված ընտանիքների երեխաների իրավունքների իրացման համար պայմանների ստեղծումը,

  1. բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող երեխաների ընտանիք վերադարձի ապահովումը,
  2. բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունների շրջանավարտների սոցիալական պաշտպանությունը, նրանց հետագա ինքնուրույն կյանքի կազմակերպման և ներառման գործընթացի նպատակով բնակելի տարածությունով ապահովելը՝ բնակարանների վարձակալությունը,
  3. կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, նրանց ընտանիքների հիմնախնդիրների վերհանումը, գնահատված կարիքների հիման վրա սոցիալական, հոգեբանական, մանկավարժական, առողջապահական, մասնագիտական կողմնորոշման, իրավական աջակցության տրամադրումը, ինչպես նաև շուրջօրյա խնամքի հաստատություն երեխայի մուտքի կանխարգելումը՝ այլընտրանքային ծառայությունների ցանցի, այդ թվում խնամատար ընտանիքի ինստիտուտի զարգացման միջոցով,
  4. երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրության արդյունավետության գնահատում, օրենսդրական դաշտի բարելավում երեխաների լավագույն շահի ապահովման համար,

9․1 իրականացված օրենսդրական բարեփոխումներին հաղորդակից դարձնելու, երեխայի իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացման նպատակով ոլորտային մասնագիտական ներուժի կարողությունների հզորացումը 

III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ 

  1. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) 5 հաստատությունում (մանկատուն) իրականացվում է առանց ծնողական խնամքի մնացած շուրջ 584 երեխայի շուրջօրյա խնամքի, դաստիարակության ապահովումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
  2. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ցերեկային խնամքի ծառայություն տրամադրող 5 պետական հաստատությունների կողմից ծառայություն է մատուցվում 2-18 տարեկան շուրջ 600 երեխայի։ Կենտրոնները ծառայություն են տրամադրում ոչ միայն երեխաներին, այլ նաև ընտանիքներին՝ ապահովելով սոցիալ-հոգեբանական օգնության, իրավական խորհրդատվության, մասնագիտական կողմնորոշման, արվեստի միջոցով թերապիայի, օկուպացիոն թերապիայի (վերականգնողական վարժանքներով թերապիա) տրամադրումը, առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, ժամանցի, ինչպես նաև սոցիալական ներառմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների կազմակերպումը: Նշված բոլոր ծառայությունների նպատակն է երեխային և նրա ընտանիքին աջակցելը՝ ապահովելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը։
  3. 2020 թվականից նախարարությունն ընդլայնել է ցերեկային ծառայությունների ծածկույթը՝ հանրապետության 20 խոշոր բնակավայրերում ծառայություններ պատվիրակելով հասարակական կազմակերպություններին: 2021 թվականի առաջին կիսամյակի դրությամբ պատվիրակված հասարակական կազմակերպությունների կողմից նշված ծառայությոունը միջինում տրամադրվել է 3097 երեխայի: Ծառայությունն ունի նաև շարժական բաղադրիչ՝ ուղղված սպասարկելու այն համայնքների երեխաներին, որտեղ ծառայությունը տեղակայված չէ, սակայն աջակցության կարիք կա:
  4. «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ը ցերեկային խնամքի բաղադրիչից զատ ունի նաև շուրջօրյա խնամքի բաղադրիչ, որի շնորհիվ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան 25 երեխայի տրամադրվում է մինչև 6 ամիս ժամկետով շուրջօրյա խնամք, կարիքահենք ծառայություն՝ նպատակ հետապնդելով խոչընդոտների վերացման արդյունքում՝ կանխել երեխայի և ընտանիքի երկարաժամկետ բաժանումը։
  5. Երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող պետական հաստատություններում խնամվող դպրոցում սովորող երեխաներին գրպանի ծախսերի համար, որպես դրամական աջակցություն, պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում յուրաքանչյուր ամիս տրամադրվում է մանր ծախսերի համար նախատեսված գումար (գրպանի գումար):
  6. Մանկատների տվյալ տարվա շրջանավարտներին տրամադրվում է միանվագ դրամական օգնություն:
  7. ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1878-Ն որոշմամբ ընդունվել է «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու և «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 31-ի N 1507-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշան նախագիծը։

17․    ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի N 37-Ն որոշմամբ ընդունվել է «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, գույք հետ վերցնելու և գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1398-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

       Ստեղծված կազմակերպության գործունեության առարկան է` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան երեխային (առավելագույնը 6 ամիս ժամկետով) և նրա ընտանիքին ցերեկային ծառայությունների տրամադրումը, երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը, նյութական և կենցաղային պահանջների բավարարմանն աջակցելը, կրթական գործընթացներին աջակցելը, բժշկական օգնության տրամադրումը, ռիսկի գոտում հայտնված երեխայի շուրջօրյա խնամքի ապահովումը մինչև երեխայի՝ կենսաբանական ընտանիք վերադարձը, կամ երեխայի նկատմամբ խնամակալ կամ խնամատար նշանակելը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հետագա խնամքը համապատասխան հաստատությունում կազմակերպելը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխայի (առավելագույնը 1 տարի ժամկետով) և նրա ընտանիքի անդամների սոցիալական կարիքների գնահատումը, անհատական սոցիալական ծրագրի կազմումը և դրան համապատասխան ծառայությունների տրամադրումը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված երեխայի, երեխայի ծնողների (խնամակալի (հոգաբարձուի) հետ) անհապաղ տեղավորումը՝ շուրջօրյա աշխատանքային ռեժիմով։

  1. 2021 թվականի առաջին կիսամյակում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի դերակատարների մասնակցությամբ իրականացվել են մի շարք քննարկումներ, արդյունքում ամրագրվել են ոլորտային խնդիրները և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ մշակվել և շրջանառության մեջ է դրվել «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացուցներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու մասին նախագծերը։

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովման, ինչպես նաև ՀՀ օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու և երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բոլոր գործընթացներում երեխայի լավագույն շահի ապահովման անհրաժեշտությամբ։

  1. 2020 թվականի հունվարից պետության կողմից պատվիրակման միջոցով՝ 10 մարզերում և Երևան քաղաքում ոլորտային հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվում է «ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող և հաստատությունում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու և մուտքը հաստատություններ կանխարգելելու ծառայություններ», ներառյալ «Կենսաբանական ընտանիք տեղափոխված և հաստատություն մուտքը կանխարգելված երեխաների ընտանիքների բնաիրային օգնության փաթեթի տրամադրում» ծրագիրը, որի շրջանակներում շահառու երեխաները և նրանց ընտանիքները ստանում են ծրագրի նպատակներից բխող ծառայություններ (մասնագիտական աջակցություն, սոցիալական աջակցություն՝ սննդի զամբյուղ և էլեկտրաէներգիայի փոխհատուցում, բնաիրային փաթեթ)։

2021 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ շուրջ 327 երեխա ընդգրկված է «ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող և հաստատությունում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու և մուտքը հաստատություններ կանխարգելելու ծառայություններ» ծրագրում, իսկ շուրջ 86 ընտանիք՝  «Կենսաբանական ընտանիք տեղափոխված և հաստատություն մուտքը կանխարգելված երեխաների ընտանիքների բնաիրային օգնության փաթեթի տրամադրում» ծրագրում։

  1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Տվյալներ ազդեցության համար» ծրագիրն իրականացնելու համար ՀԿՀ ենթակապալառու Palladium international-ի միջև 2020 թվականի հոկտեմբերի 26-ին կնքվել է համագործակցության հուշագիր։ Համագործակցության առանցքային կետը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման համակարգի արդիականացումն է, արդյունքում երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բոլոր օղակների հասանելիության ապահովումը տվյալ համակարգին, տեղեկատվության հավաքագրման, փոխանցման շղթայի հստակեցումը և տվյալ տեսանկյունից երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դերակատարների կարողությունների հզորացումը։
  2. 2021 թվականի ապրիլի 21-ին փոխըմբռնման հուշագիր է կնքվել ՀՀ ԱՍՀ նախարարության և «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության միջև «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակներում համագործակցության նպատակով։ Հուշագրով կողմերը նախատեսում են ջանքերի և ռեսուրսների համատեղման սկզբունքով խթանել վերակազմակերպման արդյունքում ստեղծված երեխաների աջակցության կենտրոնների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող պետական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների լիարժեք իրացման նպատակով՝ համայնքային ծառայությունների զարգացմանը։
  3. 2021 թվականի հունիսի 16-ին համագործակցության հուշագիր է կնքվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի միջև։ Համագործակցության արդյունքում իրականացվում են աշխատանքներ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում քաղաքացիական կրթության զարգացման և ոչ ֆորմալ կրթական գործիքների կիրառման ու դրանց տարածման ուղղությամբ։

23, 2021 թվականի ապրիլի 5-ին փոխըմբռնման հուշագիր է կնքվել նախարարության և Իզմիրլյան հիմնադրամի միջև՝ ուղղված «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ի առաջընթացին և զարգացմանը՝ նպատակ հետապնդելով բարձրացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կյանքի որակը։

24ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վերապատրաստվել են խնամատար ծնող դառնալ ցանկացող ևս 12 քաղաքացի։ Ներկայում խնամատար ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստանում 88 երեխա։

  1. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարաության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վերապատրաստվել են որդեգրել ցանկացող 44 քաղաքացի։

26․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զագացման կենտրոն մասնաճյուղի կողմից երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վերապատրաստված մասնագետներին տրամադրվում է մեթոդական աջակցություն և մասնագիտական խորհրդատավություն (սուպերվիզիա) խնամք ստացող երեխաների հետ մասնագիտական կողմնորոշման ուղղված աշխատանքների կազմակերպման ընթացքում։

 1. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ 

2022 թվականի ընթացքում իրականացվելու են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ընդունված նոր օրենսդրությանը համապատասխան համալիր բարեփոխումներ: Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2022 թվականի տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները եզակի են իրենց մասշտաբով՝ ընդգրկելով առավել մեծ թվով  գերատեսչությունների կողմից այդ նպատակով իրականացման ենթակա միջոցառումներ։ Բոլոր միջոցառումների առանցքում երեխաների լավագույն շահի ապահումն է, նրանց իրավունքների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը. մասնավորապես՝

  1. Երեխաների շուրջօրյա խնամքի ծառայությունների շրջանակում բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատություններում շարունակվելու է իրականացվել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շուրջօրյա խնամքի, դաստիարակության ապահովումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
  2. Իրականացվելու են ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող և հաստատությունում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու և մուտքը հաստատություններ կանխարգելելու ծառայություններ:

29.Կներդրվեն միջոցներ շուրջօրյա խնամքի բաղադրիչ ունեցող աջակցության կենտրոնների գործունեության արդյունավետության բարձրացում՝ այդ թվում հաստատությունների մասնագետների կարողությունների հզորացման միջոցով:

  1. Երեխաների և ընտանիքների աջակցության տրամադրման ծառայությունների շրջանակում շարունակվելու են իրականացվել կազմակերպությունում ցերեկային ժամերին կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան երեխաներիի խնամքի տրամադրումը։
  2. Ոլորտի մասնագիտացված կազմակերպությունների պատվիրակման միջոցով՝ կշարունակվեն Հանրապետության բոլոր մարզերում երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրումը 2-18 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին։
  3. Բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամվող, դպրոցում սովորող երեխաներին յուրաքանչյուր ամիս կշարունակվի տրամադրվել մանր ծախսերի համար նախատեսված գումար (գրպանի գումար):
  4. Կենսաբանական ընտանիք տեղափոխված և հաստատություն մուտքը կանխարգելված երեխաների ընտանիքների բնաիրային օգնության փաթեթի տրամադրման միջոցառման շրջանակում կշարունակվի տրամադրել աջակցություն` սննդի զամբյուղ, հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ և դասագրքեր, էներգետիկ ծառայությունների փոխհատուցում:
  5. Կշարունակվի երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանության հաստատությունների շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրումը:
  6. Կշարունակվի խնամատարության ինստիտուտի զարգացումը, միաժամանակ կներդրվեն անհրաժեշտ գործիքներ՝ խնամատար ընտանիքներում խնամք ստացող երեխաների՝ կենսաբանական ընտանիքներից երկարաժամկետ բաժանումը կանխելու և ընտանիքի հետ վերամիավորման նպատակով։
  7. 18-23 տարեկանների խնամքը կազմակերպելու` բնակարաններ վարձակալելու, համապատասխան մասնագետների հսկողությամբ նրանց խնամքն ու դաստիարակությունը ապահովելու, ինչպես նաև ուսման և աշխատանքի հարցերում աջակցելու նպատակով իրականացվելու է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների շրջանավարտների սոցիալական բնակարանային ֆոնդի հերթացուցակում հաշվառված ընտանիքների համար բնակարանների վարձակալության միջոցառումը:
  8. Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի ծառայությունների որակի բարձրացման նպատակով՝ կիրականցվեն տարբեր կառույցների կադրերի մասնագիտական վերապատրաստումներ, իրավական բարեփոխումների վերաբերյալ իրազեկումներ:
  9. Կշարունակվի իրականացվել ապաինստիտուցիոնալացման համատեքստում ընտանիքների հետ վերամիավորված երեխաների կարիքների խորքային գնահատումը։
  10. Կիրականացվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների տեղեկատվական համակարգի նոր տարբերակի մշակմանն ուղղված աշխատանքներ։

40․ Ոլորտում իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրականացվեն փոփոխություններ և լրացումներ ենթաօրենսդրական իրավական ակտերում, որոնք կստեղծեն բարենպաստ հիմքեր երեխայի իրավունքների իրացման համար։

41․ Կշարունակվի իրականացվել երեխաների՝ այդ թվում իրավախախտում կատարած անչափահասների կրթության իրավունքի իրացմանն ուղղված միջոցառումները։

42․ Կիրականացվեն երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկման ակցիաներ։

43․ Երեխաների՝ մշակութային կյանքին հաղորդակցվելու իրավունքի իրացման նպատակով կիրականացվեն մի շարք  բովանդակային միջոցառումներ։

44․ Երեխաների առողջության պահպանման իրավունքի իրացման նպատակով կշարունակվեն իրականացվել բուժօգնության մատչելիության և որակի բարելավմանն ուղղված միջոցառումները։

45․ Կստեղծվեն պատերազմական գործողությունների արդյունքում տուժած ընտանիքների երեխաների համար (հատկապես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված) կրթամշակութային գործընթացներում ընդգրկման համար նպաստավոր պայմաններ։

46․ Կշարունակվեն երեխաների շահագործման կամ մուրացկանության մեջ ներգրավման դեպքերի կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    14.07.2021 - 30.07.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7029

Տպել