«Գործարարների շահերի պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
-
9 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
«Գործարարների շահերի պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և վերջիններիս մասնակցությամբ կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացման և դրանց արդյունավետ պաշտպանության արտադատական մեխանիզմի ներդրման, գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող գործոնների բացահայտման և դրանց վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու պահանջներով:
Թեև Հայաստանի Հանրապետությունում ներկայումս առկա են գործարարների շահերի պաշտպանության մի շարք այլ մեխանիզմներ (ինչպես օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովը և այլն), այնուամենայնիվ, առկա չէ այնպիսի մեխանիզմ, որի գործունեությունն ուղղված կլինի գործարարներին աջակցելուն և վերջիններիս շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացնելուն, գործարարների խնդիրներին արագ արձագանքելուն, գործարար միջավայրում առկա համակարգային խնդիրների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելուն և որն օժտված կլինի անհրաժեշտ լիազորություններով՝ հանդես գալով որպես միջնորդ օղակ հանրային և մասնավոր հատվածների միջև և երաշխավորելով վերջիններիս արդյունավետ երկխոսությունը:
Ներկայումս գործող մեխանիզմները գործարարներին հնարավորություն չեն ընձեռում արագ և հուսալի կերպով վերականգնել իրենց խախտված իրավունքները կամ վերացնել գործունեության խոչընդոտները, այդ թվում՝ այն դեպքերում, երբ առկա է այդ խնդիրներին հրատապ կերպով լուծում տալու անհրաժեշտություն:
Նախագծի ընդունման նպատակն է՝ Հայաստանի Հանրապետությունում ներդնել գործարարների շահերի պաշտպանության այնպիսի մեխանիզմ, որը կապահովի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց մասնակցությամբ կազմակերպություններում (այսուհետ՝ Կազմակերպություններ) Գործարարների շահերի ներկայացումն ու պաշտպանությունը, Գործարարների դիմումների արդյունավետ, անվճար և ողջամիտ ժամկետներում ուսումնասիրությունը: Գործարարների շահերի պաշտպանն իր գործունեությամբ պետք է նպաստի գործարար միջավայրի բարելավմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Կազմակերպությունների ու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկության բարձրացմանը՝ պետություն-մասնավոր հատված մշտական երկխոսության ապահովման միջոցով:
- ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
- Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա չեն գործարարների շահերի պաշտպանության այնպիսի մեխանիզմներ, որոնց նկատմամբ շահառուները կցուցաբերեին աներկբա վստահություն: Գործարարների շահերի պաշտպանությունն առավելապես իրականացվում է հասարակական հատվածում՝ գործարարների շահերի պաշտպանություն իրականացնող հասարակական կազմակերպությունների միջոցով, որոնց հնարավորությունները խիստ սահմանափակ են և որոնք օժտված չեն գործարարների բողոքները քննելու, խախտված իրավունքները վերականգնելու անհրաժեշտ լիազորություններով: Գործարարների շահերի պաշտպանության խնդիրն առավել հրատապ է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների դեպքում, որոնք չունեն բավարար ռեսուրսներ իրենց շահերը դատական և վարչական կարգով պաշտպանելու համար:
Թեև Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է գործարարությամբ զբաղվող սուբյեկտների խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանություն՝ այնքանով, որքանով այն ուղղված է անձի` սահմանադրությամբ երաշխավորված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի լիարժեք ապահովմանը, այնուամենայնիվ Մարդու իրավունքների պաշտպանի ինտիտուտը մասնագիտացված է և արդյունավետ կերպով իրականացնում է մարդու իրավունքների պաշտպանություն՝ դասական իմաստով: Բացի այդ, Մարդու իրավունքերի պաշտպանության լիազորությունը բավականին ընդգրկուն է և ենթադրում է բազմաթիվ ոլորտներում գործունեության իրականացում, ինչը կարող է խոչընդոտել գործարարներին հուզող խնդիրներին՝ արդյունավետ կերպով արձագանքելուն, ոլորտում առկա համակարգային խնդիրների վերհանմանը, քանի որ Պաշտպանի գործունեությունը չի սահմանափակվում բացառապես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի հետ կապված բողոքների քննությամբ: Ուստի, չնայած Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արդյունավետ գործողությանը, գործարարների շահերի պաշտպանությունը մի շարք դեպքերում կարող է պահանջել դիմումների ուսումնասիրության գործընթացում ոլորտային առանձնահատկությունների հաշվառմամբ համակարգային մոտեցումների ցուցաբերում, խնդրի նեղ մասնագիտական դիտարկում, գործարարների շահերի ներկայացում, ներդրողներին իրավաբանական խորհրդատվության ապահովում, ինչով էլ պայմանավորված է Գործարարների շահերի պաշտպանության մեջ մասնագիտացված ինքնուրույն մեխանիզմի առկայության անհրաժեշտությունը:
Ներկայումս գործող մարմինները, որոնք օժտված են գործարարների շահերի պաշտպանության լիազորություններով, չունեն սեփական նախաձեռնությամբ հարցերի ուսումնասիրություն սկսելու հնարավորություն, բացառությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի:
Գործարարների շահերի պաշտպանի խնդիրը բացառապես գործարարների շահերի ներկայացման և արդյունավետ պաշտպանության ուղղությամբ մասնագիտական աշխատանքի մշտական իրականացումն է, գործարար միջավայրի բարելավումը, գործարարներին աջակցությունը, վերջիններիս գործունեության խոչընդոտների վերացումը, գործարար միջավայրի համակարգային խնդիրներին լուծում տալը, խոչընդոտների վերհանումն ու դրանց վերացմանն ուղղված, օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցների ձեռնարկումը, ինչն էլ, իր հերթին, կնպաստի գործարարական գործունեության և ներդրումների խթանմանը, օրենքի գերակայության սկզբունքի ամրապնդմանը:
Եթե պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողության կամ անգործության դեմ բողոքարկման որոշակի հնարավորություններ առկա են, ապա տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ կազմակերպությունների պարագայում բողոքարկման մեխանիզմներն ընդհանրապես բացակայում են:
- Շատ հաճախ գործարարների արդյունավետ գործունեությանը խոչընդոտում են առկա օրենսդրական կարգավորումները կամ բացերը և վերջիններս զրկված են օրենսդրական բացերի կամ իրավակիրառ պրակտիկայի հետ կապված խնդիրների վերաբերյալ բարձրաձայնելու հնարավորությունից՝ համապատասխան մեխանիզմների բացակայության պատճառով: Մասնավորապես, երբ օրենսդրական հակասությունները մեկնաբանվում են ի վնաս գործարարի շահերի՝ դրանով իսկ լուրջ խոչընդոտներ ստեղծելով գործարար միջավայրի զարգացման համար:
- Ինչպես գործարար միջավայրում, այնպես էլ գործարարների շահերը ներկայացնող հասարակական կառույցների շրջանում ներկայումս առկա է այնպիսի մի կառույցի ձևավորման անհրաժեշտություն, որը հանդես կգա որպես միջնորդավորող օղակ կառավարության և գործարար միջավայրի միջև՝ գտնելով երկխոսության ճանապարհներ, առավել օպերատիվ արձագանքելով պետական մարմինների և գործարարների միջև առաջացած խնդիրներին և կառավարությանը ներկայացնելով խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ:
- ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ
- Միջազգային փորձի վերլուծությունը վկայում է, որ գործարարների շահերի արդյունավետ պաշտպանության երաշխավորման նպատակով աշխարհի տարբեր երկրներում իրավունքների պաշտպանության դատական, վարչական և այլ ձևերից բացի, ձևավորվել են նաև գործարարների շահերի պաշտպանությամբ զբաղվող հատուկ մարմիններ՝ մասնագիտացված կառույցներ, որոնք օժտված են հատուկ լիազորություններով և հանդես են գալիս որպես իրավունքների պաշտպանության արդյունավետ արտադատական միջոց:
Նախագիծը նախատեսում է գործարարների շահերի պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացված մարմնի՝ Գործարարների շահերի պաշտպանի գրասենյակի (այսուհետ՝ Գրասենյակ) ստեղծում, որի ղեկավարումն իրականացնում է գործարարների շահերի պաշտպանը (այուհետ՝ Պաշտպան): Նախագիծը սահմանում է Պաշտպանի կարգավիճակը, մասնավորապես՝ Պաշտպանը օրենքով սահմանված կարգով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, Կազմակերպություններում գործարարների շահերը ներկայացնող և դրանց պաշտպանությունն իրականացնող անձ է, որի գործունեությունն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, վարչարարական խոչընդոտների և գործարար ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Պաշտպանի անկախության և գործունեության այլ երաշխիքները սահմանվում են օրենքով: Պաշտպանին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ հինգ տարի ժամկետով՝ Գրասենյակի հոգաբարձուների խորհրդի առաջադրած թեկնածուներից: Խորհրդի կողմից որպես Պաշտպանի թեկնածու կարող է ընտրվել 30 տարին լրացած և գործարար միջավայրում հեղինակություն ունեցող այն անձը, ով ունի տնտեսագետի կամ իրավաբանի որակավորում և առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ: Բացի այդ, Պաշտպանի թեկնածուին Խորհրդի որոշմամբ կարող են ներկայացվել լրացուցիչ պահանջներ:
Գրասենյակը հիմնադրամ է, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Գրասենյակի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ՝ Խորհուրդ), որի կազմում ապահովված է լայն ներկայացուցչություն, մասնավորապես՝ Խորհրդի կազմի ինն անդամներից երեքը գործադիր իշխանության ներկայացուցիչներ են, երեքն ընդգրկվում են միջազգային կազմակերպություններից, երեքը՝ գործարարների շահերը ներկայացնող կազմակերպություններից:
Նախագծով առաջարկվող գործարարների շահերի պաշտպանության մեխանիզմն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են Պաշտպանի գործունեության հատուկ ուղղվածությամբ, մասնավորապես՝
ա) Պաշտպանն ունի որոշակի խնդիրներ, որոնք կանխորոշում են վերջինիս ամենօրյա գործունեության ուղղությունները, մասնավորապես, այդ խնդիրներն են՝
1) գործարարների գործունեության ընթացքում առաջացող խնդիրներին արագ արձագանքումը,
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, սույն օրենքով նախատեսված կազմակերպություններում (այսուհետ՝ Կազմակերպություններ) գործարարների շահերի ներկայացումը և դրանց պաշտպանությունը,
3) գործարարների գործունեության խոչընդոտների վերացմանն ու գործարարների աջակցությանն ուղղված միջոցներ ձեռնարկելը,
4) ներդրումների խթանումը և գործարարությանն օժանդակելը,
5) գործարար միջավայրի բարելավումը և արդյունավետ ու անխոչընդոտ գործունեության իրականացման միջավայրի ստեղծումը, ներդրումներին և գործարարությանն առնչվող վարչարարական խոչընդոտների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելը,
6) ներդրումները և գործարար միջավայրը կարգավորող բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորմանն օժանդակելը:
բ) Պաշտպանն ուսումնասիրում է ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ կազմակերպությունների դեմ (եթե դրանց գործունեությունն անմիջականորեն առնչվում է գործարար ոլորտին կամ այլ կերպ ազդում գործարարների շահերի կամ գործարար միջավայրի վրա) գործարարների ներկայացրած դիմումները, եթե դրանց որոշումների, գործողությունների կամ անգործության հետևանքով խախտվել են Գործարարների շահերը:
գ) ի տարբերություն ներկայումս գործող մի շարք մարմինների, որոնք օժտված են գործարարների շահերի պաշտպանության որոշ լիազորություններով, Պաշտպանը բացի իրեն հասցեագրված դիմումների ուսումնասիրությունից, իրավասու է հարցի ուսումնասիրություն սկսել նաև սեփական նախաձեռնությամբ:
դ) Գործարարների ահազանգերի արձանագրման և հարցերին արագ արձագանքելու նպատակով Մարմնի աշխատակազմում գործում է գործարարների աջակցության ծառայություն (թեժ գիծ), որին գործարների կողմից կարող են ներկայացվել հրատապ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ դիմումներ և առաջարկություններ՝ ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող վարչարարության և օրենսդրության վերաբերյալ:
ե) Պաշտպանին դիմումներ կարող են տրվել այն պահից սկսած վեց ամսվա ընթացքում, երբ դիմումատուն իմացել է կամ կարող էր իմանալ իր շահերի խախտման մասին:
զ) Պաշտպանի գործունեության առանձնահատկություններից է գործարարների խնդիրների արձագանքման օպերատիվությունը: Մասնավորապես, Պաշտպանը կարող է դիմումների ուսումնասիրության արդյունքում եզրակացություններ տալ 5-օրյա ժամկետում, եթե բողոք ներկայացրած անձը բողոքում հիմնավորում է խախտման հետևանքով ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջանալու հնարավորությունը, և Պաշտպանը գտնում է, որ դիմումը 5-օրյա ժամկետում չուսումնասիրելու դեպքում դիմումատուի համար կառաջանան այնպիսի բացասական և ծանր հետևանքներ, որոնք արդարացված չեն որևէ իրավաչափ նպատակով:
- Նախագծի կարգավորումներին համապատասխան՝ Պաշտպանին կարող են ներկայացվել նաև գործարարական գործունեության խոչընդոտների և օրենսդրական բացերի վերացմանն ուղղված գործարարների առաջարկությունները: Հիշյալ մեխանիզմը գործարարներին հնարավորություն է ընձեռում լուծում տալ իրենց խնդիրներին ոչ միայն այն դեպքերում, երբ իրենց իրավունքներն ու շահերը խախտվում են գործող օրենդրության պահանջները չպահպանելու, այլև օրենսդրական բացերի կամ հակասությունների հետևանքով: Պաշտպանն էլ, իր հերթին, իրավասու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և վարչապետին, ինչպես նաև իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին ներկայացնել գործարարական գործունեության խոչընդոտների և օրենսդրական բացերի վերացմանն ուղղված առաջարկություններ՝ գործարարների իրավունքների պաշտպանության, գործունեության խոչընդոտների վերացման և գործարար միջավայրի բարելավման նպատակով: Ընդ որում, Պաշտպանի՝ օրենսդրական բացերի վերացմանն ուղղված առաջարկությունները ներկայացվում են ոչ միայն գործարարների դիմումների ուսումնասիրության, այլև սեփական նախաձեռնությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում: Պաշտպանը իրավասու է Գրասենյակի պաշտոնական կայքէջում հրապարակել իր ներկայացրած առաջարկությունների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկություններ:
- Որպես գործարարներին աջակցող, վերջիններիս շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների առջև ներկայացնող անձ՝ Պաշտպանն օժտված է գործարարների խախտված իրավունքների վերականգնմանը և շահերի պաշտպանությանն ուղղված միջոցներ ձեռնարկելու իրավասություններով, մասնավորապես՝
ա) գործարարների իրավունքների կամ շահերի խախտման առկայության մասին եզրակացություն տալու դեպքում Պաշտպանը այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար անձին, որի որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են գործարարների իրավունքներն ու օրինական շահերը, առաջարկում է ողջամիտ ժամկետում վերացնել խախտումը՝ նշելով իրավունքների վերականգնմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները կամ անվավեր ճանաչել համապատասխան իրավական ակտը.
բ) Պաշտպանը կարող է պետական կամ տեղական ինքնակառավարման իրավասու մարմնին առաջարկել պատասխանատվության ենթարկել պաշտոնատար այն անձին, որի որոշմամբ գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են գործարարների իրավունքներն ու օրինական շահերը՝ առաջարկելով նաև կարգապահական տույժի տեսակը: Պետական կամ տեղական ինքնակառավարման իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է քննարկել Պաշտպանի առաջարկը և արդյունքների մասին տեղեկացնել Պաշտպանին.
գ) Պաշտպանի եզրակացությանը չպատասխանած կամ դրանով առաջարկվող միջոցառումները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, Կազմակերպության կամ դրա պաշտոնատար անձի վերաբերյալ հատուկ տեղեկությունը հրապարակվում է Գրասենյակի պաշտոնական կայքէջում և զանգվածային լրատվության միջոցներով.
դ) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, Կազմակերպության կամ դրա պաշտոնատար անձի կողմից Պաշտպանի եզրակացությանը չպատասխանելու կամ դրանով առաջարկվող միջոցառումները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Պաշտպանը ՀՀ վարչապետին ներկայացնում է հատուկ զեկույց:
Գործարար միջավայրում տիրող իրադրության, առկա խնդիրների և խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը, ինչպես նաև ՀՀ վարչապետին տրվող հատուկ զեկույցները կարող են ունենալ կանխարգելիչ նշանակություն՝ կանխելով խախտումները և պետական կամ տեղական ինքնակառավրման մարմիններին և պաշտոնատար անձանց համար ունենալով զսպիչ նշանակություն:
Այսպիսով, առաջարկվող կարգավորումների համաձայն՝ Պաշտպանի ինտիտուտը հանդես կգա որպես պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և Կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացման և վերջիններիս աջակցման հիմնական մեխանիզմ՝ ապահովելով համագործակցությունը տարբեր գերատեսչությունների միջև՝ դրանով իսկ նպաստելով գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերի համախմբմանը: Ընդ որում, Պաշտպանը պաշտոնատար անձ չէ, իսկ Պաշտպանի գրասնեյակը հանդես չի գալիս որպես պետական մարմին, այլ՝ պետության կողմից ստեղծված, անհրաժեշտ լիազորություններով օժտված, գործարարների շահերը ներկայացնող մասնագիտացված իրավաբանական անձ:
Միջազգային փորձի վերլուծությունը ևս վկայում է Նախագծի ընդունման և Գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտի ստեղծման անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք առաջադեմ երկրներում (Ավստրալիա, ԱՄՆ) արդեն ստեղծվել և արդյունավետ կերպով գործում են գործարարների շահերի պաշտպանության մեջ մասնագիտացված հատուկ կառույցներ:
Գործարարների շահերի պաշտպանություն իրականացնող մարմինն ընկալվում է որպես գործարարներին առաջարկվող ծառայություն, որը վերջիններիս օժանդակում է պետական մարմինների կողմից կայացված ակտերի անբարենպաստ հետևանքների վերացման հարցում: Որոշ երկրներում (Ուկրաինա, Վրաստան) այս կառույցներն օժտված են նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականության իրականացման հարցում կառավարությանը համապատասխան առաջարկություններ ներկայացնելու իրավասությամբ:
Տարբեր երկրներում գործող կառույցներն ունեն մեկ ընդհանրություն. այն է՝ ապահովել արդյունավետ, ոչ ժամանակատար, անկախ, բայց միևնույն ժամանակ համապատասխան «մանդատով օժտված» միջնորդ օղակի առկայությունը, որը կերաշխավորի գործարարների և պետական մարմինների միջև պատշաճ հաղորդակցությունը: Ընդ որում, այդ մանդատ-ը ենթադրում է ոչ թե պետական մարմնին բնորոշ գործառույթների առկայություն, այլ օրենքով գործունեության համար անհրաժեշտ երաշխիքների սահմանում՝ պետական մարմինների հետ գործարարության ոլորտում արդյունավետ համագործակցության երաշխավորման նպատակով:
Պաշտպանի ինստիտուտը չի խոչընդոտում պաշտպանության մյուս միջոցներից օգտվելուն և դիմումատուներից պահանջվում է նախևառաջ դիմել իրավասու մարմնին՝ օգտագործելով պաշտպանության ողջամիտ միջոցները և միայն չբավարարող արդյունքի դեպքում դիմել Պաշտպանի օգնությանը:
Գործարարների շահերի պաշտպանությունն իրականացնող մարմնի գործունեության հիմնական նպատակներն են՝
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկության ապահովումը.
- Գործարարներին իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործընթացում օժանդակելը.
- Կոռուպցիայի և/կամ գործարարների շահերի այլ խախտումների կանխարգելմանը նպաստելը:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից բիզնես օմբուդսմենի ինստիտուտի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունից բխում է, որ այն օժտված է մի շարք գործառույթներով, որոնք ամփոփ կերպով կարող են ներկայացվել հետևյալ չորս հիմնական ուղղություններով՝
- Վեճերի կարգավորմանն աջակցելը.
Հիշյալ գործառույթը ենթադրում է գործարարներին իրենց շահերի պաշտպանության այլընտրանքային մեխանիզմները ցույց տալու, այլ պետական մարմիններին կամ ծառայություններին դիմելու հնարավորությունները պարզաբանելու, ինչպես նաև դիմումների ուսումնասիրության հիման վրա կողմերին ուղղորդելու իրավասություններ:
- Ներդրողներին, փոքր և միջին ձեռնարկատերերին օժանդակելը.
Այս գործառույթն իրականացնելիս կառույցի խնդիրը պետական մարմինների առջև գործարարների շահերը և վերջիններիս գործունեության խոչընդոտները ներկայացնելն է:
- Գործարարների շահերից բխող օրենսդրության մշակմանը նպաստելը.
Հիշյալ գործառույթը ենթադրում է քաղաքականության մշակման գործընթացում խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս մարմինն իր ամենօրյա գործունեության ընթացքում առնչվում է գործարարներին հուզող խնդիրների հետ, քաջատեղյակ է դրանց և կարող է ներկայացնել վիճահարույց խնդիրների վերացմանն ուղղված առաջարկություններ:
- Որպես ծառայություններ մատուցող մարմին հանդես գալը, որից կարելի է ստանալ փոքր և միջին բիզնեսի վերաբերյալ տեղեկատվություն և օժանդակություն:
Այս գործառույթն իրականացնելիս մարմինը հանդես է գալիս որպես աջակցող և տեղեկատվություն տրամադրող կառույց և դրա իրականացման համար օժտված է անհրաժեշտ միջոցներով, մասնավորապես, ունի պաշտոնական կայքէջ, թեժ գիծ, վեճերի կարգավորման ծառայությունների վերաբերյալ մշակված տեղեկատվություն: Բացի այդ, գործարարներին առնչվող հարցերի վերաբերյալ տրամադրում է տեղեկատվություն, ապահովում խորհրդատվություն և այլն:
Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ մի շարք երկրներում ստեղծվել և գործում են գործարարների շահերի պաշտպանությունն իրականացնող մարմիններ, մասնավորապես.
Ավստրալիա. Ավստրալիայի Փոքր Բիզնեսի և Ընտանեկան Ձեռնարկությունների Օմբուդսմենի մասին 2015 թվականի Ակտի 2-րդ բաժնի 24-րդ հոդվածի համաձայն՝ Ավստրալիայում Բիզնես Օմբուդսմենը նշանակվում է Կառավարության ղեկավարի (Governor-General) կողմից` գրավոր ակտի միջոցով:
Օմբուդսմենը պաշտոնավորում է նշանակման ակտում հստակեցված ժամկետով, որը չի կարող գերազանցել 5 տարին: Օմբուդսմենը կարող է վերանշանակվել:
Ավստրալիայում Բիզնես Օմբուդսմենի կողմից իրականացվող գործառույթները բաժանվում են երկու խոշոր խմբերի, որոնք ենթադրում են առանձին ենթագործառույթներ, մասնավորապես՝
- Հավաքագրման գործառույթներ.
- Վերհանել փոքր բիզնեսի և ընտանեկան ձեռնարկությունների մտահոգությունները, որոնք բխում են համապատասխան օրենսդրական ակտերից, քաղաքականությունից,
- Սեփական նախաձեռնությամբ իրականացնել համապարփակ ուսումնասիրություն և հարցումներ կատարել համապատասխան մարմիններ՝ կապված վերաբերելի օրենսդրական ակտերի, քաղաքականության հետ,
- Մշակել և զարգացնել ռազմավարություն՝ կապված վերաբերելի օրենսդրական ակտերի և քաղաքականության հետ, որոնք ազդում են կամ կարող են ազդել փոքր բիզնեսի և ընտանեկան ձեռնարկությունների գործունեության վրա,
- Տեղեկատվություն տրամադրել կամ առաջարկություններ ներկայացնել կամ որևէ այլ ձևով նպաստել հարցի լուծմանը,
- Ներկայացնել և նպաստել միջազգային լավագույն փորձի ներդրմանը:
- Աջակցման գործառույթներ.
- Արձագանքել դիմումներին, այդ թվում՝ վերահասցեագրել դիմումները այն մարմիններին, որոնց իրավասությանն է պատկանում դիմումով բարձրացված հարցի ուսումնասիրությունը՝ սերտորեն համագործակցելով այդ մարմինների հետ,
- Այն դեպքերում, երբ դիմումի առարկան կապված է այլ մարմնի գործունեության հետ, հնարավոր լուծումների, այդ թվում՝ այլընտրանքային եղանակների առաջարկումը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ. ԱՄՆ-ում օմբուդսմենի ինստիտուտի համար նախատեսված են առանձնահատուկ կարգավորումներ: Գոյություն չունի մեկ միասնական մարմին և օմբուդսմենի ինստիտուտը գործում է ինչպես դաշնային, այնպես էլ նահանգային մակարդակներում:
1996 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված Փոքր բիզնեսի կարգավորման իրականացման արդարության ակտով ստեղծվել է ազգային օմբուդսմենի ինստիտուտը, որի գործառույթը փոքր բիզնեսին աջակցելն է, երբ պետական մարմինները կամ պաշտոնատար անձինք նրանց նկատմամբ կատարում են անբարեխիղճ գործողություններ, ինչպիսիք են կրկնակի աուդիտները, չափից ավելի տուգանքները, տույժերը, սպառնալիքները, զրպարտությունը կամ այլ անօրինական գործողություններ:
Նահանգային օմբուդսմենների համար մշակված ԱՄՆ օմբուդսմենների ասոցիացիայի մոդելային օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` օմբուդսմենն ընտրվում է օրենսդիր մարմնի անդամների քվերակությամբ` ձայների որակյալ մեծամասնությամբ (2/3):
Ֆրանսիայի Հանրապետություն. Ֆրանսիայի վարչապետի 2002 թվականի ապրիլի 26-ի թիվ 2002-612 որոշմամբ Ֆրանսիայի տնտեսության, ֆինանսների և արդյունաբերության նախարարության կազմում ստեղծվել է հաշտարարի ինստիտուտը: Հաշտարարն իրականացնում է ֆիզիկական (հարկատուներ, սպառողներ, առևտրականներ, ընկերության տնօրեններ և այլն) կամ իրավաբանական անձանց (ընկերություն, ասոցիացիա և այլն) կողմից նախարարության ծառայությունների դեմ բերվող անհատական բողոքների քննություն:
Հաշտարարը նշանակվում է Ֆրանսիայի տնտեսության, ֆինանսների և արդյունաբերության նախարարի որոշմամբ` 3 տարի ժամկետով:
Հաշտարարին ուղղված ցանկացած բողոք պետք է նախապես ներկայացված լինի շահագրգիռ ծառայությանը և լինի լրիվ կամ մասնակի մերժված:
Հաշտարարը պարտավոր է նախարարին ներկայացնել ամենամյա զեկույց, որում ամփոփվում են վերջինիս գործունեության արդյունքները և ձևակերպվում առաջարկություններ, որոնք ուղղված են բարելավելու նախարարության կողմից մատուցվող ծառայությունները: Զեկույցը հրապարակային է:
Ղազախստան. Ղազախստանի ձեռնարկատիրական օրենսգրքի 28-րդ գլուխը նվիրված է ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության համար լիազորված անձին` բիզնես օմբուդսմենին: Օրենսգրքի 307-րդ հոդվածի համաձայն՝ բիզնես օմբուդսմենը նշանակվում է Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով և հաշվետու է վերջինիս:
Ոչ ոք իրավասու չէ բիզնես օմբուդսմենին պատվիրակել օրենսգրքով չնախատեսված լիազորություններ: Բիզնես օմբուդսմենի գործունեությանը ցանկացած անօրինական միջամտություն արգելվում է:
Ղազախստանում բիզնես օմբուդսմենը պաշտոնավարում է 4 տարի ժամկետով: Վերջինս չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ և դադարեցնում է քաղաքական կուսակցություններին իր անդամակցությունը նշանակման պահից:
Իր պաշտոնավարման ընթացքում բիզնես օմբուդսմենը պետք է հավատարմագրային կառավարման հանձնի առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում իր բաժնեմասերը:
Ղազախստանի բիզնես օմբուդսմենը չի կարող զբաղեցնել պաշտոններ այլ կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացառությամբ՝ կրթական, գիտական կամ այլ ստեղծագործական գործունեության:
Ղազախստանի բիզնես օմբուդսմենը պետք է համապատասխանի որոշակի պահանջների, մասնավորապես, համաձայն Ղազախստանի ձեռնարկատիրական օրենսգրքի 312-րդ հոդվածի՝ նա պետք է ունենա`
- Ղազախստանի Հանրապետության քաղաքացիություն,
- բարձրագույն կրթություն,
- ձեռնարկատերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում աշխատանքային փորձ՝ ոչ պակաս, քան հինգ տարի ժամկետով:
Միևնույն անձը չի կարող նշանակվել բիզնես օմբուդսմենի պաշտոնում ավելի քան երկու անգամ անընդմեջ:
Բիզնես օմբուդսմենի հիմնական գործառույթը ձեռնարկատերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է: Նշված գործառույթների իրականացման համար վերջինս օժտված է լիազորությունների լայն շրջանակով.
- Պետական մարմիններին առաջարկություններ ներկայացնել՝ կապված ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության հետ,
- Պետական մարմիններին առաջարկություններ ներկայացնել՝ կապված այն գործողությունների հետ, որոնք հանգեցրել են ձեռնարկությունների իրավունքների և օրինական շահերի խախտման, ինչպես նաև նշված գործողություններն իրականացրած մարմիներին ներկայացնել պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկություններ,
- Պետական մարմինների հետ անհամաձայնության դեպքում կարող է միջնորդել դատախազության մարմիններին՝ խախտված իրավունքները վերականգնելու համար միջոցներ ձեռնարկելու նպատակով,
- Ձեռնարկել խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգնմանն ուղղված այլ քայլեր:
Եթե խախտումները կրում են պարբերական բնույթ և պետական մարմինների կողմից կամ ձեռնարկված այլ միջոցների օգնությամբ չեն վերացվում, ապա բիզնես օմբուդսմենը իրավասու է դիմել Ղազախստանի Հանրապետության նախագահին:
Ուկրաինայում, Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում բիզնես/հարկային օմբուդսմենի ինստիտուտը ներդրվել է վերջին չորս-հինգ տարիների ընթացքում:
Ուկրաինա. Ուկրաինայի բիզնես օմբուդսմենի խորհուրդը Կառավարության անկախ խորհրդակցական մարմին է: Խորհուրդը պետական մարմիններում ներկայացնում և պաշտպանում է ուկրաինական բիզնեսի շահերը:
Ուկրաինայի բիզնես օմբուդսմենի խորհրդի խնդիրներն են՝
- Կոռուպցիայի կամ պետական մարմինների այլ անօրինական գործողությունների դեմ պայքարին օժանդակելը.
- Ուկրաինայում ներդրումների խթանմանն օժանդակելը.
- պետական ծառայության այնպիսի մշակույթի ձևավորումը, որին բնորոշ են արդարությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
Համաձայն Ուկրաինայի կառավարության 26.11.2014թ. թիվ 691 որոշման 11-րդ կետի`
«Բիզնես օմբուդսմենի խորհրդի ղեկավար մարմինը վերահսկիչ խորհուրդն է, որը բաղկացած է ներքոնշյալ խմբերի լիազորված ներկայացուցիչներից.
- Ուկրաինայի կառավարություն,
- Միջազգային ֆինանսական կազմակերպություններ (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն),
- Բիզնես ասոցիացիաներ (Ուկրաինայի ամերիկյան առևտրի պալատ, Եվրոպական բիզնես ասոցիացիա, Ուկրաինայի գործատուների ֆեդերացիա, Ուկրաինայի առևտրաարդյունաբերական պալատ և Ուկրաինայի արդյունաբերողների և գործարարների լիգա) (2-րդ և 3-րդ խմբերի կազմը հետագայում կարող է ընդլայնվել):
Բիզնես օմբուդսմենի և բիզնես օմբուդսմենի յուրաքանչյուր տեղակալի ընտրության վերաբերյալ վերահսկող խորհրդի որոշումները, որոնք հետագայում ներկայացվում են կառավարության հաստատմանը, Խորհրդի կողմից պետք է ընդունվեն միաձայն` բոլոր երեք խմբերի կողմից:
Եթե վերահսկիչ խորհուրդը չի կարողանում համաձայնության գալ որևէ հարցի վերաբերյալ (բացառությամբ բիզնես օմբուդսմենի և նրա երկու տեղակալների ընտրության), հարցը լուծվում է մեծամասնական ընտրակարգով (երեքից երկու կողմ ձայն սկզբունքով):»
Համաձայն վերոնշյալ ակտի 12-րդ կետի` «Բիզնես օմբուդսմենի և բիզնես օմբուդսմենի երկու տեղակալների ազատման վերաբերյալ խորհրդի որոշումն ընդունվում է ձայների մեծամասնությամբ, այնուհետև ներկայացվում է Ուկրաինայի կառավարության հաստատմանը:»
Բիզնես օմբուդսմենը քննում է բողոքներ՝ կապված կոռուպցիոն դեպքերի կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, և դրանց պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկությունների օրինական շահերի այլ խախտումների հետ (բիզնես իրավախախտումներ): Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բիզնես օմբուդսմենին կարող են ներկայացվել նաև բողոքներ, որոնք ուղղված են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ կազմակերպությունների դեմ:
Բիզնես օմբուդսմենը վարույթներ կարող է հարուցել նաև սեփական նախաձեռնությամբ, եթե հայտնաբերում է ենթադրյալ բիզնես իրավախախտումներ ցանկացած աղբյուրից, ներառյալ՝ զանգվածային լրատվամիջոցներից (առանց սահմանափակման):
Ուկրաինայում գործող Բիզնես Օմբուդսմենի Խորհուրդն իրականացնում է հետևյալ գործառույթները.
- Ուսումնասիրում է ձեռնարկատերերի դիմումները՝ կապված պետական մարմինների կոռուպցիոն գործողությունների հետ,
- Տեղեկատվություն է հարցում պետական մարմիններից և տեղական ինքնակառավարման մարմիններից՝ կապված Խորհրդի առաջարկությունների իրականացման հետ,
- Հավաքագրում, ուսումնասիրում և համակարգում է ստացված տեղեկատվությունը,
- Զեկույցներ է հրապարարակում իր կայքէջում և զանգվածային լրատվամիջոցներով,
- առաջարկություններ է ներկայացնում օրենդրական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Ռուսաստանի Դաշնություն. 2013 թվականի ապրիլի 26-ին ընդունվել է «Ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության լիազոր ներկայացուցչի մասին» Ռուսաստանի Դաշնության օրենքը: Օրենքի կարգավորումների համաձայն՝ բիզնես օմբուդսմենը նշանակվում է ՌԴ նախագահի հրամանագրով՝ 5 տարի ժամկետով և հաշվետու է վերջինիս: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել օմբուդսմենի պաշտոնում: Նա պետք է լինի 30 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող անձ, ով նշանակվելուց հետո իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, լինել Դաշնության Խորհրդի անդամ, պատգամավոր, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք: ՌԴ նախագահը բիզնես օմբուդսմենի ընտրությունը կատարում է ինքնուրույն՝ հաշվի առնելով բիզնես համայնքի կարծիքը: Բիզնես օմբուդսմենի գրասենյակը ֆինանսավորվում է պետական բյուջեից:
Օրենքի կարգավորումների համաձայն՝ բիզնես օմբուդսմենի ինտիտուտը (այդ թվում՝ վերջինիս աշխատակազմը) պետական կառավարման համակարգի մարմին են` իրավաբանական անձի կարգավիճակով (1-ին հոդված 2-րդ կետ):
Օրենքով տրված լիազորություններով բիզնես օմբուդսմենն իրավունք ունի նշանակել մարզային/դաշնային ներկայացուցիչներ թե՛ հասարակական, թե՛ վճարովի հիմունքներով: Բիզնես օմբուդսմենի կենտրոնական գրասենյակի, դաշնային լիազոր ներկայացուցիչների թիվը ավելի քան հարյուրն է, ներառյալ՝ հասարակական հիմունքներով ներգրավվածները: Այս պահին ՌԴ բիզնես օմբուդսմենին կից գործում է 13 անձից բաղկացած հանրային խորհուրդ, որոնք հիմնականում բիզնես շահերը ներկայացնող հասարակական կառույցների ներկայացուցիչներ են:
Բիզնես օմբուդսմենն ու իր ենթակայության տակ գտնվող աշխատանքային խումբը համարվում են փոխհամագործակցության միասնական հարթակ՝ բիզնես ոլորտի և Կառավարության միջև:
Նշված ինստիտուտի հիմնական նպատակներն են.
- Կոռուպցիան ծնող գործոնների վերհանումը և հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետության ապահովումը,
- Օրինագծերի նախապատրաստումն ու մշակումը՝ նպատակ ունենալով չեզոքացնել կոռուպցիային նպաստող պատճառներն ու պայմանները,
- Կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված մեթոդական աշխատանքների կազմակերպումը,
- Բիզնես ոլորտի գործողությունների կառավարումը՝ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման համատեքստում:
ՌԴ բիզնես օմբուդսմենին տրված լիազորությունները բավական լայն են: Ի թիվս այլ գործառույթների՝ վերջինս կարող է ձեռնարկատերերի և նրանց խմբերի իրավունքների պաշտպանության համար դիմել դատարան, բողոքարկել արբիտրաժային դատարանների՝ ուժի մեջ մտած դատական ակտերը, անարգել մուտք գործել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, առանց հատուկ թույլտվության այցելել «ձեռնարկատիրական գործունեության հետ կապված հոդվածներով մեղադրրվող» կալանավայրերում և քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց և դատապարտյալներին, մասնակցել ձեռնարկություններում պետական մարմինների կողմից անցկացվող ստուգումներին և այլն:
Վրաստան: «Հարկային Օմբուդսմենի» գրասենյակը ստեղծվել է 2011 թվականին, որի լիազորությունները սահմանվել են երկրի հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածով: «Հարկային Օմբուդսմենին» նշանակում է վարչապետը՝ համաձայնացնելով խորհրդարանի ղեկավարի հետ:
«Հարկային Օմբուդսմենի» հիմնական գործառույթներն են.
- Վերահսկել հարկ վճարողների իրավունքների, օրինական շահերի պահպանությունը Վրաստանի ամբողջ տարածքում, բացահայտել իրավունքների խախտման փաստերը, աջակցել խախտված իրավունքների վերականգմանը,
- Ընդունել պետական մարմինների դեմ ներկայացված դիմումները, բողոքները, որոնք վերաբերվում են հարկ վճարողների իրավունքների խախտումներին,
- Օրենսդրության կամ վարչարարության բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել կառավարություն, մասնակցել հարկային խորհրդի նիստերին,
- Գործարարների և կառավարության միջև ապահովել երկխոսություն,
- Երկրի պառլամենտին հարկատուների իրավունքների վերաբերյալ ներկայացնել տարեկան հաշվետվություններ (Զեկույցներ), որոնք պետք է պարունակեն ընդհանուր գնահատականներ, եզրակացություններ ու առաջարկություններ երկրի ներսում հարկ վճարողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ:
Իր գործառույթներն իրականացնելիս բիզնես օմբուդսմենն ունի հետևյալ լիազորությունները՝
- Հարկային և այլ պետական մարմիններից իր կողմից քննվող դիմում-բողոքների վերաբերյալ ստանալ տեղեկատվություն, բացատրություններ,
- Կատարել հարցումներ և հարցված տեղեկությունները ստանալ պետական մարմիններից՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
- Կնքել համաձայնագրեր տեղեկատվության փոխանակման և փոխգործակցության ապահովման նպատակով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
- Ստեղծել աշխատանքային խումբ, որում կարող են ընդգրկվել պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ,
- Որոշ դեպքերում Վրաստանի Սահմանադրական դատարանում հանդես գալ որպես դատական խորհրդատու (Amicus Curiae):
Բիզնես օմբուդսմենը պարտավոր է իր լիազորությունների իրականացման ընթացքում երաշխավորել ստացված տեղեկատվության գաղտնիությունը:
- ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
- ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Օրենքի նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետությունում գործարարների շահերի պաշտպանության համար կստեղծի լրացուցիչ արդյունավետ երաշխիքներ, կխթանի ներդրումների ներգրավումը, կապահովի գործարարների դիմումների արդյունավետ և ողջամիտ ժամկետներում քննությունը, գործարարների խախտված կամ վիճարկվող իրավունքների վերականգնումը, գործարար միջավայրի բարելավումը ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, կստեղծի պետություն-մասնավոր հատված առավել արդյունավետ երկխոսության հիմքեր, ինչպես նաև նախադրյալներ՝ գործարարների կողմից առաջարկվող, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական ակտեր ընդունելու, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:
-
Քննարկվել է
26.07.2017 - 11.08.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 9482
Տպել