ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓԱԿՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«____» ____________ 2021 թ. N –—
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՓԱԿՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրք» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 27 կետը` Կառավարությունը որոշում է՝
- Հաստատել ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, այդ թվում՝ կենսաբանական վերականգնման ուղեցույցը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ՝ Ն. Փաշինյան
Հավելված
Կառավարության 2021 թվականի _______
______________ որոշման
ՈՒՂԵՑՈՒՅՑ
ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, այդ թվում՝ կենսաբանական վերականգնման
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
- Սույն ուղեցույցը տարածվում է օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման աշխատանքների արդյունքում խախտված հողերի տեխնիկական և կենսաբանական ռեկուլտիվացման աշխատանքների վրա:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն ուղեցույցում օգտագործվող հասկացություններն են՝
1) հող` երկրի մակերևույթում բիոտիկ, աբիոտիկ և մարդածին գործոնների երկարատև ազդեցության արդյունքում առաջացած ինքնուրույն բնագիտապատմական հանքաօրգանական բնական մարմին` կազմված կոշտ հանքային և օրգանական մասնիկներից, ջրից ու օդից և ունի բույսերի աճի ու զարգացման համար համապատասխան պայմաններ ստեղծող յուրահատուկ գենետիկամորֆոլոգիական հատկանիշներ ու հատկություններ.
2) հողեր՝ զգալի մակերեսով կոնկրետ տնտեսական նշանակություն (գյուղատնտեսական, ռեկրեացիոն, անտառօգտագործման և այլն) ունեցող տարածք, որտեղ կարող են ներկայացված լինել տարբեր՝ հողերի տիպեր.
3) ռեկուլտիվացման ենթակա հողամաս՝ տեղամաս, որի սահմաններում շրջակա միջավայրի բաղադիչները ենթարկվել են բացասական ազդեցության, և հիմք է հանդիսանում ռեկուլտիվացիայի նախագծի մշակման և աշխատանքների իրականացման համար.
4) հողի տիպ` դասակարգման հիմնական միավոր, որը բնութագրվում է հողագոյացման ռեժիմներով և գործընթացներով պայմանավորված հատկությունների ամբողջությամբ և հիմնական գենետիկական հորիզոնների միասնական համակարգով.
5) հողի գենետիկ հորիզոն` հողագոյացնող գործընթացի ազդեցության արդյունքում առաջացած հողային կտրվածքի յուրահատուկ շերտ.
6) հողային կտրվածք` գենետիկորեն կապակցված գենետիկ հորիզոնների ամբողջություն, որը ձևավորվում է հողագոյացման գործընթացում ձեռք բերվող ձևաբանական հատկանիշների հետևանքով.
7) հնարավոր բերրի ապարներ՝ բուսականության աճի համար սահմանափակ բարենպաստ քիմիական և (կամ) ֆիզիկական հատկություններ ունեցող լեռնային ապարներ.
8) հողի բերրի շերտ` հողային ծածկույթի վերին շերտի բուսահող, որն օգտագործվում է հողերի բարելավման, կանաչապատման, ռեկուլտիվացման նպատակներով.
9) հողի հնարավոր բերրի շերտ` հողային կտրվածքի ստորին մասը, որն իր հատկություններով համընկնում է հնարավոր բերրի ապարների հատկություններին.
10) խախտված հողեր` առաջնային տնտեսական արժեքը կորցրած և շրջակա միջավայրի վրա բացասական ներգործության աղբյուր հանդիսացող հողեր.
11) լցակույտ` լցակույտային գրունտներից, օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության, արդյունահանման և (կամ) վերամշակման արդյունքում առաջացած ընդերքօգտագործման թափոններից, արդյունաբերական ու կենցաղային թափոններից գոյացած արհեստական հողաթումբ.
12) ներքին լցակույտ` հանքի տարածքում ընդերքօգտագործման թափոնների տեղադրման արդյունքում գոյացած լցակույտ, ինչը կարող է լցվել/ձևավորվել երկրի մակերևույթից ներքև, հավասար, կամ բարձր.
13) հումուս` հողի օրգանական նյութ, որը բույսերի սննդառության հիմնական տարրերի բարդ խառնուրդ է և գոյանում է բուսական ու կենդանական մնացորդների կենսաքիմիական փոփոխություններից, ինչպես նաև օրգանիզմների կենսագործունեության արգասիքների քայքայման արդյունքում.
14) ողողվածության աստիճան (թույլ, միջին, խիստ)՝ որոշվում է հողային կտրվածքում էրոզիայի արդյունքում չքայքայված գենետիկ հորիզոնների առկայությամբ.
15) հողերի ռեկուլտիվացման կենսաբանական փուլ` խախտված հողերի բերրիության վերականգնման ագրոքիմիական և ֆիտոմելիորատիվ միջոցառումների համալիր.
16) հողերի ռեկուլտիվացման տեխնիկական փուլ` խախտված հողերի նախապատրաստումը հետագա նպատակային օգտագործման համար` հատակագծման, թեքությունների ձևավորման, հողի ու բերրի ապարների հանման, տեղափոխման ու ռեկուլտիվացվող հողերի վրա դրանց տեղադրման, ճանապարհների ու հիդրոտեխնիկական կառույցների շինարարության միջոցով.
17) ռեկուլտիվացվող շերտ` ռեկուլտիվացման տեխնիկական փուլում կենսաբանական ռեկուլտիվացման համար բարենպաստ պայմաններով հատուկ ստեղծվող բուսահողի վերին շերտ.
18) ապարների դասակարգում ` բուսահողային հատկությունները հաշվի առնելով՝ մակաբացման և պարփակող ապարների համակարգում՝ ըստ պիտանելիության.
19) հանքային փորվածք` բաց եղանակով պինդ օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացած լեռնային փորվածքների ամբողջություն` ներքին լցակույտերով կամ առանց դրանց.
20) մակաբացման ապարներ` բաց եղանակով լեռնային աշխատանքների իրականացման ընթացքում, որպես լցակույտային գրունտ, հանման և տեղափոխման ենթակա օգտակար հանածո ծածկող կամ պարփակող լեռնային ապարներ.
21) պարփակող լեռնային ապարներ` օգտակար հանածո պարունակող մակաբացման ապարներ.
22) դատարկ ապարներ` օգտակար հանածոներից զուրկ մակաբացման ապարներ.
23) լցակույտային գրունտ` հանման, տեղափոխման և լցակույտի գոյացման պրոցեսներում փխրեցված և քիչ թե շատ միախառնված լցակույտ կազմող լեռնային ապարներ.
III. ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ
- Խախտված են համարվումառաջնային տնտեսական արժեքը կորցրած և շրջակա միջավայրի վրա բացասական ներգործության աղբյուր հանդիսացող հողերը և հողամասերը։
- Ընդերքօգտագործման արդյունքում հողերի խախտման հետևանքով դրսևորվող բացասական ազդեցություններն են.
1) հողագոյացման դադարեցում,
2) հողերի ինքնամաքրման հատկության նվազում,
3) վնասակար, աղտոտիչ նյութերի կուտակում բուսականության մեջ, մարդու և կենդանիների օրգանիզմներում,
4) տարածքի հիդրոլոգիական ռեժիմի և լանդշաֆտի խախտում,
5) հողերի որակական բնութագրերի փոփոխություն, տեխնածին աղտոտում,
6) կենսաբազմազանության նվազում և կորուստ,
7) էրոզիոն և արտաքին երկրաբանական վտանգավոր երևույթների ակտիվացում:
- Ռեկուլտիվացման ենթակա են բոլոր այն նպատակային նշանակությունների խախտված հողերը և հողամասերը, որոնք բացասական ներգործության արդյունքում ամբողջովին կամ մասնակի կորցրել են իրենց առաջնային տնտեսական արժեքը:
- Խախտված հողեր և հողամասերի վերականգնումն իրականացնում է հողամասի սեփականատերը, հողօգտագործողը, հողը տնօրինողը, վարձակալը, սերվիտուտը տիրապետողը, իսկ ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործունեության հետևանքով առաջացած խախտման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այդ անձը:
- Խախտված հողերի և հողամասերի ռեկուլտիվացիայի իրականացման աշխատանքներ նախատեսված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:
- Ներկայումս խախտված հողերի ռեկուլտիվացիային վերաբերող գործող նորմատիվ իրավական ակտերն են.
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտոմբերի 8-ի N1396-Ն որոշումը,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 2-ի N1404-Ն որոշումը,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N1643-Ն որոշումը,
4) Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N676-Ն որոշումը:
- Հողերի աղտոտվածության վիճակը դիտարկվում է հողում աղտոտող վնասակար նյութերի սահմանային թույլատրելի նորմերի պահպանման տեսանկյունից, հիմք ընդունելով Կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի N124-Ն որոշմամբ սահմանված հողն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջները, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկը, հողն աղտոտող վնասակար նյութերի սահմանային թույլատրելի նորմերը, հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման կարգը:
- Հողերի դասակարգման ընդհանուր պահանջները` ըստ դրանց վրա ազդեցության քիմիական աղտոտիչների սահմանվում են համաձայն.
1) ГОСТ 17.4.3.03-85 - Охрана природы. Почвы. Общие требования к методам определения загрязняющих веществ.
2) ГОСТ 17.4.3.04-85 - Охрана природы. Почвы. Общие требования к контролю и охране от загрязнения.
Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման բնութագիրն ու ընթացակարգը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N92-Ն որոշմամբ:
IV. ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ (ԿԻՐԱՌՎՈՂ) ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԸ
12. Խախտված հողերի և հողամասերի դասակարգումըխախտված հողերի տարաբաժանման համակարգ է ըստ՝
1) ռեկուլտիվացման ուղղությունների,
2) տեխնածին ռելիեֆի,
3) ջրավորվածության բնույթի,
4) մակաբացման և պարփակող ապարների։
- Հողերի ռեկուլտիվացմանը ներկայացվող պահանջները և խախտված հողերի դասակարգումը ըստ ուղղությունների սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N1643-Ն որոշմամբ: V.ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄ
- Վերականգնման ենթակա հողերի գործիքային դիտարկումները և հետազոտություններն իրականացվում են համաձայն` 1) ГОСТ 17.4.3.01- 83-Охрана природы. Почвы. Общие требования к отбору проб. 2) ГОСТ 17.4.4.02-2017- Охрана природы. Почвы. Методы отбора и подготовки проб для химического, бактериологического, гельминтологического анализа. 3) ГОСТ 17.4.3.01- 2017-Охрана природы. Почвы. Общие требования к отбору проб.
Հողերի նմուշառումն իրականացվում է հաշվի առնելով ռելիեֆը և հողամասի աղտոտվածության և դեգրադացման (խախտման) աստիճանը այնպես, որ յուրաքանչյուր նմուշառման դեպքում հնարավոր լինի ներկայացնել տվյալ տիպի հողի գենետիկ հորիզոններին կամ շերտերին բնորոշ նմուշ։
15. Հողերի որակը գնահատվում է նմուշառման հետևյալ միջոցներով.
1) ֆոնային նմուշի՝ համակցված նմուշ, ինչը բաղկացած է առնվազն հինգ կետային նմուշներից, վերցված նմուշառման նույն փորձահարթակի յուրաքանչյուր 0,5-1,0 հեկտարից, 0-5 և 5-20 սմ խորությամբ, ոչ ավել քան 200 գ յուրաքանչյուր նմուշը։ Նմուշը վերցվում է տնտեսական կամ այլ գործունեություններից ազդեցության չենթարկված՝ չաղտոտված (չխախտված) հողատարածքից,
2) առնվազն մեկ համակցված նմուշի, ինչը բաղկացած է առնվազն հինգ կետային նմուշներից, վերցված նմուշառման նույն փորձահարթակի յուրաքանչյուր 0,5-1,0 հեկտարից, 0-5 և 5-20 սմ խորությամբ, ոչ ավել քան 200 գ յուրաքանչյուր կետային նմուշը։ Նմուշը վերցվում է ռեկուլտիվացման ենթակա տարածքից,
փորձարարական հարթակի չափերը պետք է լինեն առնվազն 10x10 մ։
- Յուրաքանչյուր վերցված հողի նմուշի տեղադիրքն ամրագրվում է պետական միասնական կոորդինատային համակարգով: Յուրաքանչյուր նմուշի համար լրացվում է ուղեկցող կտրոն, կազմվում է հողի նմուշառման ուղեկցող թերթիկ:
- Նմուշները հետազոտվում են նման աշխատանքներ իրականացնելու համար հավատարմագրված լաբորատորիաներում։
Աղտոտող նյութերի որոշման մեթոդների ընդհանուր պահանջները ներկայացված են ГОСТ 17.4.3.03-85 - Охрана природы. Почвы. Общие требования к методам определения загрязняющих веществ.
- Հողերի աղտոտվածության հսկողությունը կարող է իրականացվել հողի ֆոնային նմուշի հետ համեմատական վերլուծության միջոցով։
- Գործիքային դիտարկումների և հետազոտությունների ամփոփ տվյալների արդյունքներով ընտրվում են խախտված հողերի ռեկուլտիվացման ուղղությունները, կատարվում են տեխնիկական և կենսաբանական ռեկուլտիվացման աշխատանքների տեսակների և ծավալների հաշվարկ, հաշվարկվում են հանքային և օրգանական պարարտանյութերի կիրառման նորմաները, հիմնավորվում է մելիորատիվ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որոշվում են բուսական ծածկույթի վերականգնման միջոցները՝ ինչպիսիք են բույսերի անհրաժեշտ տեսակները, որոնք կարճ ժամանակում ընդունակ են ձևավորել բարձր արտադրողականության բուսական ծածկույթ, խոտերի ցանքսի, ծառատնկման նորմաներ։ VI. ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
- Ռեկուլտիվացման աշխատանքներն իրականացվում են երկու փուլով՝ տեխնիկական և կենսաբանական։
- Խախտված հողերի և հողամասերի ռեկուլտիվացման տեխնիկական փուլը ներառում է միջոցառումներ մակերեսը կենսաբանական փուլի իրականացման նախապատրաստելու համար՝ հաշվի առնելով հողի ռեկուլտիվացման ուղղությունը և հետագա օգտագործումն ըստ նպատակային նշանակության։ Տեխնիկական փուլը նախատեսում է հողի վրա բացասական ազդեցության աղբյուրների և հետևանքների վերացմանն ուղղված համալիր աշխատանքների իրականացում, ներառյալ գրունտների և լեռնային ապարների տեղափոխում, հատակագծում, թեքությունների ձևավորում, հողի ու բերրի ապարների հանում, տեղափոխում ու ռեկուլտիվացվող հողերի վրա դրանց տեղադրում, ճանապարհների ու հիդրոտեխնիկական կառույցների շինարարության միջոցով։
- Հողի բերրի շերտի հանման, տեղափոխման և պահման ժամանակ ձեռնարկվում են միջոցառումներ, որոնք բացառում են հողի որակի վատթարացումը, ինչպես նաև կանխարգելում հողի բերրի շերտի լվացումը՝ խոտերի ցանքով և այլ միջոցներով լցակույտի մակերեսի ամրացմամբ։
- Խախտված հողերի և հողամասերի ռեկուլտիվացման կենսաբանական փուլը խախտված հողերի բերրիության, կենսաբանական արդյունավետության և էկոհամակարգի տեսակային բազմազանության վերականգնման ագրոքիմիական և ֆիտոմելիորատիվ միջոցառումների համալիր է:
- Ռեկուլտիվացիան կենսաբանական փուլը հանդիսանում է խախտված հողերի և հողամասերի վերականգնման ավարտական փուլ:
25. Ռեկուլտիվացման կենսաբանական ուղղություններն են՝ գյուղատնտեսական, բնապահպանական, անտառապատման կամ հանգստի (ռեկրեացիոն): Ռեկուլտիվացման կենսաբանական ուղղություների ընտրությունն իրականացվում է մի շարք գործոնների հիման վրա.
1. բնակլիմայական գործոններ՝ տարածքի ռելիեֆ, երկրաբանական, հիդրոերկրաբանական և հիդրոլոգիական կառուցվածք, կլիմա և բնակլիմայական պայմաններ, հողային և բուսական ծածկույթ, կենսաբազմազանություն,
2. սոցիալական գործոններ՝ ենթակառուցվածք, տնտեսական մասնագիտացում, սանիտարահիգիենիկ պայմաններ,
3. խախտված հողերի փաստացի և ռեկուլտիվացման ավարտին նախատեսվող վիճակ՝ ռեկուլտիվացվող մակերես, տեխնածին ռելիեֆ, լեռնատեխնիկական ռեկուլտիվացիայից հետո ձևավորված ռելիեֆ, բերրի կամ հնարավոր բերրի հողերի և ապարների առկայություն, տեխնածին աղտոտվածության բնույթ և աստիճան, բուսականության բնական վերաճի հեռանկար, արտածին երկրաբանական երևույթներ (սողանքներ, էրոզիա, մակերևույթի նստեցումներ),
4. տարածքային զարգացման և քաղաքաշինական հեռանկարային ծրագրեր,
5. հարակից հողատարածքների նպատակային նշանակություն,
6. կենսաբանական վերականգնման փուլի տևողություն:
- Գյուղատնտեսական ուղղվածության ռեկուլտվացիոն աշխատանքների կատարման նպատակն է ստեղծել գյուղատնտեսական գործունեության համար բարենպաստ տարածքներ՝ վարելահողեր, խոտհարքեր, արոտներ, բազմամյա տնկարկներ, գյուղատնտեսական մթերքների աճեցում (այդ թվում՝ ձկնաբուծարաններ) և այլն:
- Խախտված տարածքներում անտառապատման աշխատանքների նպատակն է հիմնել պաշտպանական և հատուկ նշանակության անտառներ:
- Բնապահպանական ուղղության կենսաբանական ռեկուլտիվացիայի իրականացման նապատակը աղտոտված, խախտված տարածքների, արտադրական լցակույտերի, ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ներառյալ պոչամբարների տարածքների երկարաժամկետ կոնսերվացումն է:
- Հանգստի (ռեկրեացիոն) ուղղությամբ ռեկուլտիվացիոն աշխատանքների արդյունքում հիմնվում են պուրակներ կամ անտառպուրակներ, ստեղծվում են հանգստի գոտիներ (ներառյալ արհեստական ջրավազաններ) և այլընտրանքային տուրիզմի վայրեր: VII. ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
- Խախտված հողերի և հողամասերի վերականգնման համար նախագծերի մշակումն իրականացվում է բնապահպանական, սանիտարա հիգիենիկ, շինարարական, ջրատնտեսական, անտառտնտեսական և այլ նորմատիվների և ազգային ստանդարտների վրա:
- Խախտված հողերի և հողամասերի ռեկուլտիվացիոն աշխատանքների նախագծերի մշակման համար հիմնականում հաշվի են առնվում հետևյալ գործոնները.
- խախտված հողերի և հողամասերի տեղադիրքը,
- տեղանքի բնական պայմանները (կլիմայական, լեռնակազմական, երկրաբանական, հիդրոլոգիական, վեգետացիոն և այլն),
- շահագործման ենթակա տեղանքի զարգացման հեռանկարները՝ տարածքային սխեմաները, տարածքների զարգացման գլխավոր հատակագծերը,
- ռեկուլտիվացման պահին խախտված հողերի փաստացի կամ կանխատեսվող վիճակը (ծավալները, մակերեսը, տեխնածին ռելիեֆի ձևը, բնական ներաճի աստիճանը, խախտված հողերի օգտագործումը, հողի բերրի շերտի ու հնարավոր բերրի ապարների առկայությունը, ստորերկրյա ջրերի հորիզոնի, ողողատների, չորացման ու ողողամաշման (էրոզիոն) գործընթացների կանխատեսումները, հողի աղտոտման աստիճանը),
- հողի քիմիական և հատիկաչափական ցուցանիշները, ագրոքիմիական և ագրոֆիզիկական հատկությունները, մակաբացման ու դատարկ ապարների լցակույտերում դրանց խառնուրդների ինժեներաերկրաբանական բնութագրերը (այդ թվում՝ ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտներում),
- խախտված հողերի տեղակայման շրջանի տնտեսական, սոցիալական և սանիտարահիգիենիկ պայմանները,
- ռեկուլտիվացված հողերի օգտագործման ժամկետը` հաշվի առնելով նաև կրկնակի խախտումների հնարավորությունը,
- խախտված հողերի ռեկուլտիվացիոն աշխատանքների նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը,
- կենսաբազմազանության պահպանումը և վերականգնումը,
- էկոլոգիական, սանիտարահիգիենիկ, շինարարական, ջրի կառավարման, անտառտնտեսության և այլ կանոնակարգերը և ստանդարտները,
- հողամասերի օգտագործման նախատեսված նպատակային նշանակությունը և հողի թույլատրելի օգտագործումը՝ դրանց բարելավումից հետո։
- Խախտված հողերի վերականգնման նախագիծը պետք է պարունակի հետևյալ բաժինները՝ բացատրական մաս, խախտված հողերի և հողամասերի վերականգնման ուղղության էկոլոգիական և տնտեսական հիմնավորում, վերականգնման աշխատանքների բովանդակությունը, շրջանակը և ժամանակացույցը, խախտված հողերի և հողամասերի վերականգնված վիճակը արտացոլող քարտեզագրական նյութեր, աշխատանքների կատարման ծախսերի հաշվարկներ:
- «Բացատրական մաս» բաժինը պետք է պարունակի.
- ելակետային տվյալներ՝ վերականգնվող հողամասի նախնական պայմանների նկարագրությունը, խախտման տարածքը, աղբյուրը և բնույթը, քարտեզագրական նյութեր,
- տեղեկատվություն հողամասերի սեփականության, նպատակային նշանակության, հողային ծածկույթի որակական բնութագրի, հողերի ֆոնային աղտոտվածության, հողի նպատակային նշանակության և թույլատրելի օգտագործման, սեփականատերերի մասին՝ մինչև հողերի և հողամասերի խախտման պահը,
- սեփականատիրոջ համաձայնությունը նախագծային լուծումների վերաբերյալ,
- տեղեկություններ հողամասի սահմանակից տարածքների վերաբերյալ, օգտագործման հատուկ պայմանների (սանիտարական և անվտանգության գոտիներ, բնապահպանական, առողջապահական, ժամանցային, պատմական և մշակութային նպատակներ և այլն):
- «Խախտված հողերի և հողամասերի ռեկուլտիվացման ուղղության էկոլոգիական և տնտեսական հիմնավորում» բաժինը պետք է պարունակի.
1) ռեկուլտիվացման ուղղության ընտրության էկոլոգիական և տնտեսական հիմնավորում,
2) խախտված հողերի և հողամասերի ռեկուլտիվացիայի նախընտրած ուղղության նպատակով առաջարկվող միջոցառումների և տեխնիկական լուծումների հիմնավորում՝ հիմք ընդունելով նաև հետագայում, ռեկուլտիվացիայի ավարտից հետո, հողամասի նպատակային նշանակությամբ օգտագործումը,
3) խախտված հողերի և հողամասերի վերականգնման աշխատանքների որակական բնութագրերին և ցուցանիշներին ներկայացվող պահանջների նկարագրություն,
4) խախտված հողերի և հողամասերի ռեկուլտիվացիայի ավարտից հետո նախատեսվող բնութագրերի և ցուցանիշների հիմնավորում,
5) նախագծի իրականացման ընթացքում առաջացող ռիսկերի կառավարման առաջարկներ:
- «Վերականգնման աշխատանքների բովանդակությունը, շրջանակը և ժամանակացույցը» բաժինը պետք է պարունակի.
1) խախտված հողերի և հողամասերի ռեկուլտիվացիայի ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակը, որը որոշվում է հողերի հետազոտության արդյունքների հիման վրա,
2) իրականացվող աշխատանքների հաջորդականությունը, ծավալները և ժամկետներն ըստ փուլերի,
3) խախտված հողերի և հողամասերի ռեկուլտիվացիայի աշխատանքների վերջնաժամկետը:
- «Խախտված հողերի և հողամասերի վերականգնված վիճակը արտացոլող քարտեզագրական նյութեր» բաժինը պետք է պարունակի.
1) ռեկուլտիվացման տեխնիկական փուլում տեղանքի առաջացող ռելիեֆային փոփոխություններն արտահայտող քարտեզագրական նյութեր (1: 2000, 1: 5000, 1: 10000 մասշտաբի գծագրեր), կոորդինատներ, նկարներ,
2) ռեկուլտիվացման կենսաբանական փուլում ռեկուլտիվացվող տեղամասի սխեմա՝ 1:10000 մասշտաբով, նշելով սահմանները, բարձրության նիշերը, տեխնոլոգիական և բնական օբյեկտները, ռեկուլտիվացվող շերտի ստեղծման վայրերը, տարածքները, նախատեսվող աշխատանքների տեսակներն ու ժամկետները:
37. «Աշխատանքների կատարման ծախսերի հաշվարկներ» բաժինը պետք է պարունակի լեռնատեխնիկական և կենսաբանական ռեկուլտիվացման համար ծախսերի խոշորացված հաշվարկ ըստ աշխատանքների տեսակների՝ ներառելով շրջակա միջավայրի բաղադրիչների վերականգնման, պահպանման, աղտոտված հողի/ հողագրունտի հեռացման և այլ ծախսերը:
Խախտված հողերի և հողամասերի ռեկուլտիվացման նախագիծը մշակվում է հողամասի սեփականատիրոջ կամ հողօգտագործողի, կամ հողը տնօրինողի, կամ վարձակալի, կամ սերվիտուտը տիրապետողի, կամ նախագծային ինստիտուտի կողմից:
38. Ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների նախագծերը ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության և գնահատման փորձաքննության: VIII. ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
- Ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների ընդունման ժամանակ հաշվի են առնվում հողաբուսական շերտի, կամ հողի հնարավոր բերրի շերտի հզորությունը, տարածման համաչափությունը, բուսականությամբ ծածկման մակերեսը տոկոսային արժեքով, իրականացված միջոցառումների որակը, ռեկուլտիվացված տարածքներում մոնիթորինգի դիտակետերի առկայությունը՝ նախագծին համապատասխան, ինչպես նաև, վերականգնված տարածքի օգտագործման հնարավորությունը՝ ըստ նախընտրած ռեկուլտիվացման ուղղության:
- Խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների ընդունումն իրականացվում է ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: IX. ԽԱԽՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
- Խախտված հողերի արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվում են օրգանական և հանքային պարարտանյութերով հողային զանգվածի պարարտացում, հատուկ մելիորատիվ և ագրոտեխնիկական միջոցառումներ, խոտային համակեցությունների, գյուղատնտեսական մշակաբույսերի և անտառների տնկում:
- Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների (այսուհետ՝ օբյեկտ) անվտանգության ապահովման և անվտանգ կառավարման նպատակով սահմանվում են դրանց կառավարմանը ներկայացվող տեխնիկական պահանջներ և չափանիշներ, որոնք պետք է կիրառվեն այդ օբյեկտների կառավարման գործընթացների բոլոր փուլերում: Օբյեկտների կառավարմանը ներկայացվող տեխնիկական պահանջները և չափանիշները ներկայացվում են օբյեկտների նախագծային փաստաթղթերում: Օբյեկտների կառավարմանը ներկայացվող տեխնիկական պահանջներից է՝ օբյեկտների տարածքների ջրային էրոզիայի կանխումը (օրինակ՝ դրենաժային համակարգի կառուցում, հնարավորության դեպքում օբյեկտների մակերեսների և թեքությունների կայունացման և ռեկուլտիվացիայի լեռնատեխնիկական կամ կենսաբանական մեթոդների կիրառում).
Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառավարմանը ներկայացվող չափանիշներից է խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի կենսաբանական մեթոդների կիրառումը՝ նպաստելով հողերի արգասաբերության վերականգնմանը:
- Ռեկուլտիվացված տարածքներում հողաբուսական շերտի կայուն վերականգնման համար անհրաժեշտ ժամանակաշրջանը որոշվում է հետևյալ գործոնների հիման վրա.
- բնական կլիմայական պայմաններ, հողագոյացման արագություն, հողերի կենսաբանական ակտիվության տևողություն, խոնավության ցուցանիշ, ջերմաստիճանային պայմաններ, վեգետացիոն շրջանի տևողություն,
- կենսաբանական ռեկուլտիվացիայի ժամանակ կիրառված հողի և ապարների բերրի կամ հնարավոր բերրի շերտի հզրություն և ֆիզիկամեխանիկական ցուցանիշներ, առավել նպաստավոր պարարտանյութերի ընտրություն,
- հարակից տարածքների և բնական լանդշաֆտի բուսածածկի առանձնահատկություններ, ռեկուլտիվացվող հողերի հետագա տնտեսական յուրացման ուղղություններ:
- Ռեկուլտիվացված տարածքներում կայուն բուսական ծածկույթի ձևավորման տևողությունը գնահատվում է.
- կերային մշակաբույսերով ներկայացված բուսածածկ՝ հողի բերրի կամ հնարավոր բերրի շերտի, հնարավոր բերրի ապարների 20 և ավելի սանտիմետր հզորության դեպքում 4-6 տարի,
- անտառային մշակաբույսերով ներկայացված բուսածածկ՝ հողի բերրի կամ հնարավոր բերրի շերտի, հնարավոր բերրի ապարների 40 և ավելի սանտիմետր հզորության դեպքում 6-8 տարի:
- Ռեկուլտիվացման աշխատանքների ընթացքում կարող են կիրառվել ըստ վտանգավորության թափոնների 4-րդ դասին դասվող
- մակերևութային և ստորերկրյա ջրերի մեխանիկական, կենսաբանական և ֆիզիկամեխանիկական մաքրման վերամշակման արգասիքներ,
- կոյուղաջրերի կենսատեխնոլոգիական, ֆիզիկաքիմիական, ջերմային և այրման եղանակներով վերամշակման արգասիքներ:
- Ջրամաքրման արգասիքների ներմուծումը աղտոտված հողերի մեջ թույլ է տալիս նվազեցնել վնասակար նյութերի պարունակությունները, բարելավել մեխանիկական կազմը, բարձրացնել բուֆերային կարողությունը և խոնովության կլանելիությունը, հողային զանգվածը հարստացնում է օրգանական և հումուսային նյութերով, արագացնում է ինքնամաքրման գործընթացները:
- Ջրամաքրման արդյունքում գոյացած IV դասի թափոնները կարող են ներմուծվել ռեկուլտիվացվող հողեր 200-300 տ/հա կամ 10-30 կգ/տնկափոս քանակությամբ:
- Կենսաբանական ռեկուլտիվացման համար կարող են կիրառվել ջրամաքրման համակարգերի ջրազրկված, միներալիզացված և վարակազերծման նստվածքները: Նստվածքներում չոր և հանքային նյութերի պարունակությունները, սանիտարական մանրէաբանական և մակաբուծական անհրաժեշտ ցուցանիշների ապահովման համար կիրառվում են աէրոբ և անաէրոբ մեթոդներ, մեխանիկական ջրազրկում, չորացում տղմային հարթակներում, ջերմային մշակում, կոմպոստավորում, կոմպոստի և կրի որոշակի քանակությունների միախառնում:
- Բնակավայրերի ջրամատակարարման նպատակով օգտագործվող աղբյուրների ջրհավաք և ջրապաշտպան տարածքներում արգելվում է կենսաբանական ռեկուլտիվացիայի համար կոյուղաջրերի վերամշակման թափոնների կիրառումը:
- Անտառգոյացման բավարար պայմանների առկայության դեպքում, հողերի ռեկուլտիվացման ենթակա տարածքներում կարող է կիրառվել լցակույտերի վրա անտառպուրակների հիմնման մեթոդը: Անտառպուրակի ստեղծման համար անհրաժեշտ է ձևավորել նպաստավոր լանդշաֆտ: Տարածքի 60-80% մակերեսի վրա անհրաժեշտ է կազմավորել հարթ, մերձհորիզոնական տարածք, մնացած հատվածում՝ ցածր, թույլ կտրտված, դարավանդավորված, բլրային լանդշաֆտ: Կարող են ստեղծվել առանձին լանդշաֆտային խմբեր (100-200մ2 մակերեսներով)՝ 30-50 տնկատեղերով: Անտառպուրակների ստեղծման համար օգտագործվող տնկանյութը պետք է ընտրվի կոնկրետ տարածաշրջանին բնորոշ գոտիական բուսականությունից, ծառերի և թփուտային տեսակների կազմը ընտրվում է հաշվի առնելով տարածքի բնակլիմայական պայմանները: Առավել բարենպաստ է հիմնական և ուղեկից ծառատեսակների և թփուտային բուսականության տնկումը 2:1:1 հարաբերությամբ:
- Հայաստանի Հանրապետության խոնավ շրջաններում ընդերքօգտագործման արդյունքում խախտված տարածքների կենսաբանական ռեկուլտիվացման շրջանակներում կարող են հիմնվել սոճուտներ: Տնկման նպաստավոր խտությունը՝ 0.5-1.0 հազար տնկաշիվ 1 հա տարածքի վրա: Սոճուտներում թփուտային շարահարկի ձևավորման համար կարող են օգտագործվել ստվերասեր բույսեր՝ արոսենի, կտտկենի, կարագանա ծառանման, փշատենի և այլն: Հողագոյացման ակտիվացման նպատակով անտառտնկման աշխատանքներին զուգընթաց նպատակահարմար է կատարել բազմամյա հացահատիկային, լոբազգի, ծաղկավոր խոտատեսակների ցանքս:
- Արհեստական լանդշաֆտներում բուսածածկի վերականգնման տեմպերի արագացման նպատակով կարող են կիրառվել հանքային և կենսաբանական համակցված պարարտանյութեր, օրգանական նյութով հարուստ բնական գոյացումներ (տորֆեր), բուսական ծագման հեղուկհումինային պատրաստուկներ, ագրոքիմիկատներ և այլն: Ցանքի համար նպատակահարմար է ընտրել շրջանին բնորոշ վայրի և մշակաբույսերի սերմեր: Արագ բուսածածկ ձևավորելու տեսակետից բարենպաստ են շյուղախոտերը, մարգագետնային դաշտավլուկը, որոմը:
- Սույն ուղեցույցի 50-րդ, 51-րդ, 52-րդ կետերում նշված մեթոդները կիրառելի են խախտված հողերի կենսաբանական ռեկուլտիվացիայի համար:
- Լցակույտերում կարող են ձևավորվել ռելիեֆի բարդ, խճանկարային ձևեր, ինչի նպատակով պետք է կատարվի կուտակված ընդերքօգտագործման թափոնների տեսակավորում: Լցակույտի ստորին հատվածներում անհրաժեշտ է կուտակել կավային կազմի ապարներ, որոնք կկիրառվեն ջրամերժ շերտերով ավազանների ձևավորման համար: Բլրային հատվածերը պետք է կազմավորվեն այնպես, որ ապահովեն գարնան-աշնան ամիսներին գոյացող մթնոլորտային տեղումների հոսքերի ուղղորդումը դեպի ձևավորված ավազաններ՝ բացառելով փխրուն ապարատեսակների լվացումն ու քայքայումը:
- Լցակույտերի լանջերի մեծ թեքությունների առկայության դեպքում կարող է օգտագործվել թեք մակերևույթների վրա կանաչապատման մեթոդը՝ թփուտների և խոտաբույսերի ցանքսի միջոցով: Ցանքսն իրականացվում է վաղ գարնանային շրջանում: Այս մեթոդի կարևոր պայման է հանդիսանում լցակույտի մակերեսի լեռնային ապարների բավարար հողմնահարվածությունը՝ որի կազմում առկա են խճաքար-մանրախիճ-մանրահող (1:1:2 հարաբերությամբ): Տվյալ մեթոդը կիրառելի չէ լցակույտերի քարքարոտ լանջերի ռեկուլտիվացիայի համար:
- Սույն ուղեցույցի 54-րդ, 55-րդ կետերում նշված մեթոդները կիրառելի են մակաբացման ապարների լցակույտերի կենսաբանական ռեկուլտիվացման ժամանակ:
-
Քննարկվել է
08.06.2021 - 23.06.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 4577
Տպել